Ֆրոդոն նայեց ուղիղ Գոլլումի աչքերի մեջ, վերջինս խառնված փախցրեց հայացքը:
— Դու գիտես, թե ուր ենք մենք գնում, Սմեագորլ,— ցածր, բայց խստորեն ասաց նա: — Եթե չգիտես էլ, ապա կռահում ես: Մենք գնում ենք Մորդոր, դա առանց այդ էլ հասկանալի պարզ է: Դու գիտես ճանապարհը, այդպես չէ՞:
— Ախ, սսս,— սուլեց Գոլլումը, փակելով ականջները, ասես Ֆրոդոյի ասածները ցավեցրին նրա ականջները: — Մենք կռահում էինք, այո, մենք կռահում էինք: Մենք չենք ուզում, որ հոբիթսները այնտեղ գնան, ճի՞շտ է, սքանչելի: Ինչի՞ համար են բարի հոբիթսները այնտեղ գնում: Այնտեղ մոխիր է ու փոշի, կոկորդդ չորանում է, իսկ ջուր չկա, այնտեղ ամենուր փոսեր են փորված և վխտում են օրքերը, շշատ, շշատ օրքեր: Հոբիթսները լավն են, պետք չէ այնտ-տեղ գնալ:
— Վե՛ր կաց,— կարգադրեց Ֆրոդոն:
Գոլլումը վեր կացավ և մեջքով հենվեց սեղմվեց պատին:
— Պատասխանի՛ր,— ասաց Ֆրոդոն,— քեզ համար ցերե՞կն է հեշտ փնտրել ճանապարհը, թե՞ գիշերը: Մենք հոգնել ենք, բայց եթե դու ընտրես գիշերը, մենք հենց հիմա ճանապարհ կընկնենք:
— Մեծ լույսը ցավեցնում է մեր աչքերը,— բողոքեց Գոլլումը: — Սպիտակ դեմքը երկնքում է, մենք հիմա չենք գնա, ոչ: Պետք է սպասել: Շ-շուտով, շուտով այն կկորչի սարրերի հետևում, այո: Առայժմ մի քիչ հանգստացեք, բարի հոբիթսներ:
— Այդ դեպքում նստիր,— ասաց Ֆրոդոն,— և չփորձե՛ս ծլկել:
Հոբիթները նստեցին Գոլլումի աջ և ձախ կողմերում, հենվեցին պատին և ոտքները մեկնեցին: Սեմն ու Ֆրոդոն պայմանավորվելու ոչինչ չունեին. երկուսն էլ հասկանում էին որ քնել չին կարելի:
Լուսինը հանգիստ լողում էր իր ճանապարհով: Ժայռերի երկար ստվերները ձգվեցին հովտով մեկ, և տարածքը մթնեց: Երկինքը գնալով լցվում էր վառ փայլող աստղերով: Ոչ ոք չէր շարժվում: Գոլլումը նստել էր՝ դունչը հենած ծնկներին և ձեռքերն ու ոտքերը տարածել գետնին: Աչքերը փակ էին, բայց զգացում էր որ ամբողջ մարմնով լարված է. ըստ երևույթին ականջները սրած սպասում էր:
Ֆրոդոն թաքուն նայեց Սեմին: Նրանց աչքերը հանդիպեցին, և երկուսն էլ առանց խոսքերի միմյանց հասկացան: Երկուսն էլ միաժաամանակ թուլացան, հետ գցեցին գլուխները և փակեցին աչքերը: Լռոթյան մեջ լսվում էր նրանց համաչափ շնչառությունը: Գոլլումի ձեռքերը դողացին: Նա գլուխը գրեթե աննկատ թեքեց ձախ, հետո աջ, ապա բացեց սկզբում մի աչքը, հետո՝ մյուս: Հոբիթները ոչ մի շարժում չարեցին: Հանկարծ Գոլլումը զարմանալի ճարպկությամբ վեր ցատկեց տեղից և նետվեց խավարի գիրկը, ինչպես գորտը կամ մորեխը: Բայց Ֆրոդոն ու Սեմը հենց դրան էլ սպասում էին: Գոլլումը երկու ցատկ էլ չհասցրեց կատարել, երբ Սեմը հետևից թռավ նրա մեջքին, իսկ Ֆրոդոն բռնեց ոտքից և գցեց նրան գետնին:
— Ահա և քո պարանը մեկ անգամ էլ պետք եկավ, Սեմ,— ատամների արանքից ասաց Ֆրոդոն:
Սեմն արագ ուղեպարկից հանեց պարանը:
— Այդ ու՞ր էիր շտապում սառը, կոշտ քարերի վրայով, պարոն Գոլլում,— հետաքրքրվեց նա: — Մեզ հետաքրքիր է, շատ-շատ հետաքրքիր է: Քո բարեկամ օրքերի՞ն էիր ուզում այցելել: Ախ դու կեղտոտ, խաբեբա՛ արարած: Այս պարանով ոչ թե ոտքդ, այլ վիզդ է պետք կապել, ու շատ ամուր:
Գոլլումը հանգիստ պառկած էր, ասես քիչ առաջ ինքը չէր փորձում փախչել: Նա չպատասխանեց Սեմին, միայն ատելությամբ լի հայացք նետեց նրա վրա:
— Մեզ միայն պետք է, որ նա չկարողանա փախչել,— ասաց Ֆրոդոն: — Ոտքերը մի կապիր, նա պետք է քայլի: Ձեռքերը նույնպես, նա չորեքթաթ էլ է վազում: Կապիր միայն մի ոտքը և պարանի ծայրը պահիր ձեռքիդ:
Մինչ Սեմը կապում էր, Ֆրոդոն հսկում էր Գոլլումին: Արդյունքն անսպասելի էր. Գոլլումը հանկարծ սկսեց սրտաճմլիկ վնգստալ և թավալվել գետնին՝ փորձելով ատամներով հասնել հանգույցին և կրծել այն: Ի վերջո ստիպված եղան հավատալ, որ Գոլլումն չի ձևացնում: Ֆրոդոն ստուգեց՝ հո ամու՞ր չի կապված: Բայց հանգույցն այստեղ ակնհայտորեն կապ չուներ: Սեմն ավելի բարի դուրս եկավ, քան նրա զրույցները:
— Ինչու՞մն է բանը,— հարցրեց նա Գոլլումին: — Ուզում էիր փախչել, մենք էլ քեզ կապեցինք, բայց ցավ պատճառել բոլորովին չէինք ուզում:
— Ցավու՛մ է, ցավու՛մ է,— սուլում էր Գոլլումը: — Այն սառեցնու՛մ է, այն կծու՛մ է: Անիծյալ էլֆերն են հյուսել այն: Չա՛ր, դաժա՛ն հոբիթսներ: Ահա՛ թե ինչու էինք մենք ուզում փախչել, իմ սքանչելի, ահա՛ թե ինչու: Մենք կռահում էինք, որ նրանք մեզ կտանջեն: Նրանք էլֆերի հե՛տ են շփվում, սարսափազդու և սրատես էլֆերի՛: Հանե՛ք այն, հանե՛ք, ցավու՛մ է:
— Ոչ, չեմ հանի,— ասաց Ֆրոդոն: — Եթե միայն... — Նա մի վարկյան մտածեց,— եթե միայն դու այնպիսի խոստում տաս, որ ես հավատամ:
— Երդվում ենք, երդվում ենք, որ լսող կլինենք, այո, այո-սսս,— տնքում էր Գոլլումը, շարունակելով ոտքը բռնած գալարվել: — Ցավո՛ւմ է, հանե՛ք այն:
— Երդվու՞մ ես,— հարցրեց Ֆրոդոն:
— Սմեագորլը երդվում է,— հանկարծ պարզ ձայնով ասաց Գոլլումն ու տարօրինիակ, փայլող աչքերով նայեց Ֆրոդոյին: — Սմեագորլը երդվում է սքանչելիով:
Ֆրոդոն ուղղվեց, և նրա խոսքերն ու խիստ ձայնը կրկին զարմացրին Սեմին:
— Սքանչելիո՞վ,— ասաց նա,— և դու դեռ համարձակվու՞մ ես: Լա՛վ մտածիր:
''Իսկ այս մեկը՝ Ամենազորը, կտիրի մյուսներին
Բոլորին սև շղթաներով կկապի երկրում մթին:''
— Դու հասկանու՞մ ես, թե ինչ է քեզ սպառնում, Սմեագորլ: Իմացած եղիր, այդ երդումը քեզ ամուր կկապի: Բայց սքանչելին քեզանից նենգ է: Այն կարող է դավաճանել քեզ: Զգուշացի՛ր: