— Օրքերն են,— փնչացրեց Սեմը: — Կանցնենք, բա ոնց չենք անցնի: Ախր օրքերն ուղղակի վխտում են էստեղ, էլ չասեմ, որ այլ տականքներ էլ կլինեն:
Հիշելով զգուշության մասին, որը ճամփորդության ընթացքում դարձել էր նրա բնավորության գլխավոր գծերից մեկը, նա ձեռքով ծածկեց թանկագին անոթը: Ձեռքը լցվեց կենդանի արյան տաք գույնով: Լույսը կարող էր մատնել նրանց, և Սեմը, թաքցնելով անոթը ծոցագրպանում, թիկնոցի փեշերը վրա բերեց: Այնուհետև նա արագացրեց քայլերը. հարկավոր էր հասնել տիրոջը: Բայց տերն արագ էր վազում: Նրա արդեն առնվազն քսան քայլ տարածություն էր բաժանում, իսկ Ֆրոդոն շարունակում էր սլանալ ամբողջ թափով՝ ուր որ է նա կձուլվի մոխրագույն մշուշին ու կկորչի, ինչպես ստվերը՝ ստվերների մեջ...
Հազիվ էր Սեմը թաքցրել լուսարձակող անոթը, երբ հայտնվեց Նա: Առջևում, ձախ կողմում ցցված ժայռի ստվերում թաքնված սև անցքից հանկարծակի դուրս սողաց անտանելի այլանդակ մի հրեշ: Այդպիսի հրեշ հնարավոր չէր պատկերացնել նույնիսկ ամենասարսափելի մղձավանջում: Այդ արարածը նման էր սարդի, բայց ավելի մեծ էր, քան ցանկացած գիշատիչ գազան և, որ ամենակարևորն է, շատ ավելի սարսափելի, քանզի նրա աչքերը նայում էին անողոքաբար ու դաժանաբար: Դրանք այն նույն հրեշավոր աչքերն էին՝ ավելի ճիշտ, աչքերի բազմությունը, ու կրկին այրվում էին ահարկու կրակով: Նրա պոզավոր գլուխը ցցված էր կարճ, անշարժ վզի վրա, իսկ հսկայական, անասելի չափերի ուռած մարմինը ճոճվում էր ընթացքի ժամանակ ու հարվածում երկար ոտքերին: Սև մեջքը ծածկված էր մանուշակագույն բծերով, իսկ սպիտակավուն փորը աղոտ լուսարձակում էր: Սարդակերպ հրեշի ոտքերը ծալվում էին մարմնի վերևում և ծածկված էին պողպատյա ասեղներ հիշեցնող կոշտ մազերով: Յուրաքանչյուր ոտքն ավարվում էր սուր ճիրանով:
Քարշ տալով հսկայական, փափուկ փորը և ծալված վերջույթները որջից դուրս եկող մյուս ելքի միջով՝ Շելոբը մերթ վազելով, մերթ մեծ թռիչքներ գործելով սոսկալի արագությամբ սլացավ առաջ՝ ճրթճրթացնելով ոտքերը: Սեմը հայտնվեց հետևում, Ֆրոդոն՝ առջևում, իսկ Շելոբը՝ մեջտեղում: Հնարավոր է՝ նա չնկատեց Սեմին, կամ նկատելով, որ լուսարձակող անոթը նրա ձեռքին է, որոշեց առայժմ ձեռք չտալ և կենտրոնացավ Ֆրոդոյի վրա, որը ոչինչ չնկատելով ու ոչինչ չզգալով գլուխը կորցրած վազում էր: Սակայն Շելոբն ավելի արագաշարժ էր: Եվս մի քանի ցատկ՝ և նա կհասներ Ֆրոդոյին:
Սեմը շունչ հավաքեց և ինչքան ուժ ուներ գոռաց.
— Շրջվե՛ք, տե՛ր իմ, հե՛տ նայեք, ես... — Բայց նրա ճիչն ընդհատվեց:
Երկար, կպչուն ձեռքը փակեց նրա բերանը, իսկ մյուս ձեռքը փաթաթվեց նրա պարանոցին: Սեմին ոտք գցեցին, և նա, հավասարակշռությունը կորցնելով, փռվեց գետնին ու հայտնվեց հակառակորդի գրկում:
— Բռնվե՛ց,— ֆշշացրեց Գոլլումը նրա ականջին,— վերջապես նա մեր ձեռքն ընկավ, այո-սսս, իմ սքանչելի: