— Գուցե... Բայց պատմիր, ինչպես խոստացել էիր, ձեր մասին,— ասաց Ֆրոդոն՝ զգուշանալով զրույցի վտանգավոր շրջադարձից: — Հաճույքով կլսեի Մինաս Իթիլի և Օսգիլիաթի մասին, անպարտելի Մինաս Թիրիթի մասին: Ինչո՞վ կվերջանա պատրազմը: Հույս կա՞, որ քաղաքը կանգուն կմնա:
— Հու՞յս,— կրկնեց Ֆարամիրը: — Հույսը մենք վաղուց ենք կորցրել: Վերականգնել այն կարող է, երևի, Էլենդիլի սուրը, բայց չեմ կարծում, որ այդ փառապանծ սուրն ինչ որ բան կփոխի՝ երևի միայն կհետաձգի պարտության սև օրը: Եվ այդ օրը շուտով կգա, եթե միայն մենք մարդկանցից կամ էլֆերից անակնկալ օգնություն չստանանք: Քանզի թշնամին գնալով հզորանում է, իսկ մենք թուլանում: Մեր ժողովուրդն անկում է ապրում, այս աշնանից հետո գարուն չի հաջորդի:
Մի ժամանակ նումենորցիները բնակություն էին հաստատել Մեծ Հողի բոլոր ափերին, բայց նրանցից շատերը տրվեցին չարին, և նրանց թագավորությունն աստիճանաբար ոչնչացավ: Շատերը նվիրվեցին Խավարի գործերին և հրապուրվեցին սև մոգությամբ, իսկ մյուսները մատնվեցին ծուլության, սկսեցին վիճել, պատերազմել իրար մեջ, մինչև բոլորովին ուժասպառ եղան, և նրանց արնաքամ հողերը գրավեցին վայրենիները:
Սակայն ավանդույթը ոչինչ չի ասում այն մասին, որ Գոնդորը երբևէ զբաղվել է սև մոգությամբ, և թշնամուն, թող չհնչի նրա անունը, մեզ մոտ չեն մեծարել: Հնագույն Արւմուտքի իմաստնությունն գեղեցկությունը դարեր շարունակ պահպանվել է Էլենդիլի թագավորությունում և ապրում է այնտեղ մինչև հիմա: Բայց հպարտությունը պառակտեց Գոնդորը. տիրակալներն աստիճանաբար կորցրեցին մտքի սթափությունն ու որոշեցին, որ Թշնամին հեռացել է ընդմիշտ, այնինչ նա միայն արտաքսված էր, բայց ոչ ոչնչացված:
Մահը միշտ էլ շրջել է մեր մեջ, քանզի նումենորցիները հավերժական կյանք էին տենչում, ինչպես այն հնագույն ժամանակներում, երբ կորցրեցին իրենց թագավորությունը՝ հավերժական կյանք, որում ամեն ինչ անփոփոխ կմնար: Թագավորները բնակիչների տներից շքեղ դամբարաններ էին կառուցում, և հին մագաղաթների վրա գրված նախնիների անուններն ավելի հաճելի էին նրանց ականջին, քան իրենց ժառանգների անունները: Անժառանգ տիրակալները հնացող պալատներում նստած խորհում էին իրենց ծագումնաբանության հանելուկների մասին, զառամյալ երեցները գաղտնի սենյակներում խորհրդավոր էլիքսիրներ էին պատրաստում, բարձրանում էին սառը աշտարակների գլուխը և հարցեր տալիս աստղերին: Եվ այդպես առաց ժառանգ թողնելու մահացավ վերջին թագավորը Անարիոնի տոհմից:
Փոխարքաներն ավելի հաջողակ ու հեռատես դուրս եկան: Նրանց իմաստնությունը առաջին հերթին կայացավ նրանում, որ կարողացան համախմբել մեր ժողովրդին և բարեկամություն հաստատել ափամերձ ցեղերի և Էրեդ Նիմրիսի տոկուն լեռնեցիների հետ՝ համալրելով նրանցով իրենց բանակները: Բացի այդ, նրանք դաշինք կնքեցին հպարտ հյուսիսցիների հետ, որոնք անհանգստացնում էին մեզ իրենց ասպատակություններով: Այդ մարդիկ կատաղի են ու ռազմատենչ, բայց մեզ հեռավոր ազգականներ են գալիս, ի տարբերություն արևելքի վայրի քոչվորների և դաժան հարադցիների:
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]