Իսկ արևն ուրախ շողում էր, ոչ մի ուշադրություն չդարձնելով նրանց վրա, և սոճին, որ կլոր տարին հագից չէր հանել իր ասեղնավոր զգեստը, հին ու մաշված էր թվում նոր ու կանաչ ժանյակներով զուգված կեչու կողքին։ Վինին քայլում էր սոճիների ու եղևնիների մոտով, քայլում էր գիհեպտուղով ու կռատուկով պատված լանջերով, քայլում էր առվակների ու գետակների զառիթափ ափերով, քայլում էր քարակույտերի ու թփուտների միջով, և ահա, հոգնած ու քաղված, նա վերջապես հասավ Թավուտ Անտառը, որովհետև հենց այստեղ, Թավուտ անտառում էր ապրում Բուն։
«Եթե կա ինչ֊որ մեկը, որ ինչ֊որ բան գիտե ինչ֊որ բանի մասին, ― ինքն իրեն ասում էր արջուկը, ― ապա դա, անկասկած, ուն բուն է։ Կամ էլ ես Վինի֊Թուխը չեմ, ― ասաց նա։ Բայց ես նա եմ, ― ավելացրեց Թուխը։ ― Նշանակում է՝ ամեն ինչ կարգի՛ն է»։
Բուն ապրում էր «Շագանակներ» սքանչելի դղյակում։ Այո, դա տուն չէր, այլ իսկական դղյակ։ Համենայն դեպս, այդպես էր թվում արջուկին, որովհետև դղյակի դռան վրա թե կոճակով զանգ կար, և թե պարանով զանգ։ Կոճակով զանգի տակ գրված էր․