–Որտե՞ղ է պահել Գրիման իմ թուրը,– քթի տակ փնթփնթաց նա:
–Վերցրու այս մե՛կը, տիրակա՛լ,– լսվեց ինչ որ մեկի բարձր ձայնը: –Նա –Այն միշտ էլ հավատարմորեն ծառայել է քեզ:
Երկու ռազմիկ անաղմուկ մոտեցել էին նրանց և կանգնել մի քանի քայլ այն կողմ: Նրանցից մեկը Էոմերն էր, առանց սաղավարտի և զրահի: Նա ծնկի իջած բռնել էր առանց պատյանի թրի շեղբից, և բռնակը մեկնել Թեոդենին:
–Ոչ տիրակա՛լ,– առարկեց Արագորնը,– հոգնած ճանապարհորդների համար դեռ վաղ է հանգիստ փնտրել: Ռոհանի ռազմիկները պետք է հենց այսօր ճանապարհ ընկնեն, իսկ մենք՝ սուրը, տապարը և աղեղը, կմիանանք նրանց: Մեր զենքերը չպետք է ծուլորեն պառկած մնան քո ապարանքի դռների տակ: Ես խոստացել եմ Էոմերին, որ կկռվեմ նրա հետ ուս ուսի տված:
–Այժմ –Այդժամ հույս կա, որ հաղթանակը մե՛րը կլինի,– գոչեց Էոմերը:
–Հույս կա,– հաստատեց Գենդալֆը,– բայց Իզենգարդն ամուր է: Եվ բացի այդ՝ այլ, ավելի սարսափելի վտանգներ են մոտենում... Մի՛ հապաղիր Թեոդե՛ն: Մեր արշավանքն սկսելուց անմիջապես հետո տար քո ժողովրդին Դունհորրոյի թաքստոցը, որ լեռներում է:
–Ոչ Գենդալֆ, դու երևի ինքդ էլ չգիտես, թե ինչ մեծ բուժակ ես: Այն պահից սկսած, երբ դու ինձ բուժեցիր, ամեն ինչ փոխվել է: Ես ի՛նքս կառաջնորդեմ իմ զորքին, և եթե ճակատագիրն այդպես որոշի, կնկնեմ կընկնեմ առաջին շարքերում: Այդժամ իմ քունը հանգիստ կլինի:
–Այդ դեպքում նույնիսկ ռոհանցիների պարտությունը փառավոր կլինի և կարժանանա երգի,– բացականչեց Արագորնը:
Շուրջը կանգնած ռազմիկները զենքերը զարկեցին իրար և գոչեցին.
–Կեցցե՛ թագավորը, առա՛ջ, Էորլինգնե՛ր:
–Բայց չի կարելի առանց առաջնորդի թողնել քո ժողովրդին,– հիշեցրեց Գենդալֆը: –Ո՞վ պետք է կառավարի նրանց քո բացակայության ընթացքում:
–Ես կմտածեմ այդ մասին,– պատասխանեց Թեոդենը: –Իմիջայլոց, ահա և իմ խորհդատուն:
Դռեների մեջ հայտնվեց Գայման, իսկ նրա հետևից երկու ռազմիկների ուղեկցությամբ՝ Գրիմա Օձի Լեզուն: Նրա դեմքը մեռելային գունատ էր, արևի տակ հայտնվելով աչքերը թարթում էր կույրի պես: Մոտենալով, Գայման ծնկի իջավ և Թեոդենին մեկնեց ոսկեզօծ պատյանով և կանաչ քարերով զարդարված երկար սուրը:
–Ահա քո հնագույն սուրը՝ Հերուգրիմը, օ թագավոր,– ասաց նա: –Այն հայտնաբերվեց Գրիմայի սնդուկում, որի բանալիները նա ոչ մի կերպ չէր ուզում տալ: Այնտեղ այլ իրեր էլ կային, որ վաղուց կորած են համարվում:
–Սու՛տ է,– բղավեց Օձի լեզուն: –Տիրակալն ինքն է ինձ տվել իր սուրը պահպանելու համար:
–Եվ հիմա էլ վերցնում է հետ,– ասաց Թեոդենը,– դա քո սրտով չի՞:
–Ինչ ես ասում տիրակա՛լ,– շտապ վրա բերեց Օձի Լեզուն: –Ես միայն խոնարհաբար հոգ եմ տանում քո գույքի մասին, ինչքան կարողանում եմ: Խնայիր ուժերդ, տեր իմ, մի ծանրաբեռնիր քեզ: Թող մեկ ուրիշը զրուցի այս ձանձրացնող հյուրերի հետ: Ուտելիքը շուտով պատրաստ կլինի: Չե՞ք ցանկանում ճաշել:
–Ցանկանում եմ,– պատասխանեց Թեոդենը: –Սեղա՛ն գցեք իմ և իմ հյուրերի համար, մենք միասին ենք ճաշելու: Զորքը այսօր ևեթ պետք է շարժվի: Ուղարկե՛ք մունետիկներին, թող հավա՛ք հայտարարեն և կանչեն բոլորին, ովքեր մոտակայքում են ապրում: Բոլոր տղամարդիկ և տղաները, ովքեր տիրապետում են զենքին և ի վիճակի են ձի հեծնել, թող թամբեն իրենց ձիերին և կեսօրից հետո երկրորդ ժամին հավաքվեն դարպասի մոտ:
–Ա՜խ, տիրակալ,– բացականչեց Օձի Լեզուն,– հենց դրանից էլ ես վախենում էի: Այս կախարդը կախարդել է քեզ: Մի՞թե դու ոչ մեկին չես թողնի հսկելու քո պապերի կառուցած Ոսկեզօծ ապարանքն ու քո գանձարանը: Մի՞թե թագավորն առանց հսկողության կմնա:
–Կախարդե՞լ է ասում ես,– կրկնեց Թեոդենը: –Իսկ իմ կարծիքով այս կախարդանքն ավելի օգտակար է, քան քո խորհուրդները: Քո «հոգատարության» պատճառով ես քիչ էր մնում սկսեի չորեքթաթ սողալ: Այստեղ ոչ ոք չի մնալու, և դա քեզ էլ է վերաբերվում: Գրիման կարշավի զորքի հետ: Շտապի՛ր, դու դեռ կհացնես թրիդ վրայի ժանգը մաքրել:
–Ողորմա ինձ, տիրակա՛լ,– գետնին փռվելով տնքաց Օձի Լեզուն: –Խղճա դժբախտ Գրիմային, ով տվել է քեզ այն ամենը ինչ ունի, չխնայելով նույնիսկ սեփական առողջությունը: Մի՛ ուղարկիր ինձ, թող մնամ քեզ հետ: Ես կխնամեմ քեզ մինչև վերջ: Մի՛ վտարիր քո հավատարիմ Գրիմային: