Changes

Մարտին Իդեն, Գլուխ XXXIX

No change in size, 10:08, 9 Մայիսի 2015
Բայց անցավ մի օր, երկու օր, և պատասխան չկար։ «Ուշացածը» մնում էր բաց, շարունակ նույն էջի վրա, իսկ սեղանի տակ գրվածքների կույտը շարունակում էր աճել։ Նա կյանքում առաջին անգամ զգում էր անքնության տանջանքը։ Նա երեք անգամ գնաց Մորզերի մոտ, բայց երեք անգամ էլ սպասավորը հրաժարվեց ներս թողնել նրան։ Բրիսենդենը պառկել էր անկողնում, և Մարտինը հաճախ գնալով նրա մոտ, չէր համարձակվում հայտնել նրան իր դառնությունները։
Իսկ Մարտինը շատ դառնություններ ուներ։ Լրագրողի անարգ արարմունքի հետևանքները գերազանցեցին այն ամենը, ինչ սպասում էր նա։ Փորթուգալացի նպարավաճառը իրոք մերժեց ապառիկ մթերք տալ նրան, իսկ կանաչավաճառ ամերիկացին հայտարարեց, որ Մարտինը հայրենիքի դավաճան ու թշնամի է և, հայրենասիրության նոպայով բռնված, մինչև անդամ անգամ ջնջեց Մարտինի հաշիվը՝ արգելելով նրան գալ իր խանութը պարտք վճարելու համար։ Բոլոր հարևան բնակիչները թշնամաբար էին տրամադրված Մարտինի նկատմամբ, և նրանց վրդովմունքն օրեցօր աճում էր։ Ոչ ոք չէր ցանկանում հարաբերություն պահպանել դավաճան սոցիալիստի հետ։ Խեղճ Մարիան տանջվում էր սարսափով ու տարակույսներով, բայց շարունակում էր լոյալ մնալ։ Դրացի երեխաները, որոնք արդեն մոռացել էին ժամանակին Մարտինին այցելած շքեղ կառքի մասին, հիմա հեռվից բղավում էին. «խուլիգան» և «թափառաշրջիկ»։ Միայն Մարիայի երեխաներն էին մնում անհողդողդ, պաշտպանում էին նրան, մինչև անգամ բազմիցս ճակատամարտ էին մղել նրա պատճառով, և Մարիան, տեսնելով իր երեխաների երեսին կապտած տեղեր ու նրանց ջարդված քթերը, էլ ավելի էր հուսահատվում։
Մի օր փողոցում պատահելով Գերտրուդային՝ Մարտինը նրանից իմացավ այն, ինչ նա ենթադրում էր և դրանից առաջ․ այն, որ Բեռնարդ Հիգգինբոթամը սարսափելի չարացել է Մարտինի վրա, գտնում է, որ նա խայտառակել և հասարակական անարգանքի նշավակ է դարձրել ամբողջ ընտանիքը։ Նա պահանջել է, որ Մարտինը չհամարձակվի ոտք դնել իրենց տունը։
Վստահելի
1396
edits