Ուշադիր նայելով, Ֆրոդոն նկատեց, որ Դրագորլադյան հարթավայրում ինչ-որ աշխուժություն է տիրում: Թվում էր, թե այնտեղ, Ճահճուտն ու ամայի հողերը պատած մշուշի քողի տակ, հսկայական զորք է շարժվում: Մշուշի մեջ ժամանակ առ ժամանակ փայլփլում էին նիզակներ և սաղավարտներ, ճանապարհներով տարբեր կողմերից մոտենում էին հեծյալների ջոկատներ: Ֆրոդոն հիշեց ընդամենը մի քանի օր առաջ Ամոն Հենի գագաթին իրեն այցելած տեսիլքը. թվում էր, թե տարիներ են անցել: Եվ հանկարծ հասկացավ, որ հույսը, որը մի ակնթարթ ջերմացրեց նրա սիրտը, ունայն էր: Հնչում էին շեփորները, բայց դրանք մարտի չէին կանչում, այլ ողջունում էին: Այդ գոնդորցի ռազմիկների ուրվականները չէին Սև Տիրակալից վրեժխնդիր լինելու համար դուրս եկել փառքով պսակված հին գերեզմաններից: Ոչ, դրանք այլ ռասայի մարդիկ էին, որոնք Սև Տիրակալի կոչով եկել էին հեռավոր Արևմուտքից: Գիշերել էին դարպասից ոչ հեռու և այժմ շտապում էին միանալ Մորդորի անդադար մեծացող հզոր բանակին: Եվ հանկարծ Ֆրոդոն հասկացավ, որ միայնակ կանգնած է անհամար թշնամիների դիմաց, և ամեն վայրկյան կարող են իրեն նկատել: Նա արագորեն գլխին քաշեց մոխրագույն գլխանոցը, արագ իջավ քարե խոռոչի մեջ և դիմեց Գոլլումին:
— Սմեագորլ,— ասաց նա,— ես մի անգամ էլ եմ վստահում քեզ: Երևում է, այդպես է պետք: Ըստ երևույթին դա իմ ճակատագիրն է՝ օգնություն ստանալ նրանից, ումից ամենաքիչն էի սպասում, իսկ քո ճակատագիրն է օգնել ինձ, թեև այդքան ժամանակ հետապնդում էիր մեզ չար միտումներով: Մինչև հիմա դու պահել ես քո խոստումը և արժանի ես միայն շնորհակալության: Եվ իսկապես,— ավելացրեց նա՝ նայելով Սեմին,— երկու անգամ մենք ամբողջությամբ քո ձեռքում ենք եղել, բայց դու մեզ ոչ մի վնաս չես պատճառել: Եվ դու չես տրվել գայթակղությանը գողանալ ինձանից այն, ինչն այդքան տենչում ես: Տե՛ս, հուսախաբ չանես երրորդ անգամ: Եվ հիշի՛ր, Սմեագորլ, դու մեծ վտանգի մեջ ես: — Այո-այո, տե՛ր,— գլխով արեց Գոլլումը,— սարսափելի վտանգի մեջ: Սմեագորլի ծնկները վախից դողում են, բայց նա չի փախչում: Նա պետք է օգնի տիրոջը: — Ես այն վտանգը նկատի չունեմ, որը մեզ բոլորիս է սպառնում,— ասաց Ֆրոդոն: — Շատ ավելի մեծ սպառնալիք է կախվել քո գլխին: Դու երդվել ես Սքանչելիով, ինչպես ինքդ ես անվանում՝ չեմ ասի ինչը: Չմոռանա՛ս այդ մասին: Սքանչելին հիշում է քո երդումը, բայց միևնույն ժամանակ այն կփորձի նենգաբար աղավաղել քո մտքերը, որ դու դրժես քո խոստումը: Այն արդեն փորձում է քեզ հրապուրել: Հենց նոր հիմարաբար ինքդ քեզ բացահայտեցիր: Դու ասացիր. «Վերադարձրու Սքանչելին Սմեագորլին»: Այլևս երբե՛ք չկրկնես այդ խոսքերը: Գլխիցդ ցրի՛ր այդ մասին բոլոր մտքերը: Դու էլ երբեք այն հետ չես ստանա: Իսկ եթե չդիմանաս գայթակղությանը՝ դու կորած ես: Դու էլ երբեք այն հետ չես ստանա, Սմեագորլ, բայց եթե այլ ելք չլինի, ես կհագնեմ քո Սքանչելին, իսկ այն արդեն վաղուց ենթարկել է քեզ իրեն: Ես կհագնեմ Սքանչելին և կսկսեմ հրամայել քեզ, իսկ դու ստիպված կլինես հնազանդվել, եթե նույնիսկ հրամայեմ քարափից ցած թռչել, կամ նետվել կրակի մեջ: Զգուշացի՛ր, որովհետև հենց այդպիսին է լինելու իմ հրամանը: Զգուշացի՛ր, Սմեագո՛րլ: Սեմը գուհունակությամբ և տարակուսանքով նայեց Ֆրոդոյին. նա տիրոջը այդպիսին երբեք չէր տեսել, և այդպիսի խոսքեր էլ երբեք չէր լսել նրանից: Նա էլ միշտ մտածում էր, որ սիրելի պարոն Ֆրոդոն չափազանց բարի է ու մի քիչ էլ կույր: Սակայն դա չէր խանգարում Սեմին հավատալ, որ նա, միևնույնն է, ամենախելացին է աշխարհում (բացառությամբ, թերևս, ծեր պարոն Բիլբոյի և Գենդալֆի): Երևում է, Գոլլումն էլ էր այդպես մտածում՝ թեև նրան դա ներելի էր, նա ընդամենը մեկ շաբաթ էր, որ ճանաչում էր Ֆրոդոյին: Նա նույնպես պարոն Ֆրոդոյի բարությունը շփոթում էր կուրության հետ, և այժմ նրա խոսքերից ապշել ու սարսափահար էր եղել: Նա փռվեց Ֆրոդոյի ոտքերի տակ և հազիվ երկու բառ կարողացավ արտասանել. «Բարի տեր, բարի տեր»: Ֆրոդոն մի փոքր սպասեց, որ Գոլլումը հանգստանա, ապա արդեն ավելի փափուկ տոնով ասաց. — Դե ինչ, Գոլլում, կամ Սմեագորլ՝ եթե քեզ այդպես է դուր գալիս, պատմիր, այդ ի՞նչ այլ ճանապարհ է, բացատրիր, ինչո՞վ է այն ավելի ապահով սրանից: Միայն թե արագ, ես շտապում եմ: Բայց Գոլլումն անմխիթար վիճակում էր. Ֆրոդոյի սպառնալիքները նրան ահավոր ընկճել էին: Նրանից ինչ-որ բան իմանալը գրեթե անհնար էր՝ նա անվերջ մրթմրթում էր, սուլում, սողում հոբիթների ոտքերի տակ և խնդրում նրանց, որ խղճան «դժբախտ Սմեագորլին»: Ի վերջո նա մի փոքր հանգստացավ, և Ֆրոդոն մի կերպ կարողացավ հասկանալ հետևյալը. եթե գնաս հարավային ճանապարհով՝ Էֆել Դուաթի երկայնքով, ապա վաղ թե ուշ կհասնես խիտ ծառերով շրջապատված խաչմերուկին: Աջ գնաս՝ կհասնես Օսգիլիաթին և Անդուինի վրայի կամուրջին, ուղիղ՝ կընկնես հարավային երկրներ: — Ուղիղ, ուղիղ, անընդհատ ուղիղ,— ասում էր Գոլլումը: — Մենք այդ ճանապարհով երբեք չենք գնացել, բայց ասում են, որ եթե հարյուր լիգ գնաս, ապա կտեսնես Մեծ Ջուրը, որը երբեք հանգիստ չունի: Այնտեղ շա՜տ-շատ ձուկ կա և մեծ թռչուններ, որոնք ձուկ են ուտում: Համե՛ղ թռչուններ: Մենք այնտեղ երբեք չենք եղել: Շատ ափսոս: Բայց դա դեռ ամենը չէ: Հետո, ասում են, բոլորովին այլ երկրներ են սկսվում, Բայց այնտեղ Դեղին Դեմքը ուժեղ կծում է, ամպեր էլ գրեթե չկան: Իսկ մարդիկ սև դեմքեր ունեն ու սարսափելի չար են: Մենք այնտեղ չենք ուզում գնալ: — Չենք ուզում, չենք ուզում,— հաստատեց Ֆրոդոն,— և չենք էլ գնա: Իսկ ու՞ր է տանում երրորդ ճանապարհը: — Այո-այո, երրորդ ճանապարհ էլ կա,— ասաց Գոլլումը,— ճանապարհ դեպի աջ: Այն միանգամից սկսում է բարձրանալ, անընդհատ վեր ու վեր, մեկ ուղիղ, մեկ ոլորաններով, դեպի բարձունքի սև ստվերները: Հետո շրջանցում է սև ժայռը և՝ տեսնում ես, անմիջապես տեսնում ես այն հենց քո դիմաց, այո: Եվ ուզում ես շտապ թաքնվել ինչ-որ մի տեղ, օ՜ այո: — Ու ի՞նչ ես տեսնում: Ի՞նչ է հենց քո դիմաց: — Հին ամրոց, շա՜տ հին, իսկ այժմ նաև շատ սարսափելի: Մենք շատ հեքյաթներ ենք լսել հարավից այդ ամրոցի մասին, երբ Սմեագորլը դեռ փոքրիկ էր: Այո-այո, երեկոները նստում էին Մեծ Գետի ափին, ուռիների տակ և հեքիաթներ պատմում: Եվ Գետն էլ այն ժամանակ ուրիշ էր, գո՛լլում, գո՛լլում: Նա հեծկլտաց և սկսեց մրմնջալ: Հոբիթները համբերատար սպասում էին: