— Դե, ո՞ր կողմ ենք գնում, Սմեագորլ,— հարցրեց Ֆրոդոն: — Պարտադիր պետք է գնանք այս գարշահոտ ճահճուտո՞վ:
— Պարտադիր չէ, պարտադիր չէ,— ասաց Գոլլումը: — Հոբիթսները կարող են ավելի արագ հասնել սև լեռներին և պատվել Նրան իրենց ներկայությամբ: Մի քիչ հետ, մի քիչ կողք,— նա իր ցամաքած ձեռքն ուղղեց դեպի հյուսիս արևելք,— և հոբիթսները դուրս կգան չոր, պինդ ճանապարհի վրա, իսկ այնտեղի բոլոր ճանապարհները տանում են միայն մի ուղղությամբ՝ Նրա մոտ, այո, այո: Եվ Նա Ինքը գիշեր-ցերեկ հսկում է դրանք: Այնտեղ վխտում են օրքերը և շատ ուրախ կլինեն հյուրերի համար: Կբռնեն ու քարշ կտան ուղիղ Նրա մոտ: Հենց այնտեղ էլ նա Ինքը մի ժամանակ նկատեց Սմեագորլին, և նրան բռնեցին: — Գոլլումի մարմնով դող անցավ: — Բայց այդ ժամանակվանից Սմեագորլը շատ բան է սովորել, այո, այո, նա աչքեր ունի, և ոտքերն ու քիթն էլ զուր տեղը չեն: Ես հիմա այլ ճանապարհներ գիտեմ: Դժվար՝ այո, ոչ այնքան կարճ՝ այո, բայց՝ ավելի ապահով: Այնտեղ Նա Ինքը ձեզ չի տեսնի: Եկեք Սմեագորլի հետևից: Սմեագորլը ձեզ կտանի ճահիճների միջով, որտեղ խիտ մառախուղ է, լավ մառախուղ: Եկեք Սմեագորլի հետևից, և այդ ժամանակ, հնարավոր է, որ կհասցնեք շատ հեռու գնալ, մինչ Նա Ինքը կնկատի ու կբռնի ձեզ:
Անքամի և ամպամած առավոտ էր: Ճահիճների գլխին ծանրացել էր գարշահոտ մշուշը: Խիտ, ցածր ամպերը ծածկել էին ամբողջ երկինքը: Գոլլումն ուրախանում էր, որ արև չկա և շտապեցնում էր հոբիթներին: Հազիվ մի փոքր հանգստանալով, նրանք կրկին ճանապարհ ընկան և շուտով սուզվեցին անթափանց մշուշի մեջ: Էմին Մուիլի բարձրավանդակն ու Մորդորի սև լեռները կորան տեսողությունից: Քայլում էին մեկը մյուսի հետևից՝ Գոլլումը, Սեմը, Ֆրոդոն:
— Բոլոր Բեգինսներն ատելի՛ են: Բոլորը, ովքեր տիրում են Սքանչելիին: Այն պետք է մե՛րը լինի:
— Բայց Նա Ինքը կտեսնի, Նա Ինքը կիմանա: Նա կխլի Սքանչելիին մեզանից:
— Նա Ինքն առանց այդ էլ ամեն ինչ տեսնում է, ամեն ինչ գիտի: Նա լսսել է մեր հիմար խոսսստումները և գիտի, որ չ-չենք կատարել իր հրամանը, այո: Հարկավոր է խլել Սքանչելին: Որվականներն Ուրվականներն ամեն տեղ փնտրում են: Խլե՛լ:
— Բայց Նրան չտա՛լ:
— Իհարկե չտալ, քաղցրիկսսս: Ինքդ մտածիր. երբ Սքանչելին մերը լինի, մենք կարող ենք փախչել նույնիսկ Նրանից, հը՞մ: Մենք ուժեղ կլինենք, ավելի ուժեղ, քան Որվականները: Տիրակալ Սմեագո՞րլ, մեծն Գոլլու՞մ: Գոլլում մեծագու՛յնՄեծագու՛յն: Ամեն օր ձկնիկ կուտենք, օրը երեք անգամ, թարմ, համեղ, հենց ծովից: Ամենասքանչելի՛ Գոլլում: Հարկավոր է խլե՛լ Այն: Խլե՛լ, խլե՛լ, խլե՛լ:
— Բայց նրանք երկուսով են: Արագ կարթնանան ու կսպանեն մեզ,— վնգստաց Սմեագորլը՝ գործադրելով վերջին ջանքերը: — Ոչ հիմա: Դեռ շուտ է: Հետո:
— Մենք կարոտե՛լ ենք, ուզու՛մ ենք, բայց... — Այստեղ երկար լռություն տիրեց՝ ըստ երևույթին երկրորդը մտածում էր: — Ասում ես, հետո՞: Թերևս... Գուցե, Նա՞ մեզ կօգնի: Այո, հաստատ կօգնի, այո:
— Ո՛չ, ո՛չ, այդպես չի՛ կարելի,— վնգստաց Սմեագորլը:
— Այո-այո, մենք էլ ուժ չունենք դիմանալու, ուժ չունե՛նք:
Ամեն անգամ, երբ խոսում էր երկրորդ ձայնը, Գոլլումի երկար թաթը դանդաղ սողում էր դեպի Ֆրոդոն, բայց, երբ սկսում էր խոսել Սմեագորլը, կտրուկ հետ էր քաշվում: Վերջապես երկու թաթն էլ, դողալով ու ցնցվելով, ձգվեցին դեպի Ֆրոդոյի կոկորդը:
Սեմն անշարժ պառկած ուշադիր լսում էր՝ կիսաբաց կոպերի տակից հետևելով Գոլլումի յուրաքանրյուր շարժումին: Ա՛յ քեզ բան: Ինքն էլ հիմարաբար մտածում էր, թե Գոլլումը սոված է, դրա համար էլ վտանգավոր է՝ մեկ էլ տեսար խժռեց, չհասցրեցիր նույնիսկ ուշքի գալ: Այժմ նա հասկանում էր, որ ամեն ինչ շատ ավելի սարսափելի է: Մատանին անդիմադրելի ուժով ձգում էր Գոլլումին: ''Ինքը''՝ դա, իհարկե, Սև Տիրակալն է, բայց ո՞վ է ''Նա'', որի մասին հիշատակվեց վերջում: Երևի չարագործ Գոլլումն իր թափառումների ժամանակ ընկերացել է ինչ-որ մի գարշելի արարածի հետ: Բայց Սեմը երկար չմտածեց այդ մասին. իրավիճակը գնալով ավելի վտանգավոր էր դառնում, ժամանակն է միջամտել: Նրա ձեռքերն ու ոտքերը ասես արճիճով լցված լինեին, բայց, այնուամենայնիվ, նա դժվարությամբ վեր կացավ ու նստեց: Ինչ-որ բան Սեմին հուշում էր, որ հարկավոր է զգույշ լինել և ձևացնել, թե ոչինչ չի լսել: Նա բարձրաձայն հոգոց հանեց, հորանջեց և քնկոտ ձայնով հարցրեց.
— Հե՛յ, ժամը քանի՞սն է:
Գոլլումը ֆշշացրեց, սպառնալից կեցվածք ընդունեց, բայց անմիջապես էլ թուլացավ, կպավ գետնին և չորեքթաթ սողաց վերև:
— Բարի՛ հոբիթսներ: Բարի Սեմ,— վերևից ասաց նա: — Քնկոտների մեկն եք դուք, այո, քնկոտների մեկը: Միայն հնազանդ Սմեագորլն էր հսկում: Արդեն իրիկուն է, մութն ընկնում է: Ժամանակն է գնալ:
— «Հըմ, իհարկե ժամանակն է,— մտածեց Սեմը,— ժամանակն է քեզանից ազատվե՛լ:» Բայց անմիջապես էլ գլուխն աշխատեցրեց ու հասկացավ, որ ավելի ճիշտ կլինի Գոլլումին տեսադաշտում պահել:
— Ե՛ս քո ինչն եմ ասել, լավ կլիներ խեղդվեիր, պրծնեինք,— փնթփնթաց նա, սողաց ներքև և արթնացրեց Ֆրոդոյին:
Տարօրինակ էր, բայց Ֆրոդոն արթնացավ թարմացած, հանգստացած: Նա լավ երազ էր տեսել: Սև ստվերը կարճ ժամանակով նահանջել էր, և այստեղ, այս հիվանդ, այլանդակ երկրում, նրան բարի տեսլքներ էին այցելել: Հիշողության մեջ ոչինչ չէր մնացել, բայց սիրտը ջերմացել էր, հոգին թեթևացել, և ''Բեռն'' էլ այնքան չէր ճնշում:
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]