Արագորնը ափն առաջ պարզած բարձրացրեց ձեռքը՝ ի նշան բանակցությունների:
— Իջիր ցա՛ծ, արի այստե՛ղ,— ծաղրանքով ոռնացին օրքերը: — Եթե ուզում ես բանակցել՝ իջիր մեզ մո՛տ: Եվ չմոռանաս հետդ բերել թագավորին: Մենք Ուրուկ հայ Ուրուք Հայ անպարտելի մարտիկներ ենք և, միևնույնն է, դուրս կհանենք քո տիրակալիկին իր որջից: Ավելի լավ է իր կամքով գա: Դե շուտ արա, բե՛ր թագավորին, թաքնվելը նրան չի՛ փրկի:
— Թագավորն ինքն է որոշում՝ դուրս գա, թե մնա ամրոցում,— պատասխանեց Արագորնը:
— Եթե այդպես է, դու՞ ինչու ես ցատկել այդտեղ: Քեզ ի՞նչ է պետք: Ուզում ես հաշվել, թե որքան ենք մնացե՞լ: Մենք Ուրուկ հա՛յ Ուրուք Հա՛յ ենք, մեզ թիվ ու քանակ չկա՛:
— Ես դուրս եմ եկել լուսաբացը դիմավորելու,— ասաց Արագորնը:
— Իսկ մեզ ի՞նչ քո լուսաբացը: Մենք Ուրուկ հա՛յ Ուրուք Հա՛յ ենք, մենք կռվում ենք և՛ ցերեկը, և՛ գիշերը, մեզ ո՛չ արևն է վախեցնում, ո՛չ էլ ամպրոպը: Մենք եկել ենք սպանելու, և կարևոր չէ, արևն է երկնքում կախված, թե լուսինը: Ինչի՞դ է պետք լուսաբացը:
— Չես կարող իմանալ, թե ինչ կբերի նոր օրն իր հետ,— պատասխանեց Արագորնը: — Ավելի լավ է, քանի շուտ է հեռացեք այստեղից, թե չէ մեկ էլ տեսար ճակատագիրը երես թեքեց ձեզանից: