Թիկնապահներից մեկը վազեց դավաճանի հետևից, իսկ մյուսը գնաց շատրվանի մոտ, սաղավարտով ջուր վերցրեց և վերադառնալով, լվաց Օձի Լեզվի թքից պղծված քարերը:
–Իսկ հիմա, իմ հյուրեր, գնա՛նք,– ասաց Թեոդենը: Գնանք ,– գնանք զրուցենք կարճատև ճաշկերույթի շուրջ:
Հյուրերը Թեոդենի հետևից վերադարձան դահլիճ: Ներքևում արդեն լսվում էր մունետիկների ձայները և մարտական եղջերափողերի կանչերը: Թագավորը հրամայել էր ճանապարհ ընկնել, հենց որ հավաքվեն և զինվեն մոտակա տարածքների բոլոր հեծյալները:
–Ոչ ոք չգիտի, թե երբ նա դավաճան դարձավ,– ասում էր Գենդալֆը: –Սարումանը միշտ չէ սև հոգի ունեցել: Ես չեմ կասկածում, որ ժամանակին նա անկեղծ բարեկամություն է արել Ռոհանի հետ, և նույնիսկ երբ նրա սիրտը կամաց սկսեց լցվել չարությամբ, նա շարունակում էր ձեզ օգտակար բարեկամ համարել: Բայց ամեն դեպքում նա երեկ չէ, որ որոշել է ոչնչացնել ձեզ, թեպետ բարեկամության դիմակը պատռվեց ոչ անմիջապես: Այն ժամանակ Օձի Լեզուն հեշտությամբ էր կատարում իր խնդիրը, և Սարումանը արագորեն իմանում էր այն ամենը, ինչ դու խոսում էիր և անում: Քանզի սահմանները այն ժամանակ բաց էին, և օտարականները հանգիստ թափառում էին ձեր երկրում: Իսկ Օձի Լեզուն անընդհատ քո ականջին խորհուրդներ էր շշնջում, թունավորելով իր թույնով քո մտքերը, սառցնելով սիրտդ և թուլացնելով կամքդ: Քո մերձավորները տեսնում էին այդ ամենը, բայց ոչինչ չէին կարողանում անել, քանզի նա քեզ իր ծուղակն էր գցել, և դու կորորեն հավատում էիր նրան: Հիշո՞մ ես ինչպես էի քեզ զգուշացնում Սարումանի մասին, երբ Օրթհանքից փախչելուց հետո եկել էի այստեղ: Դավաճանը զրկվեց դիմակից, համենայն դեպս այն մարդկանց աչքերում, ովքեր աչք չփակեցին իմ ասածների վրա: Այդ օրվանից Օձի Լեզվի խաղը բավականին վտանգավոր դարձավ, և նա սկսեց ավելի խորամանկորեն գործել: Նա խոչնդոտներ էր հորինում և բաժանում զորքին՝ ուղարկելով նրանց տարբեր կողմեր: Այո՛, նա կարողանում էր խորամանկորեն խաղալ քո զգացմունքների հետ, և, հանգամանքներից ելնելով խթանել քո վախը, կասկածները... Հիշու՞մ ես, թե ինչպես էր նա պնդում, որ բոլորը գնան հյուսիսային սահմաններում վայրի բադեր որսալու, իսկ այդ նույն ժամանակ արևմուտքից ձեզ վտանգ էր սպառնում: Այդ նա պահանջեց, որ դու արգելես Էոմերին հետապնդելու օրքերի ջոկատին, և եթե Էոմերը չհակառակվեր Օձի Լեզվին, որը խոսում էր քո բերանով, և չոչնչացներ օրքերին, թանկագին ավարը հիմա Իզենգարդում կլիներ: Ճիշտ է դա այն ավարը չէ, ինչի մասին երազում է Սարումանը, բայց օրքերը գողացել են մեր ջոկատից երկուսին, որոնք տեղյակ են այն գաղտնիքին, որի վրա հենված է մեր հույսը: Այդ գաղտնիքի մասին ես նույնիսկ քեզ չեմ կարող առայժմ բացեիբաց խոսել, օ՛ թագավոր: Սարսափելի է նույնիսկ մտածել, թե ինչ տանջանքների կենթարկվեին գերիները Իզենգարդում, և ինչ կիմանար նրանցից Սարումանը: Մենք բոլորս մեծ վտանգից ենք փրկվել:
–Ես պարտական եմ Էոմերին,– ասաց Թեոդենը: –Նրա տաքարյուն –Տաքարյուն և համարձակ զրույցների հետևում հավատարիմ սիրտ է թաքնված: –Ավելի լավ է ասես, որ եթե աչքի մեջ շյուղ է ընկնում, երբեմն ճշմարտություն էլ է սուտ թվում,– ասաց Գենդալֆը: –Այո, իմ աչքերը կուրացել էին,– համաձայնեց Թեոդենը,– բայց ամենից շատ ես քեզ եմ պարտական, Գենդա՛լֆ: Դու կրկին ճիշտ ժամանակին հայտնվեցիր: Մինչ արշավի դուրս գալը ես կուզենաի քեզ պարգևատրել թագավորական ընծայով: Ընտրի՛ր ինչ ցանկանում ես, իմ գանձերը քո գանձերն են: Միայն չխնդրես ինձանից իմ սուրը: –Ճիշտ ժամանակին եմ հայտնվել, թե ոչ, ցույց կտա ապագան,– պատասխանեց Գենդալֆը: –Իսկ ինչ մնում է նվերին, տիրակա՛լ, ես կընտրեմ այն, առանց որի չեմ կարող յոլա գնալ: Նվիրիր ինձ Լուսաչին: Ես նրան փոխարինաբար էի վերցրել, այդպես էր մեր պայմանավորվածությունը: Բայց հիմա ես ուղևորվում եմ մահացու վտանգին ընդառաջ. մեկ արծաթն ընդդեմ ինը սևերի: Ես չեմ ցանկանում վտանգի ենթարկել մի բան, որը ինձ չի պատկանում: Եվ բացի այդ Լուսաչի հետ ինձ կապում է հավատարիմ բարեկամությունը: –Լավ ընտրություն է,– ասաց Թեոդենը: –Այս անգամ ես հաճույքով տալիս եմ քեզ այն, ինչ դու խնդրում ես, բայց իմացի՛ր, դա անգին պարգև է: Այդպիսի մեկ այլ նժույգ աշխարհում գոյություն չունի: Նրա մեջ արթնացել են անցյալի հզոր նժույգները, բայց նրա նմաններ այլևս չեն լինի: Իսկ ձեզ, իմ թանկագին հյուրեր, առաջարկում եմ իմ զինանոցից զենք ու զրահ ընտրել ձեզ հարմար: Թեպետ դու սրեր ունեք, բայց մենք ձեզ լավագույն որակի սաղավարտներ և զրահներ կտանք: Իմ նախնիները դրանք նվեր են ստացել գոնդորցիներից: Ըբտրեք քանի դեռ ժամանակ ունենք, և թող նրանք հուսալի պաշտպան լինեն ձեզ: