Նա հոգոց հանեց, քշեց գլխում ծագած գայթակղիչ մտքերը, որ սուրն այստեղ է, պարանի համար էլ հեռու գնալ պետք չէ, ապա գնաց ու նստեց տիրոջ կողքին:
Երբ նա աչքերը բացեց, գլխավերևում երկինքը չափից ավելի աղոտ թվաց: Նախաճաշի ժամանակ շատ ավելի լուսավոր էր: Սեմը տեղից վեր թռավ և հասկացավ, որ եթե ինքը այսպես առույգ է ու սոված, նշանակում է ամբողջ օրը քնել է, է՝ երևի ինը ժամից ոչ պակաս: Ֆրոդոն դեռ չէր արթնացել, իսկ Գոլլումը մոտակայքում չէր երևում: Սեմն արդեն ուզում էր կշտամբել ինքն իրեն և սկսեց հիշել բոլոր այն անբարեհաճ մականունները, որոնցով, կատարելով իր հայրական պարտքը, պարգևատրում էր նրան Ծերուկ Գեմջին, բայց հետո հասկացավ, որ տերը ճիշտ էր. Ոչ ոքից պաշտպանվելու հարկ չկար՝ Գոլլումն անհետացել էր և նրանք երկուսն էլ ողջ էին. ոչ ոք նրանց քնի մեջ չէր խեղդել:
— Ու՞ր է այդ անպիտանը,— բարձրաձայն հարցրեց Սեմը, փոքր ինչ խղճի խայթ զգալով իր կասկածանքի համար: — Տեսնես որտե՞ղ է քարշ գալիս:
— Ոչ հեռու, ոչ հեռու,— վերևից պատասխանեց ձայնը:
Սեմը նայեց վերև: Իրիկնային երկնքի ֆոնին գծագրվեց Գոլլումի մեծ գլուխն ու ցցված ականջները:
— Հեյ, ի՞նչ ես անում այդտեղ,— հարցրեց Սեմը: Ծանոթ կերպարանքի տեսքից նրա կասկածամտությունն անմիջապես վերադարձավ:
— Սմեագորլը սոված է,— ասաց Գոլլումը: — Նա շուտով կվերադառնա:
— Հապա իջի՛ր էդտեղից, ու՞մ եմ ասում,— գոռաց նրա վրա Սեմը:
Սակայն Գոլլումն արդեն անհետացել էր: Սեմի ճչոցներից Ֆրոդոն արթնացավ և աչքերը տրորելով նստեց:
— Բարև,— ասաց նա,— ի՞նչ է պատահել: Ժամը քանի՞սն է:
— Դեռ չգիտեմ,— պատասխանեց Սեմը,— բայց արևը, կարծես թե, մայր է մտել: Իսկ Գոլլումը ծլկեց: Ասաց՝ սոված է:
— Մի անհագստացիր,— ասաց Ֆրոդոն,— կվերադառնա, այ կտեսնես: Դա անխուսափելի է: Որոշ ժամանակ երդումը նրան կպահի, և բացի այդ՝ իր սքանչելիից էլ չի կարող բաժանվել:
Ֆրոդոն ավելի հանգստացավ, երբ իմացավ, որ մի ամբողջ օր խաղաղ քնել են սոված և չկապված Գոլլումի կողքին:
— Զուր մի հիշիր ծերուկիդ,— ասաց նա Սեմին: — Հազիվ էիր ոտքի վրա մնում, իսկ հիմա հանգստացել ես: Համաձայնվիր, որ ամեն ինչ լավ ստացվեց, և երկուսս էլ հիանալի հանգստացանք: Առջևում դժվար ճանապարհ է, ավելի դժվար, քան մինչև հիմա:
— Ուտելիքի գործը վատ է,— նկատեց Սեմը: — Մոտավորապես որքա՞ն ժամանակ կպահանջվի գործն ավարտին հասցնելու համար: Իսկ հետո, երբ ավարտին հասցնենք, ի՞նչ պետք է անենք: Բան չեմ ասում, այս ճանապարհային գալեթները, իհարկե, հիանալի են, շնորհակալություն էլֆ հացթուխներին, բայց միևնույնն է, դրանցով, կոպիտ ասած, ստամոքսդ չես լցնի: Եվ հետո մի դժբախտություն էլ կա. ինչքան շատ ենք ուտում, էնքան քիչ է մնում: Եթե գոտիներս պինդ ձգենք, երևի երեք շաբաթ կբավականացնի: Վերջին ժամանակներս չափն անցանք: Եվ իզուր:
— Ես չգիտեմ, թե ինչքան ժամանակ է հարկավոր,— պատասխանեց Ֆրոդոն: — Մենք չափազանց երկար թափառեցինք լեռներում: Բայց ահա՛ թե ինչ կասեմ քեզ, Սեմ Գեմջի, իմ թանկագի՛ն հոբիթ, իմ ամենալա՛վ ընկեր: Պետք չէ մտածել, թե ինչ կլինի հետո, երբ, ինչպես դու ես ասում, գործն ավարտին հասցնենք: Հույսը շատ աղոտ է, բայց եթե հանկարծ մեզ հաջողվի ավարտին հասցնել, ո՞վ գիտի, թե դրանից հետո ի՜նչ կլինի: Պատկերացրու՝ համիշխանության մատանին ընկնում է կրակի մեջ, իսկ մենք երկու քայլի վրա ենք: Ի՞նչ ես կարծում, ուտելիքի մասին մտածելու ժամանակ կունենա՞ս: Կասկածում եմ, որ դրանից հետո մեզ ուտելիք պետք կլինի: Չէ, կարծում եմ ինչ-որ մի կերպ քարշ կգանք մինչև Ճակատագրի Լեռ և ամեն ինչ կավարտվի: Ավելին, ինձ թվում է նույնիսկ դա իմ ուժերից վեր է:
Սեմը լուռ գլխով արեց, բռնեց տիրոջ ձեռքը, կռացավ, սակայն չհամբուրեց՝ միայն մի քանի կաթիլ արտասուք թափեց: Հետո շրջվեց, թևքով սրբեց աչքերը, վեր կացավ և սկսեց հետ ու առաջ գնալ՝ փորձելով քթի տակ ինչ-որ մեղեդի սուլել, ապա խեղդված ձայնով ասաց.
— Եվ ու՞ր կորավ այդ չարագործը: