― Սինյոր ասպետ, ― պատասխանեց վաճառականը, ― բոլոր այս արքայորդիների՝ իմ ուղեկիցների անունից աղաչում եմ ձերդ ողորմածությանը, որպեսզի մենք մեր հոգու վրա մեղք վերցրած չլինենք, ճանաչելով մի բան, որ մենք երբեք չենք տեսել և որի մասին երբեք չենք լսել, նամանավանդ որ դրանով մենք մեծ վնաս հասցրած կլինենք Ալկաբրիայի և Էստրեմադուրայի<ref>Ալկաբրիա ― նոր Կաստիլիայի շրջաններից մեկը։ Էստրեմադուրան Իսպանիայի մի գավառն է՝ ընկած Կաստիլիայից հարավ֊արևմուտք։</ref> կայսրուհիներին և թագուհիներին․ ցույց տվեք այդ կնոջ որևէ պատկերը, անգամ եթե այդ պատկերը ցորենի հատիկից մեծ չլինի՝ չէ՞ որ ասվում է, թե բրդի փոքրիկ մի կտորից ճանաչվում է ոչխարը։ Այդ մեզ միանգամայն կհանգստացնի ու կհամոզի, ձերդ ողորմածությունն էլ բավարարված կլինի՝ ստանալով ցանկացածը։ Մենք հիմա իսկ այնքան հակամետ ենք համաձայնելու ձեզ, որ եթե պատկերի վրա, որ դուք մեզ ցույց կտաք, երևա, թե ձեր տիկնոջ մեկ աչքը կույր է, իսկ մյուսից խրուկ ու ծծումբ է ծորում, միևնույն է, մենք ի հաճույս ձերդ ողորմածության, կճանաչենք ինչ արժանիքներ էլ դուք հաճեք։
― Ոչինչ էլ նրա աչքից չի ծորում, ստոր սրիկա, ― զայրույթով վառված գոչեց դոն Կիխոտը, ― լսո՞ւմ եք, այդ տեսակ բան չկա։ Թանկագին մուշկ ու համպարի հոտ է բուրում նրանից, և նա բնավ մի աչքով կույր չէ, ոչ էլ կուզ, այլ վայելչակազմ՝ որպես Գուադարամայի իլիկ։ <ref>Գուադարամա ― լեռնաշղթա, որ Հին Կաստիլիան բաժանում է Նոր Կաստիլիայից։ Նրա գյուղերում պատրաստում էին այն ժամանակներում մեծ համբավ ձեռք բերած իլիկներ։</ref> Դուք կպատժվեք այն մեծագույն պղծության համար, որով վիրավորեցիք իմ տիրուհու աննման գեղեցկությունը։
Եվ, ասելով այս խոսքերը, նա նիզակը ճոճեց և կատաղի ու ցասումնալից հարձակվեց իր խոսակցի վրա այնպես, որ եթե վերջինիս բախտից Ռոսինանտը ճամփի կեսին չսայթաքեր և վայր չընկներ, ապա հանդուգն վաճառականի բանը բուրդ կլիներ։ Ռոսինանտը վայր ընկավ, և դոն Կիխոտը գլորվեց մի կողմ։ Չնայած իր թափած ճիգերին, նա ոչ մի կերպ չկարողացավ ոտի ելնել՝ նրան շատ էին խանգարում նիզակը, վահանը, խթանները, սաղավարտը և ծանր, հին զենք ու զրահը։ Ապարդյուն ճգնելով բարձրանալ, նա միաժամանակ շարունակում էր խոսել։