— Դեռ երկա՞ր պիտի գնանք, Գենդալֆ,— երկար լռությունից հետո խոսեց Մերին: Չգիտեմ դու ինչ ես մտածում «պոչիցդ կախված խղճուկ արարածի մասին», որը բռնվել է քո թիկնոցից, բայց պետք է ասեմ, որ այդ «խղճուկ արարածը» հոգնել է և ուզում է հանգստանալ:
— Փաստորեն լսել ես և նույնիսկ վիրավորվել,— խոժոռվեց Գենդալֆը: Մոռացի՛ր այդ մասին և այլևս չհիշատակես: Ասա շնորյակալություն, որ Սարումանը չզբաղվեց ձեզանով: Նա ձեր վրա աչք էր դրել և ամբողջ ընթացքում խեթ-խեթ նայում էր: Եթե ուզում ես, կարող ես նույնիսկ հպարտանալ. հիմա նա միայն քո և Փինի մասին է մտածում: Մասնավորապես՝ ովքեր եք դուք, որտեղից եք հայտնվել, ինչ է ձեզ հայտնի, ձեզ են պատանդ վերցրել թե՝ ոչ, և եթե ձեզ են վերցրել, ինչպես եք դուք փրկվել, այն դեպքում, երբ բոլոր օրքերը ոչնչացված են: Ահա այդպիսի մանր հանելուկներ են տանջում մեծն Սարումանին: Այնպես որ, թանկագին ՄերիադոկՄերիադոք, ուրախ եղիր, որ վիրավորանքով պրծար:
— Զգացված եմ,— ասաց Մերին,— բայց իմ կարծիքով, քո թիկունքում ճոճվելն ավելի մեծ պատիվ է, թեկուզ միայն այն պատճառով, որ կարող եմ կրկնել հարցս. դեռ երկա՞ր ենք գնալու: