Լյուդովիկոս XI-ի հայրը՝ Կարլ VII-ը, բարեհաճ ճակատագրի և խիզախության շնորհիվ անգլիացներից Ֆրանսիան ազատագրելով, հասկացավ, թե որքան անհրաժեշտ է զինված լինել սեփական զենքով և հրամայեց ստեղծել մշտական հեծելազոր ու հետևակ։ Ավելի ուշ, նրա որդին՝ Լյուդովիկոսը, արձակեց հետևակն ու ծառայության վերցրեց շվեյցարացիներին։ Այս սխալն ավելի խորացրին նրա հետնորդները, և հիմա դա թանկ է նստում ֆրանսիական թագավորության վրա։ Որովհետև, գերադասությունը շվեյցարացիներին տալով, Ֆրանսիան կոտրեց իր զորքերի մարտական ոգին։ Հետևակի լուծարումից հետո, վարձկան զորքի աջակցությամբ կռվող հեծելազորն արդեն վստահ չէ, որ կարող է սեփական ուժերով ճակատամարտ շահել։ Ստացվում է այնպես, որ շվեյցարացիների դեմ ֆրանսիացիները չեն կարող կռվել, իսկ առանց շվեյցարացիների ուրիշների դեմ չեն համարձակվում։ Հետևաբար, Ֆրանսիայի զորքերը խառն են մասամբ սեփական, մասամբ վարձու և այդ տեսքով մեծապես գերազանցում են ամբողջությամբ վերցված դաշնակցային կամ ամբողջությամբ վերցված վարձու զորքին, բայց մեծապես զիջում են սեփական զինվորներից կազմված զորքին։ Սահմանափակվեմ արդեն հայտնի օրինակով. Ֆրանսիան անհաղթելի կլիներ, եթե կատարելագործեր կամ թեկուզ պահպաներ Կարլի օրոք ստեղծված զորքի կառուցվածքը։ Բայց մարդիկ անխելքության պատճառով հաճախ գեղեցիկ պաճուճանքի մեջ թույնը չեն տեսնում, ինչպես վերևում արդեն ասել եմ թոքախտային տենդի առիթով։
Եթե տիրակալի ուշադրությունից վրիպել է խորացող ախտը, ուրեմն նա մեծ խելքի տեր չէ, քանզի ժամանակին այն նկատելը տրված է քչերին։ Խորհելով Հռոմեական կայսրության անկման մասին, տեսնում ենք, որ նրա անկումն սկսվեց այն պահից երբ, հռոմեացիներն սկսեցին ծառայության վերցնել վարձկան գոթերին, ինչից էլ սկսվեց կայսրության ուժերի հյուծումը։ Ընդ որում, որքան թուլանում էին հռոմեացիները, այնքան ուժեղանում էին գոթերը։ Իբրև եզրափակում կրկնում եմ, որ առանց սեփական զորքի պետությունն անկայուն է, ավելին, այն ամբողջովին կախված է ճակատագրի քմահաճույքից, որովհետև օրհասի ժամին միայն քաջությամբ չես պաշտպանվի։ Իմաստուն մարդկանց կարծիքով ու գնահատմամբ «Qund nihil sit tam infirmum aut instabile, quam fama potentiae non sua vi nixa»[^1]<ref>Չկա ոչինչ ավելի անկայուն ու վաղանցիկ, քան հմայքը, որը հենված չէ սեփական ուժի զորության վրա (լատ․)։</ref>։ Սեփական զորքերն ըստ էության կազմվում են հպատակներից, քաղաքացիներից կամ հավատարիմ մարդկանցից, իսկ մնացած բոլորը կամ դաշնակցային են կամ վարձու։ Իսկ թե դրանք ինչպես պետք է կառուցել դժվար չէ եզրակացնել, եթե քննենք հիշատակածս այն չորս անձանց գորձունեությունը և տեսնենք, թե ինչպես էին ստեղծում և զինում իրենց բանակները։ Ալեքսանդր Մակեդոնացու հայրը՝ Փիլիպոսը և շատ այլ հանրապետականներ ու տիրակալներ, որոնց օրինակն ինձ համար լիովին վստահելի է։
== Գլուխ XIV։ Ինչ պետք է անի տիրակալը ռազմական գործի առնչությամբ ==