— Լավ,— համաձայնեց Սեմը: — Դե ուրեմն ես քեզ քնքշորեն խնդրում եմ: Իսկ եթե դա քիչ է, ապա խոնարհաբար եմ խնդրում:
Գոլլումը չքացավ: Ֆրոդոն միա մի քանի կտոր Լեմբաս կերավ, ավելի խորը թաղվեց ձարխոտի մեջ և քնեց: Սեմը նայեց նրան: Դեռ նոր-նոր էր լուսանում, բայց տիրոջ դեմքն ու հոգնած տարածված ձեռքերը պարզ երևում էին: Նա հանկարծ հիշեց, թե ինչպես էր Ֆրոդոն քնում ու քնում Էլրոնդի տանը և ինքը ժամերով նայում էր նրան: Այդ օրերին, վիրավոր տիրոջ անկողնու մոտ հերթապահելու ժամանակ, Սեմը նկատում էր, որ ժամանակ առ ժամանակ Ֆրոդոն ասես լուսարձակում է ներսից: Հիմա արդեն հաստատ լուսարձակում էր, և լույսը ավելի պայծառ էր: Ոչ վախ, ոչ մտահոգություն չկար Ֆրոդոյի գեղեցիկ, բայց ծերացած դեմքին, սակայն թվում էր, ոչ թե ամիսներ, այլ շատ տարիներ են անցել: Ասես ժամանակի փորագրիչը երկար ու հմտորեն աշխատել էր նրա դեմքի վրա, և ահա աշխատանքի արդյունքը երևում է ու՝ թեև Ֆրոդոյի դիմագծերը չէին փոխվել, բայց դեմքը ծածկվել էր անհաշիվ մանր կնճիռներով: Սեմ Գեմջին, ճիշտ է, չէր խորհում այդպիսի խորաթափանց բառերով. նա միայն գլուխն օրորեց ու մրթմրթաց.
— Դե ինչ ասես էստեղ, սիրում եմ նրան և վերջ: Նա հենց այդպիսին է որ կա, այո... նույնիսկ մի քիչ լուսարձակում է: Էլ ինչ էդտեղ... Սիրում եմ՝ ահա և ողջ պատմությունը: