Մենք վտանգված էինք տեսնում բնության կարգը, համենայնդեպս, մեր շրջապատում փայփայած վարքը, որը բացառում էր ընկերոջ կնոջ աչքերի մեջ նայել, երկիմաստ նայել ընկերոջ քրոջը ու ծուռ նայել ընկերոջ երեխային։ Եթե մեծագործությունների ժամանակ չէր, որ հրաշքներ գործեինք մեր մերձավորների համար, եւ կյանքն էլ հեքիաթ չէր, որ երկնքից աստղեր վար բերեինք մեր դուստրերի ճակատն ու բախտը զարդարելու համար, ― գոնե այսքան բան կարող էինք անել՝ մեր տանն ու մեր շրջապատում նրանց հարամ շնչից զերծ պահելու ընդունակ էինք։ Խուճապը չէր անցնում, այնինչ մեր ներքին ձայնը մեզ հուշում էր, որ մեր տներում, մեր հոգատար շնչի տակ արագորեն աճող մեր սիրուն զավակները ուր֊որ է մեզ դուրս են մղելու մեր կյանքի ժամանակի հետուսանողական, հետամուսնական այն հատվածից, որտեղ հազիվհազ հարմարվել֊հաստատվել էինք եւ որը համարում էինք մեր եթե ոչ հավիտենական, գոնե տեւական մի հանգրվան, որը այնքա՜ն մոտ էր մեր երեխաների մանկությանը եւ այնքա՜ն հեռու ծերությունից ու մահից։ Եվ արդեն գիտակցելով մեր դիրքի խախուտությունը, սկսեցինք վտանգի դեմն առնել հասուն տղամարդու ձեռքի տակ եղած ամենայն ինչով, ժամանակի դեմ ընդվզելու միջոցների ողջ զինանոցով֊փողկապով, փողով, սպորտով, ավտոյով֊բանով, հրապուրվելով ու սիրահարվելով, ամեն բան վերստին սկսելու վատթարագույն ձեւով՝ նոր ամուսնությամբ․․․ Ջանալով փոխել իրերի այն ընթացքը, որ ստացվել էր, իբր, անարդարացիորեն՝ մեզանից անկախ պատճառով, նույնիսկ հակառակ մեր լավ հայր ու ամուսին լինելու սրտառուչ երազանքին։ Վերջին մենամարտը տեղի էր ունեցել հարյուր տարի առաջ, եւ աքլորանալու այդ միջոցին էլ փոխարինում էր բակի երեխաների սազական անկանոն ու անչար ձեռնակռիվը, ― ճիշտ է, գնալով հազվադեպ դարձող։ Մեր սերնդի գրասեր պառավ կանանց քույրաբար անհանգստացած ախուվախը, մեր շուրջը հածող գեշուհի բանաստեղծների մեզանով հիացած ու տագնապած տեսքը մեզ վերադարձնում էին «ելման սեղաններին», եւ մեր խմածը մեր քթից գալիս էր, որովհետեւ թե՛ ամոթ էր եւ թե՛ ափսոս, որ մեր կորովի բացառիկ այս պոռթկումն էլ չարժանացավ ավելի լավ հանդիսատեսի, քան բեղերով բանաստեղծուհիներն էին եւ մեր ուսանողական տարիների արդեն պառաված՝ միջանցքի սիրունները, ովքեր այն ժամանակ, մինչ մենք երրորդ կուրս կհասնեինք, հասցրել էին մի երես ամուսնանալ֊բաժանվել, գնում էին երկրորդ շրջանով՝ հարեւանցի բարեւելով ու մեր բարեւը առնելով։ Այնին, մենք նոր֊նոր հարմարվում էինք քաղաքի կենտրոնին։
Մայրաքաղաքի այդ տոնական կյանքից այլեւս երբեք չկտրվելու վճռականությամբ լեցուն, ― մենք՝ արվարձաններից, գյուղերից ու մանր քաղաքներից եկածներս, թոշակի, հանրակացարանի, պահակության հարց էինք լուծում, բավարարվում էինք հպանցիկ սիրահարությամբ ու թեթեւ սիրախաղով եւ մեր տղայական սկիզբը հա՛ փլուզվող մեր կամքի բռան մեջ տառացիորեն սեղմած՝սրտում սեղմած՝սերտում էինք դասի նվազագույնը, դնում էինք մեր ապագայի հիմքը՝ մեր խելքի, մեր ծնողների կարողության չափով։ Միջանցքներում մեզ հունից հանում էին լսարաններ չմտնող սիրունները, ընթերցասրահներում գրքերի վրա կենտրոնանալ չէին թողնում հազվադեպ ուսումնասեր գեղեցկուհիները, բայց մենք հասկանում էինք, որ առաջին քննաշրջանը պիտի հաղթահարենք։ Հանրակացարանների մեր հարկերում մեզ սուրճ, մուրաբայով թեյ, երբեմն էլ տապակած կարտոֆիլ էին հրամցնում գյուղերից ու մանր քաղաքներից հետներս բերած՝ արեւահարված֊վտիտ կամ կարմրաթուշ֊չաղլիկ ուսումնատենչ մեր աղջիկները։ Իհարկե, սիրահարություններ լինում էին։ Կային նաեւ աչքաբաց զույգեր, որ բանը արագ հասցնում էին աբորտի, ինչը անմիջապես հայտնի էր դառնում ուսանողական թաղամասին՝ մանրամասնորեն․ ովքեր էին, որտեղից, որ սենյակից, քանի ամսական էր։ Բայց հիմնականում դասական երաժշտություն ու «Բիթլզ» էինք լսում, իսկ ով հաջողացրել էր «Հիսուս Քրիստոսը սուպերաստղ» ռոք֊օպերան լսել մի տեղ, մի քանի շշից հետո սկսում էր մեղեդին պատմել։ Պարում էինք հանրակացարանի սենյակի չափերին խիստ հարմար տանգո, խմում էինք կարմիր «Գառնի» ու սպիտակ «Մեղրաձոր», քնում էինք անհանգիստ քնով, արթնանում՝ լուսաբացի ցողը ռունգերին առած ցլիկների նման առույգ ու գեղեցիկ, եւ հանրակացարանների բլուրներից անհամբեր իջնում էինք քաղաք։
Իսկ նրանք լսարան չէին մտնում։ Նրանք համալսարան էին գալիս միջանցքներում երեւալու համար։ Ճեմում էին միջանցքներում, նստում էին սուրճ խմելու կենտրոնական զույգ սրճարաններից այն մեկում, որը մոտ էր կանանց զուգարանին։ Երկրորդ հարկի այդ կենտրոնական ֆոյեն համալսարանի անցուդարձի խաչմերուկն էր, միաժամանակ գլխավոր դահլիճի ճեմասրահը՝ ժողովների ու համերգների, այլեւայլ նշանակալից երեկոների ժամանակ, նաեւ ժամադրավայր էր թեւային շենքերում սովորող ու աշխատող ժողովրդի համար, եւ, բնականաբար, այդ ֆոյեն սպասարկող զույգ սրճարաններում մեկական կակտուս կար դրված թաղարի մեջ։ Տպավորությունը փչացնող միակ բանը նրբերշիկ խաշող սարքի գոլորշին էր, բայց դրա հետ անհնար էր չհաշտվել, որովհետեւ այդ արտոնյալ տեղը միակ տաք բանը խաշած նրբերշիկն էր։ Ուսանողները իրենց տաք ճաշը ուտում էին իրենց թեւաշենքերի մառանահարկերի ճաշարաններում։ Երկվորյակ կակտուսների զույգ այդ սրճարանները տարբերվում էին հաճախորդի կազմով։ Այն, որ տղամարդկանց զուգարանի ու պատմության ֆակուլտետի կողմն էր, այդտեղ նստում, դանդաղ ծամում էին պատմության, իրավաբանության, տնտեսագիտական (որ կանանց զուգարանի կողմն էր) ֆակուլտետների դասախոսներն ու միջին ադմինիստրացիան, իսկ այս մեկում թեթեւ նախաճաշում, սուրճ ու տոմատի հյութ էին տեւականորեն խմում պակաս պաշտոնական ֆակուլտետների ժողովուրդը, միջանցքի սիրունները, նրանցով շահագրգիռ դրսի ջահելները եւ մենք, որ այստեղի անյուղ երշիկն ու տապակած―սառը թոքը գերադասում էինք ֆիզիկայի ֆակուլտետի ճաշարանի առողջարար ջրալի ճաշից։ «Ազատ բարքերի» այդ սրճարանից, այնուամենայնից, աղջիկները դուրս էին գալիս ծխելու կողքի զուգարանում։ Մեզ փող էր պետք, գրողը տանի։ Փող պետք էր թեկուզեւ կողքի սեղաններին ամբողջ ժամանակ նստած լինելու համար։ Մեր գիտակցությանը դեռ չէր հասել, որ մեր բաժին սիրունները դեռ սովորում են դպրոցի 9֊րդ, 10֊րդ դասարաններում, եւ համառորեն մեզ պահում էինք նրանց մոտերքում։