== Գլուխ 26 ==
Նորից սկսվեցին պարապմունքները, և նրանց հետ մեկտեղ մեր ամենօրյա անցուդարձը Ռեդլիների տան մոտով։ Ջիմը հիմա յոթերորդ դասարանումն էր և սովորում էր ուրիշ դպրոցում, իսկ ես՝ երրորդ դասարանում, և մեր դասացուցակը բոլորովին այլ էր, այնպես որ միայն առավոտյան միասին դպրոց էինք գնում և մեկ էլ հանդիպում էինք ճաշասեղանի շուրջը։
Նա գնում էր ֆուտբոլի խաղերին, բայց նրա ոչ տարիքն էր ներում, ոչ էլ ուժերը, և նա առայժմ անձնակազմի համար միայն ջուր էր կրում դույլերով։ Բայց Ջիմը այդ էլ կատարում էր հիացմունքով և համարյա ամեն օր մինչև մութն ընկնելը անց էր կացնում այնտեղ։
Ռեդլիի տունը գտնվում էր հսկա կաղնիների տակ դարձյալ այնպես մռայլ, դժկամ և անբարեհամբույր, բայց ես այդ տնից այլևս չէի վախենում։ Եթե եղանակը լավ էր լինում, միստեր Նաթան Ռեդլին առաջվա նման գնում էր քաղաք. Զարզանդն, իհարկե, դարձյալ նստած էր տանը, չէ՞ որ ոչ ոք չէր տեսել նրան այնտեղից տանելիս։ Երբեմն երբ անցնում էի այդ հին տան մոտով, խղճի խայթ էի զգում՝ ինչպես ենք մենք, հավանական է, այն ժամանակ տանջել Արթուր Ռեդլիին, այդ ո՞ր մենակյացին դուր կգա, որ երեխաները ներս նայեն լուսամուտից, կարթով նամակներ գցեն և գիշերները թափառեն նրա կաղամբների մեջ։
Եվ չնայած այդ բոլորին՝ երկու պեննի՝ հնդկական գլուխներով, մաստակ, օճառե տիկնիկներ, մեդալ և մի ջարդված Ժամացույց՝ շղթայով։ Ջիմը, հավանաբար, այդ բոլորը որևէ տեղ թաքցրել է։ Մի անգամ ես կանգ առա և նայեցի այն ծառին․ ցեմենտե խցանի շուրջը բունը հաստացել էր։ Իսկ խցանը դեղնել էր։
Երկու անգամ մենք քիչ էր մնացել Զարզանդին տեսնեինք, դրանով ամեն մարդ չէ, որ կարող է պարծենալ։
Բայց միշտ էլ, երբ ես անցնում էի այդ տան մոտով, հույս էի ունենում, թե նրան կտեսնեմ։ Գուցե երբևէ մենք նրան, այնուամենայնիվ, կտեսնենք։ Հետաքրքիր է, ինչպես կլինի այդ. ահա ես անցնում եմ նրա տան մոտով, իսկ նա նստած է ճլորթու վրա։
― Բարև ձեզ, միստեր Արթուր,— կասեմ ես, որպես թե ամբողջ կյանքումս բարևել եմ նրան։
― Բարի երեկո, Ջին Լուիզա,— կասի նա, որպես թե իր ամբողջ կյանքում բարևել է ինձ։— Այս ինչ սքանչելի եղանակ է, ճի՞շտ է։
― Այո, սըր, ուղղակի սքանչելի է,— կասեմ ես և կշարունակեմ իմ ճանապարհը։
Բայց այս բոլորը միայն երազանք է։ Մենք երբեք նրան չենք տեսնի։ Նա երևի իրոք դուրս է գալիս տնից այն ժամանակ, երբ բարձրանում է լուսինը, դուրս է գալիս ու նայում միսս Ստիվենի Կրոուֆորդի լուսամուտից։ Ես լինեի նրա տեղը, մեկ ուրիշի պատուհանից կնայեի, բայց դա իր գործն է։ Իսկ մեզ նա երբեք էլ չի նայի։
— Չլինի՞ դարձյալ հինն ես սկսել,— հարցրեց մի անգամ երեկոյան Ատտիկուսը, երբ ես հանկարծ հայտարարեցի, թե վերջապես քանի կենդանի եմ, գեթ մի անգամ պետք է տեսնեմ Զարզանդ Ռեդլիին։
― Եթե այդպես է, ուրեմն ես քեզ ուղղակի կասեմ. վե՛րջ տուր դրան։ Ես չափազանց ծեր եմ, որպեսզի քեզ վռնդեմ նրանց բակից։ Բացի այդ, վտանգավոր է մտնել այնտեղ։ Քեզ կարող են սպանել։ Չէ՞ որ գիտես, միստեր Նաթանը կրակում է ամեն մի ստվերի վրա, նույնիսկ եթե դա երեսուն համարի կոշիկ հագնողի ստվերն է։ Քո բախտը բերել է, որ կենդանի ես մնացել։
Ես այդտեղ լեզուս կծեցի։ Ես մտածեցի՝ ինչ հիանալի մարդ է Ատտիկուսը։ Չէ՞ որ այս ամբողջ ժամանակի ընթացքում նա առաջին անգամ ցույց տվեց, թե որոշ բաների մասին ավելի գիտե, քան մենք կարծում ենք։ Իսկ չէ՞ որ այդ բոլորր տեղի էր ունեցել հարյուր տարի առաջ։ Ո՛չ, հենց այս ամռանը․․․ ՛'չ, անցյալ ամռանը, երբ․․․ Գլխումս ամեն ինչ խառնվել է։ Պետք է Ջիմին հարցնել։
Ինչեր ասես, որ մեր գլխով չանցան այն ժամանակվանից, և պարզվում է, որ Զարզանդ Ռեդլիից էլ սարսափելի բաներ կան։ Ատտիկուսն ասաց՝ չի կարծում, որ էլի մի որևէ բան տեղի ունենա, կյանքը միշտ արագ է իր հունի մեջ մտնում։ Կանցնի մի որոշ ժամանակ և կմոռանան, որ երբևիցե աշխարհում ապրել է Թոմ Ռոբինսոն, որի պատճառով այնքան խոսք ու զրույց է եղել։
Գուցե և Ատտիկուսն իրավացի է, բայց այն բանից, ինչ տեղի ունեցավ այս ամռանը, մենք չէինք կարողանում ազատ շնչել ինչպես մի սենյակում, ուր տոթ է և ծխախոտի ծխով լցված։ Մեյկոմբի բնակիչները երբեք ինձ և Ջիմի հետ չէին խոսում Թոմի գործի մասին։ Նրանք հավանաբար իրենց երեխաների հետ խոսում էին այդ մասին և նայում էին դրա վրա, ըստ երևույթին այսպես. ես և Ջիմը մեղավոր չենք, որ Ատտիկուսը մեր հայրն է, և այդ պատճառով, անտեսելով Ատտիկուսին, թող իրենց երեխաները մեր նկատմամբ լինեն ներողամիտ։ Իրենք՝ երեխաները, ոչ մի դեպքում այդքան բանը չէին մտածի։ Եթե մեր դասարանական ընկերներին խելքից չհանեին, մեզանից ամեն մեկը գուցե մի երկու անգամ կռվեր, և դրանով էլ ամեն ինչ կվերջանար։ Իսկ այսպես, ուզեինք-չուզեինք պետք է գլուխներս բարձր բռնեինք և մեզ պահեինք այնպես, ինչպես այդ վայել է ջենտլմենին և լեդիին։ Դա մի փոքր հիշեցնում էր միսիս Հենրի Լաֆայետ Գյուբոզի ժամանակաշրջանը, միայն թե ոչ ոք մեզ վրա չէր բղավում։ Բայց ահա թե ինչն էր տարօրինակ և անհասկանալի․ թեկուզև Մեյկոմբի կարծիքով Ատտիկուսը համարվում էր վատ հայր, բայց, միևնույն է, նրան դարձյալ միաձայն ընտրեցին նահանգի օրենսդրական ժողովի կազմում։ Ո՛չ, երևում է, բոլոր մարդիկ ինչ֊որ տարօրինակ են, և ես սկսեցի նրանցից հեռու մնալ և չմտածել նրանց մասին, քանի հնարավոր էր այդ։
Բայց մեկ անգամ դպրոցում ես կամա թե ակամա ստիպված եղա նրանց մասին մտածել։ Մեզ մոտ շաբաթական մեկ ժամ նվիրված էր ընթացիկ դեպքերին։ Ամեն մեկը պետք է լրագրից կտրեր մի հոդված, ուշադիր կարդար և դասարանում պատմեր։ Ենթադրվում էր, որ դա որպես թե երեխաներին պիտի պահպաներ բազմաթիվ չարիքներից․ աշակերտը կկանգնի բոլորի առաջ, կաշխատի ընդունել գեղեցիկ դիրք և ձեռք բերել լավ կեցվածք․ նա պետք է համառոտակի վերապատմի կարդացածը, և դրանով սովորի ընտրել բառեր. նա պետք է հիշի ընթացիկ դեպքերը, իսկ դա կսրի նրա հիշողությունը․ նա պետք է կանգնի միայնակ, իսկ այդ կուժեղացնի նրա ցանկությունը դարձյալ լինելու բոլորի հետ։
Շատ խոր մտահղացրւմ, բայց, ինչպես միշտ, Մեյկոմբում դրանից ոչ մի խելացի բան չստացվեց։ Առաջին, ֆերմերների երեխաները համարյա երբեք լրագիր չէին տեսնում, այնպես որ ընթացիկ դեպքերը ծանրաբեռնում էին միայն քաղաքի երեխաներին, և դա վերջնականապես համոզել էր արվարձաններում ապրողներին, որ ուսուցիչներն զբաղված են միայն քաղաքի երեխաներով։ Քաղաքից դուրս ապրողների ձեռքը եթե լրագիր էլ ընկնում էր, ապա նրանք սովորաբար հոդվածներ ընտրում էին «Ռադիկալ թերթիկ»֊ից, որը մեր ուսուցչուհի միսս Գեյտսը լրագիր չէր համարում։
Չգիտեմ ինչու նա խոժոռվում էր երբ որևէ մեկը պատմում էր «Ռադիկալ թերթիկ»-ից, բայց թվում էր, որ նրա աչքում դա նույնն էր, ինչ որ ջուր ծեծելը, նախաճաշին կաթնահունց ուտելը, հայելու առաջ պտտվելը, «Քաղցր է էշի ձայնը» երգելը, մի խոսքով, այն բոլորը, որոնցից մեր ուսուցիչները պետք է մեզ ետ վարժեցնեին և, որի համար էլ հենց փող էին ստանում։
Բայց, միևնույն է, մեզանից քչերն էին հասկանում, թե ինչ ասել է ընթացիկ իրադարձություն։ Կարճլիկը՝ կովերի և կովերի սովորույթների խոշոր գիտակը, հասավ արդեն Նետչել քեռու պատմության կեսին, բայց այդտեղ միսս Գեյտսը նրան կանգնեցրեց․
― Չարլզ, այդ ընթացիկ իրադարձություն չէ։ Այդ ռեկլամ է։
Իսկ ահա Սեսիլ Ջեյկոբսը գիտի, թե ինչ ասել է ընթացիկ դեպքեր։ Երբ նրա հերթը հասավ, նա գնաց գրատախտակի մոտ և սկսեց․
― Ծերուկ Հիտլերը․․․
― Սեսի՛լ, պետք է ասել Ադոլֆ Հիտլեր,— ուղղեց միսս Գեյտսը։— Երբ որևէ մեկի մասին խոսում ես, չպետք է նրան անվանես «ծերուկ»։
― Այո, մեմ,— ասաց Աեսիլը,— ծերուկ Ադոլֆ Հիտլերը հետաքննում է հրեաներին․․․
― Հետապնդում է, Սեսիլ․․․
― Ոչ, մեմ, միսս Գեյտս, այստեղ այդպես է գրված․․․ Եվ ահա, ծերուկ Ադոլֆ Հիտլերը հալածում է հրեաներին, նրանց բանտ է նստեցնում, խլում է նրանց ամբողջ կարողությունը և ոչ ոքի թույլ չի տալիս գնալ արտասահման, և նա ջնջում է բոլոր խելապակասներին։
― Ջնջում է խելապակասների՞ն։ Ջնջում է երկրի երեսի՞ց։
― Ոչ, այդպես չէ, մեմ, միսս Գեյտս, չէ՞ որ նրանց խելքը չի հասնում, որ մաքրվեն ու լվացվեն։ Պակասամիտը կարո՞ղ է միթե իրեն մաքուր պահել։ Ահա Հիտլերն էլ այժմ սկսել է հուպ տալ բոլոր կիսահրեաներին և աչքից բաց չի թողնում, վախենում է, թե նրանք մի բան կփչացնեն, և իմ կարծիքով այդ վատ բան է, այսպես է իմ ընթացիկ իրադարձությունը։
― Ապրես, Սեսիլ,― ասաց միսս Գեյտսը։
Եվ Սեսիլը հպարտ գնաց իր տեղը։
Վերջին նստարանից ինչ֊որ մեկը ձեռք բարձրացրեց։
― Ինչպե՞ս է կարողանում այդպես անել։
― Ո՞վ է կարողանում և ի՞նչ հատկապես,— համբերությամբ հարցրեց միսս Գեյտսը։
― Դե, ինչպես կարող է Հիտլերը վերցնել և այդքան Ժողովրդին բանտ նստեցնել, իսկ ո՞ւր է հապա կառավարությունը, ինչո՞ւ նրան չեն արգելում։
― Հիտլերն ինքն է կառավարությունը,― ասաց միսս Գեյտսը և առիթը իսկույն օգտագործեց, ուսուցումը վերածելու ակտիվ գործողության։ Նա մոտեցավ գրատախտակին և տպագիր խոշոր տառերով գրեց․ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ։
― Դեմոկրատիա,— կարդաց նա։— Ո՞վ կասի, ինչ է նշանակում այս։
— Մենք,— ասաց մեկը։
Ես հիշեցի այն լոզունգը, որն ինձ մի անգամ ընտրությունների ժամանակ բացատրել էր Ատտիկուսը, և ձեռք բարձրացրի։
― Ի՞նչ է նշանակում քո կարծիքով, Ջին Լուիզա։
― Հավասար իրավունքներ բոլորի համար, ոչ ոքի համար ոչ մի արտոնություն,— մեջբերում արի ես։
― Ապրե՛ս, Ջին Լուիզա, ապրե՛ս,— միսս Գեյտսը ժպտաց։ «Դեմոկրատիա» բառից առաջ նույնպիսի խոշոր տպագիր տառերով նա գրեց․ ՄԵԶ ՄՈՏ։— Իսկ հիմա բոլորս միասին ասենք,— մեզ մոտ դեմոկրատիա է։
Մենք ասացինք։
― Ահա թե ինչումն է տարբերությունը Ամերիկայի և Գերմանիայի միջև,— ասաց միսս Գեյտսը։— Մեզ մոտ դեմոկրատիա է, իսկ Գերմանիայում՝ դիկտատուրա։ Դիկտատուրա։ Մեր երկրում մենք ոչ ոքի չենք հետապնդում։ Ոմանց հետապնդում են նախապաշարումներով վարակված մարդիկ։ Նա֊խա֊պա֊շա֊րում,— արտասանեց նա վանկերով։― Հրեաները հիանալի ժողովուրդ են, և ես ուղղակի չեմ հասկանում, ինչու է Հիտլերը այլ կերպ մտածում։
Միջին շարքում մի հարցասեր ասաց․
― Իսկ ձեր կարծիքով, միսս Գեյտս, հրեաներին ինչո՞ւ չեն սիրում։
― Ճիշտն ասած, չգիտեմ։ Նրանք հասարակության օգտակար անդամներ են բոլոր երկրներում, դեռ ավելին, դա խիստ հավատացյալ ժողովուրդ է։ Հիտլերն ուզում է ոչնչացնել կրոնը, գուցե այդ պատճառով էլ նրանց չի սիրում։
― Ես, իհարկե, չգիտեմ,— բարձրաձայն ասաց Սեսիլը,— Բայց նրանք որպես թե դրամ են փոխում կամ էլի ինչոր մի բան, բայց, միևնույն է, մի՞թե դրա համար պետք է հալածեն։ Չէ՞ որ նրանք սպիտակ են, ճի՞շտ է։
― Ա՛յ, կփոխադրվես յոթերորդ դասարան, Սեսիլ,— ասաց միսս Գեյտսը,— այն ժամանակ կիմանաս, որ հրեաներին հալածում են անհիշելի ժամանակներից, նրանց նույնիսկ վտարել են իրենց սեփական երկրից։ Մարդկային պատմության մեջ այդ ամենացավալի էջերից մեկն է․․․ Իսկ հիմա, երեխաներ, զբաղվենք թվաբանությամբ։
Ես թվաբանություն երբեք չեմ սիրել և պարզապես սկսեցի նայել լուսամուտին։ Միայն մի անգամ եմ տեսել Ատտիկուսին իսկական բարկացած՝ երբ Էլմեր Դեյվիսը ռադիոյով պատմում էր Հիտլերի մասին։ Ատտիկուսը ցատկեց տեղից և անջատելով ընդունիչը, ասաց. «Թ֊թո՛ւ»։ Ինչ֊որ մի առիթով նրան հարցրի, ինչու է նա այդպես բարկացած Հիտլերի վրա, Ատտիկուսն ասաց․
― Որովհետև նա կատաղել է։
Ոչ, դա ինչի նման է, մտածում էի ես, մինչդեռ ամբողջ դասարանը լուծում էր սյունակները։ Մի հոգի կատաղել է, բայց չէ՞ որ գերմանացիները միլիոններ են։ Իմ կարծիքով, հենց նրանք կարող էին Հիտլերին բանտ նետել, և ոչ թե թույլ տային, որ նա իրենց բանտարկի։ Այստեղ ինչ֊որ բան այնպես չէ․․․ Ատտիկուսին պետք է հարցնել։
Ես հարցրի, և նա պատասխանեց՝ ոչինչ չի կարող ասել, ինքն էլ չի հասկանում, թե այնտեղ ինչումն է բանը։
― Բայց Հիտլերին ատելը լա՞վ է։
― Ոչինչ լավ բան չկա, եթե ստիպված ես որևէ մեկին ատել։
― Ատտիկուս,— ասացի ես,— այնուամենայնիվ չեմ հասկանում։ Միսս Գեյտսն ասում է՝ այն, ինչ անում է Հիտլերը, սոսկալի է, միսս Գեյտսը նույնիսկ ամբողջովին կարմրեց․․․
― Ես նրանից ուրիշ բան էլ չէի սպասում։
― Բայց այդ դեպքում․․․
― Ի՞նչ այդ դեպքում։
― Ոչի՛նչ, սըր։
Եվ ես հեռացա, ես չգիտեի, Ատտիկուսին ինչպես բացատրեմ այն, ինչ պտտվում էր մ տքումս, ինչպես արտահայտեի բառերով այն, որր ես աղոտ զգում էի։ Գուցե Ջիմն ինձ օգնի։ Դպրոցական գործերից Ջիմն ավելի լավ է հասկանում, քան Ատտիկուսը։
Ջիմն ամբողջ օրը ջուր էր կրել և բոլորովին ուժասպառ եղել։ Հատակին, նրա անկողնու մոտ դրված էր կաթի դատարկ շիշը և թափված էր ոչ պակաս, քան մի տասնյակ բանանի կեղև։
― Լա՞վ ես խժռել,— ասացի ես։
― Մարզիչն ասում է՝ եթե ես մի տարուց հետո քսանհինգ ֆունտ քաշ ունենամ, կարող եմ խաղալ,— ասաց նա։― Իսկ այսպես ավելի արագ կարելի է կազդուրվել։
— Եթե միայն սիրտդ չխառնի,— ասացի ես։— Ջի՛մ, ես ուզում եմ քեզ մի բան հարցնել։
— Ասա տեսնեմ ի՞նչ ունես։― Նա մի կողմ դրեց գիրքը և ոտքերը մեկնեց։
― Միսս Գեյտսը լավն է, ճի՞շտ է։
― Լավն է։ Մենք նրա մոտ սովորել ենք, ոչինչ, վատը չէ։
― Նա գիտե՞ս ինչպես է ատում Հիտլերին․․․
― Հետո՞ ինչ։
— Հասկանո՞ւմ ես, այսօր միսս Գեյտսը ասում էր, թե որքան վատ է, որ նա այդպես է վարվում հրեաների հետ։ Ջի՛մ, չէ՞ որ հալածել չի կարելի ոչ ոքի, դա անարդարացի է, ճի՞շտ է։ Նույնիսկ որևէ մեկի մասին ստոր բաներ մտածել չի կարելի, ճի՞շտ է։
― Այո՛, իհարկե, Մեծաչքանի։ Այդ ի՞նչ ես իմացել։
― Հասկանո՞ւմ ես, երբ մենք անցյալ անգամ դուրս էինք գալիս դատարանից, միսս Գեյտսը․․․ Նա սանդուղքով մեր առջևով իջնում էր․․․ Դու նրան, երևի, չտեսար․․․ Նա զրուցում էր միսս Ստիվենի Կրոուֆորդի հետ։ Եվ ահա նա ասաց՝ ժամանակն է, որ նրանց դաս տանք, թե չէ նրանք շատ են երես առել, շուտով, գուցե ցանկանան մեզ ևս կնության առնել։ Այդ ի՞նչ բան է, Ջիմ, ինքն ատում է Հիտլերին, բայց հենց ինքն էլ այդպես նողկալի բաներ է ասում մեր տեղացիների մասին․․․
Ջիմը հանկարծ մոլեգնեց։ Նա թռավ մահճակալից, բռնեց օձիքիցս և որ չցնցե՛ց։
― Չե՛մ ուզում այլևս լսել այդ դատի մասին, չե՛մ ուզում լսել, չե՛մ ուզում։ Հասկացա՞ր։ Մյուս անգամ քեզանից այլևս չլսեմ այդ մասին, հասկացա՞ր։ Իսկ հիմա չքվի՛ր։
Ես այնպես զարմացա, որ նույնիսկ լաց չեղա։ Ոտքիս ծայրերի վրա դուրս եկա սենյակից և որքան հնարավոր էր իմ ետևից կամացուկ դուռը ծածկեցի, թե չէ Ջիմը կլսի թխկոցը և նորից կզայրանա։ Ես հանկարծ շատ հոգնեցի և ցանկացա գնալ Ատտիկուսի մոտ։ Նա հյուրասենյակումն էր, ես մոտեցա և ուզեցի բարձրանալ նրա ծնկներին։
Ատտիկուսը ժպտաց։
― Դու արդեն այնքան մեծ ես, որ չես տեղավորվի իմ ծնկներին։— Նա ինձ ամուր սեղմեց իրեն և կամացուկ ասաց.
― Դու մի վրդովվիր Ջիմի պատճառով, Մեծաչքանի, հիմա նրա համար ծանր ժամանակ է։ Ես լսեցի, թե քեզ վրա ինչպես բղավեց։
Ատտիկուսն ասաց, որ Ջիմը շատ է աշխատում ինչ֊որ բան մոռանալ, բայց մոռանալ չի կարող, նա սոսկ կարող է միառժամանակ այդ մասին չմտածել։ Իսկ որոշ ժամանակ հետո կարող է այդ մասին նորից մտածել, և ամեն բան լուծել ինքնուրույն։ Եվ դարձյալ կդառնա նույնը, ինչպես որ էր։
== Գլուխ 27 ==