Դարպասի մոտ մեծ զորք էր հավաքվել: Այնտեղ և ծերեր կային և երիտասարդներ, հազարից ավելի մարդ էր եկել և բոլորն էլ ձիերին հեծնած պատրաստ սպասում էին: Նիզակների պատը երիտասարդ անտառ էր հիշեցնում: Թեոդենին դիմավորեցին բարձր և ուրախ կանչերով, ապա բերեցին թագավորական նժույգին՝ Սպիտակաբաշ անունով: Արագորնին և Լեգոլասին նույնպես նժույգներ տվեցին: Ջիմլին իրեն անհարմարավետ էր զգում և արդեն խոժոռվել էր, երբ Էոմերը մոտեցավ նրան:
–Ողջու՛յն Ջիմլի, որդի՛ Գլոյնի,– դեռ հեռվից կանչեց նա: –Ներիր, որ մինչև հիմա ժամանակ չունեցա քեզանից քաղաքավարության դասեր սովորելու, բայց գուցե թողնենք հետո՞: Խոստանում եմ, որ անքաղաքավարի բառեր Լորիենի տիրուհու մասին ինձանից այլևս չես լսի:
–Համարիր, որ ժամանակավորապես մոռացել եմ մեր վեճի մասին, Էոմունդի՛ որդի,– պատասխանեց Ջիմլին,– բայց եթե քեզ բախտ վիճակվի քո աչքերով տեսնել տիրուհի Գալադրիելին, դու պետք է ընդունես, որ նա աշխարհում ամենագեղեցիկն է: Թե չէ վերջ մեր բարեկամությանը:
–Թող այդպես լինի,– ասաց Էոմերը: –Բայց մինչ այդ ներիր ինձ և նստիր իմ թամբին: Գենդալֆը Ռոհանի թագավորի հետ առջևից է գնալու: Հրաբաշը համաձայն է երկու հոգու տանել, վերջին խոսքը քոնն է:
–Համաձայն եմ և շնորհակալ,– պատասխանեց զգացված Ջիմլին,– բայց թող իմ ընկեր Լեգոլասը մեր կողքից արշավի:
–Որոշված է,– ասաց Էոմերը,– Լեգոլասը կարշավի ձախից, Արագորնը՝ աջից, և մեզ ոչ մեկ չի՛ կանգնեցնի:
–Ու՞ր է Լուսաչը,– հարցրեց Գենդալֆը:
–Արածում է գետի ափին և ոչ մեկին մոտ չի թողնում,– պատասխանեցին նրան: –Ա՜յ այնտեղ, գետանցումի մոտ արծաթե ստվեր է երևում: Այդ նա է:
Գենդալֆը սուլեց և անունով կանչեց նժույգին: Լուսաչը թափահարեց բաշը, խրխնջաց և նետի պես սլացավ տրոջ մոտ:
–Եթե արևմտյան քամին մարմին ունենար, նա այս նժույգին նման կլիներ,– հիացած գոչեց Էոմերը:
–Երևում է նվերը արդեն վաղուց քեզ է պատկանում,– ժպիտը մորուքի մեջ թաքցնելով ասաց Թեոդենը: –Լսե՛ք բոլորդ: Այսուհետ իմ բարեկամ Գենդալֆ Մոխրագույն թիկնոցին՝ իմաստուններից ամենաիմաստունին, հայտարարում եմ Ռոհանի պատվարժան հյուր և Էեորլինգների առաջնորդ: Այդպես կլինի, քանի դեռ էորլի որդիներն իշխում են Ռոհանում: Եվ որպես պարգև թագավորը նվիրում է նրան Լուսաչին, ամենա ազնվազարմ նշույգին:
–Շնորհակալ եմ քեզ, թագավո՛ր Թեոդեն,– արձագանքեց Գենդալֆը: Նա մի կողմ նետեց մոխրագույն թիկնոցն ու գլխարկը և ցատկեց նժույգի վրա: Հրաշագործը ոչ զրահ ուներ, ոչ սաղավարտ. ձյունաճերմակ մազերը ծածանվում էին քամուց, իսկ հագուստը փայլում էր կուրացուցիչ սպիտակությամբ:
–Մեզ հետ է մեր Սպիտակ Հեծյա՛լը,– բացականչեց Արագորնը, և բոլորը միացան նրա կանչին.
–Կեցցե՛ն թագավորը և Սպիտակ Հեծյալը, առա՛ջ Էորլինգներ:
Շեփորները կանչեցին, նժույգները ծառս եղան, նիզակները զարկվեցին վահաններին: Վերջապես թագավորը բարձրացրեց ձեռքը, և Ռոհիրրիմների վերջին զորքը քամու պես արշավեց արևմուտք:
Էովինը երկար ժամանակ ապարանքի մուտքի մոտ անշարժ կանգնած հետևում էր նիզակների ծայրերից անդրադարձող ոսկեգույն ցոլքերին:
=== Գլուխ յոթերորդ. Հելմյան իջվածք ===
Երբ հեծյալները հեռանում էին Էդորասից, արևը արդեն թեքվել էր դեպի արևմուտք և շողում էր ուղիղ նրանց աչքերին, լցնելով ռոհանյան հարթավայրը ոսկեգույն մշուշով: