</poem>
Գոլլումի երգն անհանգստացրեց Սեմին, և նա կրկին հիշեց այն, ինչն անհանգստացնում էր նրան դեռ այն պահից սկսած, երբ Ֆրոդոն որոշեց Գոլլումին վերցնել որպես ուղեկցող:Հետաքրքիր է, ինչո՞վ պետք է նա սնվի: Սեմը կռահում էր, որ տերը այդ մասին չի մտածել: Եվ առհասարակ՝ ինչո՞վ է Գոլլումը սնվել իր միայնակ թափառումների ժամանակ: «Վատ է սնվել,— մտածեց Սեմը,— անմիջապես երևում է, որ սոված է մնացել: Իսկ եթե ձուկ չբռնվի, գուցե նա չզզվի և փորձի հոբիթի մի՞ս համտեսել: Կքնենք՝ ու հա՛մփ, երկուսիս էլ կուտի: Դե, Սեմ Գեմջի, ուշադիր եղիր, ամբողջ հույսը քո վրա է:» Նրանք երկար քայլեցին մութ, ոլորուն ճեղքվածքի հատակով, այնքան երկար, որ հոգնած հոբիթներին թվում էր, թե ճահիճներին երբեք չեն հասնի: Ճեղքվածքը շրջադարձ կատարեց դեպի արևելք, լայնացավ և դարձավ ոչ այնքան խորը: Վերջապես երկինքը գունատվեց և մոխրագույն երանգ ստացավ: Գոլլումը հոգնածության նշաններ չէր ցուցաբերում, բայց այնուամենայնիվ բարձրացրեց գլուխը, նայեց երկնքին և կանգ առավ: — Շուտով օրը կսկսվի,— անձայն շշնջաց նա, ասես օրը կարող էր լսել ու հարձակվել նրա վրա: Սմեագորլը կթաքնվի այստեղ, ես կթաքնվեմ, և Դեղին Դեմքը ինձ չի նկատի: — Իսկ մենք ուրախ կլինեինք տեսնել արեգակը,— հոգոց հանեց Ֆրոդոն,— բայց մենք այնպես ենք հոգնել, որ ուժ չկա վերև բարձրանալու: — Պետք չէ ուրախանալ Դեղին Դեմքի համար,— նեղացավ Գոլլումը: — Այն մեզ կմատնի: Խելացի, բարի հոբիթսները կթաքնվեն Սմեագորլի հետ: Շուրջը օրքեր և այլ գարշելի արարածներ են վխտում: Նրանք շատ հեռու են տեսնում: Մնացեք այստեղ և թաքնվեք Սմեագորլի հետ: Նրանք տեղավորվեցին ճեղքվածքի կտրուկ լանջի տակ, որն այստեղ արդեն սովորական մարդու հասակին էր: Առուն հոսում էր մյուս լանջի տակով, ոտքերի տակ չոր էր: Ֆրոդոն ու Սեմը նստեցին մեծ, հարթ քարի վրա և և հոգնած փլվեցին լանջին: Գոլլումը, ոտքերով չլմփացնելով, քայլում էր առվի երկայնքով: — Հարկավոր է նախաճաշել,— ասաց Ֆրոդոն: — Սմեագորլ, դու սովա՞ծ ես: Մենք էլ գրեթե ոչինչ չունենք, բայց եղածը կկիսենք: «Սոված» բառը լսելով՝ Գոլլումի խոշոր աչքերը հյուծված դեմքի վրա ավելի որոշակի ընդգծվեցին և փայլեցին կանաչ կրակով: Նա նույնիսկ մի ակնթարթ խեսեց հին, գոլլումյան ֆսֆսացող ձայնով. — Մենք սովածացել ենք, շատ ենք սովածացել, իմ սքանչելի: Իսկ ի՞նչ են նրանք ուտում: Հյութալի ձկնի՞կ: — Եվ նա սուր, դեղին ատամների արանքից դուրս հանեց երկար լեզուն ու ագահորեն լպստեց անգույն շրթունքները: — Ոչ, մենք ձուկ չունենք,— ասաց Ֆրոդոն: — Միայն սա,— նա մի կտոր լեմբաս ցույց տվեց,— և մեկ էլ ջուր, եթե այստեղի ջուրը կարելի է խմել: — Այո, այո-սսս, ջուրը մաքուր է, պատասխանեց Գոլլումը: — Խմեք, խմեք, քանի դեռ կարելի է: Բայց այդ ի՞նչ է նրանց ձեռքին, իմ սքանչելի: Այն համե՞ղ է, այն խրխրթա՞ն է: Ֆրոդոն տերևով փաթաթված գալեթից մի կտոր կոտրեց և տերևի հետ միասին տվեց Գոլլումին: Գոլլումը հոտոտեց տերևը, և նրա դեմքը զզվանքից ու չարությունից ծամածռվեց: — Սմեագորլը գիտի՛ այս հոտը,— ֆշշացրեց նա: — Այս տերևները էլֆերի երկրի՛ց են: Թու՛, գարշելի է: Սմեագորլը մագլցել է այդ ծառերի վրա, և այդ հոտը կպել է նրա ձեռքրին ու ոտքերին, իմ խեղճ ձեռքերի՛ն, իմ սիրելի ոտքերի՛ն: — Նա մի կողմ նետեց տերևը, Լեմբասից կծեց մի կտոր, ծամեց, ապա թքեց ու հազաց: — Ախխխ, ոչ, ոչ,— թքոտելով բխավեց նա,— խեղճ Սմեագորլը ձեր պատճառով քիչ էր մնում խեղդվեր: Փոշի՛ և մոխի՛ր, մենք չենք կարող ուտել այն: Սմեագորլը ստիպված կլինի սոված մնալ: Բայց նա չի նեղանում, ոչ, ոչ: Հոբիթսները բարի են, Սմեագորլը խոստացել է: Նա սոված կմնա: Հոբիթների ուտելիքը Սմեագորլը չի կարող ուտել: Խեղճ, խե՛ղճ Սմեագորլ: — Ափսոս,— ասաց Ֆրոդոն,— բայց ես ոչնչով չեմ կարող քեզ օգնել: