— Ա՜խ, Սարուման, Սարուման,— շարունակելով ծիծաղել ասաց նա: — Ոչ, Սարուման, դու բաց թողեցիր քո հնարավորությունը: Դու պետք է ծաղրածու լինեիր, հարգելիս, վաստակեիր քո հացը՝ կրկնօրինակելով արքայական խորհրդականներին, և մեծ հաջողություն կունենաիր արքունիքում: Հասկանա՞նք, ասում ես, միմյանց: Վախենում եմ, դու ինձ այլևս չես հասկանա, Սարումա՛ն: Դե, իսկ ես քեզ չափազանց լավ եմ հասկանում: Ես հիշում եմ քո խոսքերը շատ ավելի լավ, քան դու կարծում ես, դե, գործերի մասին էլ չխոսեմ: Իմ վերջին այցելության ժամանակ դու Մորդորի բանտապանն էիր, որտեղ էլ ուզում էիր ինձ ուղարկել: Ո՛չ, չես խաբի: Հյուրին, որ մի անգամ փախել է տանիքով, կրկին դռնով մտնել այլևս չես համոզի: Թերևս, ես չեմ բարձրանա: Սակայն դու ևս վերջին անգամ լսիր ինձ, Սարումա՛ն: Գուցե ի՞նքդ իջնես ինձ մոտ: Ինչպես տեսնում ես, քո անմատչելի Իզենգարդը ավերակ է դարձել: Գուցե քո մյուս հույսերը ևս նույն ճակատագրի՞ն արժանանան: Ավելի լավ չէ՞ թողնել դրանք: Սթափվիր և շուրջդ նայիր, Սարումա՛ն: Մի խոսքով, չե՞ս կարծում, որ պետք է իջնես:
Սարումանի դեմքի վրայով ստվեր անցավ, և նա մահացու գունատվեց:Դեմքից կարելի էր գուշակել, որ նրան տանջում են կասկածները. ծանր էր մնալ աշտարակում, բայց վախենում էր լքել ապաստանը: Մի ակնթարթ նա տատանվում էր, և բոլորը շունչները պահած սպասում էին: Վերջապես չարագործը խոսեց, և նրա ձայնը հնչեց սառը և սուր. հպարտությունը և ատելությունը հաղթեցին: — Իջնե՞մ, ե՞ս,— ծաղրալից քմծիծաղով հարցրեց նա: — Իջնեմ և անզեն հանձնվեմ զինված ավազակների ողորմածությանը, որ ավելի լա՞վ լսեմ նրանց: Ես այստեղից էլ եմ լավ լսում, շնորհակալ եմ: Ես այնքան էլ հիմար չեմ, որ հավատամ քեզ, Գենդալֆ: Կարծում ես չգիտե՞մ, թե որտեղ են թաքնված անտառային վայրի չարքերը, որ սպաում են քո հրամանին... — Դավաճանի աչքին ամենուր ծուղակներ են երևում,— հոգնած պատասխանեց Գենդալֆը,— բայց դու կարող ես չվախենալ սեփական կաշվիդ համար: Քեզ ոչ ոք չի դիպչի: Եթե դու իսկապես ինձ հասկանայիր, ինչպես պարծենում ես, ապա չէիր վախենա: Ընդհակառակը, ես կարող եմ պաշտպանել քեզ: Վերջին հնարավորությունն է քեզ տրվում, Սարումա՛ն: Լքիր Օրթհանքը սեփական կամքով՝ և դու ազատ ես: — Վատ չի հնչում,— քմծիծաղեց Սարումանը: — Գենդալֆ Մոխրագույնը, ինչպես միշտ, քաղաքավարի է և ներողամիտ: Իհարկե, առանց ինձ Օրթհանքում քեզ ավելի հարմար կզգաս, բայց այդ ինչու՞ ես պետք է հեռանամ սեփական տանից: Եվ ի՞նչ է նշանակում «ազատ ես»: Ազատ եմ որոշակի պայմաններո՞վ: — Քեզ, երևի, պատուհաններից երևում է, թե ինչու լքես Օրթհանքը,— արձագանքեց Գենդալֆը: — Եթե լավ մտածես, էլի պատճառներ կգտնես. քո հրոսակները ոչնչացված են, հարևաններիդ համար այժմ թշնամի ես, իսկ նոր տիրոջդ խաբել ես, կամ փորձել ես խաբել: Իմացած եղիր, եթե նա հայացքը դարձնի այս կողմ՝ դա կլինի մոխրացնող հայացք: Ասելով «Ազատ ես», ես նկատի ունեմ, որ իսկապես ազատ ես. առանց պարտավորությունների, առանց հսկողության, առանց շղթաների: գնա, ուր ցանկանում ես, նույնիսկ Մորդոր, եթե ուզում ես, միայն թե մի պայմանով. դու կտաս ինձ Օրթհանքի բանալին և քո գավազանը: հետագայում, եթե արժանի լինես, կրկին հետ կստանաս. դրանք վերցվում են որպես երաշխիք: Սարումանի դեմքը կատաղությունից աղավաղվեց և սևացավ, աչքերը բոցկլտացին կարմիր կրակով: Նա խելագարի պես հռհռաց: — Հետագայու՞մ,— ճչաց նա, և չկարողանալով իրենց զսպել, սկսեց ծղրտալ,— հետագայու՞մ: Հետագայում այդ ե՞րբ: Երբ կստանաս Բարադ Դուրի բանալիները, բոլոր յոթ արքաների թագերը և հինգ հրաշագործների գավազաննե՞րը: Ինչպիսի՜ համեստություն: Այդ ժամանակ իմ օգնությունը դժվար թե քեզ պետք լինի: Ո՛չ, ես ավելի՛ կարևոր գործեր ունեմ: Հեռացի՛ր այստեղից, հիմար մի՛ եղիր: Գնա հանգստացի՛ր, հետո՛ կխոսենք, ժամանակ դեռ կա: Եթե հանկարծ քեզ պետք լինեմ, կարող ես գալ, միայն թե առանց այս ավազակների ամբոխի և այդ խղճուկ արարածների, որ կախված են պոչիցդ: Ցտեսությու՛ն: Նա շրջվեց և անհետացավ դռան մթին բացվածքում: — Վերադարձի՛ր, Սարումա՛ն,— տիրական ձայնով գոչեց Գենդալֆը: