Երկու տարի անց Շուշու բնակչության թիվը հասնում է արդեն 15194 հոգու<ref>Տե՛ս «Кавказский календарь» на 1854.</ref>, իսկ 1860 թվականին, համաձայն Շուշում կազմած ընտանեկան ցուցակների, քաղաքում բնակվում էր 17,484 մարդ, որ կազմում էին 2966 ընտանիք (ծուխ)։ Առաջին (հայկական) քաղաքամասում բնակվում էին 9533 շունչ, իսկ երկրորդում (մահմեդականների) — 7951 շունչ, այսինքն առաջինից 1582 հոգով պակաս։ Այսպիսով Շուշու բնակչությունը 6 տարվա ընթացքում ավելացել էր ավելի քան 2 հազար շնչով, իսկ հայերն արդեն կազմում էին քաղաքի բնակչության մեծամասնությունը<ref>Տե՛ս «Камеральное описание города Шуша за 1860 г.» Архив министерст. внут. дел. Азерб. ССР, фонд 10, ед. хран. 48, лист 1—1025 ուր տրված են առաջին եւ երկրորդ քաղաքամասերում բնակվող ընտանիքների անվանական ցուցակները, կազմված 1860 թ․ հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին։ Այս ցուցակները վավերացված են բազմաթիվ ստորագրություններով։ Գրքի մեջ կանանց անունները չեն բերված, ցույց է տրված միայն նրանց թիվը։</ref>։
1873 թ․ Շուշում կազմած ընտանեկան ցուցակների համաձայն<ref>Տե՛ս «Камеральное описание города Шуша за 1873 г.» Архив министер. внутр. дел Азерб. ССР, фонд 43, опись 1, 9, 13.» Այս ընտանեկան ցուցակները կազմված են Շուշում 1873 թվականին, սակայն գրքի մեջ 557 թերթից մինչեւ 565 թերթը եւ 939 թերթից մինչեւ 997 թերթը ավելացված են նոր ընտանիքներ, որոնք բնակութչուն են հաստատել քաղաքում 1837 թ․ ցուցակները կազմելուց հետո։ Հավելումն ի նկատի առնելով, քաղաքի բնակիչների թիվը՝ հասնում էր 24,014 հոգու։ Մեր կազմած աղյուսակում հաշվի են առնված միայն 1873 ․ հիմնական ցուցակները։</ref>, Շուշու բնակչության թիվը հասել էր 22,086֊ի, այսինքն 1860 թվականի համեմատությամբ աճել էր համարյա 5 հազարով։ Աննշան չափով տարբերվում է նույն թվականի համարում տպագրված Կոնտորովիչի բերած թվերից, որ չի խանգարում ընդհանուր առումով որոշելու Շուշու տեղը մնացած քաղաքների շարքում։
Այսպիսով, 70֊ական թվականներին եւս Շուշու բնակչությունը ուժեղ թափով շարունակում էր աճել, եւ Շուշին մնում էր Անդրկովկասի մեծ քաղաքների շարքում։ Բնակչության ազգային կազմի մեջ ավելի եւս հաստատվում է հայերի մեծամասնությունը։
XIX դարի վերջին տասնամյակներում Շուշում բնակվողների թվի մասին քիչ թե՝ շատ վստահելի տվյալներ մեզ տալիս են 1886 թվականի կազմած ընտանեկան ցուցակները, որոնց համաձայն քաղաքում բնակվում էր 26,806 հոգի (տղամարդ 15,768, կին՝ 11,020)։
<references />