— Եթե ուզում եք իմ կարծիքն իմանալ,— ասաց նա մի փոքր լռելուց հետո,— ես մտածում եմ, որ դա Սարումանն էր: Էլ ո՞վ պիտի այստեղ քարշ գա: Հիշո՞ւմ եք ինչ էր ասում Էոմերը. «Նա հայտնվում է գլխանոցով թիկնոցի մեջ փաթաթված ծերունու կերպարանքով...» Հենց Սարումանն էլ տարել է մեր նժույգներին, կամ ուղղակի վախեցրել նրանց: Ամեն դեպքում ոչինչ էլ չես կարող անել: Հիշե՛ք այս խոսքս, մեր դժբախտությունները այսքանով չեն վերջանալու:
— Նկատի կունենամ խոսքդ,— ասաց Արագորնը,— բայց, ծերունու գլխին գլխարկ էր, ոչ թե գլխանոց: Թեպետ, դա կարող է ոչ մի նշանակություն չունենալ: Երևի քո ենթադրաությունը ենթադրությունը ճիշտ է: Այստեղ մենք վտանգի մեջ ենք, ցերեկ լինի, թե գիշեր, բայց մեզ մնում է միայն պառկել ու հանգստանալ, քանի դեռ դրա հնարավորությունը կա: Գիտե՞ս ինչ, Ջիմլի, դու ավելի լավ է պառկիր հանգստացիր, իսկ քո փոխարեն ես կհսկեմ: Ես պետք է մի քիչ խորհեմ: Հետո կքնեմ:
Գիշերը դանդաղ էր ընթանում: Արագորնին փոխարինեց Լեգոլասը, Լեգոլասին Ջիմլին, որից հետո վերջապես լուսացավ: Առանձնապես ոչինչ չկատարվեց, ծերունին այլևս չհայտնվեց: Չհայտնվեցին նաև ձիերը: