Բայց ի տարբերություն վիշապների, Շելոբի մարմնի վրա, բացի աչքերից, խոցելի այլ տեղեր չկային: Դարերի ընթացքում նրա մաշկը պատվել էր քարացած կեղտի հաստ զրահով ու ներսից հաստացել՝ պատվելով բազմաթիվ նողկալի շերտերով: Սեմի հարվածից նրա փորի վրա երկար, խորը պատռվածք առաջացավ, բայց ճեղքել բոլոր այդ հրեշավոր ծալքերը չէին կարող ո՛չ Թուրինը, ո՛չ Բերենը, ո՛չ թզուկների պատրաստած թրով, ոչ էլ՝ էլֆերի: Ջղաձգորեն ցնցվելով՝ սարդը բարձրացրեց հսկայական փորը՝ և Սեմը տեսավ, որ վերքը պատվել է թունավոր փրփուրով: Ոտքերը չռելով՝ սարդը կրկին սկսեց իջնել, որ ճզմի հոբիթին, բայց ուշացավ. Սեմը ցած գցեց իր թուրը և, երկու ձեռքով բռնելով տիրոջ էլֆական թրի բռնակից, հենեց այն գետնին: Չարացած Շելոբն իր ողջ ծանրությամբ իջավ էլֆական թրի վրա այնպիսի ուժով, որպիսին չկար ոչ մի ռազմիկի ձեռքի մեջ: Որքան ավելի ուժեղ էր սարդը թշնամուն սեղմում գետնին, այնքան ավելի խորն էր թուրը խրվում նրա գարշելի մարմնի մեջ:
Իր երկարատև ու արյունահեղ կյանքի ողջ ընթացքում Շելոբն այդպիսի սարսափելի ցավ երբևէ չէր զգացել: Ո՛չ մի գոնդորցի խիզախ ռազմիկի, ոչ մի կատաղած հսկայական օրքի չէր հաջողվել նույնիսկ քերծել նրա մարմինը՝ մարմինը, որը նա այդքան սիրում ու պահպանում էր: Դող անցավ սարդի մարմնով: Նա կրկին վեր բարձրացավ՝ փորձելով ազատվել սարսափելի ցավից, ուղղեց իր հսկայական դողացող ոտքերը և ջղաձգվելով հետ ցատկեց: Սեմը ծնկի եկավ Ֆրոդոյի կողքին. գարշահոտությունից նրա գլուխը պտտվում էր, բայց թուրը ձեռքից բաց չէր թողնում: Աչքերը պատած մշուշի միջով նա տեսավ Ֆրոդոյի դեմքը և թափ տվեց իրեն, որպեսզի հաղթահարի սրտխառնոցը և չկորցնի գիտակցությունը: Հետո դանդաղ բարձրացրեց գլուխը և տեսավ հրեշին իրենից մի քանի քայլ հեռավորաթյան վրա: Հրեշը նայում էր հոբիթին. վիրավոր աչքից կանաչ հեղուկ էր ծորում, իսկ ծնոտներից թունավոր լորձ էր կաթումկախված: Նա չռեց դողացող ոտքերը, մարմնով կպավ գետնին և պատրաստվեց թռիչքի. ցա՛ծ գցել և ու մահացու խոցե՛լ, ոչ միայն թունավորել, այլ այլև սպանե՛լ, բզկտե՛լ իրեն այդպիսի ցավ պատճառած ըմբոստ արարածին:
Սեմը գետնին կուչ եկած նայում և իր մահն էր կարդում նրա աչքերում: Եվ հանկարծ, ասես նորից լսելով հեռավոր ձայնը և հասկանալով, թե ինչ պետք է անի, նա ձախ ձեռքով շոշափեց կուրծքը և գտավ այն, ինչ փնտրում էր՝ սառը, ամուր և այդ ուրվականային աշխարհում այդքան հուսալի Գալադրիելի անոթը:
— Գալա՛դրիել,— ասաց նա թույլ ձայնով և լսեց սիրելի Հոբիթստանի անտառներում աստղազարդ երկնքի տակ թափառող էլֆերի հեռավոր, բայց զրգուն ձայները, լսեց ասես երազում ունկնդրած նրանց երգերը, Էլրոնդի բուխարու դահլիճում հնչած ցաղցրալուր մեղեդիները...
Գիլթոնիել ա Էլբերե՛թ:
Նրա լեզուն ազատվեց, ձայնը բացվեց, և Սեմը բացականչեց իրեն անծանոթ լեզվով.
<poem>
Ա Էլբերեթ Գիլթոնիել
օ մենել փալան-դիրիել,
լե նելլոն սի դինգուրտո՛ս
Աթիրո նին, Ֆանուլիո՛ս:
</poem>
Եվ ոտքի կանգնեց հոբիթ Սեմուայսը՝ Հեմֆասթի որդին:
— Հապա մի արի էստեղ, գարշա՛նք,— ճչաց նա: — Դու կծել ես իմ տիրոջը, պիղծ արարած, և թա՛նկ կհատուցես դրա համար: Մենք կշարունակենք մեր ճանապարհը, բայց սկզբում ես քո հախից կգա՛մ: Արի՛, արի էստե՛ղ, էլի ես հա՞ ուզում:
Բռնկվելով ասես Սեմի անկոտրում ոգուց՝ անոթը ջահի պես բոցավառվեց նրա ձեռքում, շողշողաց ինչպես ընկնող աստղը՝ ցրելով խավարը իր կուրացուցիչ ճառագայթներուվ: Շելոբն այդպիսի ահեղ երկնային կրակ երբեք չէր տեսել: Ճառագայթներն այրում էին վիրավոր աչքը և անտանելի ցավ պատճառում, մյուս աչքը, թվում էր նրան՝ կուրացել է: Նա նահանջեց, նստեց հետևի ոտքերի վրա և սկսեց անօգնական թափահարել արջևի ոտքերը՝ փորձելով պաշտպանվել այրող լույսից: Սարդի աչքերը բզկտում էին ներքին կայծակները, միտքը հոգևարքի մեջ էր: Թաքցնելով հաշմված գլուխը՝ նա շրջվեց ու դանդաղ, ճիրաններով կառչելով քարերից, սողաց դեպի թունելի սև անցքը:
Սեմը հետևեց նրան: Նա հարբածի պես օրորվում էր, բայց շարունակում էր գնալ: