Այծը կարծես հասկացավ նրան։ Տեսնելով, որ նա նստեց, ինքն էլ հանգիստ պառկեց նրա կողքին և սկսեց նայել նրան, ասես թե ուզում էր դրանով ասած լինել, թե ուշի֊ոշիով լսելու է նրա ասելիքը։ Այծարածն իր պատմությունը սկսեց այսպես․
==Գլուխ LI==
Որ հաղորդում է, թե ինչ պատմեց այծարածը նրանց, ովքեր տանում էին դոն Կիխոտին
Այս հովտից երեք մղոն հեռու մի գյուղ կար, որ թեև փոքրիկ, բայց ամենահարուստն էր այդ շրջանում։ Այնտեղ շատ պատվավոր մի գյուղացի կար, և թեև սովորաբար մարդկանց հարստության համար են հարգում, նրան ոչ այնքան աշխատած հարստության համար էին հարգում, որքան նրա առաքինության համար։ Իսկ իր ասելով՝ իր գանձը իր աղջիկն էր՝ արտասովոր գեղեցիկ, հազվագյուտ խելացի, նազելի և անարատ, նրան ճանաչողները բոլորն էլ հիանում էին մեծամեծ արժանիքներից, որ շնորհել էր նրան երկինքը։ Մանուկ հասակից նա արդեն իսկ գեղեցիկ էր, տարիների հետ աճում էր նրա գեղեցկությունը, այնպես որ, երբ լրացավ նրա տասնվեց տարին, նա իսկական գեղեցկուհի դարձավ։ Նրա գեղեցկության համբավը տարածվեց հարևան գյուղերում, ― ի՜նչ եմ ասում, ― հասավ մինչև հեռավոր քաղաքները, թափանցեց թագավորական պալատը, ամենատարբեր մարդկանց ականջին հասավ, ― և բոլորը գալիս էին ամեն կողմից, որ տեսնեն իբրև հազվագյուտ կամ հրաշք բան։ Հայրը նրան պահպանում էր, նա ինքն էլ էր իրեն պահպանում, որովհետև ոչ մի կողպեք, պահակ ու փականք չի կարող ավելի լավ պահպանել մի կնոջ, քան սեփական պարկեշտությունը։
Հոր հարստությունն ու աղջկա գեղեցեկությունը համագյուղացիներից և դրսերից շատերին գրգռում էին խնամախոսության։ Սակայն հայրը, այն մարդուն նմանվելով, որ պետք է տնօրիներ այնքան թանկարժեք մի խաղալիք, շփոթմունքի մեջ էր և չգիտեր, թե անթիվ երկրպագուներից որի՞ն տա իր աղջկան։ Նրան բազմաթիվ ուզողներից մեկն էլ ես էի։ Եվ որովհետև նրա հայրը ճանաչում էր ինձ իբրև համագյուղացու, իբրև մաքուր արյան, ծաղիկ հասակում, հարուստ ժառանգի և խելոք մի տղայի՝ այդ ամենն ինձ մեծ ու հաստատ հույս էր ներշնչում։ Բայց մեր գյուղում մի ուրիշ երիտասարդ էլ կար, օժտված նույն հատկություններով, նա էլ էր խնամախոսում, և ահա հոր կամքը տատանվեց, և նա անորոշության մեջ էր, որովհետև խորհում էր՝ թե՛ մեկը, թե՛ մյուսը հավասարապես կարող է երջանկացնել նրա աղջկան։ Եվ, այդ դժվարին կացությունից դուրս գալու համար նա նա վճռեց ամեն ինչ ասել Լեանդրային (այդ էր հարուստ աղջկա անունը, որ ինձ այնպիսի թշվառական վիճակի մեջ գցեց), համարելով, որ մենք երկուսս էլ հավասար ենք, նա իր աղջկան թողեց ընտրել նրան, որը ավելի հաճելի լինի, ― իրենց զավակներին ամուսնացնել ցանկացող ծնողների համար գեղեցիկ օրինա՛կ։ Դրանով ես չեմ ուզում ասած լինել, որ ծնողները պետք է թույլ տան իրենց աղջիկներին ընտրել ստոր ու վատ մարդկանցից, այլ թող նրանք առաջարկեն մի քանի լավ փեսացուներ և թողնեն նրանց ըստ իրենց ցանկության ընտրություն անել։ Չգիտեմ, թե մեզնից որին ընտրեց Լեանդրան։ Միայն իմացա, որ հայրը, գործը ձգձգելու նպատակով հայտնեց մեզ, թե աղջիկը դեռ ջահել է և դրան ավելացրեց մի քանի ընդհանուր խոսքեր, որ մեզ համար վիրավորական չէին և նրան ոչ մի բանի չէին պարտավորեցնում։ Իմ ախոյանի անունը Անսելմո էր, իսկ իմը՝ Էուխենիո։ Արդ՝ դուք գիտեք գործող անձանց անունները այս ողբերգության, որ տակավաին անավարտ է, սակայն թվում է, թե դժբախտ է լինելու։
Այդ միջոցին ժամանեց մեր գյուղը ոմն Վինսենտե դե լա Ռոկա՝ մի աղքատ գյուղացու որդի նույն շրջանից։ Նա վերադարձել էր Իտալիայից և այլ երկրներից, որտեղ ծառայել էր իբրև զինվոր։ Ինչ֊որ կապիտան իր խմբի հետ պատահմամբ անցնելիս է եղել մեր գյուղից, տարել է իր հետ տասներկու տարեկան տղային, որ հիմա, տասը տարի անց, վերադարձել էր երիտասարդ հասակում, խայտաբղետ զինվորական զգեստով, վրան կախկխած ապակյա զիզի֊պիզի բաներով և բարակ պողպատե շղթաներով։ Այսօր մեկ զարդ է կախում, վաղը՝ մյուսը, ― և բոլորն էլ նուրբ, երփներանգ, որ ավելի փայլ ունեին, քան արժեք։ Գյուղացիները, որ բնականից խորամանկ են, իսկ երբ ազատ ժամանակ են ունենում, մարմնացած խորամանկություն են դառնում, նրանք դիտել ու հաշվել էին նրա զգեստներն ու զարդերը, և դուրս էր եկել, որ նա ընդամենը երեք զգեստ ունի զանազան գույնի, յուրաքանչյուրը նման գույնի գուլպաներով ու կապիչներով, սակայն նա այնպիսի ճարտարությամբ է փոխնեփոխ հագնում, որ եթե համարված չլիներ, մարդ կերդվեր, որ ունի ոչ պակաս, քան տասը ձեռք զգեստ, մի քսան հատ էլ գլխարկի փետուր։ Միք մեղադրի ինձ, որ ձանձրալի և պարապ շաղակրատություն եմ անում․ եթե ես այսքան երկարապատում խոսում եմ նրա զգեստներից, դա նրանից է, որ նրանք մեծ դեր խաղացին իմ պատմության մեջ։
Նա նստում էր բարձր բարդու տակ՝ քարե նստարանի վրա, հրապարակում և պատմում էր քաջագործություններից, իսկ մենք ուշի֊ուշով, բերանբաց ունկնդրում էինք։ Երկրագնդի վրա տեղ չէր մնացել, որ նա այցելած չլիներ, ճակատամարտ չէր մնացել, որ նա մասնակցած չլիներ։ Նա ավելի շատ մավր էր բնաջինջ արել, քան կա Մարոկկոյում ու Թունիսում, նա ավելի շատ մենամարտություն է ունեցել, քան Գանտե ի Լունան, Դիեգո Գարսիա դե Պարեդիսը և հազար ու մի ուրիշները, որոնց անունը նա թվում էր և բոլոր մարտերից նա դուրս էր եկել հաղթական, առանց մի կաթիլ արյուն թափելու։ Նա ցույց էր տալիս վերքերից մնացած սպիները ― և չնայած որ նրանք չէին երևում, նա այնուհանդերձ պնդում էր, որ դրանք հրացանի գնդակի հետքեր են, որ այլևայլ մարտերում ու կռիվներում դիպել էին նրան։ Վերջապես չտեսնված անպատկառությամբ նա իրեն հավասար և իրեն լավ ծանոթ մարդկանց դու էր ասում, հայտարարում էր, թե իր հայրը իր ձեռն է, ծննդաբանությունը՝ քաջագործույթունները և, զինվորական համազգեստը հագին, ինքը թագավորից անգամ ոչնչով ցածր չի։ Այդ ինքնավստահությանն ավելանում էր այն, որ նա շատից֊քչից երաժիշտ էր և կիթառ էր ճնկճնկացնում, այնպես որ ոմանք ասում էին, թե նա կիթառը խոսեցնում է։ Դրանով նրա քանքարը չէր սահմանափակվում, որովհետև նա պոետ էլ էր և ամեն դատարկ բանի առիթով, որ պատահում էր մեր գյուղում, նա մեկ մղուն ու կես երկարությամբ երգ էր հորինում։
Ահա այդ զինվորը, որին ես նկարագրեցի, այդ Վինսենտե դե լա Թոկան, այդ ղոչաղը, այդ պնճնասերը, այդ երաժիշտը, այդ պոետը հաճախակի ընկնում է Լեանդրայի աչաքին, որ նայում էր նրան իր տան հրապարակի վրա ելնող լուսամուտից։ Նրա պերճ զուգսերի արտաքին փայլը հիացրեց աղջկան, նրա երգերը (որ նա ցանկացողների համար քսանական անգամ արտագրում էր) դյութեցին նրան։ Համբավը նրա քաջագործությունների, որոնց մասին նա ինքն էր պատմում, հասավ նրա ականջին ― մի խոսքով՝ ինքը սատանան, երևի, այնպես սարքեց, որ աղջիկը սիրահարվեց ավելի շուտ, քան նրա մեջ աղջկան տիրանալու խիզախ ցանկություն ծագեց։ Իսկ որովհետև սիրային գործերն ամենից արագ առաջ են ընթանում, երբ որ կինն է ցանկություն ունենում, ապա Լեանդրան ու Վինսենտեն դյուրությամբ խոսքը մեկ արին և, նախքան աղջկա բազմաթիվ երկրպագուներից մեկն ու մեկը գլխի ընկավ նրա մտադրության մասին, նա արդեն իր մտադրությունը կատար էր ածել։ Նա լքեց իր սիրելի ու պաշտելի հոր տունը (մայր չուներ նա) և փախավ գյուղից զինվորի հետ, որ այդ գործում ավելի մեծ հաջողություն ունեցավ, քան բազմաթիվ գործերում, որ ինքը վերագրում էր իրեն։
Ամբողջ գյուղն ապշել էր այդ դեպքից, և ոչ միայն մեր գյուղացիք, այլև բոլոր նրանք, որոնց հասավ այդ լուրը։ Ես շփոթված էի, Անսելմոն՝ ապշած, հայրը՝ վշտացած, բարեկամները՝ ամոթահար։ Ոստիկանությանը ոտքի հանեցին, նրանց ետևից հրացանաձիգներ ուղարկվեցին։ Ճամփաները չափեցին, մերիներն ու անտառները խուզարկեցին, որոնեցին ամենուր։ Վերջապես, երեք օրից հետո գտան քմահաճ Լեանդրային մի լեռան անձավում՝ շորերը հանած, շապկանց, առանց փողի և թանկագին իրերի, որ վերցրել էր հետը տնից։ Երբ որ նրան վերադարձրին թշվառ հոր մոտ, հարց ու փորձ արին պատահած դժբախտության մասին, նա ինքնաբերաբար խոստովանեց, որ Վինսենտե դե լա Ռոկան նրան խաբել և հետը ամուսնանալու խոսք տվել, համոզել էր նրան թողնել հոր տունը։ Խոստացել էր նրան տանել աշխարհիս երեսին ամենահարուստ և առատ քաղաքը՝ Նեապոլ։ Լեանդրան, լինելով անփորձ, վստահեց ու խաբվեց և, կողոպտելով իր հորը, հետևեց Վինսենտին նույն գիշերը, երբ փախավ։ Իսկ Վինսենտեն նրան տարավ մի գիրթ սար և լքեց այն անձավում, որտեղ նրան գտել էին։ Նա ավելացրեց, թե զինվորը իր պատվին չի դիպել և, խլելով իր ողջ ունեցածը, լքել է նրան անձավում և ինքը գնացել։ Այդ հանգամանքը բոլորին տարօրինակ թվաց։ Դժվար էր, սինյոր, հավատ ընծայել այդ ջահելի զսպվածությանը։ Սակայն Լեանդրան այնպիսի ավյունով էր պնդում այդ հանգամանքը, որ վերջապես նրան հաջողվեց ամոքել անմխիթար հորը, որը այլևս չէր ափսոսում իր կողոպտած հարստության համար, քանի որ իր աղջկանից չէին խլել այն թանկագին բանը, որի կորուստ այլևս անկարելի է վերականգնել։ Լեանդրայի գտնված օրը հայրը նրան հեռացրեց մեր աչքերից և հարևան քաղաքում գտնվող վանքը տարավ՝ հուսալով, որ ժամանակը կմեղմացնի աղջկա վաստակած վատ համբավը։ Լեանդրայի երիտասարդությունը նրան հանցանքի արդարացում էր ծառայում առնվազն այն մարդկանց աչքում, որոնց համար էապես մեկ հաշիվ էր՝ լա՞վ կին էր նա արդյոք, թե՞ վատ։ Սակայն նրա խելքն ու բանիմացությունը ճանաչողները նրա մեղքը անփորձության չէին վերագրում այլ թեթևամտության և կանացի բնության բնական հատկություններին։
Երբ որ Լեանդրային փակեցին վանքում, Անսելմոյի աչքերը մարեցին, որովհետև այլևս նրա աչքը ոչինչ ուրախացնող բան չմնաց։ Ես էլ էի անշող խավարում ապրում, ես էլ ոչ մի բանի վրա նայել չէի ուզում։ Մեր տխրությունն աճում էր մեր անհամբերության հետ։ Մենք անիծում էինք պարծենկոտ զինվորին և վրդովվում, որ հայրը չկարողացավ պահպանել աղջկան։ Վերջապես երկուսս էլ վճռեցինք լքել մեր գյուղը և բնակվել այս հովտում, որտեղ նա ոչխար է արածանցնում, ես՝ այծ, մեր կյանքը այս ծառերի միջև անց կացնելով, անձնատուր եղած մեր կրքին՝ երգելով Լեանդրայի գովքը կամ պարսավանքը միասին, կամ ախ քաշում զատ֊զատ՝ լոկ երկինքը հաղորդակից անելով մեր տրտունջներին։ Հետևելով մեր օրինակին՝ Լեանդրայի բազմաթիվ այլ երկրպագուներ այս լեռներն են քաշվել և նույն գործով են զբաղվում, ինչ որ մենք։ Մեր բանակն այնքան է աճել, որ այս վայրը նոր Արկադիայի տեղ կարելի է ընդունել, այնքան հովիվ ու հոտ է երևացել։ Ոչ մի տեղ այնքան հաճախ չի հնչում գեղեցիկ Լեանդրայի անունը։ Մեկն անիծում է նրան, անվանում քմահաճ, փոփոխամիտ, անպարկեշտ, մյուսը՝ թեթևսոլիկ ու թեթևամիտ, մեկը նրան արդարացնում ու ներում է, մյուսը դատապարտում ու պարսավում, մեկը գովաբանում է նրա գեղեցկությունը, մյուսը անիծում նրա բնավորությունը, վերջապես՝ բոլորը նրան անպատվում և բոլորը պաշտում են։ Նրանց խելագարությունն այն աստիճանի է հասնում, որ ոմանք գանգատվում են, թե նա արհամարհել է ինրենց, մինչդեռ նրանք նրան երբեք մի բառ էլ ասած չեն եղել, իսկ ոմանք կեղեքվում ու տառապում են խանդի կատաղի ցավից, որ նա ոչ ոքի չէր կարող ներշնչել, քանի որ, ինչպես արդեն ես ձեզ ասացի, մենք նրա մեղքն ավելի շուտ իմացանք, քան մտադրությունը։ Ժայռ չմնաց, վտակ չմնաց, ծառ չմնաց, որի մոտ որևէ հովիվ պատմելիս չլիներ քամուն իր սիրային տանջանքները։ Ամենուր արձագանքը կրկնում է Լեանդրայի անունը։ Լեռները կրկնում են՝ Լեանդրա, և Լեանդրան պահում է մեզ բոլորիս հմայված և կախարդված, և մենք անհույս հուսում ենք, երկյուղ ենք կրում, առանց իմանալու, թե ինչից։ Այս խելագարների միջև ամենացնորամիտն ու ամենաառողջամիտը միաժամանակ իմ ախոյան Անսելմոն է։ Ունենալով գանգատվելու այնքան առիթներ՝ նա ողբում է լոկ Լեանդրայի բացակայությունը իր ոտանավորումներում, երևան հանելով իր մտքի նրբությունը և երգելով նրանց ռաբելի նվագակցությամբ, որ նա զարմանալի լավ է նվագում։ Գալով ինձ՝ ես ավելի բնական և դյուրին ուղի եմ ընտրել, ինձ թվում է, ավելի արդարացի է դատափետել կանանց թեթևամտությունը, նրանց անհաստատամտությունը, նրանց երկրերսանիությունը, նրանց խաբուսիկ խոստումները, երդմնազանցությունը և վերջապես նրանց խոհերի ու մտադրությունների թեթևսոլիկությունը։ Ահա թե, սինյորներ, ինչն է իմ խոսքերի և ասածների իմաստը, որ ասացի այս այծին, երբ որ մոտեցա այստեղ, թեև իմ ողջ հոտի մեջ նա լավագույնն է, բայց ես նրան բարձր չեմ դասում, քանի որ նա իգական սեռին է պատկանում։ Ահա այն պատմությունը, որ խոստացա անել ձեզ։ Թերևս ձեզ այն երկար թվաց, դա նրանից է, որ ձեզ ծառայելու պատրաստակամությունս էլ մեծ է եղել։ Իմ տաղավարը շատ մոտ է այստեղից, ես ունեմ թարմ կաթ, ընտիր պանիր և ամեն տեսակ միրգ, որոնց տեսքը նույնքան հաճելի կլինի, որքան համը։