― Ախր հասկացեք, ձերդ ողորմածություն, սինյոր, վա՛յ ինձ, մեղավորիս, որ ես բնավ դոն Ռոդրիգո Նարվաե՛սը չեմ, ոչ էլ մարկիզ Մանտուացին, այլ Պեդրո Ալոնսոն՝ ձեր համագյուղացին, իսկ ձեր ողորմածությունը Բալդովինոն չէ, ոչ էլ Աբինդարբաե՛սը, այլ պատվավոր հիդալգո սինոր Կիխադան։
― Ես ինքս գիտեմ, թե ով եմ, ― հակաճառեց դոն Կիխոտը, ― այն էլ գիտեմ, թե կարող եմ լինել ոչ միայն այդ ասպետներից մեկն ու մեկը, այլ Ֆրանսիայի տասներկու պերերից և Փառքի ինը այրերից <ref>Փառքի ինն այրեր էին համարվում երեք հրեաներ՝ Հեսու Նավիացին, Դավիթը և Հուդա Մակաբայեցին․ երեք հեթանոսներ՝ Ալեքսանդր Մակեդոնացին, Հեկտորը, Հուլիոս Կեսարը և երեք քրիստոնյաներ՝ Արթուր թագավորը, Կառլոս Մեծը և Գոտֆրիդ Բուլոնացին։</ref> յուրաքանչյուրը, որովհետև նրանց կատարած սխրագործությունները բոլորը միասին և ամեն մեկն առանձին չեն հավասարվի իմ սխրագործություններին։
Շարունակելով խոսակցել այս եղանակով՝ նրանք իրիկնադեմին հասան գյուղ։ Սակայն գյուղացին սպասեց, որ բոլորովին մթնի, որովհետև նա չէր կամենում, որ մեկն ու մեկը տեսնի մեր հիդալգոյին՝ ծեծված և հազիվ էշի վրա նստած։ Երբ որ նրա կարծիքով հարմար ժամանակ հասավ, նա ներս մտավ գյուղը և դիմեց դոն Կիխոտի տունը։ Այստեղ բոլորը շփոթմունքի մեջ էին։ Եկել էին երկու նրա մտերիմ բարեկամները՝ տեղական դալլաքն ու քահանան, և խոսում էին տնտեսուհու հետ, որ բարձրաձայն բացականչում էր․