Ժամանակը դանդաղ էր անցնում: Ներքևում՝ հովտում, դեռ այրվում էին հրդեհված բնակավայրերը: Այժմ Իզենգարդյան զորքը անաղմուկ էր մոտենում, միայն հովտում կրակե օձերի պես գալարվող ջահերի լույսն էր մատնում նրանց:
Հանկարծակի հողապատնեշի մոտից սհմռկեցուցիչ ոռնոց լսվեց, որին հաջորդեց ռոհանցիների կատաղի մարտական ճիչը: Անցումի մոտ մի պահ կուտակվեցին բոցավառվող ջահերը, բայց հաջորդ ակնթարթին ցրիվ եկան այս ու այն կողմ և չքացան: Լսվեցին գետափնյա մարգագետնով դեպի Հորնբուրգ սլացող հեծյալների ձայները. Վերջապահ վերջապահ ջոկատը գրեթե առանց կորուստ կրելու նահանջեց դարպասից ներս:
–Գրոհում են պատնե՛շը,– ճչացին նրանք: –Մենք արձակեցինք բոլոր նետերը, խրամուղին և անցումը լցված են օրքերի դիակներով: Բայց դա նրանց չի կանգնեցնի կասեցնի երկար ժամանակով, կիրճի երկայնքով մեկ մրջյունների պես մագլցում են պատնեշի վրա: Սակայն մենք նրանց լավ դաս տվեցինք, և ջահերով գրոհել այլևս չեն համարձակվի:
Կեսգիշերն անցավ: Անթափանց խավար էր տիրում: Անշարժ, հեղձուկ օդը ամպրոպ էր կանխագուշակում: Հանկարծակի կուրացուցիչ բռնկումը լուսավորեց ամպերը, և արևելքում հսկայական ճյուղավորված կայծակը հարվածեց բլուրներին: Մի ակնթարթ տարածքը լուսավորվեց, և պարսպի վրա գտնվողները տեսան, որ պատնեշն ու մինչև պարիսպ ընկած տարածքը հեղեղված են սև զորքով, որոնց մի մասը կարճահասակ և , լայնաթիկունք օրքեր են, մյուսները բարձրահասակ, մռայլ տեսքով, ածուխի պես սև վահաններով և բարձր սաղավարտներով մարտիկներ: Պատնեշի վրա շարունակ նորերն էին հայտնվում և սև գետի պես հոսելով խրամուղու անցումով, հեղեղում էին կիրճը:
Լսվեց ամպրոպի որոտը, և սկսվեց տեղատարափ անձրևը: Մեկ այլ անձրև՝ այս անգամ արդեն նետերի, փլվեց պարիսպներին: Նետերը զրնգալով խփվելով քարերին անդրադառնում էին և կայծեր արձակում, բայց նրանցից մի քանիսը հասան իրենց նշանակետին: Այդպես սկսվեց Հելմյան Կիրճի գրոհը, բայց ամրոցը չընդունեց մարտահրավերը և պատասխան ոչ մի նետ չարձակվեց: Հարձակվողները շփոթվելով պարիսպների և քարերի ահեղ լռությունից տատանվեցին: Բայց կայծակները իրար հետևից ճեղքում էին խավարի վարագույրը, և օրքերը առույգանալով ոռնացին, նիզակներն ու յաթաղաները թափահարեցին ու նետերի տարափ տեղացին պարսպի վրա կանգնած ռազմիկների վրա: Ռոհանցիները զարմացած նայում էին չարագույժ սև փոթորկից ալեկոծվող հովտին, որտեղ, ասես ցորենի արտում քամու պեռթկումից, տարուբերվում էին պողպատյա մահաբեր ցողունները: Հնչեցին պղնձե շեփորները, և օրքերն անցան հարձակման: Մի մասը հեղեղեցին պարիսպը, իսկ մյուսները՝ ամենաբարձրահասակները, Դունլենդի վայրի լեռնեցիների հետ նետվեցին դեպի Հորնբուրգի դարպասը: Փայլատակեց կայծակը, և նրանց սաղավարտներին ու վահաններին մի պահ երևաց մահաբեր ճերմակ ձեռքը: Թշնամիներն արագորեն հաղթահարեցին թեքությունը և հասան դարպասին: Այս անգամ ամրոցը պատասխանեց: Նետերի տարափ և քարերի կարկուտ տեղաց հարձակվողների գլխին: Թշնամիների շարքերը ցնցվեցին և ցաքուցրիվ եղան, բայց անմիջապես հավաքվելով նորից հարձակվեցին դարպասի վրա, հետո նորից ցրվեցին, նորից հարձակվեցին, և հարձակվողների սև ալիքը մակընթացության ալիքի պես ամեն անգամ համառորեն ավելի էր բարձրանում: Կրկին հնչեցին շեփորները, և դունլենդցիները վայրի մռնչոցով անցան հարձակման: Նրանք հսկայական վահանները գլխավերևում պահած, պաշտպանվելով նետերից ու քարերից, երկու երկաթապատ գերան էին քարշ տալիս դարպասի մոտ, իսկ օրք նետաձիգները թաքնվելով նրանց թիկունքում պարիսպների վրա նետերի տարափ էին տեղում: Այս անգամ թշնամու ջոկատը վստահորեն հասավ դարպասին, և բաբանները խլացուցիչ որոտով հարվածեցին: Եթե պարսպի գլխից նետված քարերը հասնում էին իրենց նշանակետին, և թշնամիներից ինչ որ մեկը ընկնում էր, ապա նրա տեղը անմիջապես զբաղեցնում էին երկու նորերը և հզոր բաբանները կրկին թափ հավաքելով ավելի ուժեղ էին հարվածում էին դարպասին: Էոմերն ու Արագորնը կանգնած էին պարսպի վրա: Թշնամիների ռազմատենչ բղավոցների և բաբանների խուլ հարվածների ձայնը հասնում էր նրանց ականջներին: Երբ հերթական կայծակը լուսավորեց տարածքը, նրանք հասկացան թե ինչ մեծ վտանգ է սպառնում դարպասներին: –Առա՜ջ,– ճչաց Արագորնը,– եկել է ժամանակը միասին մերկացնելու սրերը, Էոմե՛ր: Նրանք նետվեցին աստիճաններով ներքև՝ ամրոցի բակը, ճանապարհին ևս մի քանի քաջարի ռազմիկ վերցնելով իրենց հետ: Պարսպի արևմտյան կողմում, այնտեղ, որտեղ պատը միանում էր լեռան ելուստին, գաղտնի դուռ էր բացվում դեպի կիրճ: Դռան մյուս կողմում՝ պարսպի երկայնքով, անդունդի վրա կախված նեղ գոգավորություն էր սկսվում, որը տանում էր դեպի դարպասը: Էոմերն ու Արագորնը առաջինը անցան դռնով, իսկ մյուսները հետևեցին նրանց: Երկու մերկացած սրերը փայլատակեցին միասին: –Գո՛ւթվին,– բացականչեց Էոմերը,– Գութվին և Ռո՛հան: –Ա՛նդրիլ,– արձագանքեց Արագորնը,– Անդրիլ և Դունադա՛ն: Եվ նրանք մխրճվեցին թշնամու ջոկատի մեջ: Անդրիլը փայլատակում էր սպիտակ կրակով և սարսափազդու հարվածներ հասցնում: –Ա՛նդրիլը, Ա՛նդրիլն է անցել հարձակման,– բացականչեցին պարսպի վրայից: –Սուրը, որ կոտրվել էր, կռվե՛լ է կրկին: Թշնամիները թիկունքից հարվածի չէին սպասում: Նրանք սարսափահար գցեցին բաբանները և սկսեցին պաշտպանվել, բայց շուտով վահանների սև պատը ասես կայծակի հարվածից ցրիվ եկավ, և թշնամիները խուճապահար փախուստի դիմեցին: Մի մասը հասցրեցին փախչել, մյուսները խոցված ընկան գետնին, երրորդներին նետեցին անդունդը: Օրք նետաձիգները շտապ, առանց նշան բռնելու արձակեցին իրենց վերջին նետերը և նույնպես փախուստի դիմեցին: