== գլուխ չորրորդ․ Խեղճ ու կրակը Արջը ==
=== Ա․ Փշերի մեջ ===
Ինչպես բոլոր արջերը, նա էլ էր սիրում բերանը քաղցրացնել մեղրով, սիրում էր բռինչ ուտել, տանձի կաթոցի ժամանակ՝ տանձ ուտել, սիրում էր ուտել հասած կարմրած մասուր, իսկ մոշի ժամանակ դուրս չէր գալիս մոշուտից։ Մի խոսքով, սաոորական արջ էր։ Երբ դեռ քոթոթ էր, բարձրանում էր ծառը, զառիթափով գլորվում էր ցած և բոլոր քոթոթների նման ջղայնացնում էր մայր արջին ու հաճախ նրանից ծեծ ուտում։ Երբեք, երբեք չէր մտածի, որ այդքան շուտ կգա դժբախտությունը, որ դեռ այդքան երիտասարդ ստիպված կլինի պառկած մնալ տանը և ենթարկվել դժոխային ցավերի։ Իսկ պատճառն այն էր, որ լինելով սովորական արջ, նա, ինչպես բոլոր արջերը, նաև բկլիկ էր։
Անտառի արևելյան մասում մի ձորակ կար։ Թե մարդ, թե գազան խուսափում էին այդ ձորակից, նույնիսկ թռչունները չէին թռչում նրա վրայով։ Ճիշտ է, թռչուններին ոչինչ չէր ապառնում, բայց դե ձորակի համբավն այնքան վատ էր, որ նրանք էլ էին խուսափում։ Ասում էին, թե այդ ձորակում վիշապ օձեր են բնակվում։ Ոչ ոք, իհարկե, այդ վիշապ օձերին չէր տեսել, բայց քանի որ մարդիկ ասում էին, ուրեմն մի բան գիտեին։ Բայց վիշապները չէին պատճառը, որ բոլորը խուսափում էին այդ ձորակից, այլ փուշն ու տատասկը։ Ինչքա՜ն փուշ կար, ինչքա՜ն փուշ, դա մի իսկական փշի թագավորություն էր։ Գետնի վրա տատասկներն էին, որոնք իսկական տատասկե գորգ էին հյուսել։ Ավելի բարձր՝ փշապատ քոլերն էին, իսկ վերևում մացառուտն էր՝ խոշոր ու ցից-ցից փշերով, կոծոծներով։
Մի խոսքով, փուշը փշի վրա էր։ Հակառակի պես ձորակի վերևի մասերում բռնչի ծառեր ու մասուրի թփեր կային և այնքան էլ շատ էին բռնում, որ ուշ աշնանը, երբ անտառում պտուղը պակասում էր, փշի ձորակի եզրերին կարմրին էին տալիս բռնչի հասած ճութերը, ու կարծես, կանչում էին հատկապես արջերին։ Իսկ արջերը՝ չէ՛, չէին մոտենում։ Ավելի լավ է քաղցած մնանք, ասում էին նրանք, քան թե գնանք փշոտ ձորակի կողմերը։
Բայց ահա մեր Արջը մի օր անցնում էր այդ կողմերով և տեսավ, որ բռինչը կարմրել է։ Ուրիշ տեղերում դեռ կանաչ էին, իսկ այստեղ այնպես էին կարմրել, նույնիսկ սևացել էին, կարծես ուշ աշուն լիներ։ Բրդոտը կանգնեց, նայե՜ց, նայե՜ց բռինչի ծառին և ինչ, տեսավ, որ բռինչի տակ բոլորովին փուշ չկա։ Մոտեցավ և սկսեց ծամել արդեն հասած ճութերը։ Ամենից հասած ճութերը ձորակի կողմն էին, և արջը մեկնվեց, որ մոտ քաշի ձորակի վրա կախված ճյուղը։ Ամեն ինչ բարեհաջող կվերջանար, եթե ճյուղը հանկարծ չկոտրվեր։ Եվ Արջը ինքն էլ չիմացավ, թե ինչպես գլորվեց ցած։ Այդ գլորվե՜լն էր։ Մացառ, փուշ ու տատասկ տրորելով, նա շուտով հայտնվեց ներքևում, այնտեղ, ուր փշերն ավելի խիտ էին և ավելի սուր։ Երևի ուշաթափվել էր, կամ անսպասելիությունից իրեն կորցրել, որովհետև երբ ուշքի եկավ, զգաց, որ ամբողջ մարմինը ծակծկվում է, իսկ երբ փորձեց տեղից շարժվել, փշերն ու տատասկները ավելի խորը մտան, ու նա անտանելի ցավից սկսեց ոռնալ։ Այնպես աղիողորմ, այնպես ողբալի էր նրա ոռնոցը, որ նույնիսկ վայրի գազանների սիրտն էր ճմլվում։ Եվ ահա ձայնի վրա հավաքվեցին գայլ ու աղվես, բորենի ու շնագայլ, և նայում էին, թե ինչպես է արջը տանջվում։ Իհարկե, նրանք գիտեին, որ օգնել չեն կարող, դրա համար էլ մոտ չէին գնում։ Ախր դրանից արջը օգուտ չուներ, դրա փոխարեն իրենք նույն օրը կընկնեին։ Մնում էր, որ Արջը ինքը դուրս գա անիծյալ ձորակից։
Երեք օր տևեց մինչև նա հասավ իր տնակը, որը, բարեբախտաբար, շատ հեռու չէր։ Երեք օր նա քայլելը մոռացած սողում էր և ամեն մի շարժում կատարելիս փշերն ավելի խորն էին մտնում մարմնի մեջ։ Իսկ ամենից շատ փշեր խրվել էին նրա թաթերի մեջ, այնտեղ, որտեղ բուրդ չկար, ու նա չէր կարողանում ոտքի կանգնել։ Այդ երեք օրվա մեջ փշերի տեղերում վերքեր գոյացան, վերքերը թարախակալվեցին։ Պատկերացնո՞ւմ եք, թարախակալված վերք, մեջտեղում էլ մինչև ոսկորը խրված փուշ։ Մարմինն այնպես էր ցավում, այնպես էր տնքում, որ խեղճ Արջին թվում էր, թե հոգին փչում է։ Եվ անշուշտ, նա կմեռներ, եթե ոչ վերքերից, ապա քաղցից, բայց նրա բախտից տանը մի կճուճ լիքը մեղր կար, ու նա ժամանակ առ ժամանակ լիզում էր այդ մեղրը։
Արդեն մի ամիս այդ վիճակում էր Արջը, երբ Մանուշը մոտեցավ նրա տնակին։ Դեռ տնակին չհասած՝ լսեց Արջի ձայնը։ Ակզբում չհասկացավ, թե ինչ ձայն է, բայց երբ մոտեցավ, տեսավ, որ Արջը լալիս է, իսկ լացը ավելի շատ երգ է հիշեցնում։ Մի քիչ էլ որ կանգնած մնաց դռան մոտ, սկսեց խոսքերն էլ ջոկել.
Ես եղել եմ լավ ու բարի,
Օգնել եմ թույլ ու տկարին.
Բայց ինձ ինչո՞ւ
Հալածում են,
Միշտ ծեծում են ու տանջում։
Այդ ո՞ւմ է, որ ես չեմ հասել,
Ո՞ւմ եմ թթու մի խոսք ասել,
Որ իմ արած
Լավությունը
Վատությամբ են հատուցում։
Վա՜յ ինձ, ախր ի՞նչ եմ արել,
Ո՞ւմից եմ ես մի չոփ տարել.
Որ զարկում են,
Որ խարկում են,
Որ ծակում են, ծակծկում...
Այսպես երգում ու լալիս էր Արջը, և նրա ձայնը այնքան աղիողորմ էր ու սրտակտուր, որ Մանուշը, դեռևս Արջին չտեսած, սկսեց խղճալ նրան։ Եվ դեռ դռան մոտ կանգնած էր, որ Արջն ավելի բարձր սկսեց լալ, ոռնալ, ոնց որ այդ րոպեին նրան ծեծելիս լինեին.
Վա՜յ, վա՜յ, խփում են,
Վա՜յ, վա՜յ, խաբում են,
Վա՜խ, քարկոծում են,
Վա՜խ, վա՜խ, ծեծում են,
Վա՜յ ինձ, թակում են,
Վա՜յ ինձ, ծակում են,
Վա՜յ ինձ, խարկում են,
Վա՜յ ինձ, զարկում են,
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ,
Վա՜յ, վա՜յ, վո՜ւյ, վո՜ւյ...
― Վա՜յ, վա՜յ... Ես ձեզ կհոշոտեմ, ոսկորներդ կջարդեմ անիծյալներ, հի՛, հի՛, հի՛... Ախր ի՞նչ եք ուզում ինձանից, իմ չար բախտը ինձ քիչ է, որ դուք էլ քարով եք խփում, անխիղճներ, անաստվածներ, թե ձեռքս ընկնեք հում-հում կուտե՜մ...
«Այս ո՞ւմ հետ է խոսում», ― մտածում էր Մանուշը դռան մոտ կանգնած ու սիրտ չէր անում ներս մտնել։ Նրա մտքով չէր էլ կարող անցնել, որ այդ կախարդ պառավներն են մյուս կողմից մոտեցել պատուհանին և քարով խփում են Արջին, որպեսզի նրան ավելի կատաղեցնեն։
Մանուշը կամաց դուռը բացեց, ներս մտավ։
Արջի տնակում ամեն ինչ տակնուվրա էր արված, սեղանը շուռ էր եկել, վառարանի կափարիչը ընկել էր ցած, նստարանն ընկած էր մուտքի մոտ, և Մանուշը հազիվ նրա վրայով անցավ։
― Ըհը՜, եկա՞ր... դե մոտ արի, ― նրան տեսնելով կատաղի մռնչաց Արջը։ ― Արի՛, արի՛, տես, թե ինչ եմ անելու քեզ։ Ինչո՞ւ քարով խփեցիր, հը՞, ի՞նչ ես ուզում ինձանից, իմ դարդն ինձ քի՞չ է, դու էլ մի կողմից...
― Ես քարով չեմ խփել, ― ասաց Մանուշը։
Արջը զարմացած ոտից գլուխ չափեց Մանուշին, երևում էր, որ չի հավատում նրան, բայց որովհետև այնքան էլ հիմար արջ չէր, նայում էր ու մտածում, իսկապես, այս փոքրիկ աղջիկն ինչո՞ւ պիտի իրեն խփեր։
― Չե՞ս խփել, ասում ես... բա ի՞նչ ես արել, որ չես խփել, ի՞նչ ես անում այստեղ, որտեղի՞ց եկար, դու ո՞վ ես։
Բայց դեռ խոսքը չէր վերջացրել դժբախտ Արջը, որ պատուհանը բացվեց ու նետված քարը կպավ նրա ականջին։ Հետո թռավ երկրորդ քարը, երրորդը։
― Վա՜յ, վա՜յ, վա՜յ, հո՜ւ, հո՜ւ... Տեսար չէ՞, տեսար, որ խփում են... դե գնա նայիր, թե ով է խփում։
Մանուշը դուրս եկավ, պտտվեց տնակի շուրջը, բայց ոչ ոքի չտեսավ։ Կախարդներն արդեն բարձրացել էին ծառի վրա, իսկ Մանուշի մտքով էլ չանցավ վերև նայել։ Նա վերադարձավ խրճիթ, իսկ Արջը դեռ լալիս էր ու մղկտում.
― Ես ի՞նչ մեղք եմ գործել, ախր, որ էսպես հա պատժվում եմ... Վա՜յ, կերան ինձ... փշերը, տատասկները, կոծոծները... այդքանը բավական չէ, դեռ քարով էլ են խփում... հը, ո՞վ էր խփում։
― Ոչ ոք չկար այնտեղ, ― ասաց Մանուշը։
― Ուրեմն ես ցնդած, անխելք արջ եմ... բա չտեսա՞ր, խփեցին... քարով խփեցին չէ՞, տեսար չէ՞...
― Քարը տեսա, բայց դրսում մարդ չկար, — պնդեց Մանուշը։
― Ըհը՜, քարը տեսել է, բայց մարդ չի տեսել... Երևի ծառերն են խփում, հա՞... Ես կխելագարվե՜մ, ես կգժվե՜մ... Վա՜յ, վա՜յ, վա՜յ... վա՜յ իմ օրին, վա՜յ ինձ... Ինձ խփում են, ինձ խաբում են, ինձ ձեռ են առնում, ինձ ծաղրում են, իսկ ես... Ես իսկի տեղիցս էլ չեմ կարողանում շարժվել... Ասա, ինչո՞ւ ես խաբում։
― Ես չեմ խաբում, թե ուզում ես՝ գնա ինքդ տես։
Արջն ավելի ուժեղացրեց ողբը.
― Ա՜յ, օ՜յ, վա՜յ... Ասում եմ չէ՞, ինձ ծաղրում են, հիմարի տեղ են դնում, վա՜յ ինձ։
― Ախր ո՜վ է ծաղրում, ո՜վ է հիմարի տեղ դնում, ― զարմացած հարցրեց Մանուշը։
― Դո՛ւ... դո՛ւ, կաթնակերի մեկը, դու ես ձեռ առնում, դու ես հիմարի տեո. դնում։ Բա որ ես կարողանայի շարժվել, էլ ո՜ւր էի կանգնած մնում այսպես... Որ շարժվել կարողանայի, հիմա քեզ կուլ էի տվել, ինձ խփողներին՝ հոշոտել էի։ Վա՜յ, չեմ կարո՜ղ...
Արջը նորից սկսեց լալ.
― Վա՜յ իմ օրին, վա՜յ... Ես խեղճ, տանջված արջ եմ, ես քաղցած եմ... Ես պառկել չեմ կարողանում, ես նստել չեմ կարողանում...
― Ախր ի՞նչ է եղել, քեռի Արջ, չեմ հասկանում։
-— Ի՛նչ է եղել, ի՛նչ է եղել... Թաթերիս մեջ փշեր են մտել, մաշկիս մեջ կոծոծներ ու տատասկներ են խրվել... ոչ քայլել կարող եմ, ոչ նստել... մարմինս քոր է գալիս, թավալվել չեմ կարող... ամեն տեղ ցավում է, ծակում են, ծակծկում են... Վա՜յ ինձ, վա՜յ իմ օրին... Ի՞նչ պիտի անեմ ես...
― Է՜, ես էլ կարծում եմ, թե մեծ բան է եղել։
Արջը այս խոսքերից ավելի կատաղեց.
― Ո՜ո՜ւ... Անպետք աղջիկ... Ուրեմն, քո կարծիքով, մեծ բան չի եղել, հա՞, որ տեղիցս չեմ կարող շարժվել, որ մի ամիս է բերանս բան չեմ դրել, որ փշերն ինձ ծակծկում են ու քաղցից էլ մեռնում եմ։ Այս բոլորը հե՞չ, ուրեմն։
― Ի՞նչ մեծ բան է, ― խոսելով առաջ եկավ Մանուշը։ ― Ես քո փշերը կհանեմ, քո կոծոծները կպոկեմ։
― Դո՞ւ.., հո՛, հո՛, հո՛... Փշերս կհանե՞ս...
― Ախր ի՞նչ կա որ։ ― Եվ Մանուշը էլի առաջ գնաց։
― Մի՛ արի, ― գոռաց Արջը։ ― Մոտ չգա՛ս, կանգնի՛ր, շո՛ւտ... Առաջ չգաս, ասում եմ, թե չէ...
― Ախր ինչո՞ւ, ― կանգնելով հարցրեց Մանուշը։
― Մոտ մի արի, թե չէ ես ինձ վրա վստահ չեմ, ես շատ քաղցած եմ, քեզ կուտեմ... Ախր շա՜տ սոված եմ, տեսնո՞ւմ ես, կաշիս ու ոսկորս է մնացել։ Չմոտենաս, խնդրում եմ, ինձ մարդակեր մի դարձրու։
― Բա ի՞նչ անենք, ― շվարեց Մանուշը և հանկարծ ինչ-որ բան հիշելով հարցրեց։― Իսկ դու հաղարջ սիրո՞ւմ ես, ես հաղարջ ունեմ, ըհը՛, մի ամբողջ զամբյուղ։
― Դեռ հարցնո՞ւմ ես... ― զարմացավ Արջը։ ― Ես ուրիշ էլ ի՞նչ եմ սիրում, մեղրից հետո, իհարկե... տուր, շուտ տուր քո հաղարջը։ Որ մի քիչ ուտեմ, էլ քեզ ձեռ չեմ տա... Դուք ի՞նչ համ ունեք որ... Պապս ասում էր, թե մարդիկ բոլորովին քաղցր չեն... Տուր հաղարջը, շո՜ւտ...
Մանուշը հաղարջը մոտեցրեց արջին, զամբյուղով դրեց նրա առջև։ Արջը առջևի թաթերն իջեցրեց գետնին, որ վերցնի հաղարջի զամբյուղը, բայց, ինչպես երևում է, մոռացել էր փշերի մասին։ Հենց որ ոտքերը գետնին դիպան՝ մի այնպիսի վայնասուն բարձրացրեց, որ Մանուշը նույնիսկ վախեցավ։
― Վա՜յ, վա՜յ... Ուո՜ւ... ուո՜ւ... Չե՛մ կարող... չե՛մ կարող թաթերս գետնին կպցնել, ցավո՜ւմ են։ Վա՜յ, փշերը ծակո՜ւմ են... հո՜ւ, հո՜ւ, հո՜ւ...
Եվ խեղճ արջը նորից սկսեց լալ։
Մանուշը՝ մի բուռ հաղարջ վերցնելով, մոտեցավ արջին։
― Ես քեզ ուտեցնեմ, հա՞, քեռի Արջ։ Արջը մի պահ զարմացած նայեց աղջկան։
― Էդ ինչ է, դու ինձ հեչ բանի տեղ չես դնում, հա՞... Մի հարցնող լինի, ո՞ւր ես այդքան մոտենում։ Վա՜յ ինձ, ինձ արհամարհում են, ինձ շան տեղ չեն դնում...
― Կե՛ր, կե՛ր, շատ մի խոսիր, ― ասաց Մանուշը՝ հաղարջով լի ափը մոտեցնելով Արջի բերանին։ ― Տեսնում եմ, որ սովից հազիվ ես ոտի վրա կանգնում։
Արջը սկսեց հաղարջն ուտել։ Մի վայրկյանում նա լեզվով, ինչպես գդալով, մաքրազարդեց Մանուշի ափը։ Մանուշը զամբյուղը մոտեցրեց արջի մռութին, սա ագահորեն կերավ ամբողջ հաղարջը։
― Ուխա՜յ, ― ասաց նա, ― ի՜նչ լավ էր, էլ չունե՞ս...
― Չէ՛, էլ չունեմ, ― մեղավորի նման ասաց Մանուշը։ ― Ուզո՞ւմ ես, գնամ հավաքեմ։
― Չէ՛, չէ՛, դու մնա քո տեղում։ Մի քիչ սովածանամ՝ քեզ էլ կուտեմ, — ասաց Արջը։
― Թաթդ տուր տեսնեմ... «Ուտե՜մ», «ուտե՜մ»... Կարծես էլ ուրիշ բան չունես խոսելու, ―Մանուշը ձայնը խստացրեց և գրեթե գոռաց. — տո՛ւր էստեղ թաթդ։
― Այդ ինչպե՞ս ես խոսում ինձ հետ, ― զարմացավ Արջը։ ― Արան տես, մի թիզ չկա՝ Արջի վրա է գոռում։ Գիտե՞ս, որ թաթով մի հատ տամ՝ կծեփվես գետնին։
― Գիտե՛մ, գիտե՛մ, տեսնում եմ, որ թաթով չես կարող, ― ասաց Մանուշը, հրեն ինչքան փուշ կա վրան։ Տուր էստեղ թաթդ։
Արջը հնազանդորեն թաթը մեկնեց Մանուշին։
― Վա՜յ, էս ի՞նչ ես արել, ա՛յ քեռի Արջ... Վա՜յ, վա՜յ, վա՜յ, ամբողջ թաթդ վերք է։
― Ամբողջ մարմինս է այդպես, ― ուղղեց Արջը։
― Այո, ամբողջ մարմինդ... էս ինչքան փուշ կա վրադ...
Ու Մանուշն սկսեց մեկ-մեկ հանել։
― Ահա, էս մեկ... Ինչքան էլ խորն է մտել... էս էլ՝ երկուս... Վա՛յ, վա՛յ, վա՛յ, ո՞նց ես դիմացել ախր, էսպես ո՞նց ես ապրել... էս երեք... էս որտե՞ղ ես այսպես փշոտվել, հը ...
― Վա՜յ, ցավեցրիր...
― Ես քեզ բան եմ հարցնում, որտե՞ղ ես այդպես փշոտվել։
― Մի հարցրու... Ավելի լավ է չհարցնես... Գիտե՞ս ինչ բան է բկլիկությունը, հը ...
― Աա՜, հիմա հասկացա... էս՝ չորս, էս հինգ... օ՜յ, օ՜յ, օ՜յ... ինչքան էլ շատ են՝ վեց, յոթ, ութ... վա՜յ, քեռի Արջ, էս ի՜նչ օրի ես... Էս մեկը շատ խորն է... սպասիր, ինձ մոտ քորոց կա։
― է՛յ, էյ, քորոցով չեմ ուզում, կցավի, ― բողոքեց Արջը։
― Մի՛ վախեցիր, քորոցով հեշտ կհանեմ, ― նա քորոցով հանեց թաթի մեջ խորը նստած փուշը։ ― Տեսնո՞ւմ ես, իսկի չզգացիր էլ։
― Ո՞նց թե չզգացի, ― նորից բողոքեց Արջը։ ― Ի՞նչ է, ես անզգա՞ եմ... Սրան տես, «չզգացիր»... վա՜յ, վա՜յ, վա՜յ... ցավում է, ոնց է ցավում... վա՜յ, սպասիր։
Մանուշը ծիծաղելով ասաց.
― Էդքան մեծ ես ու փոքրիկ ցավի չես դիմանում։ Սպասիր մի քիչ... ահա, էս էլ սա, ինչ էլ մեծն է... Ոնց որ էս մի թաթդ մաքրվեց, հապա մի փորձիր տեսնենք։
― Ոնց փորձեմ, ― ասաց Արջը. ― ախր վախենում եմ ցավի։
― Մի՛ վախեցիր, խփիր։
Արջը մաքրված թաթով խփում է Մանուշի ուսին, զգում է, որ այլևս չի ցավում, ավելի ճիշտ՝ առաջվա պես չի ցավում, բայց մի փոքր էլի ցավում է։
― Ցավում է, էլի է ցավում, ― մռթմռթաց Արջը, բայց լավ գիտեր, որ այն անտանելի ցավն այլևս չկա։
― Բա ուզում ես միանգամից անցնի՞, հալա նայիր, թաթիդ վերքերը դեռ կան։ Մի անգամ էլ փորձիր, մի՞թե դա նույն ցավն է։
Արջը մի անգամ էլ խփեց, այս անգամ ավելի ուժեղ։
― Էդ ի՞նչ ես անում, ծուռթա՛թ, էդ ո՞նց ես խփում, ― բողոքեց Մանուշը։ ― Ես իրեն ասում եմ՝ փորձիր, իսկ նա ինչքան ուժ ունի խփում է։
Բայց Արջը իսկի չլսեց էլ նրան.
― Հո, հո, հո՜, չի ցավում, էլ էնպես չի ցավում, ― ուրախացած գոռգոռաց Արջը, և եթե ոտքերի փշերը չլինեին, նա անպայման պար կգար։
Հետո նա անսպասելիորեն լռեց և միանգամայն լուրջ երկրորդ թաթը պարզեց Մանուշին ու ասաց.
― Սա՛ էլ մաքրի... էս թաթիցս էլ հանի փշերը...
=== Բ. Նոր ցախավել ====
Իսկ ի՞նչ են անում կախարդները, ո՞ւր մնացին նրանք։ Քարերով Արջին կատաղեցնելուց հետո նրանք քաշվեցին մի կողմ և, հսկա մի կաղնու վրա բարձրացած, նայում էին Արջի տնակին և անհամբերությամբ սպասում։ Կատաղած Արջի գոռգոռոցն ու ոռնոցը լսելով, նրանք կասկած չունեին, որ Մանուշի հաշիվը շուտով կմաքրվի։
Այդ էր պակաս, որ այդքան կատաղած Արջը, մի ամիս սոված մնալուց հետո, հանկարծ աղջկան ձեռք չտար։ Դա խելքից դուրս բան կլիներ, և պառավներն այդ մասին իսկի չէին էլ մտածում։ Ահա թե ինչու կաղնու ճյուղերին նստած նրանք մի աչքով նայում էին Արջի տնակին, իսկ մյուս աչքը փակած՝ կիսաքնի մեջ երազում էին։ Ախր վերջապես երեսուն տարվա ընդմիջումից հետո նրանք հեծած իրենց հրեղեն ցախավելները, օդ կբարձրանան, կճախրեն այնտեղ ու մեռյալ օղակներ կանեն, հետո հողմի նման կսլանան դեպի աշխարհի բոլոր ծայրերը, բացի հյուսիսային բևեռից։ Հատկապես Ջեսեփի ծովածոցի մասին նրանք վախենում էին նույնիսկ մտածել, որտեղ թողեցին իրենց կախարդանքի վերջին փշուրները։ Չէ, նրանք հյուսիս չէին թռչում։ նրանք առայժմ մտքով թևածում էին հարազատ անտառի վրա և երանությամբ մտաբերում իրենց նոր տնակները, որոնք այդպես էլ անբնակ մնացին։
Երբ Արջի տնակում ձայները խաղաղվեցին, երբ Մանուշը նրա թաթերի ու ոտքերի բոլոր փշերը հանեց ու սկսեց մաքրել մաշկի վրայի կոծոծները, մի բան, որ այնքան էլ ցավոտ չէր, և Արջն այլևս չէր գոռգոռում, այլ հաճույքից մռռում էր միայն, Տիմբական հրեց Ծիպիլիին։ Սա կիսաքնից վեր թռավ և տագնապով հարցրեց.
― Հը ... ի՞նչ եղավ։
― Տեսնում ես, լռեց, էլ չի գոռգոռում... ուտո՜ւմ է...
― Ի՞նչ է ուտում, ― հարցրեց դեռևս չկենտրոնացած Ծիպիլին։
― Ի՛հ, անհասկացողի մեկը։ Արջը Մանուշին է ուտում։
― Հը՞... ― Ծիպիլին ականջ դրեց։ ― Հա, է՛լի, ուտում է... Ուտո՜ւմ է, ուտո՜ւմ...Ազատվեցինք, փրկվեցինք, էլի մենք չար կախարդ ենք... հը՛, ասա, մենք հիմա չար կախա՞րդ ենք։
Ծիպիլին իր հասակի համեմատ բավական ճարպկությամբ ցած թռավ կաղնուց և կանաչների վրա թռչկոտելով սկսեց բացականչել.
― Ազատվեցի՛նք, Տիմբակա՛, ազատվեցի՛նք...
― Ղա՜-ղա՜-ղա՜... ― Ագռավը պտույտներ կատարեց ծառի վրա։ ― Ղա՜-ղա՜-ղաա՜...
Բայց նրա վրա ուշադրություն դարձնող չկար։ Տիմբական էլ ցած գցեց իրեն և, Ծիպիլիի թևից բռնելով, սաստեց.
― Սպասիր մի տեսնենք, թե ինչ է լինում... Ձայնդ գլուխդ ես գցել ու մի գլուխ պարում ես, սպասիր մի տեսնենք։
― էլ ի՞նչ սպասեմ, չես տեսնում, որ կերել է։ Ցախավե՜լս, ցախավելս ո՞ւր է... Ես ուզում եմ թռչել...
Ծիպիլիի ոգևորությունը անցավ նաև Տիմբակային.
― Իսկ ի՞մն ուր է, ես էլ եմ ուզում փորձել։
― Քոնը բացատում ես տնկել, մոռացա՞ր, ի՛նչ է։
― Ճիշտ է, իմը մնաց բացատում, ― խեղճացավ Տիմբական։
― Իսկ իմը, ― մտածմունքի մեջ ընկավ Ծիպիլին։ ― Ես բոլորովին մոռացել եմ, թե իմը ինչ եմ արել։
― Հիմա էս հոդացավով ինչպե՞ս բացատ հասնեմ։
― Իսկ ես, ե՛ս ինչ անեմ... ախր ո՞ւր թողեցի այդ անտեր ցախավելը։
Այդ ժամանակ Ագռավը նորից կռռալով պտտվեց նրանց շուրջը, և Ծիպիլին ասաց.
― Սրան չուղարկե՞նք ցախավելների հետևից։
― Հիմար պառավ, Ագռավը ցախավել ո՞նց կբերի։
― Ինչ կա որ...
― «Ինչ կա որ», «ինչ կա որ»... Դու որ ինձ լսեիր՝ արծիվ կդարձնեինք, ա՛յ, արծիվը գուցե և կարողանար բերել։ ― Հետո, ինչ-որ բան հիշելով, ավելացրեց. ― Լսիր, արի նորը շինենք, հրեն անտառում լիքը՝ մացառ, հավաքենք ու շինենք։
Եվ նրանք նետվեցին դեպի մոտակա մացառները ու իրար խանգարելով, սկսեցին մացառները կոտրատել։ Միայն զարմանալ կարելի էր, թե այդքան մացառուտի մեջ նրանք ինչպե՞ս էին հաջողացնում բռնել նույն ճյուղը և քաշքշել։
Հետո մի կերպ մի ցախավելի չափ պոկեցին, և Տիմբական սկսեց դասավորել ճյուղերը։
― Տուր էստեղ, այդպես չեն սարքում, դու ձևը չգիտես, մոռացել ես, ― Տիմբակայի ձեռքին խփելով՝ ասաց Ծիպիլին։
― Դո՛ւ, այդ դո՛ւ ես մոռացել, ցնդած պառավ, ― մացառների պոչից պինդ բռնած բաց չէր թողնում Տիմբական։
― Որ դու հիշում ես, ո՞ւր է պոչը... Չե՞ս տեսնում, որ պոչ չունի, էլ ինչի՞ն պիտի հեծնենք, եթե պոչ չկա։
Տիմբական խեղճացավ։
― Ճիշտ որ, պոչ չունի։
― Ահա՜, ― հաղթական բացականչեց Ծիպիլին։ ― Հիմա տեսա՞ր, թե ով է ցնդածը... Ես քեզ ցույց կտամ ցնդած... սրա՜ն նայեք, ինձ ցնդած է ասում, բայց մի հասարակ բան չի հիշում։ ― Այս խոսքերի հետ նա այս կողմ, այն կողմ ընկավ մի հարմար փայտ ճարելու համար և վերջապես մի ձող գտավ, որը կարելի էր որպես պոչ օգտագործել։
― Տուր այստեղ, — ասաց Տիմբական։
― Չե՛մ տա, իմն է, ե՛ս եմ գտել։
― Հետո՞ ինչ որ դու ես գտել... Տո՛ւր, էլի կտամ, միայն թե հասնեմ բացատ։ Իմ ցախավելը որ բերեցի, էլ ինչի՞ս է պետք քո կիսատ-պռատ ցախավելը։
Ի վերջո Ծիպիլին զիջեց, մինչև չտամ, մտածեց նա, էս լաչառից չեմ պրծնի։
― Լավ, վերցրու, միայն թե սա ինձ կվերադարձնես, թե չէ քոնը հին է։
Տիմբական դողացող ձեռքերով պոչը հարմարեցրեց մացառների փնջին և ձիու նման վրան հեծնելով, բացականչեց.
― Համդա՜-չամդա՜ Կումայնի՜... դե թռիր, հե՜յ...
Բայց մնաց տեղում կանգնած։ Ցախավելը չէր թռչում։
― Էյ, ի՞նչ եղար, դե թռիր, թռի՛ր, համդա-չամդա հե՜յ...
Ոչ մի շարժում, ինչպես կանգնել էր ոտքերը չռած, այդպես էլ մնաց տեղում։
― Տուր, տուր այստեղ, ― ջղայնացավ Ծիպիլին։ ― Թե որ մի բան անել չգիտես, ինչո՞ւ ես պնդում... Տնաշեն, մի կարգին ցախավել քշել էլ չգիտես, դեռ ասում ես, թե հիսունութ մեռյալ օղակ ես արել։
― Ա՛ռ, գլխովդ կպչի... «Չգիտե՜ս»... Չի թռչում, ուրեմն չի կերել։
― Ինչը չի կերել։
― Չէ, ես կգժվեմ... Մանուշին չի կերել, հիմա էդ դոդ գլուխդ մտա՞վ։
― Կերել է, պարզապես դու քշել չգիտես, ― ցախավելը Տիմբակայից առնելով՝ ասաց Ծիպիլին։ ― Դե հիմի տես...
Բայց նա նույնիսկ չհասցրեց հեծնել։ Ծառի կատարից ցած սուրաց Ագռավը և թևերը քսելով Ծիպիլիի երեսին, անցավ։ Հետո, Արջի տնակի շուրջը մի պտույտ կատարելով, նորից հայտնվեց կախարդի գլխավերևում և ծղրտաց իր ագռավային լեզվով։
― Սա ի՞նչ է ուզում, ― հարցրեց Տիմբական։
― Էէ՜... ուշադրություն մի դարձրու, լրիվ ցնդել է Փայտահատը։ Ու տեղավորվելով ցախավելի վրա, գոռաց.
― է՛յ, քեզ տեսնեմ... է, հե՜յ, թռիր, ցախավելս, համդա-չամդա կումայնի՜...
Իհարկե, ցախավելը պառավի հետ նորից մնաց նույն տեղում, բայց Ծիպիլին դեռ չէր գիտակցել այդ, երբ Ագռավը նորից կպավ նրա գլխին։
― Անիծյալ Ագռավ... բախտդ բերել է, որ կախարդանքից զուրկ եմ, թե չէ քեզ դոդոշ կդարձնեի...
Խե՜ղճ Ագռավ։ Իբր թե Ագռավի ճակատագիրը քիչ էր դաժան, որ դեռ դոդոշ դառնար։
Մենք բոլորովին մոռացել էինք Ագռավին։ Իսկ նա հենց սկզբից էլ նստած էր կաղնու կատարին և հայացքը չէր հեռացնում Արջի պատուհանից։ Ախր նա շատ անհամբեր էր։ Նա գիտեր, որ այսպիսի առիթ միշտ չի պատահում և եթե պատահում էլ է, միշտ մի բան խանգարում է, որ գործը գլուխ գա։ Խեղճը ոչ մի կերպ չէր կարողանում հաշտվել իր ագռավային վիճակի հետ, թեև երբեմն գիտակցում էր, որ հիմա ավելի անհոգ է ապրում։ Սակայն ի՞նչ է նշանակում անհոգ ապրել, երբ նա տանը ուներ կին ու երեխաներ, հիվանդ եղբայր, որոնց հետ շփվելուց, որոնց սերը վայելելուց նա զրկված էր։ Երբեմն նա թռչում գնում էր իրենց բակը, նստում տան կապատի վրա և մոտիկից նայում իրեն համար այնքան թանկ յուրայիններին։ Նրա սիրտը մղկտում էր, և նա անընդհատ «ղա՜, ղա՜» էր անում, և այդ մի հատիկ «ղա՜»-ի մեջ դնում էր իր սերն ու կարոտը, իր բոլոր զգացմունքները։ Նա տեսնում էր արդեն ծերացած կնոջը, որն ամբողջ օրը աշխատում էր, որ ծայրը ծայրին հասցնի, տեսնում էր որդիներին, ու նրա սիրտը մղկտում էր։ Պատկերացնո՞ւմ եք, ցանկապատի վրա նստած մի ագռավի, որն ամենևին էլ ագռավ չէ, որ ինքն էլ գիտի, որ ագռավ չէ և գիտի, որ հավիտյան դատապարտված է մնալու ագռավի փետուրների մեջ։ Ցանկապատի վրա նստած, նա նայում էր նեղության մեջ ընկած իր հարազատներին և ոչնչով չէր կարողանում օգնել։ Եվ պատկերացնում եք նրա վիճակը, որ ամեն անգամ, երբ որևէ քաղցր խոսք էր ուզում ասել իր զավակներին, բերանից կռավոց էր դուրս գալիս, և հարազատները նրա վրա քարեր էին նետում։ Էլի պատկերացրեք, թե ինչպիսին էր նրա վիճակը, երբ մի օր նա թռավ եկավ իր հարազատ տուն և տեսավ դուռ ու լուսամուտ մեխած ու ոչ կինը կար, ոչ որդիները։ Դեռ լավ էր, որ շուտ գլխի ընկավ, որ կինը կարող է հորանց տուն գնացած լինել և շուտով գտավ նրանց։ Իհարկե, եթե նա հաշտվեր իր ագռավային վիճակի հետ, գուցե այդպես էլ մնար գյուղում, դառնար գյուղացի ագռավ, նրանցից, որոնք իրենց բները շինում են գյուղի ծառերի վրա և սնվում մարդկանց թերմացքներով, բայց նա դեռ հույս ուներ, թե կվերադարձնի իր մարդկային կերպարանքը և պոկ չէր գալիս կախարդներից։ Շատ դժբախտ էր մեր Ագռավը։ Բավական չէ, ինքը դժբախտ էր, ամեն անգամ գյուղ գնալիս հանդիպում էր իր խելագար եղբորը, որին տեսնելիս սիրտը կտոր-կտոր էր լինում։ Ախ, եթե նրա հիվանդությունը չլիներ, այն ժամանակ կօգներ նաև իր ընտանիքին։ Ամեն անգամ, երբ Ագռավը թռչում գնում էր գյուղ, կնոջ հերանց տուն, միշտ էլ իր պարտքն էր համարում նաև այցելել պապենական տունը գյուղում, որը մնացել էր եղբորը և որի շեմքին միշտ նստած էր լինում Գիժ Գառնիկը։ Գիժ Գառնիկին նա հաճախ տեսնում էր նաև իր լքված տան շեմքին նստած՝ գլուխն ափերի մեջ առած։ Եվ ամեն անգամ տեսնելիս նրա սիրտը կտոր-կտոր էր լինում, ու ակամա կռավում էր։ Նրա կռավոցը լսելով, Գիժ Գառնիկը քար էր նետում իր հարազատ եղբոր վրա ու հայհոյում.
― Կորի՛ր այստեղից, գլխակեր ղառղառ, բավական չեղա՞վ քեզ, այնքան կռավեցիր, որ եղբորս տունը քանդեցիր։
Սակայն Ագռավը համառ էր, ու մի օր էլ Գիժ Գառնիկը կուտ ցանեց նրա առաջ։ Այդ օրվանից մտերմացան։ Ագռավը հասկացել էր, որ կռավոցը Գառնիկին դուր չի գալիս, դրա համար էլ ձայն չէր հանում, նստում էր նրա ուսին ու գլուխը կպցնում երեսին։ Իսկ երբ պատահում էր, որ Գառնիկը լքված տան մոտ չէր լինում, նա ազատություն էր տալիս իր ձայնին, նստում էր տան ծխնելույզին և ագռավավարի ողբում իր սև օրը։ Այդ սրտակեղեք կռավոցը լսելով՝ մարդիկ հեռու էին փախչում, շրջանցում էին նրա լքված տունը։
Բայց Ագռավը երբեմն նաև երջանիկ պահեր էր ունենում։ Երբ թռչում էր վե՜ր, վե՜ր, սավառնում անտառապատ լեռների ու գետերի արծաթ գոտին կապած հովիտների վրայով, նրա սիրտը լցվում էր վեհությամբ, հպարտությամբ։ Նման պահերին նա մի տարօրինակ ցանկություն էր ունենում։ Այ, եթե կինն ու երեխաները, նաև եղբայրը հանկարծ ագռավ դառնային, ինչքան լավ կլիներ։ Կապրեին անհոգ ու լի և հեռու կլինեին մարդկային խարդավանքներից։
Բայց նման պահեր ու նման ցանկություններ նա երեսուն տարվա մեջ երկու անգամ էր ունեցել միայն։ Ընդհանրապես նա սիրում էր մարդկանց, աղմկոտ ու խայտաբղետ շուկաները։ Դրա համար էլ երբ երանության այդ քիչ պահերին հանկարծ նկատում էր բլրակի վրա կանգնած իր լքված ու կիսավեր տնակը, նման մտքերի համար նա մեղա էր կանչում, իսկ մեղան էլ ինչ էր, դարձյալ մի «ղա», որի երանգները մարդկանց համար անհասկանալի էին։
Չէ, աննախանձելի էր Ագռավի վիճակը, և նա ամեն ինչ անում էր, որ պառավները նորից կախարդներ դառնան, նույնիսկ այն օրին էր հասել, որ իր երբեմնի հարևանների, իր հին բարեկամների երեխաներին էր ուզում կործանել։ Ախր նա Մանուշին, Հասմիկին ու Տարոնին լավ էր ճանաչում։ Ինչքա՜ն էր նրանց տեսել լորենու տակ խաղալիս։ Լինում էր, որ լորենու ճյուղերից մեկին նստած նայում էր երեխաների խաղին և հիշում հեռավոր, հիմա արդեն անհավատալի թվացող իր մանկությունը։ Ճանաչում էր նաև նրանց հայրերին, որոնք երիտասարդ տղաներ էին, երբ դեռ փայտահատ էր և իրեն շատ հարգում էին այն ժամանակ։ Եվ հիմա նա ստիպված նույնիսկ համաձայն է, որ նրանց երեխաներից մեկն ու մեկը զոհվի, միայն թե ինքը նորից մարդկային կերպարանք ստանա։ Պիտի խոստովանենք, որ Փայտահատն այնքան էլ անխիղճ մարդ չէր և նրա սիրտը ցավում էր դրա համար, բայց ամեն անգամ, երբ մտաբերում էր, որ այդպես էլ ագռավի կերպարանքով պիտի ավարտի իր կյանքը և ոչ ոք այդպես էլ չի իմանալու իր դժբախտ պատմությունը՝ մոռանում էր ամեն ինչ։
Կաղնու կատարին նստած, նա սրտի դողով սպասում էր և հայացքը չէր հեռացնում Արջի պատուհանից։ Նա տեսնում էր, թե ինչ է կատարվում ներսում։
Իսկ ներսում Արջն ու Մանուշը քաղցր զրուցում էին, ահա թե ինչն էր անհանգստացնում Ագռավին։
― Դու ինձ փրկեցիր, ― ասում էր Արջը։ ― Ես հիմա իմ ուտելիքը ինքս կարող եմ ճարել, այնպես որ էլ քեզ ձեռք չեմ տա... Ինչի ուտեմ քեզ, դու ինձ միշտ կարող ես պետք գալ։ Մնա ինձ մոտ, փշերս էլ միշտ կհանես։
― Վա՛յ, չեմ կարող, քեռի Արջ։ Դու ավելի լավ է զարդատուփը տաս, ես գնամ, ― ասաց Մանուշը։
Արջը ոչինչ չհասկացավ։
― Ի՞նչ զարդատուփ, դա ի՞նչ բան է, — հարցրեց նա։
― Դե զարդատուփ, է՜լի, վառարանի վրա պիտի լինի;
― Վառարանի վրա՞... բարձրացիր նայիր, եթե պիտի լինի, ուրեմն այնտեղ է։ Ինչի՞ս է պետք զարդատուփը, վերցրու քեզ։ Ես հո զարդ չունեմ, որ մեջը պահեմ։
― Ինձ էլ պետք չի, տատիկների համար է, ― ասաց Մանուշն ու բարձրացավ վառարանի վրա։ Սակայն վառարանի վրա ոչինչ չկար, այս կողմ նայեց, այն կողմ նայեց՝ չկար ու չկար։
― էստեղ ոչինչ չկա, քեռի Արջ, ― ձայն տվեց վառարանի վրայից։
― Չկա՞... Դե որ չկա ուրեմն կերել եմ։
― Ինչե՞ր ես խոսում, զարդատուփն էլ կուտե՞ն, դա ուտելու բան չի։
― Դե որ ուտելու բան չի, ուրեմն չեմ կերել։
― Իսկ ուրիշ որտե՞ղ կարող է լինել, ― հարցրեց Մանուշը վառարանից իջնելով։
― Ի՞նչը։
― Ի՛նչը, ի՛նչը, զարդատուփը, ինչը։
― Դու էլ ի՞նչ ես կպել զարդատուփից. հրես ամբողջ տունը նայիր, եթե կգտնես՝ վերցրու։
Մանուշը ընկավ տան քունջուպուճախը, ամեն տեղ փնտրեց, նույնիսկ մեղրի կճուճի մեջ նայեց, բայց զարդատուփը չկար։ Եվ որտեղի՞ց լիներ, երբ կախարդները զարդատուփը հնարեցին միայն նրա համար, որ պատճառ լինի Մանուշին Արջի տուն ուղարկելու։
― Չկա, ոչ մի տեղ չկա։
Չկա, ուրեմն չկա։
― Դե որ չկա՝ ես գնամ, ― ասաց Մանուշը։
― Ո՞ւր գնաս, մնա ինձ մոտ, ես քեզ ամեն օր մեղր կուտեցնեմ, ― ասաց Արջը՝ Մանուշի դեմը կտրելով։
― Չեմ կարող, Արջ քեռի, տանը կսպասեն... Հետո՝ Հասմիկն ու Տարոնը կորել են, ես դեռ նրանց պիտի գտնեմ։
― Հասմիկն ու Տարո՞նը ովքեր են, ― հետաքրքրվեց Արջը։
― Իմ ընկերներն են, միասին էինք եկել հաղարջի։ Ես դեռ նրանց պիտի գտնեմ, կորել են։
― Ինչպես թե կորել են։ Իմ անտառում մարդ չի կորի, ես իսկույն կգտնեմ։ Կգտնեմ, թող նրանք էլ մնան այստեղ, բոլորին էլ տեղ կլինի։ Դու մնա, ես իսկույն նրանց կգտնեմ, ― ասաց Արջն ու գնաց դեպի դուռը։
― Չէ, ես գնամ, ինձ տանը սպասում են, հիմի կանհանգստանան։
― Ո՞վ է սպասում։
― Ինչպե՞ս թե ով, ― զարմացավ Մանուշը։ ― Մայրիկս, հայրիկս...
― Նրանք էլ թող գան այստեղ։ Թող գան անտառում ապրեն, ես նրանց էլ մեղր կտամ.— հանգիստ ասաց Արջը։ — Զարմանոմ եմ, երբ աշխարհում անտառ կա, մարդիկ ինչպե՞ս են ուրիշ տեղ ապրում։
― Չէ՛, ես գնում եմ, — պնդեց Մանուշը։
― Ախր ո՞նց կգնաս, է՛, ես որ չթողնեմ, ո՞նց կգնաս։
― Քեռի Արջ, խնդրում եմ, թող գնամ, ես այնքան գործ ունեմ անելու, այնքան գործ...
― Սրան տես, մի մատ երեխա է, գործերից է խոսում, դու ոչ մի տեղ էլ չես գնա, ես դուռը կփակեմ քեզ վրա ու կգնամ ընկերներիդ ետևից։
Իսկ դրսում Ծիպիլին դեռ հորդորում էր իր ցախավելին.
― Է՜, քեզ տեսնեմ... է հե՜յ, թռիր, հասիր ամպերին, համդա-չամդա՜ դի՛, դի՛, դի՛...
Բայց ցախավելն իսկի միտք էլ չուներ տեղից շարժվելու։ Եվ այն է՝ Ծիպիլին ուզում էր նոր կախարդանքներ ասել, երբ հիշեց, որ ցախավելը օծված չէ։ Նա ուրախացած բացա― կանչեց.
― Ինչո՞ւ պիտի թռչի, երբ ցախավեա օծված չէ։ Ե՞րբ ես տեսել, որ չօծված ցախավելը թռչի։ Պիտի տանենք մեծ կախարդի մոտ օծելու։ Ա՛յ, երբ նա կօծի, նոր միայն ցախավելը օդ կբարձրանա։
― Տես է՛, ո՜նց էլ մոռացել էինք, ― ասաց Տիմբական։ ― Բա ի՞նչ անենք, հա՛, արի գնանք բացատ, մեր օծված ցախավելները վերցնենք, ― ասաց Տիմբական։
― Գնա՜նք...
Բայց Ծիպիլին խոսքը չկարողացավ շարունակել։ Նա տեսավ, որ տնակից դուրս է գալիս Արջը։ Նա դուրս եկավ տնակից, դուռը զգուշորեն ծածկեց ու դեռ դրսից էլ կեռը գցեց։
― Ա՛արջը, ― շշնջաց Տիմբական։
― Ո՞ւր է... վայ, էս ո՞ւր է գնում... Սպասիր, բա ո՞ւր է Մանուշը։ ― Տիմբական տարակուսած նայում էր Արջին. ― Ա՛յ քեզ բան, Արջը քայլում է... էս ինչպե՞ս եղավ։
― Հա է՛լի, էս ո՞նց է լավացել... ― ասաց Ծիպիլին ու հանկարծ բացականչեց ուրախ. -Կերե՜լ է, կերե՜լ է, բա որ ասում ե՜մ... ― Եթե չվախենար, որ Արջը կնկատի իրեն, անպայման պար կգար։ Հենց այդ ժամանակ էլ ներսից լսվեց Մանուշի ձայնը։
― Չուշանաս...
Պառավ կախարդները քարացան իրենց տեղերում։ Մանուշի ձայնը կարծես սառը ջուր լցրեց նրանց վրա, այնպես որ նույնիսկ իրար երեսի չէին կարողանում նայել։
― Չե՛մ ուշանա, ― բամբ ձայնով պատասխանեց Արջն ու անշնորհք քայլերով մտավ անտառ։ Երևում էր, որ դեռ չի կարողանում ոտքերն համարձակ դնել հողին
=== Գ. Կաղամախու կատարին ===
Արջը արդեն կորել էր անտառի թավուտում և դեռ էլի ահագին ժամանակ էր անցել, երբ Ծիպիլին հազիվ կարողացավ ասել.
― Էս ո՜նց եղավ...
Տիմբական մեքենայաբար կրկնեց.
― Էս ո՜նց եղավ...
Ծառի ճյուղից էլ Ագռավը «ղա՜, ղա՜» արեց, բայց պառավները չհասկացան, թե ինչ է ուզում ասել նա։
Հետո կարծես թե իրար ձայն տալով միանգամից նետվեցին դեպի տնակը և պատուհանից նայելով տեսան, որ Մանուշը Արջի տունն է ավլում։
― Դու ո՞ղջ ես, ― հարցրեց Ծիպիլին։
― Արջը քեզ ձեռք չտվե՞ց, ― ավելացրեց Տիմբական։
― Չէ, ի՞նչ եք ասում, շատ լավ արջ էր քեռի Արջը... Ոչինչ էլ չասաց, միայն թե զարդատուփը չկա։
― Ի՞նչ զարդատուփ, ― զարմացած հարցրեցին պառավները։
― Դե այն... որ ասում էիք, է՛լի, սնդուկը։
― Հաա՜... ինչպե՞ս թե չկա... բոլորովի՞ն չկա, ― հանկարծ հիշելով հարցրին պառավները։
― Չկա, էլի, ― պատասխանեց Մանուշը։ ― Ամեն տեղ նայեցի։ Արջն էլ իսկի չհիշեց, թե ինչի մասին եմ հարցնում։
― Ով գիտի, թե ում է տվել էդ ծուռթաթը, ― ասաց Տիմբական։
― Արջն ի՞նչ հիշողություն ունի, որ հիշի, ― ավելացրեց Ծիպիլին։ ― էլ ինչո՞ւ ես մնացել այդտեղ, դուրս արի, արդեն ուշ է։
― Ինչպե՞ս դուրս գամ, որ արջը դուռը փակել է վրաս։
― Մենք հիմա կբացենք, ― ասաց Տիմբական ու գնաց դուռը բացելու։ Մանուշը դուրս եկավ տնակից, բայց մնաց դռան մոտ կանգնած։
― Ախր Արջը գնաց ընկերներիս բերելու։
― Իի՜, դու էլ հավատացել ես, հա՞, ― ասաց Ծիպիլին։ ― Գիտե՞ս, թե ինչ խարդախ Արջ է։ Մեզ էլ էր խոստումներ տալիս, հետո մտավ մեր տունն ու մեզ դուրս արեց։
― Բայց դու շատ միամիտն ես, գիտե՞ս, ― ասաց Տիմբական։ ― Տեսնո՞ւմ ես, Ծիպիլի, Արջին հավատացել է։
― Ախր ասաց, ինչպե՞ս չհավատամ։
― Դու ավելի լավ է շուտ հեռացիր այստեղից, քանի չի վերադարձել, թե չէ ո՞վ գիտի, թե ինչ է մտածել այդ բրդոտը, ― ասաց Ծիպիլին։
― Արի, արի, քանի շուտ է մտնենք անտառ, ― Տիմբական բռնեց Մանուշի ձեռքից ու գրեթե ուժով քարշ տվեց դեպի անտառի խորքը։
Երբ բավական հեռացել էին տնակից, Ծիպիլին հարցրեց.
― Հետո՞, հետո՞...
― Ի՞նչ հետո։
― Ասում եմ, որ մտար, Արջը ի՞նչ ասաց։
― Ոչինչ էլ չասաց, ես նրա բոլոր փշերը հանեցի։
― Ու քեզ ձեռք չտվե՞ց, ― հարցրեց Տիմբական։
― Չէ, ձեռք չտվեց։ Ասաց, որ սոված չի, որ սովածանա, նոր ինձ կուտի։
― Էդ էլ քո լավությունը... Իսկ դու ուզում էիր մնալ Արջի տնակում։
― Ես իմ զամբյուղի ամբողջ հաղարջն իրեն էի տվել։ Արդեն կուշտ էր, դրա համար էլ չկերավ։
― Ափսո՜ս, ― Ծիպիլին ինքն էլ չիմացավ, թե ինչպես այդ բառը թռավ նրա բերանից։
― Ի՞նչ ափսոս, ― զարմացած հարցրեց Մանուշը։
Շփոթված Ծիպիլին չգիտեր, թե ինչ ասի, բայց Տիմբական իրեն չկորցրեց.
― Ափսոս, որ տանը չի, թե չէ մենք նրան ցույց կտայինք... Ինչ է, դու հաղա՞րջ ես, թե մորի, որ ուզում էր քեզ ուտել։
― Ոչինչ, տատիկներ, այդ Արջը շատ մեղք էր... Փշերի պատճառով մի ամբողջ ամիս տանից դուրս չէր եկել ու շատ սոված էր, ― ասաց Մանուշը։ ― Փշերն էլ մի կողմից էին ծակծկում։ Այնքա՜ն մեղք էր, այնքա՜ն մեղք էր։ Լավ էր, փշերը մաքրեցի՝ գնաց։
― Մի տեղ թաքնված կլինի, ես դրան գիտեմ։ Գնացել է, որ մաքուր օդում ախորժակը բացի՝ գա քեզ ուտի։
― Չէ, գնաց ընկերներիս փնտրելու։
― Դու էլ հավատացել ես... Իզուր ես նրան քո ընկերների մասին ասել։ Նա հիմա մտածել է՝ Մանուշը կա ու կա, երբ էլ լինի կուտեմ, առաջ գնամ էն կորածներին ինձանով անեմ, ― Իր տեսակետը հայտնեց Տիմբական։
― Չէ, ինչո՞ւ պիտի ուտի, նա հիմա առողջ է, ազատ, անտառում լիքը ուտելիք է, կճարի ու կուտի... Մեղր կուտի։ Հետո նա ասում էր, որ մարդիկ անհամ են, նրան իր պապն է ասել։
― Շատ բան կասի դրա պապը, ― անկեղծորեն զայրացավ Ծիպիլին։ ― Դու մարդու համը մեզանից հարցրու։ Տո, մենք այնքան...
Բայց Ծիպիլին խոսքը չավարտեց։ Տիմբական այնպես հասցրեց նրա կողքին, որ խեղճի շունչը կտրվեց։
― Չհավատաս դրան, ― ասաց Տիմբական, ― այդպես է ասում միամտացնելու համար։ Հետո որ սովածանա, անպայման կուտի։ Բա դուռը ինչո՞ւ էր փակել վրադ։
― Ուզում է, որ մնամ իր մոտ, փշերը միշտ հանեմ։
― Տեսնո՞ւմ ես դրան, ինչեր է մտածում։
Միառժամանակ լուռ էին գնում։ Հետո Մանուշը հարցրեց.
― Ինձ անտառից դուրս կբերե՞ք։
― Իհարկե, դուրս կբերենք, բայց առաջ կգտնենք քո ընկերներին... Չե՞ս ուզում նրանց գտնենք։
― Ինչպես թե չեմ ուզում, ուզում եմ, բայց չգիտեմ, թե ինչպես։
Ծիպիլին կանգնեց մի բարձր, կիսով չափ չորացած կաղամախու մոտ.
― Գլուխս մի միտք եկավ, — ասաց նա։
― Ի՞նչ միտք, տատիկ։
― Ի՞նչ ես ուզում ասել, ― հարցրեց Տիմբական։
― Կարելի է բարձրանալ այ, այս կաղամախու կատարին։ Վերևից ամբողջ անտառը կերևվա։ Որ մի քիչ ջահել լինեի, կբարձրանայի ու կտեսնեի, թե որտեղ են Մանուշիկի ընկերները։
― ճիշտ է, ― հաստատեց Տիմբական։ — Ապրես, Ծիպիլի... Տեսնո՞ւմ ես, ինչ լավ մտքեր են գալիս գլուխդ, հետո էլ գանգատվում ես, թե պառավ ես։ Ասենք, պառավ ենք, բա ի՞նչ ենք։ Մտածել դեռ մի կերպ կարողանում ենք, բայց, այ, ծառ բարձրանալը մեր բանը չէ, այստեղ արդեն իսկապես պառավ ենք։
― Իսկապե՞ս վերևից կերևա։
― Կերևա, անպայման կերևա, — վրա բերեցին պառավները։
― Այդ դեպքում ես կբարձրանամ, ծառ բարձրանալ սիրում եմ։
― Զգույշ կլինես, հանկարծ չընկնես, հա՜... Ծիպիլին ցույց տվեց, թե անհանգստանում է;
― Ինչո՞ւ պիտի ընկնի, հո տանձ չի, որ ծառից ընկնի։
Մանուշը նստեց խոտերի վրա և սկսեց հանել կոշիկները։ Ծիպիլին բռնեց Մանուշի ուսը.
—Այդ ի՞նչ ես անում, Մանուշիկ։
― Կոշիկներս եմ հանում։
― Ինչի՞ համար։
― Ինչպես թե ինչի, որ ծառը բարձրանամ։
― Չեղա՜վ, դու ոտքերդ կքերծես։ Ավելի լավ է կոշիկներով բարձրանաս, ― եռանդով սկսեց համոզել Տիմբական։ ― Երբ ես քո տարիքին էի՝ կոշիկներով էի բարձրանում։
― Ե՛ս էլ, ե՛ս էլ, ― հաստատեց Ծիպիլին։
― Լավ, ― ասաց Մանուշը, ― թող կոշիկներով լինի։ Մենակ թե դուք օգնեք հասնեմ ճյուղերին, հետո հեշտ է, ինքս կբարձրանամ։
Կախարդները օգնեցին, որ Մանուշը հասնի առաջին ճյուղերին, հետո նա այնքան արագ մագլցեց, որ նույնիսկ պառավներն իրար երեսի նայեցին. «Սա ընկնողը չի», ― մտածեցին նրանք։
― Այ, այնտեղ մի չոր ճյուղ կա, ― ձայն տվեց Տիմբական, ― կկանգնես չոր ճյուղի վրա։ Չոր ճյուղերն ամենից ամուրն են։
― Ճիշտ է, ― հաստատեց Ծիրպիլին, ― չոր ճյուղերին կանգնիր, չոր ճյուղերը չեն ճկվում... Համ էլ քո ծանրությունն ի՞նչ է որ, մի ծտի քաշ։
Իսկ Մանուշն իսկի նրանց չէր էլ լսում, նրա ուշադրությունը գրավեց կատարին նստած Ագռավը, որ իր դուրս պրծած աչքերով նայում էր Մանուշին։
― Կանգնիր չոր ճյուղին ու շուրջդ նայիր... Ուշադիր եղիր, որ ուշադիր եղար՝ ձերոնց անպայման կտեսնես։
Վերջապես Մանուշը հասավ ամենաբարձր ճյուղին, այնպես որ ձեռքը եթե պարզեր՝ կհասներ Ագռավին։ Իսկ Ագռավը թռավ և սկսեց պտույտներ կատարել Մանուշի գլխավերևում, «ղա՜, ղա՜»։
Աղջիկը մի ձեռքով բռնեց ամենավերին ճյուղից, իսկ մյուսը, ճակատին դնելով սկսեց շուրջը նայել։
― Դե հիմա այնպես արա, որ ճյուղը կոտրվի, ― Տիմբակային դիմեց Ծիպիլին։
― Մենակ ե՞ս եմ, ի՛նչ է, դու էլ արա։
― Լավ, արի միասին, ― ասաց Ծիպիլին։ ― Երե՛ք, չո՜րս...
― Հարկավոր է լավ կենտրոնանալ, — ասաց Տիմբական։
― Փորձենք, տեսնենք կկարողանա՞նք։
― Որ լավ ուզենանք, անպայման կկարողանանք։
― Երե՜ք, չո՜րս...
Ու նրանք երկուսով սկսեցին կախարդանքը.
Համդա-չամդա՜ դի՛-դի՛-դի՛,
Տիմբո-բո՛ւմ. Տիմբա կո՛ւմ․
Անդա-վանդա՜ հի՛, հի՛, հի՛,
Տիմբա-կո՛ւմ, տիմբո-բո՛ւմ։
Նրանք այս խոսքերն արտասանում էին ցածրաձայն, գրեթե մռմռալով, և պտտվում էին ծառի շուրջը։ Մեկ-մեկ նայում էին վեր՝ տեսնելու, թե ճյուղը չի՞ կոտրվում, Մանուշը ցած չի ընկնում։ Իսկ Մանուշը վերևում կանգնած հիանում էր աչքերի դեմ փռված սքանչելի տեսարաններով։ Այնտեղից, կաղամախու կատարից, երևում էին անտառով ծածկված, կարծես իրար վրա կուտակված բլուրներ և որ կողմը նայում էր՝ գանգուր բլուրներ էին ու նրանց հաջորդող լերկ լեռներ։ Այդ ամենն այնքան գեղեցիկ էր, որ Մանուշը նույնիսկ մոռացել էր, թե ինչի համար է բարձրացել։ Բայց ահա նա նկատեց, որ ոչ մի կողմից անտառի ծայրը չի երևում, և դա նրան տխրեցրեց ու վախեցրեց. «Ինչպե՞ս պիտի դուրս գամ այստեղից, ― մտածեց նա։ ― Այս ո՞ւր եմ հասել»։
― Էս ինչի՞ չի կոտրվում, ― զարմացավ Ծիպիլին։
― Չի կոտրվում, որովհետև մտքումդ խղճում ես, ― ասաց Տիմբական։
― Իսկ դո՞ւ, կարող է հենց դու ես խղճում, դրա համար էլ չի ստացվում։
― Լավ, արի նորից կրկնենք... Այս անգամ չենք խղճում։ Ախր ինչո՛ւ խղճանք, էսկիմոսները խղճացի՞ն մեզ, որ այս օրն ընկանք։ Մտ՛ածենք, որ այս Մանուշն եղավ պատճառը, որ կորցրեցինք կախարդելու մեր ուժը... Մանուշը մեր թշնամին է, հասկացա՞ր...
― Իի՜, սա՞ է մեր թշնամին, ― ասաց Ծիպիլին։ ― Այս մի մատ աղջի՞կը։
― Բա որ ասում եմ՝ անհասկացող ես, չես հավատում։ Լսի՛ր, մենք այդպես ենք մտածում, մենք դրանում համոզված ենք, ― պնդեց Տիմբական, ― հասկացա՞ր։ Դե շո՛ւտ, ինչքան ատելություն ունենք, մեջտեղ ենք բերում, երե՜ք, չո՜րս։
Համդա-չամդա՜ դի՛-դի՛-դի,
Տիմբո-բումո՜, Տիմբա-կո՜ւմ
Անդա-վանդա՜ հի՛, հի՛, հի՛,
Տիմբա Կումո, Տիմբո֊բո՜ւմ;
Նրանք մի քանի անգամ կրկնեցին այս խոսքերը ու պտտվեցին կաղամախու շուրջը, բայց ամեն անգամ վերև նայելիս, տեսնում էին, որ Մանուշը հանգիստ կանգնած շուրջն է նայում։
― Հը՛, ի՞նչ կա, ― հարցրեց Տիմբական։
― Չկա՜ն, չեն երևում, ― վերևից ձայն տվեց Մանուշը։
― Էէ՜, սա էլ այնպես է գոռում, կարծես մենք չգիտենք, որ չեն երևա. ― սրտնեղեց Տիմբական, բայց այնուամենայնիվ, պատասխանեց.
― Դու լա՛վ նայիր... Այն կողմը նայիր, ա՛յն կողմը։ Պտտվիր, մի վախեցիր, ոչինչ չի լինի... Ձեռքդ էլ բաց թող, քեզ խանգարում է։
Համդա-չամդա՜ դի՛-դի՛-դի՛,
Անդա-վանդա՜ գո՛ւմ-գո՛ւմ-գո՛ւմ...
Սակայն Ծիպիլին այլևս կախարդանքը չէր կրկնում, նա գլխահակ քաշվել էր մի կողմի վրա։ Տիմբական նկատեց այդ ու նետվեց նրա վրա.
― Իսկ դո՞ւ ինչու չես կրկնում։
― Ի՞նչ կրկնեմ, ― հուսահատված ասաց Ծիպիլին։ ― Տեսնում ես՝ բան դուրս չի գալիս։ Ախր մեզանից ինչ է մնացել, որ կարողանանք ճյուղ կոտրել։ Առաջ ես նայում էի, այ, այսպիսի մի ծառի ու մտքումս ասում. «Կոտրվիր»։ Ու ծառը տապալվում էր։
Տիմբական էլ էր հուսահատվել, բայց նորից չար կախարդ դառնալու ցանկությունն այնքան մեծ էր, որ նա անձնատուր չէր ուզում լինել։
― Լսիր, Ծիպիլի, այդպես մի խոսիր, — ասաց նա։ — Մի հուսահատվիր, թե չէ կմնանք այսպես։ Ատի՛ր, ամբողջ ուժով ատի՛ր այդ անպիտան Մանուշին, շատ որ ատես, կախարդանքը կներգործի։
― Ախր ո՞նց չհուսահատվեմ։ Ըհը՛, ատո՜ւմ եմ, դե թող կոտրվի, դե թող ցած ընկնի.., Որ չի կոտրվում ի՞նչ անեմ։
― Ատո՜ւմ եմ, ատո՜ւմ, ― Տիմբական ինքն էլ սկսեց։ ― Կոտրվի՛ր, կոտրվի՛ր, ճյո՛ւղ, թող Մանուշը ցած ընկնի ու թող տեղն ու տեղը մնա... Բան դուրս չի գալիս... Իհ՜... Ինչո՞ւ չի կոտրվում, ախր։
Եվ Տիմբական քիչ մնաց լաց լիներ։ Հենց այդ ժամանակ Մանուշի ձայնը նորից լսվեց.
― Ոչ ոք չի երևում, չկա՛ն...
― Միանգամից հո չեն երեա, երևի ծառերի տակ են, համբերություն պիտի ունենաս, թե չէ, — ձայն տվեց Ծիպիլին և Տիմբակային դառնալով, հարցրեց. — հիմա ի՞նչ անենք։
― Գիտե՞ս ինչ, եթե Մանուշին բան չպատահի, Տարոնին ու Հասմիկին անպայման կպատահի... Հիմա ուր որ է, նրանք կմոտենան անդունդին... Անդունդի վրա էլ, գիտես, հաղարջը լավն է լինում, կընկնեն... Մեկն էլ ընկնի, մեզ բավական է։
― Իրենք իրենց որ ընկնեն, մեզ ի՛նչ օգուտ, ախր մենք պիտի պատճառ դառնանք, որ օրենքը գործի...
― Զարմանալի պառավ ես դու, գիտե՞ս... Բա նրանց ո՞վ տարավ դեպի անդունդը, մենք չհամոզեցի՞նք... Էլ ի՛նչ ես ուզում, — զայրացավ Տիմբական։
― Սա ավելի հավանական է... Մենք կախարդում ենք, ու Մանուշը ցած է ընկնում։ Մենակ թե ճյուղը կոտրվի։
― Դե կոտրիր, է՛լի, ինչո՞ւ չես կոտրում։
― Որ չի կոտրվում, ես ի՞նչ անեմ։
― Չի կոտրվում, ես էլ ասում եմ, որ մյուսներից մեկն ու մեկը ընկած կլինի։
― Որ ընկած լինեին, պիտի մեր կախարդանքը ներգործեր... Արի փորձենք թռչել, ցախավելն ո՞ւր է։ Ցախավելը կորցրել ենք։
― Վերջին անգամ քո ձեռքին էր, ես քեզ տվեցի։
― Ճիշտ է, ինձ տվեցիր, բայց ես չգիտեմ, թե ինչ եմ արել։
― Դու միշտ այդպես ես, անպետք կաթնակեր, ինքդ կորցնում ես, հետո ինձ վրա ես խոսում։
― Դո՛ւ, դո՛ւ ես այս ամենի պատճառը... վա՜յ, Ծիպիլի, հրես ցախավելը, դրել ենք ծառի տակ։
― Տեսնո՞ւմ ես, անպետք, դրել ես ու մոռացել...
Այն է՝ նորից պիտի գզվռտոց սկսվեր, եթե վերևից չհնչեր Մանուշի ձայնը.
― Ա՛յ, այնտեղ մի տնակ է երևում, այն սարի ուսին։
― Ի՞նչ տնակ, ինչպիսի՞ տնակ է, ― հարցրեց Ծիպիլին։
― Սովորական տնակ... հա՛, գլխին աշտարակ կա։
― Ի՞նչ, աշտարա՞կ... Աշտարա՞կ, ասում ես, հաա՜... Ոնց էինք մոռացել, Տիմբակա... Գլխի ընկնո՞ւմ ես, թե ինչ տնակ Է։
― Ի՞նչ տնակ... աշտարակո՞վ... Օ՜, մեծ կախարդ, դու ողորմւսծ ես, մի դուռը որ փակում ես, մյուսն ես բացում։ Հօյյսկացա, հասկացա՜... ― Տիմբական սկսեց վեր-վեր թռչել ու ծափ տալ. Գտա՛նք, գտա՛նք...
― Ո՞ւմ գտաք, մերո՞նց... ― ձայն տվեց Մանուշը։
― Չէ, դու նայիր, լավ նայիր, — ասաց Տիմբական։
― Հասկացար չէ՞, Դանդալոշի տունն է... Ոնց էինք նրա մասին մոռացել։
― Հենց այդ է որ կա... Մանուշին տանենք մարդակեր Դանդալոշի մոտ... Դանդալոշը նրան բաց չի թողնի։
― Կխաբենք, կասենք տուն ենք տանում ու կհասցնենք Դանդալոշին, և էլ չի պրծնի... Հիմա նրա հավատարիմ գայլը նույնիսկ հոտն առել է, — ասաց Ծիպիլին։
― Ճիշտ է, այդպես էլ կանենք... Մեր վերջին հույսը մարդակեր Դանդալոշն է, նա անպայման Մանուշին կուտի, նրա ձեռքից ո՞վ է պրծել, որ Մանուշը պրծնի։ Այդ Դանդալոշին ես մի քոռ ծիտ էլ չէի տա, բայց որ գործերս նրան է ընկել, ինչ կարող ենք անել։
― Հենց բանն էլ այդ է, որ ուրիշ ելք չկա, ― ասաց Ծիպիլին և վերև, նայելով ձայն տվեց.— Մանուշ, գտա՞ր։
― Չկա՛ն, չե՛ն Երեում...
― Որ այդպես է՝ իջիր ցած, էլ պետք չէ։
Մանուշը այնքան էր տարվել ծառի կատարից բացվւսծ գեղեցիկ տեսարաններով, որ կուզենար էլի մնալ, բայց հասկանում էր՝ պիտի իջնի, դեռ պիտի ընկերներին գտներ, անտառից դուրս գար... Հանկարծ անսպասելի աղմուկ բարձրացրեց Ագռավը։ Նույնիսկ կախարդները զարմացան, տեսնելով, թե ինչպես է նա ճղճղում, թռչում Մանուշի շուրջը, թևերով զարկում նրան։
― Անպե՛տք Ագռավ, մի բան անում էիր, անեիր այն ժամանակ, երբ աղջիկը ծառի կատարին էր, ― դժգոհեց Ծիպիլին, բայց հետո ականջը լարեց, որ լսի, թե ինչ է ասում ձախորդ Փայտահատը։ Դե Ագռավի լեզուն միայն ինքն էր հասկանում։ Լսեց ու ձեռքը թափ տալով ասաց.
― Յիմար Ագռավը չգիտի, որ մենք ավելի լավ բան ենք մտածել, դրա համար էլ աղմկում է։
Մանուշիկը բարեհաջող ցած իջավ։ Ճիշտ է, չոր ճյուղերը նրան մի քիչ քերծել էին։
― Մանուշիկ ջան, անուշիկս, այս ի՞նչ է, քերծվե՞լ ես, ― սիրալիր ասաց Ծիպիլին։
― Վա՜յ, մեր Մանուշիկը քերծվել է՜, ― ավելացրեց Տիմբական։
― Ոչի՛նչ, բոլորովին չի ցավում, կանցնի, ― պառավներին հանգստացրեց Մանուշը։
― Իհարկե, կանցնի, ― հաստատեց Ծիպիլին։ ― Հա՛, Մանուշիկ ջան, գիտե՞ս, թե տեսածդ աշտարակով տունն ինչ տուն է։
― Չգիտեմ, ի՞նչ տուն է։
― Հենց բանն էլ այն է, որ չգիտես։ Դա անտառապահի տունն է, հիմա մենք գնալու ենք այնտեղ։
― Գնանք ի՞նչ անենք... Հետո՝ այդ տունը շատ հեռու է, հազիվ էր երեում։
― Ճիշտ է, հեռու է, բայց անտառի եզրին մոտիկ է, ― բացատրեց Տիմբական։ ― Կարող է, Հասմիկն ու Տարոնը այնտեղ լինեն։ Ինչ կա որ, անտառում մոլորվել են ու հանդիպել այդ տանը։ Մի՞թե հավանական չէ։
― Հենց այդպես էլ եղած կլինի, կտեսնեք, ― հաստատեց Ծիպիլին։
― Դե էլ ինչո՞ւ ենք կանգնել, գնանք, ― ասաց Մանուշն անհամբեր, ― անտառապահն էլ հայրիկիս ճանաչում է, մեզ տուն կտանի։
== գլուխ հինգերորդ․ Կիրճում ==