Այս խոսքերից հետո բոլորը տեղ գրավեցին և սուս կացան։ Գերին, տեսնելով, որ ամենքը լուռ պատրաստվել են ունկնդրելու, մեղմ ու հաճելի ձայնով սկսեց իր պատմությունը։
==Գլուխ XXXIX==
Գերին զրուցում է իր կյանքի անցք ու դեպքերը
Ես ծնվել եմ Լեոնի լեռներում ընկած մի գյուղում։ Բնությունն ավելի բարեհաճ ու առատաձեռն է եղել մեր տոհմի նկատմամբ, քան բախտը։ Ասենք, աղքատ մի ժողովրդի մեջ իմ հայրը հարուստ մարդու համբավ էր հանել և, իրոք, հարուստ էլ կլիներ, եթե նա չունենար ավելի սեր մսխելու, քան կարողություն կուտակելու։ Առատաձեռնության և շռայլության այդ սովորությունը նա պահպանել էր երիտասարդ հասակից, երբ որ զինվոր էր։ Որովհետև ռազմական ծառայությունը մի դպրոց է, որտեղ խնայողը առատաձեռն է դառնում, իսկ առատաձեռնը՝ շռայլ, իսկ եթե զինվորների մեջ պատահում են ժլատներ, ապա որպես հրեշներ, շատ սակավ են հանդիպում։ Իմ հայրը առատաձեռնության սահմաններից անցնում էր և մոտենում շռայլներին, իսկ այդ հատկությունը ամուսնացած մարդու համար ձեռնտու չէ, որովհետև նա պիտի տա իր որդիներին իր անունն ու կարողությունը։ Մենք երեք եղբայր էինք, երեքս էլ արհեստ ընտրելու համար խորհելու հասակում։ Հայրս, տեսնելով, որ ինքն իր բնության դեմ անզոր է, վճռեց զրկել ինքն իրեն առատաձեռն ու շռայլ լինելու հնարավորություն տվող գործիք ու միջոցից, այն է՝ հրաժարվել կարողությունից, առանց որի Ալեքսանդր Մեծի ձեռքը պինդ կթվար։ Մի օր նա մեզ երեքիս էլ կանչեց իր սենյակն ու առանց օտար վկաների մեզ ասաց հետևյալը․ «Զավակներս, ձեզ ասած լինելու համար, թե ես ձեր լավն եմ ուզում, բավական է գիտենալ և ասել, որ դուք իմ զավակներն եք, և հասկանալու համար, որ ձեր վատն եմ ուզում, բավական է իմանալ, որ չեմ կարողանում ստիպել ինքս ինձ պահպանել ձեր կարողությունը։ Ուստի, որպեսզի դուք այսուհետև հավատացած լինեք, որ ես ձեզ սիրում եմ հարազատ հոր պես և ոչ թե կամենում կործանել խորթ հոր նման, ես ուզում եմ առաջարկել ձեզ մի ծրագիր, որ վաղուց հետև մտածել ու նախապատրաստել եմ հասուն խորհրդածությամբ։ Դուք հասել եք այն հասակին, երբ որ պետք է խորհել գործի մասին, առնվազն՝ արհեստի, որ հետագայում ձեզ պատիվ ու շահ կարողանար բերել։ Ես միտք եմ արել մեր կարողությունը չորս մասի բաժանել։ Երեքը կտամ ձեզ, ամեն մեկիդ՝ հավասար մաս, ինչպես վայել է, իսկ չորրորդը կպահեմ ինձ, որպեսզի ապրեմ և գոյություն պահպանեմ այնքան օր, որքան երկինքը հաճի ուղարկել ինձ։ Սակայն ես կկամենայի, որ ձեզնից յուրաքանչյուրը իրեն հասանելիք մասն ստանալուց հետո ընտրեր երեք ուղիներից մեկը, որ ես ձեզ մատնանիշ կանեմ։ Մեր Իսպանիայում, իմ կարծիքով, մի շատ ճիշտ առած կա, ինչպես, ասենք, բոլոր առածները, որովհետև նրանք հակիրճ ասվածքներ են՝ դուրս բերված երկարատև փորձից։ Ակնարկածս առածն ասում է․ «Եկեղեցի, ծով կամ արքունիք»։ Դա կնշանակի՝ ով որ կամենում է գործունյա և հարուստ մարդ դառնալ պետք է սպասավորի եկեղեցուն, կամ նավ նստի, որ առևտրով զբաղվի, կամ թե թագավորի պալատում ծառայության մտնի, որովհետև, ինչպես ասում են, թագավորի փշրանքն ավելի արժե, քան կալվածատիրոջ շնորհը։ Ասելս այն է, որ ես կկամենայի, դա է իմ կամքը, որպեսզի ձեզնից մեկը նվիրվի գիտության, մյուսը՝ առևտրին և երրորդը ծառայի թագավորի զորքի մեջ՝ նկատի առնելով, որ նրա պալատը մտնելը շատ դժվար է։ Թեև ռազմական գործը մեծ հարստություն չի բերում, սակայն առնվազն փառք ու պատիվ է տալիս։ Մի շաբաթից ձեզնից յուրաքանչյուրը կստանա իր մասը փողով, և մեկ գրոշ պակաս չի լինի։ Դե, հիմա ասացեք, պատրա՞ստ եք արդյոք հետևելու իմ կարծիքին ու խորհրդին, որ ես վերև հայտնեցի»։ Նա դիմեց ինձ՝ որպես ավագի։ Ես խնդրեցի, որ նա իր կարողությունը չբաժանի, այլ թողնի իր տրամադրության տակ։ Ցուցադրեցի, որ մենք արդեն վաստակելու հասակում ենք և ավելացրի, որ կհնազանդեմ նրա կարգադրության և կմտնեմ զորքի մեջ՝ ծառայելով միաժամանակ Աստծուն ու իմ թագավորին։ Երկրորդ եղբայրս նույն նկատողություններն արեց և ընտրեց կտրել֊անցնել Ամերիկա իրեն հասանելիք մասով։ Կրտսերը, որ, ըստ իս, ամենից իմաստունը եղավ, ասաց, որ կկամենար մտնել եկեղեցի կամ Սալամանկա գնալ՝ իր ուսումն ավարտելու համար։
Մեր համաձայնության գալուց հետո հայրս մեզ գրկեց և նշանակած ժամկետին յուրաքանչյուրիս տվեց իր մասը փողով, որքան հիմա հիշում եմ, գումարը հասնում էր երեք հազար Դուկատի։ Հայրս մեր կալվածքը վաճառել էր մեր հորեղբորը, որը, չկամենալով, որ օտար ձեռք անցնի, անմիջապես վճարել էր նաղդ փողով։ Նույն օրը մենք, երեքս էլ, հրաժեշտ տվինք հորս։ Սակայն ճամփա ընկնելուց առաջ, որովհետև ինձ տմարդություն էր թվում լքել ծերացած հորը այնքան չնչին միջոցներով, ես ստիպեցի, որ նա ետ վերցնի երկու հազար դուկատ իմ երեք հազարից՝ կարծելով, որ մնացածը բավական կլինի ռազմական կարգ ու սարք ձեռք բերելու համար։ Իմ երկու եղբայրները, դրդված իմ օրինակից, տվին հորս հազարական դուկատ, այնպես որ նրա մոտ չորս հազար դուկատ մնաց, բացի այդ, երեք հազար արժողությամբ գույքը, որ նա չկամեցավ վաճառել։ Վերջապես մենք անջատվեցինք նրանից և հորեղբորիցս, որին ես արդեն հիշատակեցի։ Հրաժեշտը սրտաշարժ էր, շատ արցունք թափվեց, հայրս մեզնից խոսք վերցրեց, որ ամեն անգամ, երբ առիթ ներկայանա, մենք լուր տանք նրան մեր հաջողությունների և անհաջողությունների մասին։ Մենք խոստացանք, նա մեզ գրկեց և օրհնեց, ապա թե եղբայրներիցս մեկը ճամփա ընկավ Սալամանկա, մյուսը՝ Սևիլյա, իսկ ես՝ Ալիկանտե, որտեղ տեղեկացա, թե մի ջենովացի նավ, բրդով բեռնած, շուտով դուրս է գալիս Ջենովա։
Ահա քսաներկու տարի է, ինչ ես լքել եմ հայրենական հարկս և ամբողջ այդ ժամանակի ընթացքում, թեև բազմաթիվ նամակներ եմ ուղարկել, ոչ մի անգամ լուր չեմ ունեցել ո՛չ հորիցս, ո՛չ եղբայրներիցս։ Հիմա պատմեմ կարճառոտ, թե այդ տարիների ընթացքում ինչեր են անցել գլխովս։ Ես նավ նստեցի և բարեհաջող կերպով հասա Ջենովա, որտեղից գնացի Միլան, ձեռք բերեցի զենք և այլ զինվորական պարագաներ և մտադիր էի մտնել Պիեմոնտեի բանակը, սակայն Ալեքսանդրիա դե լա Պալլայում լսեցի, որ հռչակավոր դուքս Ալբան մեկնում է Ֆլանդրիա։ Ես փոխեցի որոշումս, միացա նրան, նրա հետ կատարեցի ողջ այդ արշավանքը, ներկա եղա Էգմոն և Հոռն կոմսերի մահապատժին<ref>Նիդերլանդիայի անկախության համար իսպանական տիրապետության դեմ մարտնչող Էգմոնտ և Հոռն կոմսերը մահապատժի են ենթարկվել 1568 թվի հունիսի 5֊ին։</ref> և, գուադալախարացի երևելի կապիտան Դիեգո դե Ուռբինայի<ref>Այդ նույն կապիտանի հրամանատարության տակ է ծառայլե Սերվանտեսը, երբ վիրավորվել է Լեպանտոյի մոտ մղված ճակատամարտում (1571 թ․ հոկտեմբերի 7֊ին): </ref> հրամանատարության տակ հասա դրոշակակրի աստիճանի։ Ֆլանդրիա հասնելուցս մի քանի օր հետո հայտնի դարձավ, որ վեհափառ և երջանկահիշատակ Պիոս V պապը դաշն է կռել Վենետիկի և Իսպանիայի հետ ընդդեմ ընդհանուր թշնամու՝ տաճիկների, որոնք հենց այդ միջոցին նավատորմիղով գրավել էին երևելի կղզի Կիպրոսը, որ Վենետիկի իշխանության տակ էր գտնվում՝ ցավալի և դժբախտ կորուստ։
Ստուգապես հայտնի եղավ, որ այդ դաշնակիցների հրամանատարը լինելու է մեր բարի արքա դոն Ֆիլիպի խորթ եղբայր Խուան Ավստրիացին, և որ պատերազմի համար մեծամեծ պատրաստություններ են տեսնում։ Այդ լուրերը հրահրեցին ինձ և բորբոքեցին հոգիս, որ մասնակցեմ առաջիկա արշավանքին։ Եվ, չնայած, որ ես հույս ունեի և անգամ խոստում, որ առաջին իսկ բարենպաստ դեպքում կապիտանի աստիճան կստանամ, այնուամենայնիվ, վճռեցի ամեն ինչ թողնել և գնալ Իտալիա։ Այդպես էլ արի։ Բարեբախտաբար, դոն Խուան Ավստրիացին այդ իսկ ժամանակ եկել էր Ջենովա և Նեապոլ գնալու վրա էր, որպեսզի այնտեղ միանա վենետիկցիների նավատորմիղին, մի բան, որ նա կատարեց հետագայում Մեսսինայում։ Այսպիսով, ես մասնակցեցի մի հռչակավոր և մեծ ճակատամարտի, արդեն կապիտանի աստիճանի հասած,<ref>Ինքնակենսագրական երկտող։</ref> շնորհիվ առավել բարեհաճ բախտի, քան իմ արժանիքների։ Այդ օրը՝ քրիստոնյաների համար այնքան նպաստավոր, խորտակվեց ողջ աշխարհի և բոլոր ազգերի այն սխալ համոզումը, թե տաճիկները ծովի վրա անհաղթելի են, այդ օրը, կրկնում եմ, երբ պախարակվեց օտտոմանյան ամբարտավանությունն ու գոռոզությունը, բազմաթիվ երջանիկների թվում (որովհետև քրիստոնյաները, որ ընկան այդ ճակատամարտում, պետք է կենդանի մնացածներից երջանիկ համարվեն) դժբախտը ես էի։ Փոխանակ ծովային պսակ ստանալու, ինչպես կլիներ հին հռովմայեցիների ժամանակ, այդ փառավոր օրվան հաջորդող գիշերը ես ձեռք ու ոտս շղթայակպ տեսա։ Այսպես պատահեց՝ Ալժիրի թագավոր Ուշալին՝ խիզախ ու հաջողակ մի ծովահեն, շրջապատեց և գրավեց Մալթայի կապիտանի նավը, որի վրա կենդանի մնացին երեք զինվոր, այն էլ՝ ծանր վիրավորված։ Օգնության հասավ Խուան Անդրեայի նավը, որի վրա էի ես իմ խմբի հետ։ Ինչպես հարկն է նման դեպքերում, ես թռա թշնամի նավի վրա, բայց այդ վայրկյանին նավերն իրարից բաժանվեցին, և իմ զինվորները չկարողացան հետևել ինձ, և ես մնացի մենակ թշնամիների միջև՝ ուժասպառ վերքերից և հարկադրված տեղի տալու գերազանց թվին։ Նրանք ինձ գերի առան։ Եվ, որովհետև Ուշալին, ինչպես դուք, երևի, գիտեք, լսել եք, հաջողեց իր ողջ նավատորմիղով փրկվել, նա ինձ հետը գերի վարեց։ Ես միակ տխուրն էի այնքան ուրախների մեջ, միակ գերին՝ այնքան ազատների մեջ։ Չէ՞ որ այդ օրը տասնհինգ հազար քրիստոնյա, որ թիապարտ էին, վերջապես բաղձալի ազատություն ստացան։
Ինձ տարան Կոստանդնուպոլիս։ Սուլթան Սելիմը իմ տիրոջը նշանակեց ծովային գեներալ, որովհետև ճակատամարտում նա կատարել էր իր պարտականությունը և, իբրև ապացույց իր արիության, հետը բերել էր Մալթայի միաբանության դրոշակը։ Մի տարի անց, այսինքն՝ յոթանասուներկու թվին, թիավարելով եռալապտեր նավը,<ref>Երեք լապտեր նավի հետևի կողմում, ծառայում էին որպես ծովակալի նավի տարբերիչ նշան։</ref> ես գնացի Նավարինո։<ref>Սերվանտեսն էլ մասնակցել է այդ արշավանքին, ինչպես և հաջորդ՝ 1572 թվի արշավանքին։</ref> Ես իմ աչքովս տեսա, ինչպես մենք ձեռքից գցեցինք դեպքը՝ գրավելու նավահանգստում տաճկական ողջ նավատորմիղը, որովհետև լևանտեցիներն ու ենիչարները,<ref>Լևանտացիներ ― թուրքական բանակի ծովայիններ․ ենիչարիներ ― ցամաքային զորքեր։</ref> որ նավերի վրա էին, հաստատ հավատացած էին, որ հարձակումը տեղի պիտի ունենա նավահանգստում իսկ, և պահել էին ձեռներում իրենց շորերն ու ոտնամանները, որպեսզի կարողանան ափ իջնել ու փախչել, առանց կռվի սպասելու․ ահա՛ թե որքան մեծ էր նրանց եկյուղը մեր նավատորմիղից։ Սակայն երկինքն այլ կերպ էր տնօրինել, ոչ թե մեր նավատորմիղի հրամանատարի մեղքից կամ սխալանքից, այլ քրիստոնյաների մեղքերի համար և, որովհետև Աստված կամենում ու թույլատրում է, որ մեզ պատժելու համար դահիճները չպակասեն։ Իրավ, Ուշալին քաշվեց Մոդոն, Նավարինոյից ոչ հեռու գտնվող կղզի, որտեղ զորքերը ափ հանելով, նա նավահանգստի մուտքը ամրացրեց և ապահով մնաց, մինչև դոն Խուանի վերադարձը։ Այդ արշավանքի միջոցին մենք գրավեցինք Լա Պրեսա<ref>La presa ― «Ավար»։</ref> նավը, որի կապիտանը հռչակավոր ծովահեն Բարբարոխայի<ref>Բարբարոխա ― Barbaroja ― «Շեկ մորուք»։</ref> որդին էր։ Նապոլիի լա Լոբա<ref>Loba ― «էգ գայլ»։</ref> նավն էր, որ գերի վարեց նրան և որի հրամանատարն էր զինվորների հայր, հաջողակ և անհաղթ կապիտան Ալվարո դե Բասանը, դե Սանտա Կրուսի մարկիզը։<ref>Սերվանտեսն իր գերությունից վերադառնալուց հետո մասնակցել է Տերսեյրա կղզին պորտուգալացիներից վերցնելուն։</ref> Չեմ կարող չպատմել, թե ինչ պատահեց Լա Պրեսայի գրավման միջոցին։ Բարբարոխայի որդին խստասիրտ մարդ էր և վատ էր վարվում ստրուկների հետ, և ահա, երբ որ նրա թիավարողները տեսան, որ Լոբա նավը շեշտակի նրանց վրա է գալիս և շուտով վրա կհասնի, նրանք իսկույն թիերը թողին, բռնեցին կապիտանին, որ կանգնած նավի միջին ու վերջին կայմերի միջև, տախտակամածի վրա գոռում էր, որ նրանք ավելի ուժգին թիավարեն, և ձեռքե֊ձեռք նետելով նրան, մեկ նստարանից մյուսը, սկսելով նավի ետևի մասից մինչև քիթը, նրան ատամներով այնպես էին կրծոտել, որ նրան տախտակամածի բարձրությունից վայր բերելուց հետո նրա հոգին շատ շուտ արդեն սանդարամետք էր իջել, այդքան դաժան էր նրա վարմունքը և սաստիկ ատելությունը նրա դեմ։
Մենք վերադարձանք Կոնստանդնուպոլիս։ Հետևյալ՝ 1573 թվին, հայտնի դարձավ, որ դոն Խուանը գրավել է Թունիսը՝ խլելով տաճիկներից և իշխանությունը հանձնելով Մուլեյ Համետին։ Դրանով նա Մուլեյ Համետին զրկեց իշխանությանը վերադառնալու հույսից, այդ ամենադժնի և խիզախ մավրին, որ երբևէ ապրել է աշխարհիս երեսին։ Սուլթանը շատ տխրել էր այդ կորուստի առիթով և խաբեությամբ, որ հատուկ է նրա ամբողջ ցեղին, նա վենետիկցիների հետ խաղաղություն կնքեց։ Վենետիկցիները կռվի վախճանին ավելի էին փափագում, քան թե ինքը և, հետևյալ՝ յոթանասունչորերորդ տարին նա պաշարեց Գոլետան և Թունիսից ոչ հեռու գտնվող ամրությունը, որ կիսով չափ կառուցել էր սինյոր դոն Խուանը։ Բոլոր այդ ռազմական գործողությունների ժամանակ ես թիավարում էի նավի վրա՝ կորցրած ազատվելու որևէ հույս։ Համենայն դեպս՝ փրկանքի հույս չունեի, որովհետև որոշել էի իմ դժբախտության մասին հորս ոչինչ չգրել։
Վերջ ի վերջո Գոլետան ու ամրությունը գրավվեցին։ Այդ երկու ռազմաճակատներում նրանք յոթանասունհինգ հազար վարձկան տաճկական զորք էին հանել և բովանդակ Աֆրիկայից՝ ավելի քան չորս հարյուր հազար արաբ ու մավր, իսկ այս բազմաթիվ բանակի ետևում այնքան սայլ կար, ռազմամթերք ու ռազմական ճարտարապետ, որ եթե յուրաքանչյուր զինվոր մի բուռ հող գցելու լիներ, ապա Գոլետան էլ, ամրությունն էլ, կծածկվեին հողի տակ։ Նախ անձնատուր եղավ Գոլետան, որ մինչ այդ անառիկ էր համարվում, այն էլ ոչ թե պաշտպանվողների մեղքով, որովհետև վերջիններս արել էին պաշտպանության համար այն ամենը, որ կարող էին և պարտավոր, այլ որովհետև փորձը ցույց տվեց, որ այդ անապատի ավազում շատ հեշտ էր խրամատներ փորելը։ Սովորաբար երկու ոտնաչափ խորը ջուր է դուրս գալիս, իսկ տաճիկները մեկուկես ոտնաչափից խորը չէին փորում։ Նրանք, պարկերը ավազով լցնելով, այնքան բարձր պատնեշ էին շինել, որ իշխում էին ամրոցի պատերի վրա, իսկ պաշարվածները չէին կարողանում պաշտպանվել կամ խանգարել թշնամիներին բարձրությունից հրացան արձակել։
Ընդհանուր կարծիք էր տիրում, որ մերոնք չպիտի փակվեին ամրոցում, այլ, ընդհակառակը, պիտի սպասեին արձակ դաշտում թշնամուն ափ իջեցնելուց խանգարելու համար։ Սակայն այդպես ասողները հեռվանց հեռու էին դատում և նման գործերում բավականին փորձառու չէին։ Գոլետայում և ամրոցում հազիվ յոթ հազար զինվոր կար․ ինչպե՞ս կարող էր այդքան սակավաթիվ մի խումբ, որքան էլ արի լիներ, դուրս գալ դաշտ և պաշտպանել ամրոցը թշնամու նման գերազանց ուժերի դեմ։ Եվ, ընդհանրապես, կարո՞ղ է արդյոք ամրոցը դիմանալ առանց դրսի օգնության, երբ որ բազմաթիվ, գազազած, իր սեփական հողի վրա գործող մի զորք է պաշարում։ Գալով ինձ և շատ ուրիշներին՝ թվում էր, թե ոչնչացումը չարի այդ օջախների, որ սպունգի պես ծծում և ցեցի պես ուտում են բազում միջոցներ, որ աննպատակ ծախսվում են, ― երկնքի մի առանձին շնորհ է և ողորմածություն Իսպանիայի նկատմամբ։ Որովհետև նրանք մեզ ոչ մի օգուտ չէին բերում, եթե հաշվելու չլինենք, որ պահպանում էին անհաղթ թագավոր Կառլոս Հինգերորդի նվաճման հիշատակը։ Սակայն առանց այդ քարերի էլ նրա հիշատակը հավերժական չէ՞ և չի՞ լինելու։ Ապա անձնատուր եղավ ամրությունը։ Բայց տաճիկները ստիպված էին գրավելու թիզ թիզի ետևից, որովհետև պաշտպանները այնպիսի արիությամբ ու կարողությամբ էին կռվում, որ քսաներկու գրոհների ընթացքում թշնամին քսանհինգ հազար սպանված կորցրեց։ Կենդանի մնացած երեք հարյուր մարդուց և ոչ մեկը առանց վերքի գերի չընկավ՝ ստույգ ու ակներև ապացույց նրանց արիության և խիզախության՝ նրանք բոլորն էլ քաջ պաշտպանվում էին և մինչև վերջը մնացին իրենց տեղերում։ Վերջապես ընկավ նաև փորքրիկ ամրությունը, ավելի ճիշտ՝ աշտարակը, որ լճի մեջտեղում էր կանգնած և գտնվում էր վալենսիացի կաբալյերո և փառավոր ռազմիկ դոն Խուան Սանո Դերայի հրամանատարության տակ։ Գերի ընկավ դոն Պեդրո Պուերտոկարրերոն, Գոլենայի պարետը։ Նա ամրոցի պաշտպանության համար արեց ամենը, ինչ որ ի վիճակի էր և այնքան էր տխրել հանձնումի պատճառով և դարդամահ եղավ Կոստանդնուպոլիսի ճամփին, որտեղ նրան տանում էին իբրև գերի։ Նմանապես գերի ընկավ ամրության պարետը, Գաբբիո Սերվելլոն անունով միլանցի մի ազնվական ճարտար ճարտարապետ և արի ռազմիկ։ Այդ երկու ամրոցներում շատ ականավոր մարդիկ կործանվեցին, ի թիվս որոնց ոմն Պագան դե Օրիա, Սան֊Խուանի ուխտի ասպետ, ազնիվ հոգու տեր մի մարդ, որ ապացուցեց այդ իր վեհանձն վերաբերմունքով դեպի իր եղբայր հռչակավոր Խուան Անդրեա դե Օրիան։ Նրա մահը առավել ևս ցավագին էր, որ նա ընկավ արաբների ձեռքից, որոնց վրա վստահացել էր, համոզվելով, որ կորած է վերջին հույսը ամրությունը փրկելու։ Նրանք առաջարկել էին տանել նրան, շորերը փոխած, մավրերի զգեստով, Տաբարկա, փոքրիկ մի նավահանգիստ, կամ ավելի ճիշտ՝ ծովափնյա մի ավան, որ պատկանում էր ջինովացիներին, որոնք այնտեղ մարջան հանելով են զբաղվում, ապա թե կտրեցին նրա գլուխը և տարան տաճիկ նավատորմիղի հրամանատարին։ Վերջինս նրանց հետ վարվեց ըստ մեր իսպանական առածի՝ «դավաճանությունը ձեռնտու է մեզ, բայց դավաճանը՝ ատելի»։ Ասում են, թե հրամանատարը իբրև պարգև իրեն բերածների համար հրամայեց նրանց կախել, որ թշնամուն կենդանի չեն բերել։
Ամրոցում գերված քրիստոնյաների մեջ կար ոմն Պեդրո դե Ադիլար, ծնված Անդալուզիայի չգիտեմ թե ինչ վայրում, որը ամրոցում դրոշակակիր էր, համարվում էր երևելի ռազմիկ և հազվագյուտ խելքի տեր մարդ։ Նա պոեզիա կոչվող արվեստի մեջ առանձին շնորհք ուներ։ Ես նրա համար եմ այդ պատմում, որ բախտը մեզ միացրեց միևնույն նավում և միևնույն նստարանի վրա, որովհետև նա էլ իմ տիրոջ ստրուկը դառավ։ Այդ նավահանգիստը թողնելուց առաջ նա տապանագրի նման երկու սոնետ հորինեց, մեկը՝ նվիրած Գոլետային, մյուսը՝ ամրոցին։ Ես ուզում եմ արտասանած լինել ձեզ, որովհետև անգիր եմ հիշում և կարծում եմ, որ ավելի հաճելի կլինեն ձեզ, քան անհաճո։
Երբ որ գերին դոն Պեդրո դե Ագիլարի անունը տվեց, դոն Ֆերնանդոն նայեց իր ուղեկիցներին, նրանք բոլորն իրար ժպտացին, և այն վայրկյանին, երբ պատմողը ոտանավորներն ասելու վրա էր, կաբալյերոներից մեկն ասաց․
― Նախքան ձերդ ողորմածությունը շարունակի, աղաչում եմ, ասացեք ինձ, թե ինչ պատահեց այդ դոն Պեդրո դե Ագիլարին, որին դուք հիշատակեցիք։
― Ահա թե ինչ գիտեմ ես նրա մասին, ― պատասխանեց գերին։ ― Երկու տարի Կոստանդնուպոլսում մնալուց հետո նա փախավ առնաուտի շոր հագած, մի հույն լրտեսի հետ, բայց ինձ անհայտ է, ազատվե՞ց, թե՞ չէ, թեև կարծում եմ, որ այո։ Մի տարի անց ես պատահեցի այդ հույնին Կոստանդնուպոլսում, բայց ինձ չհաջողվեց հարց ու փորձ անել նրան, թե փախուստն ինչով վերջացավ։
― Նա ազատ է, ― պատասխանեց կաբալյերոն։ ― Այդ դոն Պեդրոն իմ հարազատ եղբայրն է և ներկայիս ապրում է իր ծննդավայրում, հարուստ և առողջ։ Նա ամուսնացած է և երեք զավակ ունի։
― Փառք Աստծուն, ― ասաց գերին, ― աշխարհի երեսին չկա գերագույն երջանկություն, քան ետ բերել կորցրած ազատությունը։
― Ավելին՝ ես գիտեմ եղբորս հորինած սոնետները։
― Դե թող ձերդ ողորմածությունն արտասանի, ― խնդրեց գերին։ ― Դուք ինձնից լավ կոգեք։
― Սիրով, ― պատասխանեց կաբալյերոն։ ― Ահա Գոլետային նվիրված սոնետը։