–Ինչպես թե չէիք սպասում,– հոնքերը բարձրացրեց Գենդալֆը: –Չէ որ ես ասացի ձեզ, որ կվերադառնամ, և նույնիսկ հանդիպման վայրը նշեցի:
–Բայց դու ժամանակ չնշեցիր և չասացիր, թե դա ինչպես տեղի կունենա: Տարօրինակ օգնություն ես բերել մեզ, դու իսկապես մեծ հրաշագործ ես, Գե՛նդալֆ Ճերմակ:
–Գուցե և այդպես է,– պատասխանեց Գենդալֆը,– բայց ես դեռ ոչ մի հրաշագործություն չեմ կատարել: Ես միայն ճիշտ ժամանակին ճիշտ խորհուրդ եմ տվել և օգտվել եմ Լուսաչի արագությունից, իսկ հաղթանակի համար դուք պարրտական եք ձեր քաջությանը և Վեսթֆոլդցի ռազմիկների տոկունությանը. նրանք ամբողջ գիշեր առանց կանգառի քայլել են:
Բայց բոլորը շարունակում էին համր զարմանքով նայել Գենդալֆին, և ժամանակ առ ժամանակ աչքները տրորելով հայացք նետել անտառի վրա: Մի՞թե Գենդալֆը ոչինչ չի տեսնում:
Գենդալֆը զվարթ ծիծաղեց:
–Ախ դուք ծառերի՜ն նկատի ունեք,– ասաց նա: –Մի անհանգստացեք, ես էլ տեսնում եմ նրանց ձեզանից ոչ վատ, բայց ես կապ չունեմ նրանց հետ: Նույնիսկ իմաստունները չեն կարող հրամայել անտառին: