— Գնա՛ և կանչի՛ր Սարումանին, եթե հիմա դու նրա կամակատարն ես, Գրիմա Օձալեզու,— կարգադրեց Գենդալֆը: — Արագացրու՛, մենք ավելորդ ժամանակ չունենք:
Պատուհանը փակվեց: Նրանք սպասում էին: Հանկարծ աշտարակից մեկ այլ ձայն լսվեց՝ ցածր, թավշյա, և առաջին իսկ հնչյունից հմայող: Նրանք, ովքեր առնաց անհրաժեշտ զգուշության լսում էին այդ ձայնը՝ հետագայում չէին կարողանում ոչինչ կրկնել իրենց լսածից, իսկ եթե ինչ որ մեկն էլ կարողանում էր, ապա զարանում էր, թե ինչքան քիչ ուժ կա այդ նույն բառերում, երբ դրանք լսվում են մեկ այլ մարդու շուրթերից: Հիշողության մեջ հիմնականում անբացատրելի հրճվանք էր պահպանվում, և այն ամենը, ինչ ասում էր այդ ձայնը, այնքան իմաստուն ու անվիճելի էր թվում, որ լսողի սրտում ցանկություն էր առաջանում արագորեն, առանց մտածելու համաձայնվել այդ ձայնի հետ՝ որպեսզի նույնքան իմաստուն թվա: