–Լեռնեցիները Դունլենդի լեզվով են բղավում, ասաց Գամլինգը: –Ես գիտեմ այդ լեզուն, այն շատ հին է: Մի ժամանակ Մարկի արևմտյան հովիտներում ապրող մարդիկ բոլորը այդ լեզվով էին խոսում: Ակա՛նջ դրեք: Նրանք խորը ատելություն են տածում մեր նկատմամբ և ուրախ են. կարծում են, որ մեր պարտությունն արդեն անխուսափելի է: Նրանք գոռում են. «Որտե՞ղ է ձեր թագավորը, թագավորին այստե՛ղ բերեք: Մա՛հ Ֆորգոյլներին, թող կորչե՛ն շիկամազները: Մա՛հ հյուսիսից եկած զավթիչներին»: Տեսնու՞մ եք ինչ անուններով են նրանք մեզ պատվում: Նրանք դեռ չեն մոռացել հին վիրավորանքը, երբ հինգ հարյուր տարի առաջ Գոնդորը ռոհանյան հարթավայրերը տվեց Էորլ Երիտասարդին և դաշինք կնքեց նրա հետ, ոչ թե դունլենդցիների: Իսկ Սարումանը բորբոքել է այդ հին վիրավորանքը, և հիմա կատաղած լեռնեցիներին հանգստացնել հնարավոր չէ: Նրանք չեն նահանջի ոչ գիշերը, ոչ էլ ցերեկը, մինչև Թեոդենին գերի չվերցնեն կամ չզոհվեն:
–Եվ այնուամենայնիվ այգաբացը հույսի բանբերն հույս էբերում,– ասաց Արագորնը: –Իսկ ճի՞շտ են ասում, որ Հորնբուրգը երբեք թշնամիների ձեռքը չի ընկել և չի ընկնի, քանի դեռ նրա պաշտպանները ողջ են:
–Այո, աշուղներն այդպես են երգում,– հաստատեց Էոմերը: