Այսպես, հարսին ետ տանելը հետաձգվեց մի գիշերով։ Մյուս օրը, երբ պինդ մութն ընկավ, երբ ժողովուրդը ոտը տուն քաշեց եւ դրսում մարդու հանդիպելու վտանգ չկար, Հարութը նորահարսին ետ տարավ հոր տուն։ Հայրը մեռած էր ― թաղած չէր։ Բայց օգնական մի միտք եկավ՝ թե ջահել են՝ չեն հասկանում, հասկացնող էլ չի եղել, որ պատշաճ չէ, կասկածելի է, որ հարսանիքի հաջորդ օրը աղջիկը հերանց վերադառնա։ Այս հույսով ասաց՝ հաց դրեք։
Իսկ մոր ոտքերը գազօջախի մոտ տակը ծալվում էին։ Սպասում էր մեծերի ետ գալուն ― այս երեխուն ետ բերին։ Միտք էր անում՝ ե՞րբ, որտե՞ղ կարող էր երեխան իր հսկող աչքից փախած լինել, ո՞ր շան որդին կարող էր․․․ Ուղեղը քար էր կտրել։ Բայց աչքերի դեմ եկավ ու մնաց աշխարհագրության դասատուի լպիրշ նայվածքը։ Եվ մոխրագույն այդ աչքերը պսպղում էին պատշգամբի ամեն անկյունից։ Ապշելու բան էր․ եթե աչքերը մոխրի գույն ունեն, պիտի որ դրանց նայվածքը մարդուս մարմինը տաքուհով չանի, պիտի որ․․․ Բայց արի ու տես, որ տակը անթեղած շեղջ էր ու փորձված կինն անգամ սարսափում սրսփում էր, ինչ մնաց անփորձ երեխան։
Տան փոքրը տեսավ մոր ձեռքից ամեն բան թափվում է, հաց սարքելու գործն առավ իր վրա։ Քույրն ու մայրը կողքը միայն բզբզում էին։