Պասամոնտեն շատ էլ համբերողներից չէր (համ էլ նա նկատել էր, որ դոն Կիխոտի խելքը տեղը չէ՝ չէ՞որ նա այնպիսի անմտություն էր հնարել, ինչպես տաժանակիր աշխատանքի դատապարտվածներին բաց թողնելը), ուստի լսելով մեր ասպետի վիրավորական խոսքերը, նա աչքով արեց իր ընկերներին, և նրանք բոլորն էլ մի կողմ քաշվեցին։ Եվ դոն Կիխոտի վրա քարերի մի այնպիսի կարկուտ տեղաց, որ նա չէր կարողանում ծածկվել վահանով, իսկ խեղճ Ռոսինանտը խթաններն այլևս չէր զգում, ասես թե բրոնզից շինած լիներ։ Սանչոն թաքնվեց իր էշի հետևը և այդպիսով պաշտպանվեց կարկուտից, որ տեղում էր երկուսի վրա էլ։ Ինչքան էլ դոն Կիխոտը խույս էր տալիս հարվածներից, դարձյալ մի քանի քար այնպիսի ուժով դիպավ նրան, որ նա վայր ընկավ, ուսանողը հարձակվեց նրա վրա, պոկեց նրա գլխից լագանը, որով երեք֊չորս անգամ խփեց մեր ասպետի մեջքին, ապա նա նույնքան անգամ գետին խփեց, այնպես որ ջարդ ու փշուր արեց։ Ապա դատապարտյալները հանեցին նրա վրայից կապան, որ նա զրահների վրայից էր հագնում և ուզում էին գուլպաներն էլ քաշել հանել, բայց նրա ոտի զրահները խանգարեցին։ Նրանք խլեցին Սանչոյի վերնարկը և թողին վրայի շորը։ Վերջապես իրար մեջ բաժանելով մնացած ռազմական ավարը՝ նրանք ցրվեցին ամեն մեկը իր կողմը, հոգալով միայն, որ կարողանան փախչել ահասաստ Սանտա Հերմանդադից, և բնավ չմտածելով շղթան իրենց ուսերի վրա գցել և տիրուհի Դուլսինեա Տոբոսցու մոտ գնալ։
Մնացին միայն էշն ու Ռոսինանտը, Սանչոն ու դոն Կիխոտը։ Էշը մնացել էր կանգնած, գլուխը մտախոհ քաշ արած և ժամանակ առ ժամանակ թափ տալով ականջները, երևի երևակայելով, թե քարե կարկուտը դեռ չի պրծել, որովհետև նրա ականջները դեռ խշխշում էին։ Ռոսինանտը պառկած է գետնին, իր տիրոջ կողքին, որովհետև քարերի հարվածները նրան էլ էին տապալել։ Սանչոն, որ զրկվել էր իր վերնարկից, դողդողում էր Սանտա Հերմանդադի ահից, իսկ դոն Կիխոտը խորապես վշտացած էր, որ իրենից բարերարված մարդիկ այնքան վատ վարվեցին հետը։ ==Գլուխ XXIII== Այն մասին, թե ինչ պատահեց հռչակավոր դոն Կիխոտին Սյերա֊Մորենում, այլ կերպ ասած՝ ամենահազվադեպ արկածներից մեկի մասին, որ զրուզում է այս ճշմարտապատում պատմությունը Տեսնելով, թե ինքն ի՜նչ ցավալի դրության մեջ է ընկել, դոն Կիխոտն ասաց իր զինակրին․ ― Շատ անգամ ես լսել եմ, Սանչո, որ կոպիտ մարդկանց լավություն անելը ― միևնույն է, թե ջուր ածես ծովը։ Եթե ես հավատայի քո խոսքերին, այս անախորժությունից խուսափած կլինեի։ Բայց քանի որ եղածը եղել է, համբերենք և աշխատենք խելք ու խրատ սովորել։ ― Ձերդ ողորմածությունը խելք ու խրատ կսովորի, ― պատասխանեց Սանչոն, ― երբ որ ես թուրք դառած կլինեմ։ Բայց քանի որ դուք ասում եք, թե եթե ինձ հավատայիք, այդ աղետից խուսափած կլինեիք, ապա հավատացեք հիմա, և դուք վատթարագույնից կխուսափեք։ Որովհետև, կզեկուցեմ ձեզ, Սանտա Հերմանդադի դեմ ձեզ չի օգնի ձեր ասպետությունը։ Սանտա Հերմանդադը բոլոր թափառական ասպետներին կոտրված գրոշով չի գնի։ Գիտե՞ք ինչ, ինձ արդեն թվում է, թե նրա նետերը բզզում են հենց իմ ականջների կողքով։ ― Դու բնականից վախկոտ ես, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը։ ― Բայց որպեսզի դու ասած չլինես, թե ես համառ եմ և երբեք չեմ անում այն, ինչ որ դու ինձ խորհուրդ ես տալիս, այս անգամ ես կհետևեմ քո խորհրդին և կհեռանամ ցասումից, որից դու այնքան վախենում ես, բայց մի պայմանով միայն՝ դու երբեք, ո՛չ կենդանի, ո՛չ մահից հետո ոչ ոքի չես ասի, թե ես՝ երկյուղից խույս տվի և հեռացա այս վտանգից, որովհետև ես այդ միմիայն նրա համար եմ անում, որ անսում եմ քո աղաչանքներին։ Իսկ եթե դու որևէ այլ բան ասելու լինես, դու կստես, և ես այսօրվանից մինչ ա՛յն օրը և ա՛յն օրից մինչև հիմա երեսովդ եմ տալիս քո սուտը և հայտարարում, որ դու ստում ես և կստես ամեն անգամ, երբ այդպես խորհելու կամ խոսելու լինես։ Եվ մի՛ առարկիր ինձ, որովհետև միայն այն միտքը, թե ես հեռանում ու խուսափում եմ վտանգից, որ, գուցե և կարող է ներշնչել երկյուղի ստվերը, կարող է ինձ պահել այստեղ և ես մեն֊մենակ կսպասեմ ոչ միայն սուրբ միաբանությանը, որի մասին դու սարսափով ես խոսում, այլև Իսրայելի տասներկու սերունդի եղբայրներին, Մակաբայեցի յոթ եղբայրներին, այլև Կաստորին և Պոլլուքսին և բոլոր եղբայրներին ու միաբանություններին, որ աշխարհիս երեսին գոյություն ունեն։ ― Սինյոր, ― պատասխանեց Սանչոն, ― հեռանալ չի նշանակի փախչել, իսկ սպասել թշնամուն, երբ որ վտանգը գերազանցում է բոլոր ենթադրությունները, ― կատարյալ խելագարություն է։ Խոհեմությունը պահանջում է, որ մարդս իրեն պահպանի այսօր վաղվան համար և ամեն ինչ թղթի վրա վեր չգալ մեկ օրում։ Եվ իմացած եղեք, թեև ես տգետ եմ և գեղջուկ, այնուամենայիվ շատից֊քչից գլուխ եմ հանում, թե խելացի վարքը որն է, ուստի մի ափսոսա, որ լսեցիք իմ խորհուրդը՝ հեծեք Ռոսինանտը, եթե միայն ի վիճակի եք, իսկ եթե չեք կարող ապա ես ձեզ կօգնեմ և եկեք իմ հետևից, որովհետև իմ խելքն այնպես է կտրում, որ հիմա մեզ ոտները ձեռներից ավելի են հարկավոր։ Դոն Կիխոտը ոչ մի խոսք չառարկեց․ ձի հեծավ և հետևեց Սանչոյին, որ էշով էր գնում։ Շուտով նրանք հասան Սյերրա֊Մորենա, որ հեռու չէր։ Սանչոն ծրագիր ուներ սարերն անցնելու, հասնելու Վիսո կամ Ալվադոմար դել Կամպո և այնտեղ մի քանի օր թաքնվել լեռներում, որպեսզի հետապնդության դեպքում Սանտա Հերմանդադը նրանց գտնել չկարողանա։ Այդ մտադրությունը պաշտպանվում էր սյլև այն հանգամանքով, որ տաժանակիր դատապարտվածների հետ ունեցած տուրուդմբոցից հետո նրա ուտելիքների ողջ պաշարը որ նա տանում էր իր էշի վրա, մնացել էր անվնաս, մի բան, որ նրան հրաշք էր թվում, որովհետև տաժանակիրները քրքրել և խլել էին, ինչ որ կարողացել էին։ Իրիկնադեմին նրանք հասան Սյերրա֊Մորենայի խորքերը, և Սանչոն ենթադրում էր այստեղ անց կացնել գիշերը և էլի մի քանի օր, համենայն դեպս,՝ նստել այստեղ, մինչև որ պաշարը կսպառվի։ Նրանք տեղավորվեցին գիշերելու կաղնիների տակ՝ երկու ժայռի արանքում։ Սակայն ճակատագրական բախտը, որ ճշմարիտ հավատի լույսը չճանաչողների կարծիքով ամեն ինչ ղեկավարում, գոյացնում և ուղղում է, այնպես դասավորվեց, որ հռչակավոր գող ավազակ Խինես դե Պասամոնտեն, որ դոն Կիխոտի արիության և խելագարության շնորհիվ ազատվել էր կապանքներից, Սանտա Հերմանդեդի երկյուղից վճռել էր (իսկ նա բավականաչափ հիմք ուներ Սանտա Հերմանդեդից երկյուղ կրելու) թաքնվել այս լեռներում և պատահմամբ, դեռ մութը չընկած, երկյուղը նրան բերեց նույն տեղը, որտեղ թաքնվել էին դոն Կիխոտն ու Սանչո Պանսան։ Իսկույն նրանց ճանաչելով, նա սպասեց, մինչև որ նրանք քնեն։ Եվ որովհետև չարագործները միշտ ապերախտ են լինում, իսկ անհրաժեշտությունը մղում է անթույլատրելի գործեր կատարելու, և ներկայիս շահը ավելի գրավիչ է լինում, քան շահն ապագայում, ― բոլոր այս պատճառներով Խինեսը, որ ո՛չ երախտապարտության զգացմունքով էր աչքի ընկնում, ո՛չ էլ բարեմտությամբ, վճռեց Սանչո Պանսայի էշը գողանալ (Ռոսինանտին հանգիստ թողեց, որովհետև այդ ավարը նրան անպետք էր թվում թե՛ վաճառքի, թե՛ գրավ դնելու համար)։ Սանչո Պանսան քնած էր։ Խինեսն էշը գողացավ։ Եվ լույսը դեռ չբացված նա այնքան հեռու էր փախել, որ նրան գտնելն արդեն անկարելի էր։ Արշալույսը բացվեց, արար աշխարհին ուրախություն բերեց, իսկ Սանչո Պանսային՝ տխրություն, որովհետև նրա գորշ ավանակը նրա հետ չէր։ Եվ ահա, նկատելով կորուստը, նա ամենաաղեկտուր ու ցավագին հոգոցներ սկսեց հանել, այնպես որ նրա ձայնից արթնացավ դոն Կիխոտը և լսեց այսպիսի խոսքեր․ ― Օ՜, իմ սիրասուն զավակս, իմ սեփական տանը ծնված, իմ երեխաների զվարճալիքը, իմ կնոջ խնդությունը, իմ հարևանների նախանձը, օ՜, իմ աշխատանքներին ուրախություն տվողը, իմ անձի ողջ կեսի կերակրողը, որովհետև այն քսանվեց մարավեդիսը, որ օրական աշխատում էիր, իմ ապրուստի կեսն էր։ Դոն Կիխոտը, լսելով այս ողբը և իմանալով նրա պատճառը, սկսեց կարյաց չափ մխիթարել Սանչոյին, խնդրելով, որ համբերի և խոստանալով թուղթ տալ, որով նա կարող է ստանալ իր տանը մնացած հինգ էշերից երեքը։ Դա մխիթարեց Սանչոյին։ Նա սրբեց արցունքը, զսպեց հեծկլտոցը և շնորհակալություն հայտնեց դոն Կիխոտին նրա ցույց տված ողորմածության համար։ Այնինչ դոն Կիխոտը հենց որ լեռներն ընկավ, իսկույն ցնծաց, որովհետև այդ տեղերը նրան թվացին շատ հարմարավոր արկածներ որոնելու համար։ Նրա միտքն էին գալիս հրաշալի եղելություններ, որ պատահել են թափառական ասպետներին նման ամայի և դժնի վայրերում։ Եվ նա այնպես էր հարբած ու հափշտակված իր այդ մտքերով, որ գնում էր՝ ամեն ինչ աշխարհիս երեսին մոռացած։ Իսկ Սանչոն, վերջապես իրեն անվտանգ զգալով, միայն այն էր խորհում, թե ինչպես հագեցնի իր ստամոքսը պաշարով, որ մնացել էր վանականների բեռներից։ Այսպես նա քարշ էր գալիս իր տիրոջ հետևից, շալակած այն ամենը, ինչ որ պիտի գորշ ավանակը տաներ և հա՛ հանում էր պարկից կտորներ և կոխում բերանը։ Նա ոչ մի գրոշ չէր տա որևէ արկածի համար, հենց այսպես թափառելը նրան ամենից հաճելի բանն էր թվում։ Հանկարծ նա աչքերը բարձրացրեց և տեսավ, որ իր տերը կանգ է առել և աշխատում է նիզակի ծայրով ինչ֊որ կապոց բարձրացնել, որ ընկած էր գետնին։ Նա արագ մոտեցավ, որպեսզի բան է, թե իր օգնությունը պետք լինի, օգնի և մոտենալով տեսավ, որ դոն Կիխոտը նիզակի ծայրով մի պայուսակ է բռնել, որին կապած էր մի ճամպրուկ։ Նրանք կիսով չափ փտել էին կամ, ավելի լավ կլինի ասել, բոլորովին փտել ու քրքրվել էին, բայց այնքան ծանր էին, որ Սանչոն վեր եկավ ավանակից, որ բարձրացնի։ Դոն Կիխոտը հրամայեց, որ նա նայի, թե ինչ կա ճամպրուկի մեջ։ Սանչոն կատարեց մեծ արագությամբ և թեև ճամպրուկը կապած էր շղթայով և կողպած կողպեքով, այնուամենայիվ Սանչոյին հաջողվեց տեսնել նրա բովանդակությունը ― այնքան նա փտած ու ջարդված էր։ Մեջը նուրբ հոլանդական կտավից չորս շապիկ կար և այլ շքեղ և բոլորովին մաքուր սպիտակեղեն, իսկ թաշկինակի մեջ փաթաթված բավական քանակությամբ ոսկի դրամ կար։ Տեսնելով դրամը՝ Սանչոն բացականչեց․ ― Շնորհակալություն երկնքին, որ մեզ այսքան շահավետ արկած է ուղարկել։ Ապա նա սկսեց քրքրել և գտավ մի հուշատետր, շքեղ կազմով։ Դոն Կիխոտը հրամայեց Սանչոյին տետրը տալ իրեն, իսկ փողը պահել իրեն։ Սանչոն համբուրեց նրա ձեռները, շնորհակալ լինելով նվերի համար և, հանելով ճամպրուկից ճերմակեղենը, տեղավորեց իր պարկի մեջ, որտեղ պաշարն էր դրված։ Դոն Կիխոտը տեսնելով այդ, ասաց․ ― Ինձ թվում է, Սանչո, ասենք՝ այլ կերպ չի էլ կարող լինել, որ այս լեռներով ինչ֊որ մոլորված ճամբորդ է անցնելիս եղել և, երևի ավազակները հարձակվել և սպանել են նրան, իսկ դիակը բերել են այստեղ, որպեսզի թաքուն տեղում թաղեն։ ― Այդ չի կարող լինել, ― առարկեց Սանչոն, ― որովհետև եթե ավազակներ լինեին, նրանք փողը չէին թողնի։ ― Ճիշտ է, ― ասաց դոն Կիխոտը, ― բայց ես չեմ կարող հասկանալ և լուծել, թե ինչ է դա։ Սպասիր, թերևս այս հուշատետրում գրված լինի մի բան, որ մեզ շիտակ ճամփան հանի և բացատրի մեզ այն, ինչ մենք ուզում ենք իմանալ։ <poem>Արդյոք Ամո՞ւրն է խակամիտ, այնքան չարԵվ անողորմ․․․ թե՞ վշտերն այս անամոք,Որ սրտիցս կորզում են լաց ու մորմոք,Ունեն, ավա՜ղ, ուրիշ սկիզբ ու պատճառ։ Սակայն չէ՞ որ Ամուրն աստված է հզոր,Աստված պիտի լինի բարի, կարեկից․․․Էլ ո՞վ հապա տվեց ինձ վերք ու կսկիծԵվ տվայտանք՝ այսքան քա՜ղցր ու ահավոր։ Թե ասեմ՝ դուք Թի՛լի, այդ ճիշտ չի լինի,Քանզի մեկ տեղ չեն լինի չարն ու բարին․․․Բայց երկինքն էլ չի առաքել վիշտն այս ինձ։ Մի բան գիտեմ, մի բան է լոկ ինձ հայտնի,Որ օրեցօր մոտենում եմ իմ շիրմին,Եվ հրա՜շքը ինձ կփրկի այս ցավից։</poem> ― Այս ոտանավորից բան չի իմացվի, ― ասաց Սանչոն, ― բայց թե միգուցե այս թելը բռնելով մենք կարողանանք ողջ կծիկը քանդել։ ― Իսկ որտե՞ղ է թելը, ― հարցրեց դոն Կիխոտը։ ― Ինձ թվաց, ― պատասխանեց Սանչոն, ― թե ձերդ ողորմությունը ինչ֊որ թելի մասին կարդաց։ ― Թելը չէր, այլ Թիլի, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― այդպես է կոչվում երևի այն տիկինը, որից այս սոնետի հեղինակը գանգատվում է։ Եվ, ազնիվ խոսք, նա վարպետ բանաստեղծ է, եթե ես բանաստեղծությունից մի բան հասկանում եմ։ ― Ինչպե՜ս, ձերդ ողորմածությունը բանաստեղծությունի՞ց էլ է գլուխ հանում, ― հարցրեց Սանչոն։ ― Ավելի, քան դու ենթադրում ես, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Դու կհամոզվես, երբ որ ես քեզ իմ տիրուհի Դուլսինեա Տոբոսցուն տանելու համար կտամ նամակ՝ վերից վար ոտանավորով գրած։ Որովհետև, Սանչո, պետք է իմացած լինես, որ անցյալի գրեթե բոլոր թագավորական ասպետները մեծ գուսաններ են եղել և մեծ երաժշտագետներ, որովհետև այդ երկու ունակությունը, կամ ավելի լավ կլինի ասել, այդ երկու շնորհը, միշտ հատուկ են եղել սիրահարված թափառական ասպետներին։ Ճիտ է, որ հին ասպետների ոտանավորներում ավելի կրակ կար քան արհեստ։ ― Կարդացեք տեսնենք, ձերդ ողորմածություն, ― ասաց Սանչոն, ― թերևս մեջը այնպիսի բան գտնվի, որ բավարարի մեր հարցասիրությունը։ Դոն Կիխոտը էջը շուռ տվեց և ասաց․ ― Սա արձակ է և, կարծեմ, նամակ։ ― Պետակա՞ն, ― հարցրեց Սանչոն։ ― Սկզբից դատելով՝ սիրահարական է, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Ձերդ ողորմածություն, բարձր կարդացեք, ― խնդրեց Սանչոն, ― ես սաստիկ սիրում եմ սիրահարական գործերը։ ― Սիրով, ― պատասխանեց դոն Կիխոտը և Սանչոյի խնդրանոք բարձր կարդաց հետևյալը․ «Քո սուտ խոստումները և իմ անսուտ վիշտը ստիպում են ինձ հեռանալ այն տեղերը, որտեղից քո ականջին ավելի շուտ կհասնի իմ վախճանի լուրը, քան իմ տվայտանքի ձայնը։ Դու լքեցիր ինձ, անղգա՛, նրա համար, որ ինձնից հարուստ է, բայց ո՛չ ավելի արժանավոր։ Եթե առաքինությունը գնահատվեր որպես մեծ գանձ, ես հարկադրված չէի լինի ուրիշի երջանկությանը նախանձելու և իմ չարաբաստիկ օրը ողբալու։ Այն, ինչ կառուցել է քո գեղեցկությունը, քանդել է քո վարմունքը։ Քո գեղեցկությունն ինձ հավատացրեց, թե դու հրեշտակ ես, իսկ քո վարմունքը ցույց տվեց, որ դու կին ես։ Մնա խաղաղությամբ, իմ տագնապի մեղապարտ, և թող երկնքին հաճելի լինի, որ քո ամուսնու ուխտադրժությունը երբեք չբացվի և դու հարկադրված չլինես զղջալու քո արածի համար, իսկ ինձ՝ վրեժ լուծած լինելու, որ չեմ տենչում»։ Կարդալով նամակը՝ դոն Կիխոտն ասաց․ ― Այս նամակից ավելի քիչ բան կարելի է հետևցնել, քան ոտանավորից։ Մի բան պարզ է, որ գրողը ինչ֊որ մերժված սիրահար է։ Թերթելով ամբողջ հուշատետրը, նա ուրիշ ոտանավորներ ու նամակներ էլ գտավ, որոնցից մի քանիսը նրան հաջողվեց կարդալ, իսկ մի քանիսը՝ ոչ։ Բոլորի մեջ գանգատ կար, հեծեծանք, տրտունջ, խնդություն ու տրտմություն։ Ողորմածությունները գովաբանվում էին և դաժանությունը ողբվում։ Մինչդեռ դոն Կիխոտը աչքի էր անց կացնում տետրը, Սանչոն զննում էր ճամպրուկն ու պայուսակը, և այնպիսի ծակ ու ծուկ չմնաց, որ նա ձեռք չկոխեր, չքրքրեր, չհետազոտեր։ Նա քանդում էր բոլոր կարերը, հանում միջից բրդի յուրաքանչյուր ծվեն, վախենալով անփութությունից կամ եռանդի պակասությունից մի բան բաց թողնել։ Ահա՛ թե ինչ եռանդ էր ներշնչել նրան հարյուր չերվոնեցի գյուտը։ Եվ թեև նա գտածից ավելի ոչ մի չերվոնեց չգտավ, այնուամենայիվ, նա որոշեց, որ զուր չէր կրել և՛ թռիչքները վերմակի վրա, և լուծողական դեղ ընդունելը, և՛ օրհնությունը մահակներով, և՛ ջորեպանի մուշտե դատաստանը, և՛ պայուսակի կորուստը, և՛ վերնարկի կորուստը, և՛ քաղցը, և՛ ծարավը, և՛ հոգնությունը, որ նա կրեց, ծառայելով իր բարի տիրոջը՝ այդ ամենի համար նա ավելի քան բավական վարձատրված էր ողորմածությամբ դոն Կիխոտի, որ նվիրեց նրան այս գտածոն։ Տխուր Պատկերի Ասպետը սաստիկ ուզում էր իմանալ, թե ճամպրուկն ումն է։ Սոնետի, նամակի, չերվոնեցների և շատ լավ շապիկների հիման վրա նա ենթադրում էր, որ այդ ամենի տերը ազնվական մարդ է, ինչ֊որ տիկնոջ սիրահարված, և սիրած կնոջ արհամարհական և խստասիրտ վերաբերմունքը նրան հասցրել էր ինչ֊որ հուսահատական քայլի։ Սակայն այս լեռնային կիրճերում մարդ չկար, որից նա մեկնություն խնդրեր, ուստի նա, առանց երկար և բարակ խորհելու առաջ գնաց ուղիով, որ ընտրել էր Ռոսինանտը, որը այնտեղով էր գնում, որտեղ նրա համար ավելի հարմար էր։ Դոն Կիխոտին տիրել էր հաստատ հավատ, որ այս խուլ ու խոր վայրերում պատահելու է մի զարմանալի արկած։ Խորասուզված այս մտքերի մեջ՝ նա մի փոքրիկ սարի կատարին հանկարծ, դեմ առ դեմ ինչ֊որ մարդ տեսավ, որ արտասովոր արագությամբ թռչում էր մեկ ժայռից մյուսը, մեկ թփից մյուսը։ Նրան թվաց, թե մարդը մերկ է, որ նա թավ ու սև մորուք ունի, մի խուրձ գզգզված մազեր, մերկ ոտներ ու ծնկներ։ Նրա ազդրերը ծածկված էին վարտիքով, ըստ երևույթին, շեկ թավշից, որ վաղուց հետև ցնցոտիի էր վերածվել, որի ծակուծուկերից երևում էր մերկ մարմինը։ Նա գլխաբաց էր։ Եվ թեև, ինչպես մենք արդեն ասացինք, նա սաստիկ արագությամբ սլացավ, այնուհանդերձ Տխուր Պատկերի Ասպետն այս բոլոր մանրամասնությունները տեսավ ու նկատեց։ Նա կամեցավ ընկնել անծանոթի հետևից, բայց չկարողացավ, որովհետև վատույժ Ռոսինանտը ի վիճակի չէր վազելու դար ու փոսերով, էլ չեմ ասում, որ բնականից նա համրաշարժ ու դանդաղկոտ էր։ Դոն Կիխոտի մտքով իսկույն անցավ, որ հենց այդ մարդն է պայուսակի ու ճամպրուկի տերը և վճռեց գտնել նրան, անգամ եթե հարկ լինի լեռներում դրա համար ամբողջ տարի թափառել, ուստի հրամայեց, որ Սանչոն վեր գա և լեռան մի կողով շրջի, մինչդեռ ինքը մյուս կողմից կգնա՝ թերևս այդպիսով նրանք մի կերպ հանդիպեն անծանոթին, որ այնպես հանկարծակի չքացավ նրանց աչքից։ ― Ես չեմ կարող այդ անել, ― պատասխանեց Սանչոն, ― որովհետև հենց որ ես ձերդ ողորմածությունից հեռանում եմ, ահը բռնում է ինձ և հազար ու մի սարսափ և տեսիլ է վրաս բաց թողնում։ Առաջուց իմացած եղեք, որ ձեր անձից ես մեկ քայլ հեռու չեմ գնա։ ― Էհ, դու գիտես, ― պատասխանեց Տխուր Պատկերի Ասպետը։ ― Ինձ համար շատ հաճելի է, որ դու իմ քաջության մեջ ես հենարան որոնում, որը քեզ չի լքի, անգամ եթե քո հոգին թողնելու լինի մարմինդ։ Հետևիր ինձ իմ հետքերով, կամ ինչպես կարող կլինես և թող քո աչքերը լապտերներ դառնան։ Մենք այս սարի շուրջը պտույտ կտանք և, գուցե, կհանդիպենք անծանոթին, որ, անտարակույս, ոչ այլ ոք է, քան եթե մեր գտած բաների տերը։ Սանչոն դրան պատասխանեց․ ― Ավելի լավ է՝ մենք նրան բոլորովին չորոնենք, որովհետև եթե մենք նրան գտնելու լինենք և դուրս գա, որ նա, իրոք, այդ փողերի տերն է, ապա պարզ է, որ ես հարկադրված կլինեմ տալու նրան, իսկ ավելի լավ կլինի, որ առանց գլխացավանքի ես այդ փողերը պահեմ ինձ համար։ Իսկ եթե առանց մեր ջանքի և որոնումի տերը, այնուամենայնիվ, դուրս գա, ապա, գուցե, մինչ այն ես փողը մսխած կլինեմ և այդ դեպքում ― չեղածը չի լինի։ ― Դու մոլորվում ես, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Քանի որ մեր մեջ ենթադրություն է ծագել այդ առարկաների տիրոջ մասին, որը վայրկյանաբար երևաց, գուցե, մեր աչքերի առջև, մենք պարտավոր ենք նրան գտնելու և վերադարձնելու նրան իր գույքը։ Եվ եթե մենք նրան որոնելու էլ չլինենք ապա մեր հիմք ունեցող ենթադրությունը, որ հենց նա է իրերի տերը, մեզ մեղավոր է դարձնում ոչ պակաս, քան եթե մենք այդ բանում հավատացած լինեինք։ Ուստի, Սանչո բարեկամս, թող քեզ որոնումները չվշտացնեն, որովհետև եթե ես նրան գտնելու լինեմ, իմ հոգուց մեծ բեռ կընկնի։ Այդ ասելով նա խթանեց Ռոսինանտին, իսկ Սանչոն քարշ եկավ նրա հետևից ոտով և բեռը շալակին, Խինեսիլյո դե Պասամոնտեի երեսից։ Եվ ահա շրջելով սարի մեծ մասը, նրանք վտակի ափին տեսան ընկած ու սատկած մի ջորի՝ փալանն ու նոխտան վրան։ Շները կիսով չափ կերել էին և ագռավները կտցահարել նրան։ Այդ առավել ևս հաստատեց նրանց այն ենթադրությունը, որ նրանցից փախած մարդը պայուսակի և ջորու տերն է։ Այն վայրկյանին, երբ որ նրանք նայում էին լեշին, հանկարծ անակնկալ սուլոց լսվեց, որ նման էր հոտ պահպանող հովվի սուլոցի, և ձախ կողմից նրանք տեսան մեծ քանակությամբ այծեր, իսկ նրանց հետևում լեռան կատարին, երևան եկավ և ծեր այծապանը։ Դոն Կիխոտը ձայն տվեց, խնդրելով որ իջնի իրենց մոտ։ Սա, նույնպես ձայնով, հարցրեց, թե ինչպե՞ս են նրանք ընկել այսպիսի մի վայր, որտեղ գրեթե երբեք մարդկային ոտք չի դիպել և որտեղ միայն այծեր կան, գայլեր և այլ գազաններ։ Սանչոն նրան պատասխանեց, թե նրան կբացատրի, երբ որ նա իջնի։ Հովիվը իջավ և, մոտենալով դոն Կիխոտին ասաց․ ― Գրազ կգամ, որ դուք մտիկ եք տալիս այս փոսում սատկած վարձու ջորուն։ Ճիշտն ասած՝ ահա վեց ամիս է, ինչ նա ընկած է այստեղ։ Ի դեպ, չի՞ հանդիպել ձեզ արդյոք ճամփին նրա տերը։ ― Ոչ, չի հանդիպել, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― բայց այստեղից ոչ հեռու մենք գտնաք նրա պայուսակն ու ճամպրուկը։ ― Ես էլ եմ տեսել, ― պատասխանեց հովիվը, ― բայց չվերցրի, նույնիսկ չմոտեցա։ Որովհետև ― ի՜նչ ցավս է, ― հետո կասեն, թե բան եմ գողացել։ Խորամանկ է սատանան և ոտիդ տակը այնպիսի բան կկոխի, որ ոտդ դեմ կառնի և վայր կընկնես, իսկ թե ինչպես և ինչու ― ինքդ էլ չես իմանա։ ― Նույն բանն էլ ես եմ ասում, ― ասաց Սանչոն։ ― Ես էլ դեմ առա, միայն թե հրացան արձակելու հեռավորության էլ չմոտեցա։ Շատ հարկավորս է շունը, վզին էլ բոժոժ կապած։ ― Ասացեք, բարի մարդ, ― հարցրեց դոն Կիխոտը, ― չգիտե՞ք արդյոք ո՞վ է այդ գույքի տերը։ ― Ես այն գիտեմ միայն, ― պատասխանեց հովիվը, ― որ մի վեց ամիս առաջ, գուցե և ավելի, այստեղից մոտ երեք մղոն հեռավորության վրա գտնվող հովվի մի տնակ եկավ հաճելի դեմքով ու կազմվածքով մի երիտասարդ։ Նա եկավ այս իսկ ջորիով, որ սատկել֊ընկել է այստեղ, և հետը պայուսակ ու ճամպրուկ ուներ, որ դուք գտել և ձեռք չեք տվել։ Նա մեզնից հարցրեց, թե որտեղ կարելի է այս լեռներում ամենավայրի և անառիկ վայրը գտնել։ Մենք նրան մատնանիշ արինք այս կիրճը, որտեղ մենք հիմա գտնվում ենք։ Եվ դա ճիշտ է՝ եթե դուք կես մղոն էլ խորը գնալու լինեք, դժվար թե այնտեղից դուրս գալու լինեք։ Ասենք՝ ես զարմանում եմ, թե ինչպես է հաջողել ձեզ գալ֊հասնել այստեղ։ Այստեղ ոչ մի ուղի, ոչ մի արահետ չի տանում։ Ուրեմն, ես շարունակում եմ․ լսելով մեր պատասխանը, երիտասարդը շուռ տվեց ջորու գլուխը և գնաց այն ուղղությամբ, որ մենք նրան ցույց տվինք, իսկ մենք բոլորս էլ հիանում էինք նրա նուրբ արտաքինով և զարմանում, թե ինչ արագությամբ նա սլացավ լեռները։ Այնուհետև մենք նրան այլևս չտեսանք։ Միայն մեկ անգամ, առաջին հանդիպումից մի քանի օր անց, նա դուրս վազեց ճամփի վրա այն վայրկյանին, երբ որ մեր հովիվներից մեկն անցնում էր և, առանց մի խոսք ասելու, հարձակվեց նրա վրա և, զորս դու պատվիրեցեր, ջարդեց նրան բռունցքներով, ապա թռավ քած էշի մոտ, որ պաշար էր կրում, վերցրեց ամբողջ հացը և պանիրը և այդ ամենն անելուց հետո արագությամբ չքացավ լեռներում։ Մեզնից մի քանիսը, իմանալով դրա մասին, գնացին նրան հետապնդելու և գրեթե երկու օր որոնեցին նրան ամենախուլ վայրերում, մինչև որ, վերջապես, գտան նրան՝ թաքնված մի մեծ ու զորավոր կաղնու փչակում։ Նա համեստաբար դուրս եկավ մեր դեմ։ Նրա շորերը պատառոտած էին, իսկ դեմքը տգեղացած և վառված արևից, այնպես որ մենք նրան դժվարությամբ ճանաչեցինք, բայց և այնպես մենք լավ մտքներումս պահեցինք նրա շորը, որ թեև ցնցոտի էր դառել, դարձայլ մենք գլխի ընկանք, որ նա մեր որոնած մարդն է։ Նա սիրալիր ողջունեց մեզ և կարճ ու շատ խելացի խոսքերով խնդրեց, որ մենք չզարմանանք, որ նա այդպիսի տարօրինակ կյանք է վարում։ Թե՝ նա պետք է այդպես ապրի, որովհետև ապաշխարհանք է դրել իր վրա իր մեծ մեղքերի համար։ Մենք խնդրեցինք, որ նա բաց անի մեզ, թե ով է ինքը, բայց մեզ այդ չհաջողվեց և գլուխ չեկավ։ Ապա մենք խնդրեցինք նրանից, որ երբ պաշարի կարիք ունենա, մեզ իմաց տա, թե որտեղ է ինքը գտնվում։ Չէ՞ որ նա առանց սնունդի չի կարող ապրել, իսկ մենք սիրով ու եռանդով նրան ամեն անհրաժեշտ բան կհասցնենք։ Իսկ եթե նա դրան էլ չի համաձայնում, ապա թող ինքը մեզնից պաշար խնդրի և ոչ թե բռնի խլի։ Նա շնորհակալություն հայտնեց մեր առաջարկի համար, ներողություն խնդրեց իր կատարած հարձակման համար և խոստացավ այսուհետև խնդրել հանուն Տեր Աստծու և ոչ ոքի այլևս վնաս չհասցնել։ Ապա նա ավելացրեց, որ մշտական ապաստան չունի և որ սովորաբար նա գիշերում է այնտեղ, որտեղ վրա է հասնում գիշերը։ Նա իր խոսքը այնպիսի ցավագին լացով ավարտեց, որ մենք քարե արձաններ կլինեինք, եթե, լսելով նրան, նրա հետ լաց չլինեինք։ Մենք մտաբերեցինք, թե ինչ տեսքով նա առաջին անգամ երևան եկավ մեր առջև և ինչ օրում ենք նրան հիմա տեսնում։ Որովհետև ես արդեն ասացի, որ նա շատ հրապուրիչ և վայելչակազմ երիտասարդ էր և նրա քաղաքավարի և նուրբ շարժուձևերից երևում էր, որ նա ազնվազարմ մարդ է և խորունկ կրթված։ Եվ թեև մենք բոլորս, որ լսում էինք նրան, գյուղացիներ էինք, այնուամենայնիվ, նրա ազնվությունն այնքան մեծ էր, որ գյուղացիներն էլ չէին կարող չնկատել այդ։ Եվ ահա իր ճառի մեջտեղում նա հանկարծ կանգ առավ և ասես սառավ։ Երկար ժամանակ նա նստած մնաց, աչքերը գցած գետնին, իսկ մենք բոլորս լուռ էինք և հուզմունքով սպասում էինք, թե ինչով կվերջանա նրա հմայվածությունը․ չէր կարելի առանց ցավի նայել նրան։ Իսկ նա չռում էր աչքերը, երկար հառում աչքերը գետնին, առանց թարթելու թարթիչները, իսկ հետո փակում էր աչքերը, սեղմում շրթունքները և կիտում հոնքերը։ Այդ ամենից դժվար չէր հետևցնել, որ խելագարության հարված է խփել նրան։ Եվ շուտով մենք վերջնականապես համոզվեցինք, որ մեր ենթադրությունը ճիշտ է։ Նա նստել էր գետնին և հանկարծ սաստիկ կատաղությամբ վեր ցատկեց, հարձակվեց մի հովվի վրա, որ ամենից մոտ էր նրան, այն էլ այնպիսի ցասումով ու կատաղությամբ, որ եթե մենք մեր ընկերոջը պաշտպանած չլինեինք, նա կսպաներ նրան բռունցքներով և կհոշոտեր ատամներով։ Միաժամանակ նա գոռում էր․ «Ա՜, ուխտադրուժ Ֆերնանդո, հիմա դու կվճարես հասցրածդ վիրավորանքի համար։ Ես սեփական ձեռքերով կպոկեմ սիրտդ, որի մեջ բուն են դրել ու թաքնվել աշխարհիս երեսի բոլոր արատները, նա՛մանավանդ՝ սուտն ու նենգությունը։ Եվ շատ ուրիշ խոսքեր ասաց նա, անիծելով այդ Ֆերնանդոյին և նրա անվամբ խարանելով դավաճանին ու երդումնազանցին։ Մեծ դժվարությամբ մենք ազատեցինք մեր ընկերոջը, իսկ երիտասարդը հեռացավ մեզնից, այլևս ոչ մի խոսք չասելով և շուտով անհետացավ խոտ ու մացառուտի մեջ, փախչելով այնքան արագ, որ մենք չկարողացանք նրա հետևից հասնել։ Դրանից մենք հետևցրինք, որ խելագարությունը նրան մեկ֊մեկ է բռնում և որ երևի մի ոմն Ֆերնանդո նրան ինչ֊որ մեծ վիրավորանք է հասցրել, որ նրան այդ դրության է հասցրել։ Այդ ամենը հաստատվեց հետագայում և հաճախ, որովհետև նա հետո էլ շուտ֊շուտ ճամփի վրա էր դուրս գալիս՝ մեկ՝ հովիվներից պաշար ուզելու, որ սրանք բերում էին, մեկ՝ բռնի խլելով։ Որովհետև երբ որ նրա խելագարությունը բռնում է, նա սնունդ չի ընդունում, որ մեր հովիվները նրան հոժարակամ առաջարկում են, այլ խլում է բռնությամբ։ Իսկ երբ որ նրա խելքը տեղն է, նա քաղցր ու քաղաքավարի խնդրում է հանուն Տեր Աստծու և ջերմագին շնորհակալություն հայտնում, արցունք թափելով։ Եվ ահա, ճիշտն ասեմ ձեզ, սինյորներ, ― շարունակեց հովիվը, ― մենք երեկ որոշեցինք, ես և էլի չորս հովիվ (որոնցից երկուսը իմ բարեկամներն են, իսկ երկուսը՝ օգնականներ), որոնել այդ երիտասարդին, մինչև որ գտնենք։ Իսկ երբ որ գտնենք՝ տանենք նրան ուժով կամ նրա համաձայնությամբ Ալմոդո՛վար քաղաքը, որ այստեղից ութ մղոն հեռու է և այնտեղ բժշկել նրան, եթե այդ հիվանդությունը բուժելի է, կամ գոնե իմանալ, թե մինչև հիվանդանալը նա ո՞վ է եղել, ունի՞ արդյոք ազգականներ, որոնց կարելի է տեղեկացնել նրան հասած ցավի մասին։ Ահա ամենը, սինյորներ, ինչ որ ես կարող եմ ձեզ հաղորդել ի պատասխան ձեր հարցի։ Հավատացած եղեք, որ կիսամերկ մարդը, որ այդպիսի արագությամբ անցավ ձեր առջևից, ձեր տեսած ամբողջ գույքի տերն է (որովհետև դոն Կիխոտն արդեն նրան պատմել էր, թե ինչպես այդ մարդը վազեվազ անցավ իր առջևից լեռները)։ Մեր ասպետը ապշած մնաց հովվի զրույցից և նրա մեջ ավելի սաստկացավ այդ դժբախտ խելագարի ով լինելն իմանալու ցանկությունը։ Ուստի նրա սկզբնական ցանկությունն առավել ամրապնդեց նրա մեջ՝ որոնել նրան լեռներում, առանց մի խորչ անգամ բաց թողնելու և մի քարանձավ, մինչև որ նրան գտնի։ Բայց բախտը ավելի լավ սարքեց, քան նա սպասում էր, որովհետև այդ իսկ վայրկյանին, հենց նրա դեմ առ դեմ, ժայռի ճեղքվածից հայտնվեց երիտասարդը, որին նա որոնում էր։ Նա ինչ֊որ խոսք էր մրթմրթում, որ անհնար էր հասկանալ ոչ միայն հեռվից, այլև մոտիկից։ Նա բոլորովին այնպես էր հագնված, ինչպես մենք նկարագրեցինք, սակայն երբ որ դոն Կիխոտը նրան ավելի մոտեցավ, նկատեց, որ նրա ծվեն֊ծվեն եղած կաշվե բաճկոնակը համպարով օծած կաշվից է կարած, մի բան, որից մեր ասպետը հետևցրեց, որ նման զգեստ հագնող մարդը չի կարող ստոր դասից ծագել։ Երիտասարդը մոտենալով ողջունեց նրանց խուլ ու խռպոտ ձայնով, բայց և մեծ քաղաքավարությամբ։ Դոն Կիխոտը ոչ նվազ սիրալիրությամբ պատասխանեց նրա ողջույնին, ցած թռչելով Ռոսինանտից, մոտեցավ և շատ֊շատ սրտալի ու փաղաքուշ գրկեց նրան։ Նա այնքան երկար սղմեղ իր գրկում երիտասարդին, որ կարծես թե վաղուց հետև նրա բարեկամն է։ Անծանոթը, որին մենք կարող ենք անվանել Ողբակերպ Ցնցոտեկիր (ինչպես դոն Կիխոտն իրեն անվանեց Տխուր Պատկերի Ասպետ), թույլ տվեց, որ իրեն գրկեն, իսկ հետո, մի քիչ հեռացնելով իրենից դոն Կիխոտին, ձեռները դրեց նրա ուսերին և սևեռեց աչքերը, կարծես թե ուզում էր մտաբերել՝ ծանո՞թ է նրան, թե՞ ոչ։ Թվում էր, թե դոն Կիխոտի կերպարանքը, տեսքը և զենք ու զրահը նրա մեջ նույնպիսի զարմանք էին հարուցում, ինչպիսին նա ինքն էր հարուցանում մեր ասպետի մեջ։ Վերջապես Ցնցոտեկիրը, ազատվելով գրկախառնությունից, առաջինը խոսեց, իսկ թե ինչ ասաց, այդ կհաղորդվի ստորև։