Ավելացվել է 22 464 բայտ,
20:30, 28 Հունիսի 2015 == Գլուխ XXXIX ==
Հաջորդ օրը նորից մի իրադարձություն տեղի ունեցավ, որն ալեկոծեց Սան Իլդեֆոնսոյի՝ առանց այն էլ մի շարք անսովոր դեպքերից արդեն սաստիկ հուզված բնակիչներին։
Կեսоրվա մոտ քաղաքի միջով ամրոց վերադարձան մարդասպանին (այդպես էին այժմ կոչում Կառլոսին) որոնելու ուղարկված ուլանները։ Ոչ մի հետք նրանք չէին գտել, բայց նախալեռներում ընդհարվել էին ռազմատենչ հնդկացիների մի մեծ ջոկատի հետ։ Կատաղի կռիվ էր տեղի ունեցել, մեծ թվով հնդկացիներ էին սպանվել, բայց, ինչպես միշտ, ողջ մնացածները կարողացել էին իրենց հետ տանել ընկերների դիակները։ Ահա թե ինչու էին զինվորներն առանց գանգամաշկերի վերադարձել։ Բայց նրանք շատ ավելի կարևոր ռազմավար էին բերել, դա Սան Իլդեֆոնսոյում ծնված մի երիտասարդ աղջիկ էր, որին նրանք ազատել էին հնդկացիների ձեռքից: Կապիտան Ռոբլադոյի՝ արշավախմբի քաջակորով հրամանատարի կարծիքով, դա այն նույն աղջիկն էր, որին մի քանի օր առաջ առևանգել էին հովտի հեռավոր ծայրում ընկած ռանչոյից։
Կապիտանն ու գերուհու փրկելու գործին մասնակցած մի քանի մարդ մնացին հրապարակում, իսկ մյուսներն ամրոց վերադարձան։
Ռոբլադոն հատկապես այդ ճանապարհն (ամենևին էլ ոչ ամենակարճ) ընտրելու և քաղաքում մնալու իր պատճառներն ուներ։ Ամենից առաջ նա ուզում էր իր խնամարկյալին հանձնել տեղական իշխանություններին։ Եվ հետո, թող բոլոր քաղաքացիների իրենց աչքերով տեսնեն, որ նրան ինքն է բերել։ Չէ՞ որ նա կենդանի ապացույց է այն բանի, թե ինչպիսի մեծ սխրանք է գործել ինքը։ Եվ, վերջապես, դա նրա համար ինչ-որ մեկի պատշգամբի առաջ իրեն ցույց տալու հարմար առիթ է։
Կապիտանն իրագործեց իր երեք մտադրությունները, բայց ոչ բոլորը ստացվեց այնպես, ինչպես ինքն էր ուզում։ Դեռ չէր լռել զինվորների գալուստն ազդարարող շեփորի ձայնը, երբ փրկված գերուհին ի տես հանվեց բոլորին։ Իսկ Կապիտան Ռոբլադոյի ձին, ոչ առանց սրածայր խթանների օգնության, սիգարշավում էր ամենաանբնական ձևով: Բայց դա իզուր էր. Կատալինան պատշգամբ դուրս չեկավ։ Սա չերևաց նաև գրասենյակային ծառայողների ու ծառաների մեջ, և երբ հաղթանակած ու հպարտ սպան հեռացավ պատշգամբից, նրա դեմքի հաղթական հրճվանքին փոխարինեց մռայլ հուսախաբությունը։
Մի քանի րոպե անց նա ձիուց իջավ Կապիտուլի տան առաջ և աղջկան ձեռքից ձեռք հանձնեց ալկալդին ու քաղաքի մյուս հայրերին։ Այդ արարողությունն ուղեկցվում էր ճռճռան ճառով, որի մեջ բերվում էին գերուհուն փրկելիս տեղի ունեցած դեպքերի որոշ մանրամասնություններ։ Ցավակցություն հայտնվեց նաև նրա ծնողներին, ովքեր էլ որ լինեին նրանք, իսկ վերջում հռետորը հայտնեց իր այն ենթադրությունը, որ դժբախտ զոհը, հավանաբար, հենց այն նույն աղջիկն է, որին առևանգել էին հնդկացիները մի քանի օր առաջ։
Այդ ամենը միանգամայն ճշմարտանման ու համոզիչ էր թվում։ Աղջկան ալկալդին հանձնելուց հետո, Ռոբլադոն հեծավ իր ձին և հիացմունքի բացականչությունների տարափի ներքո հեռացավ: Քաղաքի սուրբ հայրերը նրան ճանապարհեցին փառաբանության ճոռոմ խոսքերով, իսկ բնակիչները՝ ծափահարություններով ու «viva» բացականչություններով։
– Աստված վարձահատույց լինի ձեզ, կապիտան,– հասավ նրա ականջին, երբ նա դուրս էր գալիս բազմության միջից:
Խորաթափանց դիտորդն այդ պահին իսկույն կնկատեր Ռոբլադոյի աչքերի անկյուններում առկայծող տարօրինակ արտահայտությունը՝ հեգնանքն ու դրա հետ միասին ծիծաղելու բուռն ցանկությունը։ Եվ իսկապես, քաջակորով կապիտանը հիացած բազմության մեջ հազիվ էր պահում ծիծաղը: Նա իրեն զսպում էր միայն նրա համար, որպեսզի զվարճանար բերդակալի հետ միասին. այժմ նա նրա մոտ էր շտապում։
Բայց վերադառնանք գերուհուն:
Նրան շրջապատող բազմությունն իր հետաքրքրասիրությունը հագեցնելու տենչով է լցված։ Որքան էլ դա զարմանալի է, բայց գերակշռում է հենց այդ զգացմունքը։ Կարեկցանք համարյա չի զգացվում, չնայած նման հանգամանքներում հենց այդ զգացմունքին պետք է սպասել։ Շատ քչերի բերանից էր լսվում «խեղճ» բառը, և այդ սակավաթիվ մարդիկ առավելապես չքավոր թխամաշկ բնիկուհիներն էին։
Լավ հագնված խանութպանները (իսպանական վերաբնակիչներն ու կրեոլները, տղամարդիկ ու կանայք) աղջկան նայում էին անտարբեր հայացքներով կամ ուրիշի դժբախտությունը տենչացող բացբերանի հետաքրքրասիրությամբ։
Այլոց տառապանքների նկատմամբ այդպիսի անտարբերությունը ամենևին էլ հատուկ չէ Նոր Մեքսիկայի ժողովրդին, ավելի ճիշտ՝ այդ երկրի կանանց, որովհետև եթե տղամարդիկ այնտեղ դաժան են, ապա կանայք բարի են ու զգայուն:
Նրանց այսօրվա վերաբերմունքը կարող էր տարօրինակ թվալ, բայց տվյալ դեպքում դա իր պատճառներն ուներ: Նրանք գիտեին, թե ով էր այդ փրկված աղջիկը, գիտեին, որ նա բիզոնների որսորդի՝ մարդասպան Կառլոսի քույրն է։ Հենց դա էլ նրանց մեջ խեղդում էր լավ զգացմունքները։
Կառլոսը գրգռել էր բոլորի զայրույթը։ Տեղացի բնակիչները նրան ոճրագործ, ավազակ, ապերախտ էին անվանում։ Ինչպիսի՜ ստոր սրիկա։ Սպանել փառապանծ լեյտենանտին, ամբողջ գավառի սիրելուն։ Եվ ի՞նչն էր նրան այդ քայլին դրդել։ Պատճառը, հավանաբար, դատարկ վեճը կամ խանդն է։ Իսկապես, ի՞նչը նրան դրդեց դիմել այդ քայլին։ Ուրիշ ի՞նչ պատճառ կարող էր ունենա այդ հրեշը, այդ սպիտակագլուխ հերետիկոսը, եթե ոչ արյան ծարավը։ Անշնորհակալ սրիկա։ Մահափորձ կատարել փառապանծ բերդակալի կյանքի դեմ, այն նույն բերդակալի, որը, ուժ ու եռանդ չխնայելով, աշխատում էր վայրենիների ձեռքից փրկել մարդասպանի քրոջը։
Եվ վերջապես բերդակալը հասավ իր նպատակին. ահա այդ աղջիկն այստեղ է, շնորհիվ բերդակալի նա ողջ ու առողջ տուն է վերադարձել։ Չէ՞ որ այդ նա էր, որ իր կապիտանին ու զինվորներին ուղարկեց փնտրելու նրան՝ քրոջը, մի մարդու, որը քիչ էր մնացել սպաներ իրեն։ Հրե՛շ։ Մարդասպա՛ն։ Ավազա՛կ։ Նրանք ուրախ կլինեին նրան կախաղանից կախված տեսնել։ Բարի կաթոլիկը երբեք այդպես չէր վարվի. միայն մեղսագործը, հերետիկոսը, արյունախում ամերիկացին կարող էր այդպես վարվել: Նա կստանա իր արժանի պատիժը։
Այդ զգացումները հուզում էին հովտի բոլոր բնակիչներին, բացի աղքատ ստրուկներից՝ իրավազուրկ հնդկացիներից ու մի քանի կրեոլներից: Սակայն նրանք նույնպես հավանություն չէին տալիս Կառլոսի արարքներին, չնայած նրանց մեջ ուժեղ էր խռովահույզ ոգին և նրանք ամբողջ սրտով ատում էին իսպանական ռեժիմը։
Զարմանալի չէր, որ բիզոնների որսորդի նկատմամբ եղած այդպիսի վերաբերմունքի դեպքում այդ դժբախտ աղջիկը՝ նրա քույրը, այդքան քիչ կարեկցանք էր առաջացնում։
Ոչ ոք չէր կասկածում, որ փրկված աղջիկը որսորդի քույրն է, չնայած ներկաներից միայն քչերն էին ճանաչում նրան: Նրա եղբայրը, որն այժմ այնքան հայտնի էր դարձել, մինչև սուրբ Հովհաննեսի տոնի օրը գրեթե անհայտ էր քաղաքացիներին: Նա հազվադեպ էր քաղաքում լինում, իսկ քույրը՝ ավելի քիչ, և այնտեղ հավաքվածներից միայն շատ քչերն էին առաջներում տեսել նրանց։ Բայց նրանց նմանությունը կասկած չէր առաջացնում։ Այդպիսի հմայիչ ոսկեգույն մազեր, ձյան նման սպիտակ մաշկ, այտերի այդպիսի վառ կարմրություն հազվադեպ կտեսնես Հյուսիսային Մեքսիկայում, չնայած աշխարհի մեկ այլ մասում դրանք ոչ մեկին չեն զարմացնի։ Իսկ քաղաքի պատերին փակցված հայտարարություններում նկարագրված էին «մարդասպանի» հենց այդ նշանները։ Պարզ է, որ սա նրա քույրն է։ Բացի դրանից, այստեղ կային մարդիկ, որոնք Ռոսիտային տեսել էին տոնի օրը, երբ նրա գեղեցկությունը ոչ միայն հիացմունք, այլև նախանձ էր առաջ բերել։
Ռոսիտան, ինչպես միշտ, չքնաղ էր, միայն նրա վարդագույն այտերը գունատվել էին ու հայացքն ինչ-որ տարօրինակ, վայրի արտահայտություն էր ստացել։ Բայց իրեն ուղղված հարցերին նա կամ բոլորովին չէր պատասխանում, կամ ինչ-որ անհասկանալի պատասխաններ էր փնթփնթում, Նա լուռ էր. միայն երբեմն շուրթերից ինչ-որ անկապ ու տարօրինակ բառեր էին պոկվում: Նա մի քանի անգամ կրկնեց «հնդկացիներ» և «վայրենիներ» բառերը։
– Նա խելքը թռցրել է,– ասում էին մարդիկ իրար։– Նրան թվում է, թե ինքը դեռ հնդկացիների մոտ է։
Գուցե դա հենց այդպես էր: Չէ՞ որ նրան շրջապատել էին բարի չկամեցող մարդիկ։
Ալկալդը ներկաներին հարցրեց, թե արդյոք նրանց մեջ չկան աղջկա բարեկամներից կամ ծանոթներից, որոնց նա կարող էր վստահել աղջկան։
Բազմության միջից մի հասարակ աղջիկ դուրս եկավ, որը հենց նոր էր հայտնվել այստեղ: Նա ճանաչում էր այդ դժբախտ աղջկան, նա կհոգա նրա մասին ու տուն կտանի։
Այդ աղջկա հետ մի հնդկուհի, ավելի ճիշտ, մետիսուհի էլ կար, որն ըստ երևույթին նրա մայրն էր: Նրանք իրենց հետ տարան փրկված գերուհուն։ Շուտով բոլորն իրենց տները գնացին ու անցան իրենց սովորական գործերին։
Ռոսիտան ու նրա ուղեկցուհիները մտան քաղաքի չքավոր խավի արվարձանը կտրող նեղ փողոցներից մեկն ու հայտնվեցին քաղաքի սահմաններից դուրս։ Այնուհետև, մացառուտում ընկած խուլ արահետով նրանք անցան մի քանի հարյուր յարդ տարածություն, դուրս եկան անուշադրության մատնված մի փոքրիկ ռանչոյի մոտ ու թաքնվեցին այնտեղ։ Իսկ մի քանի րոպե անց նրա դռանը մոտեցավ եզներով լծված մի սայլակ, որը քշում էր պեոններից մեկը։
Աղջիկը Ռոսիտայի ձեռքից բռնած, դուրս եկավ տանից ու նրանք երկուսով տեղավորվեցին սայլակում։
Նրանք նստեցին սայլակի հատակին փռած չոր խոտի վրա, և պեոնը քշեց եզներին։ Դուրս գալով մացառուտից, սայլակը գլորվեց դեպի հովտի վերջին ֆերմաները տանող մեծ ճանապարհով։
Աղջիկը Ռոսիտային էր նայում կարեկցող հայացքով: Նա օգնեց նրան ավելի հարմար նստելու այնպես, որ վերջինս հնարավորին չափ քիչ չարչարվի ցնցումներից: Նա նրան քաջալերում էր փաղաքշական խոսքերով, սակայն նրա հետ խոսում էր ոչ ընկերուհու և ոչ էլ հին ծանոթի նման։ Զգացվում էր, որ այդ աղջիկը առաջներում երբեք չի տեսել Ռոսիտային։
Երբ նրանք անցնում էին ճանապարհի խուլ մասով, քաղաքից մոտավորապես մեկ մղոն հեռավորության վրա, ետևում սրընթաց մոտեցող մի ձիավոր երևաց։ Մի քանի րոպեից հետո նա արդեն հասավ նրանց։ Ձիավորն արշավում էր մի փառավոր մուստանգ նստած։ Երևում էր, որ այդ ձին լավ էր խնամված ու պահված. նա արագավազ էր ու աշխույժ, իսկ նրա կողերը մաքրությունից փայլում էին։
Ձիավորը մոտեցավ սայլակին ու պեոնին հրամայեց կանգնել։ Բարեհնչուն ձայնն անմիջապես մատնեց նրան։ Ձիավորը կին էր։ Իսկ նրա քնքուշ այտերը, մետաքսանման մազերն ու նուրբ դիմագծերը վկայում էին այն մասին, որ նա իսկական սինյորինա է։ Զարմանալի չէր, որ հեռվից նրան կարելի էր տղամարդու տեղ դնել, ուսերին սովորական սերապե էր գցված, սոմբրերոյի լայն եզրերը գրեթե լրիվ ծածկել էին նրա սև ու փայլուն մազերը, և թամբի վրա էլ նա իրեն տղամարդու պես էր պահում՝ կարծես իսկական մեքսիկացի հեծյալ լիներ։
– Այդ դո՞ւք եք, սինյորինա,– զարմացած ու միաժամանակ հարգանքով ասաց սայլակում նստած աղջիկը։
– Իսկ դու չճանաչեցի՞ր ինձ, Խոսեֆա։
– Ոչ, սինյորինա։ Ինչպե՞ս ճանաչեի ձեզ այդպես զուգված:
– Զուգվա՞ծ։ Պարզապես սովորական կոստյում է հագիս։
– Իհարկե, սինյորինա, բայց ոչ ձեզ նման ծանրակշիռ սինյորի համար։
– Այո, ըստ երևույթին այս հագուստի մեջ դժվար է ինձ ճանաչել: Ես մի քանի ծանոթների հանդիպեցի և նրանք ինձ չխոնարհվեցին։ Ձիավորը ծիծաղեց։– Խեղճ աղջիկ... շարունակեց նա, հանկարծ փոխելով ձայնն ու կարեկցորեն նայելով Խոսեֆայի ուղեկցուհուն։– Որքան է տանջվել: Խեղճ աղջիկ։ Եվ որքան ճիշտ ասացին ինձ: Տեր Աստված, որքան նման է...
Սինյորինան իր խոսքը չավարտեց։ Մի պահ մոռանալով Խոսեֆայի ու պեոնի ներկայությունը, նա բարձրաձայն արտահայտեց իր մտքերը։ Վերջին խոսքերն ակամայից դուրս պրծան նրա շուրթերից։
Իսկույն սթափվելով, նա զննող հայացքով նայեց նրանց դեմքերին։ Պեոնն զբաղված էր եզներով, բայց դրա փոխարեն աղջկա դեմքն այրվում էր հետաքրքրասիրությունից։
– Ո՞ւմ է նման, սինյորինա,– հարցրեց նա միամտորեն։
– Ծանոթներիցս մեկին: Դա կարևոր չէ, Խոսեֆա:– Սինյորինան մատը մոտեցրեց շուրթերին ու բազմանշանակալից նայեց պեոնի կողմը։
Խոսեֆան, որը գիտեր նրա գաղտնիքն ու գլխի ընկավ, թե ով է այդ ծանոթը, լռեց:
Սինյորինան Խոսեֆայի նստած կողմից մոտեցավ սայլակին և, թեքվելով դեպի նա, շշնջաց.
– Այնտեղ մնա մինչև առավոտ, միևնույն է, ցերեկով չես հասցնի վերադառնալ: Մնա. գուցե որևէ բան կիմանաս։ Հնարավորին չափ շուտ արի, բայց ոչ թե տուն, այլ եկեղեցի, առավոտյան ժամերգությանը։ Տես, չուշանաս։ Ես եկեղեցում կլինեմ։ Աշխատիր տեսնել Անտոնիոյին: Նրան հանձնիր ահա սա։– Ոսկե մատանու ադամանդն ակնթարթորեն շողշողաց սինյորինայի մատների արանքում ու Խոսեֆան անմիջապես այն սեղմեց ափի մեջ։– Ասա նրան, թե ում համար է, իսկ թե ով է ուղարկել՝ թող նա այդ չիմանա։ Ահա քեզ փող ծախսերի ու մի քիչ աղջկան տալու համար։ Ոչ, ավելի լավ է նրա մորը տաս, իհարկե, եթե նա համաձայնվի ընդունել:
Քսակն ընկավ Խոսեֆայի ծնկներին։
– Որևէ բան իմացիր։ Իմացիր, սիրելի Խոսեֆա... Ցտեսություն։ Ցտեսություն։
Վերջին բառերը սինյորինան հապճեպորեն արտասանեց։ Շրջելով իր շողշողացող մուստանգին, նա դեպի քաղաք սլացավ։
Նա կարող էր չկասկածել, որ Խոսեֆան կկատարի իր հանձնարարությունը և այնտեղ կմնա մինչև առավոտ։ Այդ աղջիկը, ոչ պակաս, քան սինյորինան, շահագրգռված էր այդ ճանապարհորդությունով։
Սիրունիկ Խոսեֆան մետիս Անտոնիոյի հարսնացուն էր. և նրան կհաջողվի Անտոնիոյին տեսնել, թե ոչ, միևնույն է, նա չի շտապում տուն վերադառնալ։ Եթե հաջողվի տեսնել նրան, ապա առավել հաճելի կլինի մնալ ռանչոյում. իսկ եթե ոչ, ապա կմնա տեսնելու հույսով։
Հասարակ սայլակը հանկարծ կարծես վերածվեց զսպաններով ու թավշյա նստատեղերով կառքի։ Խոսեֆան լսել էր, որ այդպիսի կառքեր կան, բայց երբեք չէր տեսել. չէ՞ որ նա ոսկով լի քսակ ուներ, որի պարունակության մեկ վեցերորդ մասն էլ բավական էր բոլոր ծախսերի համար և, բացի դրանից, նա Անտոնիոյին տեսնելու հնարավորություն ուներ։
Սրտացավ աղջիկը շուռումուռ տվեց խոտը, Ռոսիտայի գլուխը դրեց իր ծնկներին, գիշերային խոնավությունից պաշտպանելու համար նրան ծածկեց իր շալով ու պեոնին հրամայեց առաջ շարժվել։ Վերջինս ուժգին բղավեց եզների վրա, ճիպոտով խփեց նրանց, և նրանք փոշոտ ճանապարհով նորից քաշ տվին սայլակը։