— Բա ինչո՞ւ է էդ դեպքում հենց էս կողմ սողում:
— Կամա՛ց, Սե՛մ,— շշնջաց Ֆրոդոն: — Գուցե նա մեր հո՞տն է առել: Եվ լսում է, կարծես թե նա, էլֆերից ոչ վատ: Երևի ինչ-որ բան լսել է: Օրինակ՝ մեր ձայները: Ախր իջնելուց էնպես էինք գոռում... Եվ քիչ առաջ էլ շշուկով չէինք խոսում: — Դե, նա ինձ արդեն զզվեցրերց,— ասաց Սեմը: — Մինչև հիմա դիմացել եմ, բայց հերիք է: Ուզում եմ նրան մի քանի փաղաքշական խոսք ասել, մանավանդ որ, նրանից փախչել, երևում է, չի ստացվի: Եվ գլխին քաշելով մոխրագույն գլխանոցը, Սեմը սողաց դեպի քարափը: — Զգո՛ւյշ,— հետևելով նրան շշնջաց Ֆրոդոն,— չվախեցնե՛ս նրան: Նա ավելի վտանգավոր է, քան թվում է: Սև արարածն արդեն իջել էր ճանապարհի երեք քառորդը, և տասնինգ ֆուտից պակաս էր մնում մինչև քարափի ստորոտը: Հոբիթները, դարան մտած քարաբեկորի հետևում, ուշադիր հետևում էին Գոլլումին: Վերջինս, ըստ երևույթին, կամ հայտնվել էր փակուղում, կամ ինչ-որ բանից անհանգստացել էր: Լսվեց նրա ֆսֆսոցը, հետո նա չարությամբ ֆշշացրեց՝ ասես հայհոյեց, բարձրացրեց գլուխն ու, հոբիթներին թվաց, թե թքեց: Այնուհետև կրկին շարժվեց առաջ: Եվ լսվեց նրա խռպոտ, ճռճռան ձայնը: — Ախ, սսս, զգույշշ, իմ սքանչելի: Շտապեսսս՝ վիզդ կկոտրեսսս: Մենք չչենք ուզում մեր վիզը կոտրել, չէ՞, սսքանչելի: Չէ, չե՛նք ուզում, գո՛լլում, գո՛լլում: — Նա կրկին բարձրացրեց աչքերը, նայեց լուսնին և կկոցեց: — Մենք ատու՛մ ենք այն,— ֆշշացրեց նա,— զզվելի՛, զզվելի վախկոտ լույսսսսս: Այն լրտեսում է մեզ, իմ սքանչելի, խցկվում է մեր աչքերի մե՛ջ: Որքան նա իջնում էր ներքև, այնքան նրա խռպոտ ձայնը ավելի հստակ էր հնչում. — Որտե՞ղ է այն, որտե՞ղ է իմ սքանչելին: Այն մե՛ր սքանչելին է, մե՛րը, մենք հե՛տ ենք ուզում այն: Գողե՛ր, գողե՛ր, կեղտոտ փոքրիկ գողե՛ր: Որտե՞ղ ենք նրանք, որտե՞ղ է ին աքանչելին, ստորնե՛ր, ատելինե՛ր: — Երևում է չգիտի հա՞, որ մենք էսռեղ ենք,— շշնջաց Սեմը: — Իսկ ի՞նչն է նրա սքանչելին, երևի... — Սսսս,— շշնջաց Ֆրոդոն,— նա արդեն մոտ է, կլսի՛: Եվ իսկապես, Գոլլումը հանկարծ կտրուկ կանգ առավ, և նրա մեծ գլուխը պտտվեց այս ու այն կողմ՝ ասես ականջ էր դնում: Սեմը զսպեց իրեն, թեև ձեռքերը դողում էին: Նա զայրույթով ու զզվանքով զննում էր չարաբախտ արարածին: Գոլլումը կրկին սողաց՝ ինչ-որ բան քթի տակ շշնջալով ու ֆշշացնելով: Ի վերջո նա կախվեց հոբիթների գլխավերևում, գետնից տասներկու ֆուտ բարձրության վրա: Ժայռն այստեղ կախված էր գետնի վրա, և նույնսկ Գոլլումը կառչելու տեղ չգտավ: Նա փորձեց շրջվել ոտքերով ներքև և թռչել, բայց չկարողացավ կառչած մնալ և, սուր ճիչ արձակելով, ընկավ, սարդի պես ձեռքերը սեղմելով մարմնին: Սեմը դուրս թռավ թաքստոցից, երկու ցատկով հասավ Գոլլումին և, մինչ վերջինս կհասցներ ուշքի գալ, նստեց նրա վրա: Սակայն նույնիսկ անակնկալի եկած Գոլլումն իրեն չկորցրեց: Սեմը դեռ չէր հասցրել թշնամուն ինչպես հարկն է սեղմել գետնին, երբ վերջինիս ճկուն ձեռքերն ու ոտքերը փաթաթվեցին հոբիթին և սեղմեցին նրան, թույլ չտալով շարժվել: Կպչուն մատները շոշափեցին կոկորդը, սուր ատամները խրվեցին ուսը: Սեմը միայն հասցրեց գլխով ուժեղ հարվածել Գոլլումի դեմքին: Գոլլումը ֆշշացրեց ու թքեց, բայց ձեռքերը բաց չթողեց: Եթե Սեմը մենակ լիներ, ամեն ինչ վատ կվերջանար: Բայց Ֆրոդոն, Ջարդողը պատյանից դուրս քաշելով, նետվեց օգնության: Նա բռնեց Գոլլումի նոսր, յուղոտ մազերից և գլուխը շրջեց այնպես, որ նրա չարությամբ լցված գունատ աչքերը նայեն երկնքին: — Բա՛ց թող նրան, Գոլլում,— հրամայեց Ֆրոդոն: — Սա Ջարդողն է և այն շա՛տ սուր է: Դու արդեն մի անգամ տեսել ես այն: Բա՛ց թող, թե չէ կոկորդդ կկտրե՛մ: Գոլլումը թուլացավ և կակղամորթի պես բացվեց: Սեմը ոտքի կանգնեց, շփեց վնասված ուսը և բարկացած նայեց անօգնական թշնամուն: