― Սինյոր ասպետ, տղան, որին ես պատժում եմ, իմ ծառան է, որ այստեղից ոչ հեռու արածեցնում է իմ ոչխարներին։ Նա այնքան բերանբացն է, որ ամեն օր մեկական ոչխարս կորչում է։ Ես նրան պատժում եմ անփութության և չարամտության համար, իսկ նա պնդում է, որ ես այդ չարությունից դրդված եմ անում, որ իր ռոճիկը կտրեմ։ Աստված վկա, նա ստում է։
― «Ստո՜ւմ է»։ Եվ դու այդ իմ ներկայությամբ ես ասում, ստոր և կոպիտ մարդ, <ref>Որևէ մեկին հրապարակավ ստախոսության մեջ մեղադրելը անքաղաքավարություն էր համարվում ներկա եղողների նկատմամբ։</ref> ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Երդվում եմ մեզ լուսավորող արևով, որ իսկույն նիզակով կծակեմ քեզ։ Անմիջապես վճարիր նրան և մի՛ խոսիր, թե չէ երդվում եմ երկնավոր հորով՝ մեկ հարվածիցս շունչդ կփչես և տեղն ու տեղը կսատկես։ Իսկույն ևեթ արձակիր նրան։
Գյուղացին գլուխը քաշ արեց և առանց մի բառ արտասանելու արձակեց տղին, իսկ դոն Կիխոտը հարցրեց տղայից, թե տերն իրեն ինքան է պարտ։ Տղան պատասխանեց, թե ինը ամսվան ռոճիկը, հաշվելով ամսական յոթ ռեալ։ Դոն Կիխոտը հաշվեց ― դուրս եկավ վաթսուներեք ռեալ ― և հրամայեց, որ գյուղացին իսկույն քսակը հանի կամ պատրաստվի մահվան։ Ահաբեկված գյուղացին երդվեց իրեն սպառնացող կործանումով և վերհիշեց իր նախընթաց երդումը (թեև նա իսկի չէր էլ երդվել), որ իր պարտքը բնավ այդքան մեծ չէ, որ պետք է հաշվի առնել և այդ գումարից հանել երեք զույգ կոշիկի արժեքը, որ մաշել է ծառան և երկու անգամ արյուն առնելու վճարը, որ արված է եղել նրա հիվանդության պահին և նստել է մեկ ռեալ։
― Եթե ձեզ ցույց տամ, ― ասաց դոն Կիխոտը, ― դուք ճանաչեք այնքան ակներև մի ճշմարտություն, ապա ի՞նչ կլինի ձեր արժանիքը։ Ես հենց պահանջում եմ ձեզնից, որպեսզի դուք առանց նրան տեսնելու հավատաք, ճանաչեք, հաստատեք, երդվեք և պաշտպանեք այդ ճշմարտությունը։ Հակառակ դեպքում ես ձեզ մարտի եմ կանչում անճոռնի՛ և ժպի՛րհ մարդուկներ։ Դուրս եկեք կամ մեկ֊մեկ, ինչպես պահանջում է ասպետական օրենքը, կամ բոլորդ միասին, ըստ ձեր կոչման մարդկանց վատ սովորության․ ես սպասում եմ ձեզ և պատրաստ եմ ըստ արժանվույն դիմավորել ձեզ, հավատացած լինելով, որ կատարելապես արդարացի եմ։
― Սինյոր ասպետ, ― պատասխանեց վաճառականը, ― բոլոր այս արքայորդիների՝ իմ ուղեկիցների անունից աղաչում եմ ձերդ ողորմածությանը, որպեսզի մենք մեր հոգու վրա մեղք վերցրած չլինենք, ճանաչելով մի բան, որ մենք երբեք չենք տեսել և որի մասին երբեք չենք լսել, նամանավանդ որ դրանով մենք մեծ վնաս հասցրած կլինենք Ալկաբրիայի և Էստրեմագուրայի Էստրեմադուրայի<ref>Ալկաբրիա ― նոր Կաստիլիայի շրջաններից մեկը։ Էստրեմադուրան Իսպանիայի մի գավառն է՝ ընկած Կաստիլիայից հարավ֊արևմուտք։</ref> կայսրուհիներին և թագուհիներին․ ցույց տվեք այդ կնոջ որևէ պատկերը, անգամ եթե այդ պատկերը ցորենի հատիկից մեծ չլինի՝ չէ՞ որ ասվում է, թե բրդի փոքրիկ մի կտորից ճանաչվում է ոչխարը։ Այդ մեզ միանգամայն կհանգստացնի ու կհամոզի, ձերդ ողորմածությունն էլ բավարարված կլինի՝ ստանալով ցանկացածը։ Մենք հիմա իսկ այնքան հակամետ ենք համաձայնելու ձեզ, որ եթե պատկերի վրա, որ դուք մեզ ցույց կտաք, երևա, թե ձեր տիկնոջ մեկ աչքը կույր է, իսկ մյուսից խրուկ ու ծծումբ է ծորում, միևնույն է, մենք ի հաճույս ձերդ ողորմածության, կճանաչենք ինչ արժանիքներ էլ դուք հաճեք։
― Ոչինչ էլ նրա աչքից չի ծորում, ստոր սրիկա, ― զայրույթով վառված գոչեց դոն Կիխոտը, ― լսո՞ւմ եք, այդ տեսակ բան չկա։ Թանկագին մուշկ ու համպարի հոտ է բուրում նրանից, և նա բնավ մի աչքով կույր չէ, ոչ էլ կուզ, այլ վայելչակազմ՝ որպես Գուադարամայի իլիկ։ Դուք կպատժվեք այն մեծագույն պղծության համար, որով վիրավորեցիք իմ տիրուհու աննման գեղեցկությունը։