=== Առաջին տպավորություններ ===
Բանտային իմ կալանքի առաջին ամիսն ու սկիզբն՝ ընգհանրապես, հիմա պատկերվում են հիշողությանս մեջ։ Բանտային հետագա տարիներն իմ հիշողություններում շատ ավելի աղոտ են ցոլցլում։ Որոշ բաներ կարծես լրիվ խունացել են, թողնելով մեկ ընդհանուր տպավորություն՝ ծանր, միապաղաղ, հեղձուցիչ։
Բայց այն ամենն, ինչ ապրեցի իմ տաժանակրության առաջին օրերին, ինձ են պատկերվում ասես երեկ կատարված։ Այդպես էլ պիտի լինի։
Հստակ հիշում եմ, որ այդ կյանքում առաջին իսկ քայլից ինձ ապշեցրեց, որ կարծես թե դրա մեջ առանձնապես ոչ մի ապշեցնող, անսովոր, կամ ավելի լավ է ասել անսպասելի բան չգտա։ Այդ ամենը կարծես նախկինում էլ էր ցոլցլացել երևակայությանս մեջ, երբ Սիբիրի ճանապարհին ջանում էի կռահել առաջիկայում ինձ վիճակվածը։ Սակայն շուտով ամենաարտառոց անսպասելիությունների, ամենահրեշավոր փաստերի վիհն ինձ ստիպեց կանգ առնել համարյա ամեն քայլափոխի։ Եվ արդեն միայն հետագայում, արդեն բավական երկար ապրելով բանտում, լիովին իմաստավորեցի այդօրինակ գոյության համակ բացառիկությունը, համակ անսպասելիությունը և ավելի ու ավելի զարմանալ դրանից։ Խոստովանում եմ, որ այդ զարմանքն ուղեկցեց իմ տաժանակրության ամբողջ տևական պատժաժամկետի ընթացքում։ Երբեք չկարողացա հաշտվել դրա հետ։
Բանտ մտնելուն պես, առաջին իմ տպավորությունն ընդհանրապես ամենանողկալին էր, բայց և այնպես՝ տարօրինակ բան. ինձ թվաց, թե բանտում ապրելը շատ ավելի հեշտ է, քան երևակայում էի ճանապարհին։ Կալանավորները, թեև կալանդներով, ազատ շրջում էին ամբողջ բանտում, կռվշտում էին, երգեր երգում, իրենց համար գործ անում, ծխամորճեր ծխում, խմիչք օգտագործում (թեև շատ քչերը), իսկ գիշերը ոմանք թղթախաղն էին սկսում։ Բուն աշխատանքն, օրինակ, ինձ թվաց ամենևին ոչ ծանր ''տաժանակիր'', և սոսկ շատ հետո կռահեցի, որ այդ աշխատանքի ծանրությունն ու տաժանակրությունը ոչ այնքան դժվարության և անդադարության մեջ են, որքան որ դա ''հարկադրական'' է, պարտադիր, մահակի տակ։ Դրսում մուժիկն աշխատում է թերևս անհամեմատ ավելի, երբեմն նույնիսկ գիշերները, հատկապես ամռանը, բայց նա աշխատում է իր համար, բանում է խելամիտ նպատակով, և նրա համար անհամեմատ դյուրին է, քան տաժանապարտին՝ հարկադիր և իր համար միանգամայն անօգուտ աշխատանքում։ Մի անգամ մտքովս անցավ, որ եթե կամենային լիովին ճզմել, ոչնչացնել մարդուն, ամենասարսափելի պատիժը տալ նրան այնպես, որ ա մենազարհուրելի մարդասպանը սարսռար նման պատժից և վախենար դրանից նախապես, ապա հարկ կլիներ միայն այդ աշխատանքին տալ կատարելապես, բացարձակապես անօգտակարության և անիմաստության բնույթ։ Եթե ներկայիս տաժանակիր աշխատանքը թե անհետաքրքիր, թե ձանձրալի է տաժանապարտի համար, ապա ինքնըստինքյան, որպես աշխատանք, խելամիտ է. կալանավորն աղյուս է կտրում, հող է փորում, սվաղ է անում, կառուցում։ Այդ աշխատանքի մեջ իմաստ և նպատակ կա։ Տաժանապարտ աշխատողը երբեմն նույնիսկ հափշատկվում է գործով, ուզում աշխատել ավելի հմտորեն, կարգին, ավելի լավ։ Բայց եթե ստիպես նրան, օրինակ, ջուրը մի տակառից լցնել մյուսը, մյուսից՝ առաջինը, ավազ ծեծել, մի տեղից հող կրել մյուսն ու ետ տանել, կարծում եմ, կալանավորը կկախվեր մի քանի օր անց կամ հազար ու մի հանցանք կգործեր, որ գոնե մեռնի, բայց պրծնի այդպիսի ստորասումից, ամոթից և տանջանքից։ Անշուշտ, այդպիսի տանջանքը կվերածվեր կտտանքի, վրեժխնդրության և կդառնար անիմաստ, քանի որ ոչ մի ողջամիտ նպատակ չէր ունենա։ Բայց քանի որ նման կտտանքի, անիմաստության, ստորացման և ամոթի մի մաս անպայման կա ամեն տեսակ հարկադրյալ աշխատանքի մեջ, ապա և տաժանակիր աշխատանքն անհամեմատ տանջալի է ամենայն ազատ գործից հենց նրանով, որ հարկադրյալ է։
Իմիջիայլոց, ես բանտ մտա ձմռանը, դեկտեմբեր ամսին ու դեռևս պատկերացում չունեի ամառային, հնգապատիկ ծանր աշխատանքի մասին։ Իսկ ձմռանը մեր բերդում բանտային աշխատանքներն ընդհանրապես քիչ էին։ Կալանավորները գնում էին Իրտըյչ՝ պետական հնացած նավակները կոտրատելու, աշխատում էին արհեստանոցներում, պետական շենքերի մոտ բքերից կիտված ձյունն էին մաքրում, ալաբաստր թրծում ու մանրում և այլն, և այլն։ Ձմռան օրը կարճ, գործը շուտ էր վերջանում, և մերոնք բանտ էին վերադառնում, ուր համարյա անելիք չկար, եթե որևիցե սեփական գործ չլիներ։ Բայց դրանով զբաղվում էր կալանավորների գուցեև մեկ երրորդը միայն, իսկ մյուսները ջուր էին ծեծում, անհարկի թափառում բանտի բոլոր սենյակներում, կռվշտում, միմյանց մեջ խարդավանքներ, պատմություններ սարքում, խմում, երբ քիչումիչ փող էր ընկնում ձեռքները։ Գիշերները թղթախաղով տարվում էին վերջին շապիկը, և այդ ամենն անձկությունից, պարապ֊սարապությունից, անգործությունից։ Հետագայում ես հասկացա, որ բացի ազատազրկումից, բացի հարկադիր աշխատանքից, տաժանապարտ կյանքում ևս մի տանջանք կա, մյուս բոլորից համարյա թե ուժեղագույնը։ Դա ''հարկադրված ընդհանուր համակեցությունն'' է։ Ընգհանուր համակեցություն, հարկավ, ուրիշ տեղերում էլ կա, բայց դե, բանտ են գալիս այնպիսի մարդիկ, որ ոչ ամեն մեկը կկամենա համատեղ ապրել նրանց հետ, և ես վստահ եմ, որ յուրաքանչյուր տաժանապարտ զգում էր այդ տանջանքը, թեև իհարկե, մեծ մասամբ անգիտակցաբար։
Ուտելիքը նույնպես ինձ բավականաչափ թվաց։ Կալանավորները հավատացնում էին, որ նման բան չկա եվրոպական Ռուսաստանի կալանավորական վաշտերում։ Այդ մասին դատել չեմ ուզում՝ այնտեղ չեմ եղել։ Բացի դրանից, շատերը հնարավորություն ունեին սեփական ուտելիքն ունենալ։ Տավարի միսը մեզ մոտ արժեր ֆունտը մի գռոշ, ամռանը երեք կոպեկ։ Բայց սեփական ուտելիք պահում էին միայն նրանք, ում մոտ մշտապես փող էր լինում, իսկ կալանատեղի մեծամասնությունը պետականն էր ուտում։ Իմիջիայլոց, պարծենալով իրենց ուտելիքով, կալանավորները խոսում էին միայն հացի մասին և օրհնում հենց այն, որ հացը մեզ մոտ ընդհանուր էր և ոչ թե քաշով էին տալիս։ Վերջինը նրանց սարսափեցնում էր․ քաշով բաժանելու դեպքում, մեկ երրորդը քաղցած կմնար, իսկ խմբական՝ բոլորին հերիքում էր։ Մեր հացը մի տեսակ հատկապես համեղ էր ու դրանով հռչակված էր քաղաքում։ Դա վերագրում էին բանտի փռերի հաջող շինվածքին։ Իսկ շչին շատ էր ջրիկ։ Եփվում էր ընդհանուր կաթսայում, մի քիչ ձավար էին լցնում, և սովորական օրերին ավելի ջրիկ էր, անյուղ։ Ինձ սարսափեցնում էր շչիի մեջ ուտիճների վիթխարի քանակությունը։ Իսկ կալանավորները ոչ մի ուշադրություն չէին դարձնում։
Առաջին երեք օրը աշխատանքի չգնացի, այդպես էր ամեն նոր տեղ հասածի՝ համար թողնում էին հանգստանալ ճանապարհից։ Բայց հենց հաջորդ օրը ստիպված էի դուրս գալ բանտից՝ կալանդները վերակոփելու համար։ Իմ կալանդները համազգեստային չէին, այլ՝ օղավոր, «զրնգապակաս»՝ ինչպես անվանում էին կալանավորները։ Դրանք դրսից էին հագցվում։ Իսկ բանտային, համազգեստային, աշխատելուն հարմարեցված կալանդները ոչ թե օղերից էին կազմված, այլ երկաթյա, համարյա մատի հաստության չորս ձողերից, իրար միացված երեք օղակներով։ Դա կարելի էր հագնել շալվարի տակից։ Մեջտեղի օղակին գոտի էր կապվում, որն իր հերթին ամրացվում էր ուղղակի շապկի վրայից կապվող մեջքագոտուն։
Հիշում եմ իմ առաջին առավոտը բանտասենյակում։ Կորդեգարդիայում, բանտի դարպասի մոտ, թմբուկը լուսաբաց զարկեց, և մի տասը րոպե անց պահախմբի ենթասպան սկսեց բացել բանտասենյակները։ Սկսեցին արթնանալ։ Վեցանոց ճարպամոմի աղոտ լույսի տակ ելնում էին կալանավորներն իրենց թախտաշարերից, ցրտից սրթսրթալով։ Մեծ մասը լուռ ու մռայլ էր՝ քնից հետո։ Հորանջում էին, ձգմգվում, կնճռոտում խարանված ճակատները։ Ոմանք խաչակնքվում էին, մյուսները արդեն սկսում կռվշտել։ Ահավոր հեղձուկ էր։ Ձմեռային թարմ օդը դռնից ներս խուժեց՝ հենց բացեցին, և գոլորշու գնդերով սփռվեց սենյակում։ Ջրի դույլերի մոտ խռնվեցին կալանավորները, հերթով վերցնում էին շերեփը, ջուր առնում բերանը և ձեռք ու երես լվանում բերանի ջրով։ Ջուրը երեկոլից հավաքում էր պառաշավորը։ Ամեն սենյակում, ըստ կանոնագրքի, արտելի ընտրած մի կալանավոր կար, սենյակում սպասավորություն անելու համար։ Նրան կոչում էին պառաշավոր, և նա աշխատանքի չէր գնում։ Նրա գործն էր հետևել բանտասենյակի մաքրությանը, թախտաշարերը և հատակը լվալ ու քերել, գիշերամանը տանել, դատարկել ու բերել, երկու դույլ թարմ ջուր կրել, առավոտյան լվացվելու, ցերեկը՝ խմելու համար։ Շերեփի պատճառով, որը մի հատ էր, անմիջապես վեճեր էին սկսվում։
― Ո՜ւր ես խցկվում, նախշած ճակատ,— փնթփնթում էր մռայլադեմ ու բարձրահասակ մի կալանավոր, չորչորուկ ու թխամաշկ, մի տեսակ տարօրինակ ուռուցքներով՝ ածիլած գանգին, հրմշտելով մյուսին հաստլիկ ու կարճլիկ, զվարթ ու կարմրերես կալանավորին,— համբերի։
― Ի՛նչ ես գոռում։ Համբերանքի համար մեզ մոտ փող են տալիս։ Ինքդ թոզ գնա։ Մոնումենտիս տեսեք։ Ասել կուզեմ, ախպերներ, որ նրա մեջ ոչ մի ֆարտիկուլտյապ էլ չկա։
«Ֆարտիկուլտյապը» որոշ տպավորություն գործեց, շատերր ծիծաղեցին։ Հենց դա էլ պետք էր զվարթ հաստլիկին, որն ակներևաբար, կամավոր ծաղրածուի պես մի բան էր բանտասենյակում։ Բարձրահասակ կալանավորը նրան նայեց խորագույն արհամարհանքով։
― Կոլոտ կովի մեկը,— մրթմրթաց նա, կարծես ինքն իրեն,— տես է, վիզն է հաստացրել բանտի մաքուր հացով։ Ուրախ է, որ թաթախմանը տասներկու խոճկոր են բերելու։
Հաստլիկը վերջապես բարկացավ։
― Ախր, տեսնեմ դու էդ ի՞նչ թռչուն ես,— բղավեց նա հանկարծ, կամրատակած։
― Ո՞նց թե ինչ թռչուն։
― Ի՞նչ տեսակ։
― Էդ տեսակ։
― Էդ ի՞նչ տեսակ։
― Էդպիսի մի խոսք կա։
― Ի՞նչ խոսք։
Երկուսն էլ աչքերը չռեցին իրար վրա։ Հաստլիկը պատասխանի էր սպասում և սեղմել էր բռունցքները, ասես ուզում էր տեղնուտեղը կռվի նետվել։ Ես իսկապես կարծում էի, թե կռիվ է լինելու։ Ինձ համար այդ ամենը նորություն էր և նայում էի հետաքրքությամբ։ Սակայն հետագայում իմացա, որ նման տեսարանները չափազանց անմեղ են և խաղարկվում են, ինչպես կատակերգության մեջ, ընդհանուր հաճույքի համար։ Իսկ բանը կռվի չէր հասնում համարյա երբեք։ Այդ ամենը խիստ բնորոշական էր և պատկերում էր բանտի բարքերր։
Բարձրահասակ կալանավորը կանգնած էր հանգիստ և ծանրումեծ։ Նա զգում էր, որ իրեն են նայում և սպասում՝ կխայտառակվի՞, արդյոք, իր պատասխանով, թե՝ ոչ, որ հարկ է պաշտպանել իրեն, ապացուցել, որ ինքն իսկապես թռչուն է և ցույց տալ, թե հատկապես ինչ թռչուն։ Անպատմելի արհամարհանքով նա խեթեց հակառակորդին, ջանալով առավել վիրավորելու համար նրան նայել մի տեսակ ուսի վրայով, վերից վար, ասես զննում է նրան, որպես մի մժեղի, և դանդաղ ու հստակ արտաբերեց.
― Կագան...
Այսինքն, թե ինքը, կագան թռչուն է։ Քրքիջի հուժկու թնդյուն ողջունեց կալանավորի հնարամտությունը։
― Սրիկա ես դու, ոչ թե կագան,— ոռնաց հաստլիկը՝ զգալով, որ շշպռվել է բոլոր առումներով, ծայրաստիճան կատաղած։
Բայց հենց վեճը լրջացավ, կռվազաններին անմիջապես զսպեցին։
― Ինչ ղժղժացիք,— նրանց վրա գոռաց ամբողջ բանտասենյակը։
― Ավելի լավ կանեք իրար տաք, քան կոկորդ պատռեք,— բղավեց մեկն անկյան ետևից։
― Չէ հա, իրար տան,— հնչեց ի պատասխան։— Մերոնք անվախ ու կռվարար ժողովուրդ են, յոթ հոգով մեկից չենք վախենում...
― Երկուսն էլ իրար արժեն։ Մեկը մի ֆունտ հացի համար է բանտ ընկել, էն մեկն էլ՝ կճուճի անառակ, մի կնկա մածունն է կերել, դրա համար էլ ճիպտածեծ եղել։
― Դե, դե, դե, վերջացրեք,— բղավեց վետերանը, որը կարգուկանոնի համար ապրում էր բանտասենյակում և քնում անկյունում հատուկ մահճակալի վրա։
― Պըրծ, տղերք։ Նեվալիդ Պետրովիչը զարթնեց։ Նեվալիդ Պետրովիչին, մեր հարազատ ախպորը՝ բարիլուս։
― Ախպե՜ր... Ես քեզ ի՞նչ ախպեր։ Իրար հետ մի ռուբլու բան չենք խմել, ու հանկարծ՝ ախպեր,— մրթմրթաց վետերանը, շինելը վրան քաշելով թեքերից...
Պատրաստվում էին ներկա֊բացակայի։ Սկսել էր լուսանալ։ Խոհանոցում հոծ բազմություն էր հավաքվել, անցնելու տեղ չկար։ Կալանավորներն, իրենց կիսամուշտակներով և երկկտոր գլխարկներով, խռնվել էին հացի մոտ, որը նրանց համար կտրատում էր խոհարարներից մեկը։ Խոհարարներն ընտրվում էին արտելի կողմից, ամեն խոհանոցում երկու հոգի։ Նրանց մոտ էր պահվում նաև խոհանոցի դանակը՝ հաց ու միս կտրատելու համար, ամբողջ խոհանոցում՝ մի հատ։
Բոլոր անկյուններում և սեղանների մոտ տեղավորվել էին կալանավորները՝ գլխարկներով, գոտկատեղերը կապած կիսամուշտակներով, պատրաստ հիմա աշխատանքի գնալու։ Մի քանիսի առաջ փայտյա ամաններ կային՝ կվասով։ Հացը մանրում էին կվասի մեջ ու խպշտում։ Աղմուկ-աղաղակն անտանելի էր, բայց մի քանիսը խելամտորեն ու անաղմուկ զրուցում էին անկյուններում։
― Հալիվոր Անտոնիչին աղուհացով բարաջողում,— ասաց ջահել մի կալանավոր, տեղ անելով ու նստելով խոժոռված ու անատամ կալանավորի կողքին։
― Է, բարաջողում, թե հանաքի չես տալի,— պատասխանեց մյուսը, աչքերը բարձրացնելով և ջանալով ծամծմել հացն ատամնազուրկ լնդերով։
― Անտոնիչ, բայց ախր ես կարծում էի, թե մեռել ես, ճիշտ որ։
― Ջէ, աջաջուց դու մեռի, հետո՝ ես...
Նստեցի նրանց մոտ։ Ինձնից աջ զրուցում էին երկու լրջադեմ կալանավոր, ջանալով մեկը մյուսի առաջ պահպանել իր կարևորությունը։
― Իմ մոտից չիլնի, որ գողանան,— ասում էր մեկը,— ախպերս, ինքս եմ վախում, որ հանկարծ մի բան չթռցնեմ։
― Հա, ինձնից էլ հեռու մնա, կդաղեմ։
― Ինչ դաղել, ինչ բան։ Մեզ պես բռնավոր ես, ուրիշ անուն չկա մեզ... Քեզ կկլպի, բարև էլ չի տա։ Էստեղ իմ կոպեկն էլ չքվեց, ախպերս։ Օր առաջ ինքն իր ոտով էր եկել։ Ի՞նչ անեի։ Դահիճ Ֆեդկայից սկսեցի խնդրել, նրա տունը ֆորշտադտում էր, քոսոտ Սոլոմոնից էր առել, ջհուդից, որ հետո խեղդվեց...
― Գիտեմ։ Մեզ մոտ երեք տարի օղի ծախող էր, մականունն էլ՝ Գրիշկա Մութ գինետուն։ Գիտեմ։
― Բան էլ չգիտես։ Մութ գինետունն ուրիշ էր։
― Ո՞նց թե ուրիշ։ Ուրեմն, լավ չգիտես։ Ես քեզ էնքան իմացող բերեմ որ...
― Կբերես։ Դո՞ւ ով, ես՝ ով։
― Ով։ Քեզ ծեծել էլ եմ, գլուխ չեմ գովում, թե չէ՝ դո՜ւ ով․․․
― Ծեծե՜լ ես։ Ինձ ծեծողը հլա չի ծնվել, ով էլ ձեռ է բարձրացրել, հողի տակ պառկած է։
― Բենդերի ժանտախտ։
― Սիբիրի ցավ գա վրեդ։
― Թուրքի թրի տակ ընկնես...
Ու ձգվեց֊գնաց կռվշտոցը։
― Դե՛֊դե՛֊դե՛։ Ձենները գլուխները գցին,— բղավեցին չորս կողմից։— Դրսում չեն կարացել ապրել, ուրախ են, որ էստեղ ցորենի մաքուր հաց է ընկել ձեռները...
Տեղնուտեղը կհանգստացնեն։ Կռվշտել, լեզվակռիվ տալ թույլ է տրվում։ Մասամբ դա զբաղմունք է բոլորի համար։ Բայց միշտ չեն թողնի, որ բանը ծեծուկռվի հասնի, միայն բացառիկ դեպքերում կծեծվեն ախոյանները։ Կռվի մասին կմատնեն մայորին, կսկսվեն փնտրտուքները, ինքը մայորը կգա, մի խոսքով, բոլորի համար էլ վատ կլինի։ Դրա համար էլ չեն թողնի ծեծվեն։ Ասենք, ախոյանների լեզվակռիվն էլ ավելի շատ զբաղմունքի համար էր, խոսքի վարժանք։ Հաճախ իրենք իրենց են խաբում, սկսում են ահավոր եռանդով, կատաղությամբ... կարծում ես, ուր որ է, կհարձակվեն իրար վրա, բայց ամենևի՛ն՝ կհասնեն մի հայտնի կետի և իսկույն կբաժանվեն։ Այդ ամենն ինձ չափազանց զարմացրել էր սկզբում։ Դիտավորյալ մեջբերեցի բանտային ամենասովորական խոսակցություններից մի օրինակ։ Սկզբում չէի կարողանում պատկերացնել, թե ինչպե՞ս կարելի է կռվշտել հաճույքից՝ դրա մեջ գտնելով զվարճանք, սրտամոտ վարժանք, դուրեկան բան։ Ի դեպ, պետք չէ մոռանալ նաև սնափառությունը։ Դիալեկտիկ֊կռվշտողը հարգանք էր վայելում։ Սոսկ չէին ծափահարում նրան, ինչպես դերասանին։
Դեռ երեկ երեկոյից նկատել էի, որ ինձ խեթ են նայում։
Արդեն բռնել էի մի քանի մռայլ հայացք։ Հակառակը, ուրիշ կալանավորներ չուրջս պատվում էին, կասկածելով, թե հետս փող եմ բերել։ Անմիջապես սկսեցին ծառայություններ անել, սովորեցրին ինչպես կրեմ նոր կալանդները, ինձ համար, իհարկե փողով, մի փոքր սնդուկ գտան՝ փակով, որ դրա մեջ պահեմ արդեն ինձ տված բանտային իրերը և մի քանի ձեռք սպիտակեղենը, որ հետս էի բերել բանտ։ Հաջորդ իսկ օրը դրանք գողացան ինձնից ու խմելու տվին։ Նրանցից մեկը հետագայում դարձավ ինձ ամենանվիրված մարդը, թեև չէր դադարում գողանալ իրերս ամեն հարմար դեպքում։ Դա անում էր նվազագույնս չքաշվելով, համարյա անգիտակցաբար, կարծես պարտականությամբ, նրա վրա անհնար էր բարկանալ։
Իմիջիալյոց, նրանք սովորեցրին, որ պիտի իմ թեյն ունենամ, որ վատ չի լինի նաև թեյնիկ ձեռք բերել, իսկ առայժմ օգտագործելու բերեցին ուրիշինը և երաշխավորեցին մի խոհարարի, ասելով, որ ամիսը երեսուն կոպեկով ինձ համար կեփի ինչ ուզեմ, եթե կուզենամ հատուկ ուտել ու մթերք գնել ինձ համար... Անշուշտ, փող պարտք արեցին և յուրաքանչյուրն առաջին մեկ օրվա ընթացքում մի երեք անգամ եկավ՝ պարտք վերցնելու։
Նախկին ազնվականների վրա տաժանավայրում ընդհանրապես խոժոռ ու անբարյացակամ են նայում։
Չնայած, որ նրանք արդեն զրկված են իրենց կեցության իրավունքներից և լիովին հավասարեցված մնացած կալանավորներին, վերջիններս երբեք որպես ընկերներ չեն ընդունում նրանց։ Անկեղծորեն ընդունում էին մեզ որպես ազնվականներ, չնայած հենց իրենք էլ սիրում էին մեզ բարկացնել՝ մեր անկմամբ։
― Չէ, հերիք եղավ։ Առաջ էր, որ Պյոտրը Մոսկվան էր ոտատակ տալիս, հիմի էդ Պյոտրի ոտն իր հյուսած պարանին է փաթ գալիս,— և նման այլ սիրալիրություններ։
Նրանք սիրով էին հետևում մեր տառապանքներին, որոնք ջանում էինք ցույց չտալ նրանց։ Սկզբում առանձնապես տանջվում էինք գործատեղում, քանի որ նրանց ուժը չունեինք և չէինք կարողանում լիուլի օգնել նրանց։ Ավելի դժվար ոչինչ չկա, քան ժողովրդի վստահությունը շահելը (հատկապես այդպիսի ժողովրդի) և նրանց սերը վաստակելը։
Տաժանավայրում մի քանի հոգի կային ազնվականներից։ Նախ և առաջ, մի հինգ հոգի լեհ։ Նրանց մասին երբևէ կասեմ հատկապես։ Տաժանապարտներն անասելի չէին սիրում լեհերին, նույնիսկ ավելի, քան մյուս ազնվական աքսորյալներին։ Լեհերը (ես խոսում եմ քաղաքական հանցագործների մասին) իրենց պահում էին մի տեսակ նրբին, վիրավորական քաղաքավարությամբ, ծայրաստիճան անհաղորդակից էին և ոչ մի կերպ չէին կարողանում կալանավորներից թաքցնել իրենց նողկանքր նրանց հանդեպ, իսկ վերջիններս շատ լավ հասկանում էին դա և փոխադարձում համարժեք։
Ինձ պետք եկավ համարյա երկու տարի ապրել բանտում, որոշ տաժանապարտների բարեհաճությունը ձեռք բերելու համար։ Սակայն նրանց մեծ մասն ի վերջո սիրեց ինձ և ճանաչեց որպես «լավ» մարդ։
Ռուս ազնվականներից ևս չորս հոգի կային, ինձնից բացի։ Մեկը նսեմ ու ստոր արարած էր, ահավոր այլասերված, լրտես ու մատնիչ արհեստով։ Նրա մասին լսել էի դեռևս նախքան բանտ մտնելս և առաջին իսկ օրերից կտրեցի բոլոր տեսակի հարաբերությունները նրա հետ։ Մյուսը հենց այն հայրասպանն էր, ում մասին արդեն ասել եմ նոթերում։ Երրորդն Ակիմ Ակիմիչն էր, նրա նման խենթ հազվադեպ եմ տեսել։ Շատ հստակ է մնացել հիշողությանս մեջ։ Բարձրահասակ էր, լղարիկ, ցանցառամիտ, ահավոր անգրագետ, արտակարգ խրատամոլ և գերմանացու պես ճշտակատար։ Տաժանապարտները ծիծաղում էին նրա վրա, բայց մի քանիսը նույնիսկ վախենում էին գործ ունենալ նրա հետ՝ մանրախնդիր, պահանջկոտ ու կռվազան բնավորության համար։ Առաջին իսկ քայլից իրեն պահել էր մտերմավարի, կռվշտում էր նրանց հետ, նույնիսկ ծեծկռտվում։ Բացառիկ ազնիվ էր։ Անարդարություն նկատելուն պես իսկույն կխառնվեր, թեև իր գործը չլիներ։ Միամիտ էր ծայրաստիճան, օրինակ, կալանավորների հետ լեզվակռիվ տալիս, երբեմն կկշտամբեր դիմացիններին, որ գողեր են և լրջորեն կհամոզեր գողություն չանել։ Ծառայ ել էր Կովկասում, որպես պրապորշչիկ։ Մտերմացանք առաջին իսկ օրվանից, և նա տեղնուտեղը պատմեց իր գործը։ Սկսել էր հենց Կովկասում, նախ՝ որպես յունկեր, հետևակ գնդում, երկար ժամանակ լուծ քաշել, ի վերջո, սպա կարգվել, ուղարկվել ինչ֊որ ամրություն, որպես ավագ պետ։ Հարևան մի խաղաղ իշխանիկ հրդեհել էր նրա ամրոցը և գիշերային հարձակում գործել, որը չէր հաջողվել։ Ակիմիչը խորամանկել և ցույց չէր տվել անգամ, թե գիտե՝ ով է չարագործր։ Եղածը բարդեցին ոչ խաղաղների, իսկ մեկ ամիս անց Ակիմ Ակիմիչը բարեկամաբար հյուր կանչեց իշխանիկին։ Սա եկավ, ոչինչ չկասկածելով։ Ակիմ Ակիմիչը շարեց իր ջոկատը, բոլորին ի տես մերկացրեց և կշտամբեց իշխանիկին, ապացուցեց նրան, որ ամրոցներ կրակ տալն ամոթ է։ Հենց տեղում էլ շատ հանգամանալի խրատ կարդաց նրան, թե ինչպես պիտի իրեն պահի խաղաղ իշխանն առաջիկայում և ավարտին գնդակահարեց նրան, ինչի մասին հանգամանորեն զեկուցեց ղեկավարությանը՝ ամենայն մանրամասնությամբ։ Այդ ամենի համար նրան դատեցին, դատապարտեցին մահապատժի, սակայն մեղմեցին վճիռը և տասներկու տարով աքսորեցին Սիբիր, երկրորդ կարգի տաժանակրության, բերդերում։ Նա լիովին գիտակցում էր, որ սխալ է գործել, ասում էր ինձ, թե դա դիտեր և նախքան իշխանիկին գնդակահարելը գիտեր, որ խաղաղ մարդուն պետք էր դատել օրենքով, սակայն, չնայած գիտեր, կարծես ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ իր մեղքն իսկապես
― Բայց ողորմած եղեք։ Չէ որ նա հրդեհել էր իմ ամրոցը։ Ի՞նչ է դրա համար պիտի խոնարհվեի՞ նրա առաջ,— ասում էր ինձ, պատասխանելով առարկություններիս։
Բայց չնայած, որ կալանավորները խնդմնդում էին Ակիմ Ակիմիչի խենթությունների վրա, այնուամենայնիվ, հարգում էին նրան ճշտակատարության և հմտության համար։
Չկար մի արհեստ, որ չգիտենար Ակիմ Ակիմիչը։ Ատաղձագործ էր, կոշկակար, սոլկար, ներկարար, ոսկեջուր անող, փականագործ, և այդ ամենը սովորել էր արդեն տաժանավայրում։ Ամեն ինչ անում էր ինքնուս եղանակով, մի անգամ կնայեր ու կաներ։ Սարքում էր նաև զանազան արկղներ, զամբյուղներ, լապտերիկներ, մանկական խաղալիքներ ու վաճառում դրանք քաղաքում։ Այդպիսով, քիչումիչ փող ունենում էր և անմիջապես ծախսում ավելորդ ձեռք սպիտակեղենի, ավելի փափուկ բարձի վրա, ձեռք բերեց ծալովի ներքնակ։ Ինձ հետ նույն բանտասենյակում էր տեղավորվել, և տաժանակրությալ առաջին օրերին շատ ծառայություններ մատուցեց ինձ։
Բանտից գործի գնալիս, կալանավորները շարվում էին կորդեգարդիայի առաջ, երկու շարքով, կալանավորների առջևից և ետևից շարվում էին պահախմբի զինվորները՝ լցված զենքերով։ Հայտնվում էին՝ ինժեներական սպան, ավագ ենթասպան, ինժեներական մի քանի ստորին աստիճանավորներ, աշխատանքը հսկող պրիստավներ։ Ենթասպան հաշվում էր կալանավորներին և խումբ֊խումբ ուղարկում աշխատելու՝ ուր պետք էր։
Մյուսների հետ մեկտեղ գնացի ինժեներական արհեստանոց։ Քարաշեն ցածրիկ շինություն էր, զանազան նյութերով լցված աշխատաբակում։ Այստեղ էին դարբնոցը, փականադործական, ատաղձագործական, ներկարարական և ուրիշ արհեստանոցները։ Ակիմ Ակիմիչը գալիս էր այստեղ և աշխատում ներկարարանոցում, օլիֆ եփում, ներկերը խառնում և սեղաններին ու կահույքին տալիս ընկուզեփայտի տեսք։
Վերակոփմանը սպասելիս, խոսքի բռնվեցի Ակիմ Ակիմիչի հետ՝ բանտում իմ առաջին տպավորությունների մասին։
― Այ֊յո՛, ազնվականներին չեն սիրում,— նշեց նա,— հատկապես քաղաքականներին, ուրախությամբ կխժռեին, զարմանալի չէ։ Նախ և առաջ, դուք մի ուրիշ ժողովուրդ եք՝ իրենց ոչ նման, իսկ երկրորդը՝ նախկինում բոլորն էլ եղել են կամ կալվածատիրոջ ճորտեր, կամ զինվորական կոչումներովներինը։ Ինքներդ դատեք, կարո՞ղ են ձեզ սիրել։ Էստեղ, ձեզ ասեմ, ապրելը դժվար է։ Իսկ ռուսաստանյան կալանավորական վաշտերում ավելի է դժվար։ Մեզ մոտ կան էնտեղներից, մեր բանտով շատ են պարծենում, կարծես դժոխքից դրախտ են ընկել։ Ցավը գործը չէ։ Ասում են, էնտեղ, առաջին աստիճանի տակ, ղեկավարությունը լրիվ զինվորական է, համենայն դեպս֊ս, մեզ մոտից ուրիշ ձևով է վարվում֊մ։ Ասում են, էնտեղ աքսորվածը կարող է ապրել իր տնակում։ Ես չեմ եղել, էդպես ասում են։ Չեն թրաշում, մունդիրով չեն, որ ասենք, մեզ մոտ լավն էն֊ն է, որ մունդիրով են ու թրաշած։ Ինչ էլ ասես, կարգուկանոնը շատ է, աչ֊չքի համար էլ է դուրեկան։ Մենակ թե դա նրանց դուրը չի գալիս։ Տեսեք, թե ինչ թափ֊փթ֊թփուկներ են հավաքվել։ Մեկը կանտոնական է, մյուսը՝ չերքեզ, երրորդն՝ աղանդավոր, չորրորդն՝ ուղղափառ մուժիկ՝ ընտանիքը, սիրած երեխեքին տանը թողած, հինգերորդը՝ ջհուդ, վեցերորդը՝ գնչու, յոթերորդը՝ հայտնի չէ, թե ով, ու էդ բոլորը միասին պիտի յոլա գն֊նան՝ ինչ ուզում է լինի, իրար հետ հաշտ լինեն, մի ամանից ուտեն, մ֊մի թ֊թախտի վրա քնեն։ Ազատություն ասածդ էլ ինչ է՝ ավել պատառը կարող ես մենակ թաքուն ուտել, ամեն գռոշ սապոգիդ մեջ պահես, ու եղած֊չեղածն էն է, որ բանտ է ու բանտ... Ուզած֊չուզած, ախ֊խմախություն կլցվի գլուխդ։
Բայց դա արդեն գիտեի։ Հատկապես ուզում էի հարցուվարձ անել մեր մայորի մասին։ Ակիմ Ակիմիչը ծածկամտություն չէր անում, և հիշում եմ, տպավորությունս ամենևին դուրեկան չէր։
Սակայն դեռ երկու տարի ինձ վիճակված էր ապրել նրա ղեկավարության տակ։ Այն ամենն, ինչ նրա մասին պատմեց Ակիմ Ակիմիչը, միանգամայն իրավացի էր, այն տարբերությամբ սոսկ, որ իրականության տպավորությունը միշտ ավելի ուժեղ է, քան պարզ պատմության տպավորությունը։ Զարհուրելի էր այդ մարդը հենց այն պատճառով, որ նման մարդը պետ էր համարյա անսահմանափակ իշխանությամբ՝ երկու հարյուր հոգու վրա։ Ինքնըստինքյան, դա մի խառնիխուռն, չարահոգի մարդ էր, ուրիշ ոչինչ։ Կալանավորներին նայում էր որպես բնական թշնամիների, և դա նրա առաջին ու գլխավոր սխալն էր։ Իրապես, մի քանի ընդունակություն ուներ։ Սակայն ամեն բան, նույնիսկ լավը, նրա մեջ ներկայանում էր այդպիսի խեղաթյուրված տեսքով։ Անզուսպ, չարացած՝ նա բանտ էր խուժում երբեմն նույնիսկ գիշերով, իսկ եթե նկատեր, որ կալանավորը քնած է ձախ կողի վրա կամ բերանքսիվայր, ապա առավոտյան կպատժեր նրան. «Կքնես սջ կողիդ, ինչպես ես եմ հրամայել»։ Բանտում նրան ատում էին և վախենում, ինչպես ասես ժանտախտից։ Դեմքը կարմրատակած էր, չարացած։ Բոլորը գիտեին է որ նա իր սպասյակ Ֆեդկայի բռի մեջ է։ Իսկ ամենից շատ նա սիրում էր իր Տրեզորկա պուդել շանը և քիչ էր մնացել խելագարվեր, երբ շունը հիվանդացավ։ Ասում են, հեկեկում էր շան վրա, ինչպես հարազատ որդու։ Վռնդեց մի անասնաբույժի և, սովորության համաձայն, քիչ էր մնացել կռվեր հետը, և Ֆեդկայից լսելով, որ բանտում մի կալանավոր կա՝ ինքնուս անասնաբույժ, որը բուժում է արտակարգ հաջող, անմիջապես կանչել տվեց նրան.
― Փրկիր։ Քաշով մեկ ոսկի կտամ, բուժիր Տրեզորկային,— բղավեց նա կալանավորի վրա։
Սա մի սիբիրցի մուժիկ էր, խորամանկ, խելացի, իրոք, շատ հմուտ անասնաբույժ, բայց մուժիկ էր որ կար։
― Նայեցի էդ Տրեզոբկային,— հետագայում պատմում էր նա կալանավորներին, ի դեպ, մայորի մոտ գնալուց ահագին ժամանակ անց, երբ ամբողջ պատմությունը մոռացված էր արդեն,— տեսնեմ, պառկած է շունը բազմոցի վրա, սպիտակ բարձերին, ու տեսա, որ բորբոքում է, պետք էր արյուն քաշեի, ու կբուժվեր շունը, ճիշտ եմ ասում, բայց ինքս ինձ մտածեցի. «Իսկ ի՞նչ, որ չբուժ եմ, կսատկի, չէ՞»։ «Չէ, ասի, ձերդ բարձր բարեծնություն, ուշ եք կանչել, թե որ երեկ լիներ, կամ առաջին օրը, էս ժամին, կբուժեի, իսկ հիմա չեմ կարող, բուժել չի լինի...»։
Այդպես էլ սատկեց Տրեզորկան։
Ինձ մանրակրկիտ պատմեցին, ինչպես էին կամեցել սպանել մեր մայորին։ Բանտում մի կալանավոր կար։ Արդեն մի քանի տարի մեզ մոտ էր ապրում և աչքի էր ընկնում իր խոնարհ վարքով։ Նկատել էին նաև, որ երբեք չի խոսում ոչ մեկի հետ։ Այդպես էլ մի տեսակ կրոնախևի տեղ էին դրել նրան։ Գրագետ էր ու վերջին ամբողջ տարին Աստվածաշունչ էր կարդում մշտապես, գիշեր ու ցերեկ։ Երբ բոլորը քնում էին, կեսգիշերին վեր էր կենում, վառում եկեղեցական ճարպամոմը, բարձրանում վառարանի վրա, բացում գիրքն ու կարդում էր մինչև լույս։ Մի օր էլ գնաց ու հայտնեց ենթասպային, որ չի ուզում գործի գնալ։ Զեկուցեցին մայորին, սա փրփրեց և անմիջապես եկավ վազեվազ։ Կալանավորը նետվեց նրա վրա, նախապես մոտը պահած աղյուսով, սակայն վրիպեց։ Նրան բռնեցին, դատեցին և պատժեցին։ Ամեն ինչ կատարվեց շատ արագ։ Երեք օր անց նա մահացավ հիվանդանոցում։ Մեռնելիս ասել էր, որ ոչ մեկի դեմ ոխ չուներ, այլ ուզում էր սոսկ տառ պել։ Ի դեպ, ոչ մի հերձվածողական աղանդի չէր պատկանում։ Բանտում նրան հիշում էին հարգանքով։
Վերջապես ինձ վերակոփեցին։ Այդ ընթացքում արհեստանոցում, մեկը մյուսի ետևից, հայտնվեցին մի քանի կալաչ ծախող կանայք։ Նրանցից ոմանք լրիվ դեռատի աղջնակներ էին։ Մինչև հասուն տարիքը նրանք սովորաբար կալաչներով էին գալիս-գնում, մայրերը թխում էին, նրանք՝ վաճառում։ Հասունանալով, շարունակում էին գալ, բայց առանց կալաչի արդեն՝ միշտ այդպես էր լինում։ Կային և ոչ աղջնակներ։ Կալաչը մի գռոշ արժեր և համարյա բոլոր կալանավորները գնում էին։
Ես նկատեցի մի կալանավորի՝ ատաղձագործ էր, արդեն ալեխառն մազերով, սակայն կարմրաթուշ և սիլի-բիլի էր անում կալաչ ծախողների հետ։ Նրանց գալուց հենց առաջ նոր ալ-կարմիր թաշկինակ էր փաթաթել վզին։ Թխամաշկ և կատարելապես ծաղկատար դեմքով մի կնիկ նրա դազգահի վրա դրեց իր վաճառատուփը։ Նրանց միջև իսկույն խոսակցություն սկսվեց։
― Էդ ինչի՞ երեկ չեկաք էստեղ,— հարցրեց կալանավորն ինքնագոհ ժպիտով
― Ասեմ։ Ես եկել էի, բայց ձեր իզութոզը չկար,— պատասխանեց ժիր կնիկը։
― Մեզ կանչեցին, թե չէ անպատճառ տեղում կլինեինք... Բայց ինձ մոտ երեկ չէ մեկել օրը ձերոնք լրիվ եկան։
― Էդ ո՞վ ու ո՞վ։
― Մարյաշկան էր եկել, Խավրոշկան էր եկել, Չեկունդա՛ն էր եկել, Երկգռոշանոցն էր եկել...
― Սա ի՞նչ բան է,— հարցրի Ակիմ Ակիմիչին,— մի՞թե...
― Լինում է,— պատասխանեց նա, ամոթխած իջեցնելով աչքերը, քանի որ արտակարգ ողջախոհ մարդ էր։
Իհարկե, դա լինում էր, բայց շատ հազվադեպ և մեծագույն դժվարություններով։ Ընդհանրապես, ավելի շատ ցանկացողներ կային, օրինակ, փողը խմելու տալու, քան նման գործի համար, չնայած հարկադրյալ կյանքի համակ բնական ծանրությանը։ Կին ձեռ գցելը դժվար էր։ Պետք էր ժամանակն ընտրել, տեղ գտնել, պայմանավորվել, ժամադրություններ նշանակել, առանձնացած տեղ որոնել, ինչն հատկապես դժվար էր համաձայնեցնել պահապաններին, ինչն ավելի դժվար էր, և ընդհանրապես՝ ահագին փող ծախսել՝ եթե համեմատաբար դատենք։ Բայց և այնպես, ինձ հաջողվեց հետագայում, երբեմն վկա լինել նաև սիրային տեսարանների։ Հիշում եմ, մի անգամ ամռանը երեքով էինք ինչ֊որ մարագում, Իրտըյշի ափին, ինչ-որ թրծող վառարան էինք կարգի գցում։ Պահակները բարեսիրտ մարդիկ էին։ Վերջապես, հայտնվեցին երկու «սուֆլյոր», ինչպես անվանում են նրանց կալանավորները։
― Հը՞, էս ո՞ւր էիք մնացել։ Վայ թե Զվերկովների մո՞տ,— դիմավորեց վաղուց սպասող կալանավորը, ում մոտ եկել էին նրանք։
― Էդ ե՞ս էի նստել-մնացել։ Էդ երեկ էի ճյուղին թառած կաչաղակից շատ վեր ընկել էնտեղ,— զվարթ պատասխանեց աղջիկը։
Ամենաանմաքուր աղջիկն էր աշխարհում։ Հենց նա էր Չեկունդա՛ն։ Նրա հետ էր եկել նաև Երկգռոշանոցը։ Սա արդեն դուրս էր որեէ նկարագրությունից։
― Ձեզ էլ վաղուց չենք հանդիպել,— շարունակեց կնամոլը, դիմելով Երկգռոշանոցին,— ինչի՞ եք էդքան նիհարել։
― Կարող է պատահի։ Առաջներում կարգին չաղ էի, հիմի է՝ ոնց որ ասեղ կուլ տված։
― Էլի զինվոր տղերքի մո՞տ։
― Չէ հա, էդ մեկը ձեզ չարալեզու մարդիկ են բստրել, բայց որ ասենք՝ հետո՞ ինչ։ Կող ու փոր չունենաս, զինվոր տղին կսիրես։
― Բաց թողեք դրանց ու մեզ սիրեք, մենք փող ունենք...
Ի լրումն տեսարանի, պատկերացրեք այդ կնամոլին՝ գլուխը խուզած, կալանդները ոտքերին, շերտավոր և պահախմբի հսկողության տակ։
Հրաժեշտ տվեցի Ակիմ Ակիմիչին և իմանալով, որ ինձ կարելի է բանտ վերադառնալ, ուղեկցորդ վերցրի ու գնացի տուն։ Ժողովուրդն արդեն հավաքվում էր։ Բոլորից շուտ գործից գալիս են կետարքով աշխատողները։ Կալանավորին աշխատել ստիպելու միակ միջոցը նրան կետարքով գործ հանձնարարելն է։ Երբեմն հսկայական կետարքներ են հանձնարարվում, բայց և այնպես դրանք ավարտվում են երկու անգամ ավելի շուտ, քան եթե ստիպեին աշխատել ընդհուպ մինչև ճաշի թմբկազարկը։ Վերջացնելով կետարքը, կալանավորն անարգել գնում է տուն, և ոչ ոք արդեն նրան չի կանգնեցնում։
Ճաշում են ոչ միասին, այլ ինչպես պատահի, ով շուտ եկավ, խոհանոցն էլ տեղ չէր անի բոլորին մեկտեղ։ Ես շչի փորձեցի, բայց սովոր չէի և չկերա, ինձ համար թեյ եփեցի։ Տեղավորվեցինք սեղանի ծայրին։ Մի ընկեր էլ կար հետս, ինձ պես, ազնվականներից։
Կալանավորները մտնում էին, դուրս գալիս։ Ի դեպ, դեռևս շատ տեղ կար, բոլորը չէին հավաքվել։ Հինգ հոգիանոց մի խումբ նստեց առանձին, մեծ սեղանի մոտ։ Խոհարարը նրանց երկուական բաժին շչի լցրեց ու սեղանին դրեց մի ամբողջ մատուցարան՝ տապակած ձկով։ Ինչ֊որ բան էին տոնում նրանք և ուտում էին իրենցը։ Մեզ խեթ֊խեթ էին նայում։ Ներս եկավ մի լեհ ու նստեց մեր կողքին։
― Տանը չեմ եղել, բայց ամեն ինչ գիտեմ,— բարձրաձայն բղավեց երկարահասակ մի կալանավոր, մտնելով խոհանոց և հայացքը սահեցնելով բոլոր ներկաների վրա։
Հիսուն տարեկան կլիներ, մկանուտ և չորչորուկ։ Դեմքին մի տեսակ խորամանկ, միաժամանակ զվարթ բան կար։ Առանձնապես նկատելի էր ներքևի հաստ, կախ շրթունքը, որը նրա դեմքին ինչ-որ արտակարգ ծիծաղելի արտահայտություն էր տալիս։
― Հա, շատ զիլ քնեցինք։ Ինչի՞ չեք բարև տալիս։ Հարգանք֊պատիվ մեր կուրսկեցիներին,— ավելացրեց նա, նստելով իրենց ճաշն արդեն վերջացնողների մոտ,— աղուհացով մնաք։ Դիմավորեք հյուրին։
― Ախպեր, ախր մենք կուրսկեցի չենք։
― Թե՞՝ տամբովցիներին։
― Տամբովցի էլ չենք։ Մեզնից օգտվելու բան չունես, ախպեր։ Գնա մի հարուստ մուժիկի մոտ, նրանից խնդրի։
― Ախպեր տղերք, էսօր փորս վեց֊վեց էլ է անում, յոթ-յոթ էլ։ Ձեր ասած էդ հարուստ մուժիկը որտե՞ղ է ապրում։
― Հրեն, Գազինը հարուստ մուժիկ է, նրա մոտ էլ գնա։
― Գազինն էսօր քեֆի մեջ է։ ՈւնԵցած֊չունեցածը խմելու է տալու։
― Մի քսան հատ մանեթնոց կա,— նշեց մյուսը։— Ձեռնտու գործ է օղի ծախելը։
― Ուրեմն, ի՞նչ, հյուր չեք ընդունում։ Էհ, պետականն էլ հուպ կտանք։
― Դու լավ կանես, գնաս թեյ ուզես։ Հրեն, խմում են ունևորները։
― Ի՞նչ ունևոր, էստեղ ունևոր չկա, նույնն են, ինչ ամենքս,— մռայլ մրթմրթաց անկյունում նստած մի կալանավոր։ Մինչ այժմ ոչ մի բառ չէր արտասանել։
― Մի բոլ թեյ կխմեի, մենակ թե խնդրելն ամոթ է՝ գոռոզ մարդիկ ենք,— նշեց հաստաշուրթ կալանավորը, բարեհոգաբար մեզ նայելով։
― Եթե ուզում եք, ես կտամ,— ասացի, հրավիրելով կալանավորին,— կուզե՞ք։
― Կուզե՞մ։ Էն էլ ոնց կուզեմ։— Նա մոտեցավ սեղանին։
― Տես է, տանը շչին ձեռով էր խպշտում, էստեղ թեյի գինն էլ իմացավ, պարոնների խմելիքն է սրտովը,— բռբռաց մռայլ կալանավորը։
― Մի՞թե այստեղ ոչ ոք թեյ չի խմում,— հարցրեցի նրան, սակայն պատասխանի չարժանացրեց։
― Ըհը, կալաչներն էլ բերին։ Ուրեմն, կալաչիկի էլ արժանացրեք։
Ներս բերին կալաչները։ Երիտասարդ մի կալանավոր լրիվ կապուկ էր բերել ու վաճառում էր բանտի ներսում։ Կալաչ ծախող կինը նրան էր թողնում ամեն տասներորդ կալաչը, հենց դա էլ կալանավորի ուզածն էր։
― Կալա՜չ, կալա՜չ,— բղավեց նա, խոհանոց մտնելով,— մոսկվայական, տաք֊տաք։ Ինքս կուտեի, բայց փողով է։ Դե, տղերք, մնաց վերջինը, ո՞րդ է ծնողի զավակ։
Ծնողական սիրուն ուղղված այդ կոչը զվարճացրեց ամենքին, և մի քանի հատ վերցրին նրանից։
― Ի՞նչ անեմ, տղերք,— ասաց նա,— ախր, մեր Գազինն էսօր քեֆը փորձանք է սարքելու գլխին։ Աստված վկա։ Քեֆի ժամանակ է գտել։ Մեկ էլ տեսար, ութաչքանին եկավ։
― Կթաքցնեն։ Իսկ ինչ է, լավ հարբա՞ծ է։
― Էլ ո՜ւր։ Ջղայնացած, կպչում է սրան֊նրան։
― Ուրեմն, մինչև քոթակ ուտելը քեֆ կքաշի...
― Այդ ո՞ւմ մասին են խոսում,— հարցրի կողքս նստած լեհից։
― Գազինի, կալանավոր է։ Այստեղ օղի է վաճառում։ Հենց փող հավաքեց, տեղնուտեղը խմելու է տալիս։ Դաժան ու չար մարդ է, չնայած լուրջ ժամանակ հանգիստ է, բայց հենց հարբեց, ամեն ինչ երևան է գալիս, վրա է պրծնում մարդկանց դանակով։ Այստեղ արդեն նրան հանգստացնում են։
― Իսկ ինչպե՞ս են հանգստացնում։
― Վրա են հասնում մի տասը կալանավորով ու սկսում շատ վատ ծեծել, այնքան ժամանակ, մինչև, կորցնի բոլոր զգացողությունները, այսինքն՝ կիսամեռ են անում։ Այդ ժամանակ պառկեցնում են թախտաշարին ու ծածկում կիսամուշտակով։
― Բայց չէ որ կարող է սպանեն։
― Ուրիշը լիներ, կսպանեին, բայց նրան չէ։ Ահավոր ուժեղ է, նրանից ավելի ուժեղ բանտում չկա, ու պինդ կազմվածք ունի։ Հաջորդ առավոտ վեր է կենում լրիվ ողջ ու առողջ։
― Ասացեք, խնդրեմ,— շարունակեցի հարցուփորձ անել լեհին,— չէ որ նրանք էլ են իրենց ուտելիքն ուտում, իսկ ես թեյ եմ խմում։ Այնինչ, նրանք նայում են, կարծես նախանձում են այդ թեյին։ Սա ի՞նչ է նշանակում։
― Դա թեյի համար չէ,— պատասխանեց լեհը։— Նրանք չարանում են ձեզ վրա, որովհետև ազնվական եք և նման չեք իրենց։ Նրանցից շատերը կկամենային կպչել ձեզնից։ Շատ կուզեին ձեզ վիրավորել, նսեմացնել։ Դեռ շատ տհաճ բաներ կտեսնեք այստեղ։ Այստեղ ահավոր ծանր է բոլորիս համար։ Ամենքից ծանրը մեզ համար է բոլոր առումներով։ Բավական շատ անտարբերություն է պետք՝ դրան վարժվելու համար։ Դուք դեռ շատ տհաճությունների և կռվշտոցի կհանդիպեք թեյի և հատուկ սննդի համար, չնայած, որ այստեղ շատերր և շատ հաճախ իրենց պարենն են ուտում, ոմանք էլ մշտապես թեյ են խմում։ Նրանց կարելի է, մեզ՝ ոչ։
Ասելով սա, նա վեր ելավ ու հեռացավ սեղանից։ Մի քանի րոպե անց կատարվեցին նաև նրա խոսքերը։
=== Առաջին տպավորություններ ===
=== Առաջին տպավորություններ ===