— Ես այստեղ եմ, այստե՜ղ: Միայն թե ոչինչ չեմ տեսնում:
Սեմը հազիվ էր լսում Ֆրոդոյի ձայնը, բայց Ֆրոդոն, ինչպես շուտով պարզվեց, այնքան էլ հեռու չէր սահել: Նա չէր ընկել, միայն սահել էր փորի վրա՝ բարեբախտաբար ժայռը հարթ էր, իսկ քամին թիկունքից էր փչում, և հայտնվել էր ավելի լայն ելուստի վրա: Նրա սիրտը կատաղի բաբախում էր: Ավելի հարմար տեղավորվելով՝ նա դեմքով սեղմվեց սառը քարին: Շուրջը սևից էլ սև էր. կամ խավարն էր խտացել, կամ աչքերն էին դադարել տեսնել: «Գուցե կուրացե՞լ եմ»,— վախեցավ Ֆրոդոն և փորձեց շունչը տեղը բերել:
— Վերադարձե՜ք, վերադարձե՜ք,— անթափանց մթությունից լսվեց Սեմի վախեցած ձայնը:
— Չե՛մ կարող,— արձագանքեց Ֆրոդոն,— ես ոչինչ չեմ տեսնում: — Այստեղ բռնվելու տեղ էլ չկա, հազիվ եմ շարժվում:
— Ո՞նց օգնեմ քեզ, տեր իմ, ոնց օգնեմ,— գոռաց Սեմը՝ կախվելով անդունդի վրա: Այդ ինչու՞ տերը ոչինչ չի տեսնում: Դե հա, մութ է, իհարկե, բայց ոչ այնքան, որ ոչինչ չերևա: Նա Ֆրոդոյին տեսնում էր. միայնակ մոխրագույն կերպարանք՝ տարածված ժայռի վրա: Երևալը երևում է, բայց ո՞նց հասնի նրան:
Կրկին որոտաց ամպրոպը, և սառցե անձրև ու կարկուտ տեղաց: Քարափը մի ակնթարթում ծածկվեց գորշ վարագույրով:
— Հիմա կինջնեմ ձեզ մո՛տ,— գոռաց Սեմը, թեև գաղափար չուներ, թե իջնելուց հետո ինչով կարող է օգնել տիրոջը:
— Ո՛չ, ո՛չ, սպասիր,— ճչաց Ֆրոդոն: Նրա ձայնն ամրացավ: — Ես հիմա ուշքի կգամ, արդեն լավ եմ: Մի՛ շտապիր: Միևնույնն է, առանց պարանի ոչինչ չի ստացվի:
— Պարա՜ն,— ուրախությունից թեթևացած բացականչեց Սեմը: — Ա՜խ դու հիմար: Քեզ կախե՛լ է պետք այդ պարանից՝ մյուս հիմարներին ի տե՛ս: Դու դատարկագլուխ հիմար ես, Սեմ Գեմջի, ինչպես կասեր իմ ծերուկը: Պարա՛ն...
— Հերի՛ք է հիմարություններ դուրս տաս,— ճչաց Ֆրոդոն՝ չիմանալով բարկանա, թե ծիծաղի: — Քո ծերուկն այստեղ ի՞նչ կապ ունի: Ուզում ես ասել, որ գրպանումդ պարա՞ն կա: Դրա համա՞ր ես ինքդ քեզ հայհոյում: Այդ դեպքում գտի՛ր այն ու գցիր այստե՛ղ:
— Ոչ թե գրպանում, տեր իմ, այլ տոպրակում: Այ քեզ բան, հարյուրավոր մղոններ քարշ եմ տվել հետս, բայց հենց պետք եկավ, մոռացա:
— Դե ուրեմն դադարիր խոսել ու ծայրը գցիր ինձ:
Սեմը մի ակնթարթում քանդեց տոպրակի բերանը և սկսեց փնտրել: Հատակին իսկապես մի կծիկ թավշյա մոխրագույն լորիենյան պարան գտնվեց: Սեմը պարանի ծայրը նետեց տիրոջը: Ֆրոդոյի աչքերը պատած խավարի վարագույրը հետզհետե նահանջում էր: