Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 3826 բայտ, 00:25, 23 Մայիսի 2015
/* Գլուխ չորորդ. Ճագար՝ եփված և համեմված */
Երբ ստվերները միմյանց խառնվելով վերածվեցին մոխրագույն մթնշաղի, նրանք կրկին ճանապարհ ընկան: Շուտով Գոլլումը համարձակվեց դուրս գալ ճանապարհ, և այժմ նրանք նրանք գնում էին ավելի արագ, թեև ոչ առանց վախի: Գնում էին ամբողջ էությամբ լսողություն դարձած՝ յուրաքանչյուր պահի առջևից կամ հետևից սպասելով սմբակների դոփյունի և ծանր կոշիկների հարվածների: Սակայն ո՛չ հեծյալներ, ո՛չ էլ հետյոտն զինվորներ չհայտնվեցին՝ գիշերն անցավ խաղաղ: Ճանապարհը կառուցվել էր վաղուց մոռացված ժամանակներում: Մորանոնի մոտ, երևում է, վերանորոգել էին, բայց Դարպասից երեսուն լիգ այն կողմ այն ծածկված էր խիտ բուսականությամբ՝ վայրի բնությունն իր գործն արել էր: Սակայն մարդկային աշխատանքի հետքերը դեռ չէին վերացել. սալահատակի հին քարերը դեռ պառկած էին իրենց տեղերում, և ճանապարհը ուղիղ գծով ձգվում էր դեպի հարավ-արևմուտք՝ հատելով ու երկու մասի բաժանելով իր առջև հայտնված բլուրները և անցնելով առուների վրա գցված հինավուրց, քարե լայն կամուրջների վրայով: Բայց շուտով կառուցապատման բոլոր հետքերն աստիճանաբար անհետացան, և միայն երբեմն-երբեմն ճամփեզրին թփերի արանքից կոտրված սյուն էր երևում, կամ ոտքերի տակ՝ ճաքճքած մամուռով պատված սալաքար: Ճամփեզրը և, հետզհետե, նաև ճանապարհը ծածկվեցին հավամրգու թփերով, պտերով ու մատղաշ ծառերով, և ի վերջո ուղին վերածվեց լքված երկրամասի ամայի ճանապարհահատվածի, սակայն այն ևս առաջվա պես ուղիղ, առանց գալարվելու, տանում էր նրանց դեպի նպատակադրված կետը ամենակարճ երթուղով:
Այդպես նրանք հասան հյուսիսային եզրը երկրի, որը մարդիկ մի ժամանակ կոչում էին Իթիլիեն՝ երանելի երկիր, զառիվայր լանջերով մագլցող անտառներով և շառաչող ջրվեժներով: Զարմանահրաշ գիշեր էր, լուսինը գրեթե բոլորել էր, երկինքն աստղազարդ էր, և օդը գնալով ավելի բուրավետ էր դառնում: Սակայն դա Գոլլումին ակնհայտ դուր չէր գալիս. նա փնչացնում էր ու դժգոհ փնթփնթում: Լուսաբացի առաջին շողերի հետ փոքրիկ ջոկատը կրկին կանգ առավ:
Ճանապարհը, հատելով քարքարոտ ժայռը, անցնում էր խորը, երկար կիրճով, որի լանջերը մեջտեղում բոլորովին ուղղաձիգ էին դառնում: Կիրճի վերջնամասում հոբիթները մագլցեցին արևմտյան լանջին և շուրջը նայեցին:
 
Երբ վերջնականապես լուսացավ, նրանք տեսան, որ լեռները տեղաշարժվել են ու լայն աղեղով նահանջել արևելք: Արևմտյան կողմում սահուն ներքև էին իջնում միգապատ նուրբ լանջերը: Ամենուրեք ցրված էին ոչ մեծ պուրակներ՝ միմյանցից առանձնացված ընդարձակ բացատներով: Բացի խեժաբույր եղևնիներից, մայրիներից և նոճիներից կային նաև այլ փշատերև ծառեր, որոնց մասին Հոբիթստանում չէին լսել, իսկ պայծառ լույսով ողողված մարգագետինները լի էին անուշահոտ խոտերով ու թփերով:
 
Ռիվենդելը և հարազատ Հոբիթստանը արդեն շատ վաղուց մնացել էին հեռու հյուսիսում, բայց ողջ ճանապարհորդության ընթացքում միայն այստեղ հոբիթները զգացին գարնան զարթոնքը: Գարնան շունչը զգացվում էր ամենուրեք. մամուռի և տորֆի շերտերը ծածկվել էին մատղաշ ծիլերով, կվենիները կանաչել էին, խոտի միջից դուրս էին նայում զարմացած ծաղիկները և երգում էին թռչունները: Իթիլիենը՝ Գոնդորի լքված, վայրի պարտեզը, նույնիսկ այժմ դեռ պահպանում էր առաջվա հմայքը՝ ասես գզգզված, բայց դեռ գեղեցիկ անտառային հավերժահարս:
 
Իթիլիենից Հարավ և արևմուտք տարածվում էր Անդուինի տաք, արևոտ հովիտը: Արևելյան քամիներից այս տարածաշրջանը, առանց արևի ճառագայթների ճամփան փակելու, պահպանում էր Էֆել Դուաթի լեռնաշղթան, հյուսիսից պաշտպանում էին Էմին Մուիլի լանջերը, բայց հարավից Իթիլիենը ամբողջովին բաց էր ջերմ, խոնավ ծովային քամիների համար: Այստեղ մեծ քանակությամբ դեռևս հնագույն ժամանակներում տնկված հսկա ծառեր էին պահպանվել, որոնց մասին հիմա ոչ ոք հոգ չէր տանում, և դրանք դանդաղ ծերանում էին՝ շրջապատված իրենց բազմաթիվ երիրտասարդ ու անխոհեմ սերունդներով: Խիտ շարքերով տարածվում էին անուշաբույր կարմրանները, ձիթենիներն ու դափնիները, հադիպում էին գիհու և մրտենու թփուտներ: Խոտածածկ սալաքարերի վրա տարածվել էին ուրցի կոշտ թփերը, եղեսպակը ծաղկել էր կապույտ, կարմիր ու գունատ-կանաչ ծաղիկներով, գանգրանում էր մաղադանոսը, առաջին ծիլերն էր արձակում անուշահոտ վայրի սուսամբարը: Կային նաև այլ բույսեր, որոնց մասին Սեմն ընդհանրապես գաղափար չուներ:
Վստահելի
1342
edits