=== Գլուխ յոթերորդ. Հելմյան իջվածք ===
Երբ հեծյալները հեռանում էին Էդորասից, արևը արդեն թեքվել էր դեպի արևմուտք և շողում էր ուղիղ նրանց աչքերին, լցնելով ռոհանյան հարթավայրը ոսկեգույն մշուշով: Ճանապարհը մեկ բարձրանալով, մեկ իջնելով ձգվում էր Սպիտակ Լեռների ստորոտի երկայնքով, երբեմն անցնելով արագնթաց լեռնային գետակների ծանծաղուտներով: Աջակողմյան հեռվում սկսեցին երևալ մայրամուտի շողերով պարուրված լուսավորված Մշուշապատ լեռները: Իրիկնանում էր:
Զորքն ամբողջ թափով սլանում էր առաջ, քանզի ժամանակ քիչ էր մնում: Վախենալով ուշանալ՝ հեծյալները արշավում էին գրեթե առանց կանգ առնելու:Ռոհանյան նժույգները Միջերկրում հայտնի էին իրենց տոկունությամբ և արագավազությամբ, բայց ճանապարհը երկար էր. Էդորասից մինչև Իզեն գետի անցումը, որտեղ Թեոդենը հույս ունել միանալ Սարումանի բանակին դիմադրող զորքին, ուղիղ գծով քառասուն լիգ կլիներ: Եկավ գիշերը և հարթավայրը թաղվեց խավարում: Վերջապես թագավորը կանգ առնելու հրաման տվեց: Արդեն հինգ ժամ էր անցել, ինչ նրանք ճանապարհ էին ընկել Էդորասից, և հետևում շատ լիգեր էին մնացել, բայց զորքը դեռ ճանապարհի կեսն էր անցել: Ռոհանցիները լայն շրջանով ճամբար խփեցին բաց երկնքի տակ, աստղերի և լուսնի գունատ լույսի ներքո: Խարույկներ որոշեցին չվառել, վտանգը մոտ էր և ամեն ինչ սպասելի էր: Ճամբարը բոլոր կողմերից շրջապատվեց ժամապահ հեծյալներով, և հետախույզներ ուղարկվեցին առաջ: Բայց գիշերային ճնշող ժամերը անցան խաղաղ և հնչեցին առավոտն ազդարարող եղջերափողերը: Մեկ ժամ էլ չէր անցել, և զորքը շարժվեց առաջ: Երկինքը առաջվա պես մաքուր էր, բայց օդը լցվել էր ծանրությամբ: Տարվա այս եղանակի համար ինչ որ չափից ավելի տոթ էր: Ծագող արևը թույլ լուսավորում էր վաղորդյան մշուշի միջով, բայց հորիզոնում դեռ փոթորկվում էր խավարը. թվում էր, թե արևելքից փոթորիկ է մոտենում: Հեռվում, հյուսիս արևելքից դեպի Մշուշապատ Լեռների ստորոտն էր գալարվում թանձր մառախուղը: Գենդալֆը շրջվեց դեպի իրար կողքից ընթացող Լեգոլասի և Էոմերի կողմը: –Ինձ էլֆական աչքեր են պետք Լեգոլաս: Ապա մի նայիր այնտեղ, դու մեկ լիգի վրա ճնճղուկին և դեղձանիկին կտարբերես իրարից: Ի՞նչ է կատարվում Իզենգարդի պարիսպների տակ: –Մինչև Իզենգարդ դեռ շատ լիգեր կան,– պատասխանեց Լեգոլասը ձեռքով աչքերին հովար անելով: –Շրջապատող լանջերը պատված են խիտ մշուշով, որի մեջ ինչ որ բան է շարժվում, բայց թե ինչ է դա, անհասկանալի է: Տարօրինակ մշուշ է: Բայց դա ոչ մշուշ է, ոչ ծուխ, ավելի շատ թանձր ստվեր է հիշեցնում, որի ծագումը անհայտ է: Այնպիսի զգացողություն է, ասես այդ ստվերը տարածում է ինչ որ մեկը, կամ ինչ որ մի բան...