== Գլուխ 30 ==
― Միստեր Արթուր, բարեկամս,— մեղկությամբ ուղղեց ինձ Ատտիկուսը։— Ջին Լուիզա, դա միստեր Արթուր Ռեդլին է։ Կարծում եմ, որ նա քեզ ճանաչելիս կլինի։
Եթե Ատտիկուսը կարող է մի այդպիսի րոպե քաղաքավարական բոլոր կանոններով ինձ ներկայացնել Զարզանդ Ոեդլիին․․․ Հենց դրա համար էլ Ատտիկուս է։
Ես ակամա մղվեցի դեպի Ջիմի անկողինը։ Զարզանդը նայեց ինձ և նորից հանդարտ, վեհերոտ ժպտաց։ Ամոթից ես սկսեցի շոգել, և այնպիսի տեսք ընդունեցի, որպես թե ուզում էի Ջիմի վերմակը ուղղել։
― Ո՛չ, ո՛չ, նրան ձեռք մի տա,— ասաց Ատտիկուսը։
Միստեր Հեկ Թեյթը իր եղջյուրե շրջանակավոր ակնոցի միջից ակնդետ նայում էր Զարզանդին։ Նա արդեն ցանկանում էր ինչ֊որ բան ասել, բայց այդ միջոցին նախասենյակում լսվեց բժիշկ Ռեյնոլդսի ոտնաձայնը։
― Դուք բոլորդ այստե՞ղ եք։ Բարի երեկո, Արթուր, երբ առաջին անգամ եկա, ձեզ չնկատեցի։
Զարմանալի բան էր, նրա ձայնը զվարթ և անբռնազբոսիկ էր, ինչպես և քայլվածքը։ Նա կարծես հենց այսպես, ամեն օր բարի երեկո, բարի լույս էր ասում Զարզանդին իր ամբողջ կյանքում․․․ Դա թերևս ավելի զարմանալի էր, քան այն, որ Զարզանդն այստեղ էր, մեր սենյակում․․․ չնայած․․․ Դե ճիշտ է, չէ՞ որ Զարղանդ Ռեդլին հավանաբար նույնպես երբեմն հիվանդանում է։ Կամ գուցե և ոչ։
Բժիշկ Ռեյնոլդսը իր հետ բերել էր ինչ֊որ մեծ բան՝ փաթաթած լրագրի մեջ։ Նա այդ դրեց Ջիմի գրասեղանին և բաճկոնը հանեց։
— Դե, այժմ դու ինքդ կտեսնես, որ նա ողջ է,— ասաց ինձ բժիշկ Ռեյնոլդսը։— Հիմա ես քեզ կասեմ, թե այդ ինչպես իմացա։ Երբ ես սկսեցի նրան զննել, նա ինձ մի լավ քացի տվեց։ Ստիպված եղա նրան ինչպես հարկն է քնեցնել, թե չէ թույլ չէր տա իրեն մոտենալ։ Դե, իսկ հիմա թռիր այստեղից։
― Ըը՜,— սկսեց Ատտիկուսը և կողքանց նայեց Զարզանդին,— գնանք պատշգամբ, Հեկ։ Այնտեղ աթոռ շատ կա, մանավանդ որ դեռ այնքան էլ ցուրտ չէ։
Ինչու է Ատտիկուսը մեզ հրավիրում ոչ թե ընդունարան, այլ պատշգամբ։ Այո, հասկանալի է, ընդունարանում լույսը շատ պայծառ է։
Մենք սագերի նման միստեր Թեյթի ետևից դուրս եկանք սենյակից։ Ատտիկուսը դռան մոտ սպասում էր նրան և ցանկան ում էր նախ ինքը մտնել, բայց միտքը փոխեց և առաջինը նրան ներս թողեց։
Տարօրինակ սովորություններ ունեն մարդիկ, ամենազարմանալի հանգամանքներում իրենց պահում են այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել։ Եվ ես էլ, բանից պարզվում է՝ նույնպես։
― Գնանք, միստեր Արթուր,― հանկարծ ասացի ես,— թե չէ մեզ մոտ հանկարծ կմոլորվեք։ Դուք չէ՞ որ ճանապարհը այնքան էլ լավ չգիտեք։ Հիմա ես ձեզ կուղեկցեմ պատշգամբ, սըր։
Նա վերից վար նայեց ինձ և գլխով արավ։
Ես նրան դուրս բերեցի նախասենյակ և ընդունարանի մոտով գնացինք դեպի պատշգամբ։
― Միգուցե կնստեիք, միստեր Արթուր։ Այս ճոճաթոռը շատ հարմար է։
Մի ժամանակ ես հենց այդպես էլ երևակայում էի. նա նստած է պատշգամբում․․․ այս ի՞նչ սքանչելի եղանակ է, այնպես չէ՞, միստեր Արթուր։
Այո՛, եղանակը ուղղակի հրաշալի էր։ Ինչպես երազում, ես նրան տարա այն ճոճաթոռի մոտ, որը Ատտիկուսից և միստ եր Բեյթից ամենից հեռուն էր։ Այն դրված էր հենց ստվերում։ Մթության մեջ Զարզանդի համար ավելի հաճելի կլինի։
― Ահա ուրեմն, Մեծաչքանի,— խոսեց Ատտիկուսը,— ինձ թվում է, նախ և առաջ հարկավոր է․․․ օ՜, տեր իմ աստված, ոչ մի կերպ չեմ կարողանում մտքերս հավաքել․․․— Ատտիկուսը ակնոցը հրեց դեպի ճակատը և մատները սեղմեց աչքերին։— Ջիմը դեռ տասներեք չկա․․․ Թե՞ արդեն լրացել է․․․ ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել։ Ինչպես էլ որ լինի, դրանով կզբաղվի շրջանային դատարանը․․․
― Ինչո՞վ կզբաղվի, միստեր Ֆինչ։— Միստեր Թեյթը առաջ մղվեց իր բազկաթոռում։
― Ինքնին պարզ է, որ դա մաքուր ինքնապաշտպանություն է, բայց հարկավոր է գնալ գրասենյակ և նայել հոդվածը․․․
― Միստեր Ֆինչ, դուէ ինչ է։ Ձեր կարծիքով Բոբ Յուելին Ջի՞մն է սպանել։ Այդպե՞ս եք կարծում, թե ինչ։
― Դուք ինքներդ էլ լսեցիք Մեծաչքանիի ասածը, այդտեղ ոչ մի կասկած չկա։ Նա ասում է՝ Ջիմը հասավ և ինձ պոկեց Յուելից․․․ Հավանաբար, մթության մեջ նա Յուելից խլել է դանակը․․․ Վաղը մենք այդ կպարզենք։
—— Ստո՛պ, միստեր Ֆինչ,— ասաց միստեր Թեյթը։ Ջիմը երբեք էլ Բոբ Յուելին դանակով չի հարվածել։
Մի պահ Ատտիկուսը լռեց։ Նա այնպես էր նայում միստեր Թեյթին, ասես կշռադատում էր նրա խոսքերը։ Իսկ հետո գլուխն օրորեց։
― Դա ձեր կողմից մեծահոգություն է, Հե՛կ, և ես հասկանում եմ, ձեր մեջ խոսում է ձեր բարի սիրտը, բայց մտքներովդ չանցնի մի այդպիսի բան հորինել։
Մի ստեր Թեյթը վեր կացավ և մոտեցավ պատշգամբի բազրիքին։ Թքեց թփերի մեջ, հետո ձեռքը խրեց շալվարի գրպանը և շրջվեց դեպի Ատտիկուսը։
— Ի՞նչ հորինելու մասին է խոսքը,— հարցրեց նա։
― Ներեցեք իմ խստությունը,— ուղղակի ասաց Ատտիկուսը,— բայց ես թույլ չեմ տա, որ այդ պատմությունը կոծկեն։ Ինձ համար դա անհնարին է։
― Ոչ ոք էլ չի պատրաստվում որևէ բան կոծկել, միստեր Ֆինչ։
Միստեր Թեյթը խոսում էր հանդարտ, բայց այնպիսի համառությամբ էր ոտքերը տարածել, կարծես խրած լիներ հատակի մեջ։ Իմ հոր և շերիֆի միջև ինչ֊որ անհասկանալի մենամարտ էր գնում։
Վեր կենալու և բազրիքին մոտենալու հերթը այժմ Ատտիկուսինն էր։ «Ը՛կխմ», հազաց նա և նույնպես թքեց դեպի բակը։ Ձեռքերը խրեց գրպանները և դարձավ միստեր Թեյթին։
― Դուք այդ բարձրաձայն չասացիք, Հեկ, բայց ես գիտեմ, թե ինչ եք մտածում։ Շնորհակալություն դրա համար։ Ջին Լուիզա, դու ասում ես՝ Ջիմը քեզ քաշեց ու պոկեց միստեր Յուելից։
― Այո, սըր, այն ժամանակ ես այդպես մտածեցի․․․ ես․․․
— Ահա, տեսնո՞ւմ եք, Հեկ։ Անչափ շնորհակալ եմ ձեզանից, բայց ես չեմ ցանկանում, որպեսզի իմ որդին կյանք մտնի՝ խղճի վրա ունենալով մի այդպիսի ծանրություն։ Ամենից լավն այն կլինի, որ ամեն ինչ բացահայտվի։ Թող մարդիկ ամեն բան իմանան, այնպես, ինչպես եղել է, թող դատ լինի։ Ես չեմ ցանկանում, որպեսզի նրա ամբողջ կյանքի ընթացքում թիկունքի ետևում փսփսային, և ինչ-որ մեկը իրավունք ունենար նրան ասելու «Հը՜, Ջիմ Ֆինչը․․․ նրա հայրիկն ստիպված եղավ քսակի բերանը լայն բանալ, որպեսզի այն գարշելի պատմությունից նրան ազատեր»։ Մենք որքան շուտ վերջ տանք այդ պատմությանը, այնքան լավ։
― Միստեր Ֆինչ,— անվրդով ասաց միստեր Թեյթը,— Բոբ Յուելը իր սեփական դանակի վրա է ընկել։ Նա ինքն է իրեն ծակել։
Ատտիկուսը գնաց պատշգամբի անկյունը։ Եվ հայացքը հառեց գլիցինիայի ճյուղին։ Ինչ աստիճան համառ են նրանք երկուսն էլ, ամեն մեկը իր ձևով։ Հետաքրքիր է, ով առաջինը կզիջի։ Ատտիկուսի համառությունը հանդարտ է, և համարյա երբեք չի նկատվում, բայց միևնույն է, երբեմն նա սարսափելի անզիջող է, Կանինգհեմներից ոչ պակաս։ Միստեր Թեյթը Ատտիկուսի նման զուսպ չէ, նա անվերջ սուր խոսքեր է ասում, ասես թրատում է թիկունքից, բայց նա էլ նույն համառն է, ինչպես և իմ հայրը։
― Հե՛կ,— ասաց Ատտիկուսը, որ տակավին մեջքը մեր կողմն արած կանգնած էր,— այդ գործը կոծկել, նշանակում է պարզապես Ջիմի առջև փակել այն ճանապազհը, որի համար ես նրան պատրաստում եմ։ Երբեմն ինձ թվում է, որ ես շատ անպետք հայր եմ, սակայն բացի ինձանից, նրանք ոչ ոք չունեն։ Նախքան այն, որ նա կնայի որևէ մեկին, Ջիմը նայում է ինձ, և ես աշխատում եմ ապրել այնպես, որ միշտ էլ իրավունք ունենամ համարձակ նայելու նրա աչքերին․․․ Իսկ եթե ես դիմեմ մի այդպիսի զանցանքի, ես այլևս չեմ կարողանա հանգիստ հանդիպել նրա հայացքին, և այդ պահից նա ինձ համար կորած է։ Ես չեմ ցանկանում կորցնել նրան և աղջկաս, չէ՞ որ բացի նրանցից, ես ոչինչ չունեմ։
― Մի ստեր Ֆի՛նչ,— միստեր Թեյթը դեռևս շարունակում էր կանգնած մնալ՝ ոտքերը չռած, ասես դրանք խրվել էին հատակի մեջ,— Բոբ Յուելը իր սեփական դանակի վրա է ընկել ու խոցվել, ես այդ կարող եմ ապացուցել։
Ատտիկուսը կտրուկ շուռ եկավ։ Ձեռքերը խրեց գրպանները։
― Հե՛կ, մի՞թե դուք չեք կարող ինձ հասկանալ։ Դուք էլ եք երեխաների տեր, բայց ես ձեզանից մեծ եմ։ Երբ իմ երեխաները չափահաս դառնան, ես արդեն ծերունի կլինեմ, եթե, իհարկե, այդ օրը տեսնեմ, բայց ես հիմա․․․ Եթե նրանք ինձ հավատալուց դադարեն, այլևս ընդհանրապես ոչ ոքի չեն հավատա։ Ջիմը և Մեծաչքանին գիտեն, թե իրականում այդ ամենը ինչպես է տեղի ունեցել։ Եթե նրանք լսեն, որ ես բոլորին ասում եմ այնպես, որպես թե այդ ամենը տեղի է ունեցել այլ կերպ․․․ Նրանք ինձ համար կորած են, Հե՛կ։ Ես չեմ կարող տանը լինել մի մարդ, իսկ գրսում՝ մի այլ մարդ։
Միստեր Թեյթը կանգնեց ոտնաթաթերի վրա, հետո նորից իջավ կրունկներին և համբերությամբ ասաց.
― Նա Ջիմին շպրտել է գետին, ոտքը դիպել է կաղնու արմատին և․․․ ահա՛, նայեցեք, ես ցույց եմ տալիս։
Մի ստեր Թեյթը կողքի գրպանից դուրս քաշեց մի երկար ծալովի դանակ։ Եվ հենց այդ միջոցին պատշգամբ դուրս եկավ բժիշկ Ռեյնոլդսը։
― Այդ շանորդի․․․ հանգուցյալը այնտեղ կաղնու տակն է, բժի՛շկ, հենց որ ներս եք մտնում դպրոցի բակը,— ասաց նրան մի ստեր Թեյթը։— Դուք լապտեր ունե՞ք։ Ահա, ավելի լավ է իմը վերցնեք։
― Ես կարող եմ ավտոյով մտնել բակը և վառել ավտոյի լույսերը,— ասաց դոկտոր Ռեյնոլդսը, բայց և այնպես միստեր Թեյթի փոքրիկ լապտերը վերցրեց։— Ջիմը կարգի է բերված։ Մինչև առավոտ, ես կարծում եմ, չի արթնանա, այնպես որ դուք մի անհանգստացեք։ Դա հենց այն դանա՞կն է, որով նրան սպանել են, Հեկ։
—— Ո՛չ, սըր, այն դանակը ցցված է նրա մարմնի մեջ։ Դատելով կոթից դա մի սովորական խոհանոցային գանակ է։ Կենը իր սայլով, հավանաբար, արդեն այնտեղ է, բժի՛շկ, այնպես որ ցտեսություն։
Միստեր Թեյթը անսպասելի դանակը բացեց։
― Ահա ինչպես է այդ տեղի ունեցել,— ասաց նա և ձևացրեց որպես թե ոտքը սայթաքեց, նա կռացավ և ձախ ձեռքը դանակով մեկնեց առաջ դեպի ցած։— Ահա՛ այսպես, տեսնո՞ւմ եք։ Նա դանակը ինքն է խրել իր կողը։ Իսկ հետո ընկել է վրան իր ամբողջ ծանրությամբ և մղել ներս մինչև կոթը։
Նա դանակը ծալեց և խրեց գրպանը։
― Մեծաչքանին ութ տարեկան է,— ասաց միստեր Թեյթը,― նա սաստիկ վախեցել է և չէր կարող եղելությունը ըստ ամենայնի ըմբռնել։
― Դուք նրան չեք ճանաչում,— մռայլ ասաց Ատտիկուսը։
― Ես չեմ ասում, թե նա այս ամբողջը հնարել է, ես ասում եմ՝ նա սաստիկ վախեցել է և չէր կարող ըստ ամենայնի հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Այնպիսի մթություն է եղել, որ թեկուզ մատը խրեին աչքդ, չէիր իմանա։ Այդտեղ որպես վկա պիտանի կլիներ միայն այն մարդը, որը սովոր է խավարին, այնպիսի մեկը, որը տեսնում է կատվի նման,
— Ես դեմ եմ,— կամաց ասաց Ատտիկուսը։
― _Օ՛հ, գրողը տանի, ես մի՞թե Ջիմի համար եմ անհանգստանում։_
Միստեր Թեյթը ոտքը այնպես խփեց հատակին, որ իր ննջարանում միսս Մոդին լույսը վառեց։ Եվ միսս Ստիվենի Կրոուֆորդի մոտ նույնպես լույս երևաց։ Ատտիկուսը և միստեր Թեյթը նայեցին ճանապարհին, հետո միմյանց։ Լռեցին։
Հետո միստեր Թեյթը խոսեց կամաց, շատ կամաց։
― Միստեր Ֆինչ, ինձ համար չափազանց անհաճո է վիճել ձեզ հետ, երբ դուք մի այդպիսի վիճակի մեջ եք։ Թող աստված ոչ ոքի այնպիսի վիշտ չտա, ինչպիսին դուք ապրեցիք այս երեկո։ Չգիտեմ, թե այդքանից հետո դուք ինչպես եք ոտքի վրա մնում։ Բայց մի բան ես գիտեմ, ստացվել է այնպես, որ դուք, երևում է, անզոր եք հասկանալու ամենասովորական բաները, իսկ մեզ հարկավոր է հենց հիմա կողմնորոշվել բոլոր հարցերում, վաղն արդեն ուշ կլինի։ Բոբ Յուելը ընկել է դանակի վրա։
Եվ միստեր Թեյթը սկսեց ասել, որ Ատտիկուսը իզուր է հավատացնում, թե Ջիմի հասակի և կազմվածքի տեր տղան, մանավանդ կոտրված ձեռքով, ի վիճակի է այդպիսի մթության մեջ մի չափահաս տղամարդու հախից գալ և նրան սպանել։
― Հեկ,— հանկարծ ընդհատեց նրան Ատտիկուսը,— դա ի՞նչ ծալովի դանակ է ձեզ մոտ։ Այդ որտեղի՞ց եք վերցրել։
― Մի հարբածից,— պաղարյուն խոսեց միստեր Թեյթը։
Ես ամբողջ ուժով սկսեցի եղելությունը միտքս բերել։ Միստեր Յուելը հարձակվեց ինձ վրա․․․ հետո ընկավ․․․ հավանաբար այդ Ջիմն էր վրա հասել։ Համենայն դեպս ես այն ժամանակ այդպես մտածեցի․․․
― Հեկ։
― Դե ասացի, որ այդ դանակը այսօր առավոտյան վերցրել եմ քաղաքում, մի հարբած մարդուց։ Իսկ այն խոհանոցային դանակը Բոբ Յուելը հավանաբար գտել է որևէ աղբակույտում։ Սրել է և սպասել հարմար առիթի․․․ այո՛, հենց այդպես, սպասել հարմար առիթի։
Ատտիկուսը դանդաղ վերադարձավ դեպի ճլորթին և նստեց։ Ձեռքերը անզոր կախվեցին ծնկների միջև։ Նա գլուխը խոնարհեց և նայում էր հատակին։ Այ, հենց այդպես դանդաղ նա քայլում էր այն գիշեր բանտի առջև, երբ ինձ թվաց, թե մի ամբողջ հավիտենություն է, ինչ նա այդպես քայլում էր ու լրագիրը ծալում։
Միստեր Թեյթը անդյուրաշարժ, կամացուկ քայլում էր պատշգամբով։
― Դուք չէ, որ պետք է այդ որոշեք, միստեր Ֆինչ, այլ ես։ Ես կորոշեմ, ես էլ պատասխան կտամ։ Սա էլ այսպիսի դեպք է, և դուք ինչքան էլ ինձ հետ համաձայն չլինեք, միևնույն է, ոչինչ չեք կարող անել։ Իսկ եթե փորձեք էլ, ես ձեր երեսին կասեմ, որ դա սուտ է և վե՛րջ։ Ձեր Ջիմի մտքովն էլ չի անցել Բոր Յուելին դանակով հարվածել, նման մի բան իսկի չի էլ եղել, այդպես էլ իմացեք։ Նա միայն այս է ցանկացել․ քրոջ հետ կենդանի հասնել տուն։
Այստեղ միստեր Թեյթը դադարեց ետ ու առաջ քայլելուց, նա թիկունքը դեպի մեզ, կանգ առավ Ատտիկուսի առջև։
― Չէի ասի, թե ես շատ լավ մարդ եմ, սը՛ր, բայց ես Մեյկոմբ շրջանի շերիֆն եմ։ Ապրում եմ այստեղ ծնցվածս օրից և արդեն շուտով կլրանա քառասուներեք տարիս։ Ես շատ լավ գիտեմ այն բոլորը, ինչ այստեղ կատարվել է իմ կյանքի ընթացքում և նույնիսկ ծննդիցս առաջ։ Այստեղ, մեզ մոտ մահացել է մի սևամորթ, սպանվել, որ միանգամայն անմեղ էր, և նա, ով այդ գործի համար պիտի պատասխան տար, նույնպես մեռած է։ Եվ թող այս անգամ մեռածները թաղեն իրենց մեռելներին, միստեր Ֆինչ։ Թող մեռածները թաղեն իրենց մեռելներին։
Միստեր Թեյթր քայլ արավ դեպի ճլորթին, վերցրեց իր լայնեզր գլխարկը, որն ընկած էր Ատտիկուսի կողքին։ Միստեր Թեյթը ճակատից ետ տարավ մազերը և գլխարկը դրեց։
― Ես դեռ երբեք չեմ լսել, թե օրենքին դեմ բան է՝ անել այն ամենը, ինչ մարդկային հնարավորությունների սահմանում է, միայն թե ոճրագործությունը տեղի չունենա, իսկ նա հենց այդպես էլ վարվել է։ Գուցե դուք կասեք, որ իմ պարտքն է՝ ոչ թե այդ մասին լռել, այլ պատմել ամբողջ քաղաքին։ Իսկ գիտե՞ք, թե այդ ժամանակ ինչ կլինի։ Մեր բոլոր սիրասուն լեդիները, որքան որ Մեյկոմբում կան, և այդ թվում նաև իմ կինը, կսկսեն խուժել նրա տունը և նրան հեղեղել իրենց հրաշալի տորթերով ու թխվածքներով։ Եվ այսպես եմ հասկանում, միստեր Ֆինչ, մարդը թե ձեզ, և թե քաղաքին մեծ ծառայություն է մատուցել, և վերցնել մի այդպիսի համեստ ու երկչոտ արարածի դուրս բերել բոլորին ի ցույց, իմ կարծիքով դա պարզապես հանցանք է։ Դա հանցանք է, և ես չեմ ցանկանում, որ դա ծանրանա իմ խղճի վրա։ Նրանից բացի, ո՞վ ուզում է լիներ, գործր միանգամայն այլ ուղղություն կստանար։ Իսկ այդ մարդու հետ նման ձևով վարվել չի կարելի, միստեր Ֆինչ։
Միստեր Թեյթը ջանք էր թափում կրունկով, ինչպես գայլիկոնով ծակել հատակը։ Ապա քաշեց քիթը, հետո տրորեց ձախ ուսը։
― Միգուցե ես այնքան էլ մեծ հեղինակություն չեմ, միստեր Ֆինչ, բայց առայժմ Մեյկոմբ շրջանի շերիֆն եմ, և Բոբ Յուելը ընկել է իր դանակի վրա։ Բարի գիշեր, սը՛ր։
Միստեր Թեյթը պատշգամբում դոփեց և բակից դուրս եկավ։ Փակվեց ավտոմեքենայի դուռը, նա գնաց։
Ատտիկուսը դեռ երկար նստել ու նայում էր իր ոտների տակ։ Վերջապես նա գլուխը բարձրացրեց։
― Մեծաչքանի,— ասաց նա,— միստեր Յուելը ընկել է իր դանակի վրա։ Դու այդ հասկանո՞ւմ ես։
Ատտիկուսի դեմքի արտահայտությունից ես հասկացա, որ նրան հարկավոր էր խրախուսել։ Ես վազեցի նրա մոտ, ամբողջ ուժով գրկեցի և համբուրեցի։
― Դե, իհարկե հասկանում եմ,— հանգստացրի ես նրան։— Միստեր Թեյթը բոլորը ճիշտ ասաց։
Ատտիկուսը ազատվեց իմ գրկից և նայեց ինձ։
― Ինչ ես ուզում ասել դրանով։
― Այլապես, դա կլիներ ճիշտ այնպես, եթե սպանեին մի անմեղ սարյակ․․․
Ատտիկուսը այտը քսեց իմ գլխին։ Հետո կանգնեց և գնաց պատշգամբի մյուս ծայրը, դեպի ստվերը, և նա քայլեց դարձյալ թեթև, դարձյալ ինչպես երիտասարդ։ Նա արդեն ցանկանում էր գնալ ներս, բայց կանգ առավ Զարզանդ Ռեդլիի առջև։
― Շնորհակալություն եմ հայտնում ձեզ իմ զավակների համար, Արթուր,— ասաց նա։
== Գլուխ 31 ==