Երեկոյան, երբ ետկեսօրյա գործից ետ եկա բանտ, հոգնած ու տանջահար, ահավոր կսկիծը վերստին պարուրեց ինձ։ «Դեռ քանի հազար այսպիսի օրեր կան առջևում,— մտածում էի,— բոլորն իրար նման, բոլորը նույնն ու նույնը»։ Արդեն մթնշաղին, լուռումունջ, մենակ թափառում էի բանտասենյակների ետևում, պարսպի երկայնքով, հանկարծ տեսա մեր Շարիկին, որն ուղիղ դեպի ինձ էր վազում։ Մեր բանտային շունն էր Շարիկը, ինչպես լինում են վաշտային, մարտկոցային, հեծելավաշտային շներ։ Անհիշելի ժամանակներից ապրում էր բանտում, ոչ մեկինը չէր, բոլորին տեր էր համարում և կերակրվում խոհանոցի թերմացքներով։ Բավական խոշոր, բակապահ շուն էր՝ սև ու սպիտակ պուտերով, ոչ շատ մեծ, խելացի աչքերով, բրդոտ պոչով։ Եվ երբեք ոչ ոք չէր շոյել նրան, ոչ ոք որևէ ուշադրություն չէր դարձրել։ Առաջին իսկ օրվանից ես շոյեցի նրան և հաց տվեցի ձեռքից։ Երբ շոյում էի, կանգնում էր ցից, քնքշությամբ նայում և ի նշան հաճույքի, դանդաղ շարժում էր պոչը։ Հիմա, երկար ժամանակ չտեսած ինձ՝ առաջին մարդուն, որը մտադիր էր տարիներ շարունակ փաղաքշել իրեն, դեսուդեն ընկած և բոլորի արանքներում փնտրելով ինձ, և գտնելով բանտասենյակների ետևում, վնգստալով պոկվեց ընդառաջ։ Այլևս չգիտեմ, ինչ կատարվեց ինձ հետ, ես ևս նետվեցի՝ նրան համբուրելու, գրկեցի գլուխը, առջևի թաթերը դրեց ուսերիս և սկսեց լպստել դեմքս։ «Ահա և ընկեր, ում ճակատագիրն է ուղարկել ինձ»,— մտածեցի, և ամեն անգամ հետագայում, առաջին ծանր ու դժնի այդ շրջանում, երբ ետ էի գալիս գործից, ամենից առաջ, ոչ մի տեղ չմտնելով, շտապում էի բանտասենյակների ետևը, առջևից վազող և բերկրանքից վնգստացող Շարիկի հետ, գրկում էի գլուխը և համբուրում, համբուրում էի շանը, ու դրա հետ մեկտեղ՝ տանջալի դառը զգացում մղկտացնում էր սիրտս։ Եվ հիշում եմ, նույնիսկ հաճելի է մտածել, ասես պարծենալով ինքս իմ առաջ իմ տանջանքով, որ ահա, ամբողջ աշխարհում մնացել է ինձ սիրող, ինձ կապված մեկ հատիկ արարած, իմ ընկերը, իմ միակ ընկերը՝ իմ հավատարիմ շուն Շարիկը։
=== VII։ Նոր ծանոթություններ։ Պետրովը === Սակայն ժամանակն անցնում էր, և ես քիչ-քիչ սկսեցի ընտելանալ տեղին։ Ամեն օրվա հետ ավելի ու ավելի քիչ էին նեղում ինձ նոր կյանքի առտնին երևույթները։ Դեպքեր, հանգամանքներ, մարդիկ՝ այս ամենն ասես հարմարվեց աչքերիս։ Այդ կյանքին հաշտվել֊համակերպվելն անհնար էր, սակայն ընդունել դա որպես կատարված փաստ, վաղուց էր պետք։ Բոլոր թյուրիմացությունները, որոնք դեռևս մնացել էին իմ մեջ, ես թաքցրի խորունկ տեղերում՝ որքան կարողացա։ Արդեն չէի թափառում բանտում՝ կորսվածի պես, չէի դրսևորում թախիծս։ Տաժանապարտների վայրի, հետաքրքրասեր հայացքներն արդեն այնքան հաճախ չէին գամվում վրաս, չէի հետևում այնպիսի ընդգծված լկտիությամբ։ Ըստ երևույթին, ես նույնպես ձանձրացրել էի նրանց, ինչի համար շատ ուրախ էի։ Արդեն շրջում էի բանտում սեփական տան պես, գիտեի իմ տեղը թախտաշարի վրա և, ըստ երևույթին, նույնիսկ ընտելացել էի այնպիսի բաների, որոնց մտածում էի չընտելանալ ամբողջ կյանքում։ Պարբերաբար, ամեն շաբաթ գնում էի ածիլելու գլխիս կեսը։ Ամեն շաբաթ օր, շաբաշի ժամերին, մեզ հերթով կանչում էին դրա համար՝ բանտից կորդեգարդիա (չածիլվածն ինքը պատասխան կտար իր համար), և այնտեղ գումարտակների սափրիչները սառը ջրով օճառում էին մեր գլուխները և անգթաբար քերթում շատ բութ ածելիներով այնպես, որ նույնիսկ հիմա սարսուռ է անցնում մարմնովս՝ այդ տանջանքը հիշելիս։ Ի դեպ, ճարը շուտով գտնվեց. Ակիմ Ակիմիչը մատնացույց արեց զինվորական կարգի մի կալանավորի, որը սեփական ածելիով, մի կոպեկով ածիլում էր ում ասես, դրանով էլ վաստակում։ Տաժանապարտներից շատերն էին գնում նրա մոտ, բանտի սափրիչներից խուսափելու համար, թեև փափկակյաց մարդիկ չէին։ Մեր կալանավոր-սափրիչին ''մայոր'' էին ասում, թե ինչու՝ չգիտեմ, և թե ինչով կարող էր հիշեցնել մայորի, էլի չեմ կարող ասել։ Հիմա, սա գրելիս, ինձ է պատկերվում այդ մայորը՝ բարձրահասակ, չորչորուկ և լռակյաց մարդ էր, բավականին հիմարավուն, մշտապես խորասուզված իր զբաղմունքի մեջ և գոտին անպայման ձեռքին, որի վրա գիշեր-ցերեկ սրում էր իր ծայրաստիճան սրած ածելին, և թվում էր, ամբողջովին կլանված է այդ զբաղմունքով, ակներևաբար ընդունելով դա որպես իր կյանքի կոչում։ Իսկապես էլ, անչափ գոհ էր լինում, երբ ածելին լավն էր և երբ մեկնումեկը գալիս էր ածիլվելու, նրա օճառափրփուրը տաք էր, ձեռքը թեթև, ածիլումը՝ թավշյա։ Նա ակնհայտ վայելում ու հպարտանում էր իր արվեստով և անփութոր են ընդունում իր վաստակած կոպեկանոցը, կարծես իսկապես էլ բանն արվեստն էր և ոչ կոպեկը։ Մեր պլաց-մայորը ահավոր շշպռել էր Ա.-վին, երբ սա, բանտի մասին մատնչություններ անելիս, մի անգամ, մեր բանտային սափրիչին հիշատակելիս, անզգուշաբար ''մայոր'' էր կոչել նրան։ «Ախր, գու գիտե՞ս, թե ի՞նչ ասել է մայոր, սրիկայի մեկը,— փրփուր ի բերան բղավել էր նա, ընտանեվարի հանդիմանելով Ա.-վին,— հասկանո՞ւմ ես, ի՞նչ բան է մայորը։ Ու հանկարծ մի սրիկա տաժանակիր համարձակվում է նրան մայոր ասել, ինձ նայելով, իմ ներկայությամբ...»։ Միայն Ա.-վը կարող էր համակերպվել նման մարդու հետ։ Բանտում իմ կյանքի ամենաառաջին օրից սկսեցի ազատություն երազել։ Հաշվարկը, թե երբ են ավարտվելու բանտային իմ տարիները հազարավոր ձևերով ու կիրառումներով, դարձավ սիրելի զբաղմունք։ Նույնիսկ մտածել անգամ չէի կարող այլ կերպ և վստահ եմ, այդպես է վարվում պատժաժամկետով ազատազրկված յուրաքանչյուր ոք։ Ճգիտեմ, մտածում, հաշվարկո՞ւմ էին, արդյոք, տաժանապարտները նույնպես, իմ նման, սակայն նրանց հույսերի զարմանալի թեթևամտությունն ապշեցրեց ինձ առաջին քայլից։ Ազատազրկվածի, բանտարկյալի հույսը միանգամայն այլ կարգի է, քան իսկական կյանքով ապրողինը։ Ազատ մարդն, իհարկե, հուսադրվում է (ասենք, ճակատագրի փոփոխության, այս կամ այն ձեռնարկման ի կատար ածման), սակայն նա ապրում է, գործում է, իսկական կյանքը լիովին առնում է նրան իր շրջապտույտի մեջ։ Նույնը չէ բանտարկյալի համար։ Ընդունենք, թե այստեղ էլ կյանք է բանտային, տաժանապարտ, սակայն ով էլ լինի կալանավորը և ինչ ժամկետով էլ պատժված լինի, վճռականորեն, բնազդորեն չի կարող ընկալել իր ճակատագիրը, որպես մի դրական վերջնական բան, որպես իրական կյանքի հատված։ Յուրաքանչյուր տաժանապարտ զգում է, որ ''ինքն իր տանը չէ'', այլ հյուր է կարծես։ Քսան տարուն նայում է կարծես երկու տարու և կատարելապես վստահ է, որ հիսունհինգ տարեկան էլ բանտից ելնելիս, կլինի նույն ջահելը, ինչպես հիմա՝ երեսունհինգ տարեկան։ «Դեռ կապրենք»,— մտածում է նա և համառորեն վանում բոլոր երկմտանքներն ու ցավալի այլ մտքերը։ Նույնիսկ հատուկ բաժանմունքում անժամկետ աքսորվածները, երբեմն նրանք էլ են հաշվարկում, որ մեկ էլ տեսար, հանկարծ թույլտվություն եկավ Պիտերից. «Ուղարկել Ներչինսկ՝ հանքերը և պատժաժամկետ նշանակել»։ Այդ դեպքում փառավոր կլինի. նախ, մինչև Ներչինսկ կես տարվա քայլելու ճամփա է, իսկ կալանախմբով գնալը բանտի հետ համեմատել չի լինի։ Հետո էլ Ներչինսկում ավարտել պատժաժամկետը և այն ժամանակ... Ու չէ որ այդպես հաշվարկում է ալեհեր մեկը։ Տոբոլսկում տեսել եմ պատին գամվածների։ Նստած է՝ մի սաժեն երկարությամբ շղթայով պատին գամված, թախտ կա կողքին։ Նրան գամել էին չափից ավելի սարսափելի, արդեն Սիբիրում գործած ինչ֊որ բանի համար։ Նստում են հինգ տարով, նստում են և տասը տարով։ Մեծ մասամբ ավազակներից։ Նրանց մեջ միայն մեկին տեսա, կարծեմ պարոններից էր, ժամանակին ինչ֊որ տեղ ծառայել էր։ Խոսում էր խաղաղ-խաղաղ, սվսվացնելով, քաղցր-մեղցր ժպտում։ Նա ցույց տվեց իր շղթան, ցուցադրեց ինչպես է պետք ավելի հարմար պառկել թախտին։ Պիտի որ յուրօրինակ թռչուն լիներ։ Բոլոր նրանք հանգիստ են պահում իրենց և գոհ են թվում, այնինչ յուրաքանչյուրն ուզում է ավելի շուտ ավարտել իր ժամկետը։ Թե ինչի կարող է թվալ։ Ահա թե ինչի. կելնի նեխահոտ ու հեղձուկ, ցածրակամար սենյակից և կքայլի բանտի բակում և... և հենց դա։ Բանտից դուրս չեն թողնի նրան արդեն երբեք։ Ինքը գիտե, որ շղթայագամությունից ելածները այլևս պահվում են բանտում կալանդներով, մինչև մեռնելը։ Գիտե, բայց և այնպես ահավոր ցանկություն ունի ավարտել իր շղթայագամ ժամկետը։ Առանց այդ ցանկության, կարո՞ղ էր, արդյոք, հինգ կամ վեց տարի նստել շղթայված, չմեռնել կամ չցնորվել։ Ուրիշ մեկը կարո՞ղ էր նստել։ Ես զգում էի, որ աշխատանքը կարող է փրկել ինձ, պնդացնել մարմինս, առողջությունս։ Մշտական հոգեկան խռովքր, նյարդային բորբոքվածությունը, բանտասենյակի կծկված օդը կարող էին կատարելապես քայքայել ինձ։ «Պետք է հաճախակի լինել դրսում, ամեն օր հոգնել, վարժվել ծանրություն քարշ տալ, համենայն դեպս, կփրկեմ ինձ, դուրս կգամ առողջ, առույգ, ուժեղ, չծերացած»։ Չսխալվեցի, աշխատանքը և շարժումը շատ օգտակար եղան ինձ համար։ Սարսափով էի նայում ընկերներիցս մեկին (ազնվականներից էր), թե ինչպես է մոմի պես հալչում բանտում։ Բանտ էր մտել ինձ հետ միասին, դեռևս երիտասարդ, գեղեցկատես, առույգ, իսկ դուրս եկավ կիսաքայքայված, ալեհեր, ձեռուոտից ընկած, շնչարգելությամբ։ «Չէ,— մտածում էի՝ նրան նայելով,— ես ուզում եմ ապրել և կապրեմ»։ Փոխարենը, քթիցս հո չբերեցին տաժանապարտները՝ աշխատանքի հանդեպ սիրո պատճառով ու երկար ժամանակ հեգնում էին ինձ՝ արհամարհանքով և ծաղրով։ Բայց ես ոչ ոքի չէի նայում և առույգ֊առույգ գնում որևէ տեղ, օրինակ, թեկուզ ալաբաստր թրծելու և փշրելու՝ իմ արած առաջին գործերից էր։ Դյուրին աշխատանք էր։ Ինժեներական ղեկավարությունը, հնարավորին չափ, պատրաստ էր թեթևացնել ազնվականների աշխատանքը, ինչ, ի դեպ, զիջողություն չէր, այլ սոսկ արդարացիություն։ Տարօրինակ կլիներ կիսով չափ ուժազուրկ և երբեք չաշխատած մարդուց պահանջել նույն կետարքը, որն ըստ կարգի հանձնարարվում էր իսկական աշխատողին։ Բայց այդ «երես տալը» ոչ միշտ էր արվում, նույնիսկ արվում էր ասես գողունի, դրան խստորեն հետևում էին կողքից։ Բավական հաճախ էր պատահում ծանր գործ անել և այդ ժամանակ, անշուշտ, ազնվականները մյուս աշխատողներից կրկնակի անգամ ավելի էին տանջվում։ Ալաբաստրի էին նշանակում սովորաբար երեք֊չորս հոգու՝ ծերերի կամ սակավուժների՝ է՛, մեզ նույնպես այդ թվում, իհարկե, դրանից բացի, մի իսկական աշխատող էլ էին ուղարկում, որը գործը գիտեր։ Սովորաբար, գալիս էր միշտ նույն մարդը, մի քանի տարի շարունակ։ Ալմազովն էր, խստաբարո, թխամաշկ և նիհար-միհար, տարիքն արդեն առած, անմարդամոտ ու փնթփնթան։ Խորապես արհամարհում էր մեզ։ Ասենք, շատ էր քչախոս, այն աստիճան, որ անգամ ալարում էր փնթփնթալ մեզ վրա։ Մարագն, ուր թրծում և մանրում էինք ալաբաստրը, նույնպես գտնվում էր գետի ամայի, զառիթափ ափին։ Ձմռանը, հատկապես մռայլ օրերին, ձանձրալի էր նայելը գետին և հակադիր, հեռավոր ափին։ Թախծաբեր, սիրտ ալեկոծող մի բան կար այդ վայրի ու ամայի բնապատկերում։ Սակայն շատ ավելի ծանր էր լինում, երբ ձյան անվերջանալի, ճերմակ շղարշից վեր վառ շողում էր արեգակը։ Ինչպես կթռչեի այդ տափաստանի խորքը, որը ծայր էր առնում զառիթափից ու սփռվու մ դեպի հարավ, մեկ ամբողջական սփռոցի պես՝ մեկուկես հազար վերստ։ Ալմազովը սովորաբար լուռ ու խստադեմ, անցնում էր գործի, մենք կարծես ամաչում էինք, որ չենք կարող իսկականից օգնել նրան, իսկ նա դիտավորյալ մենակ էր անում, դիտավորյալ ոչ մի օգնություն չէր պահանջում մեզնից, որպեսզի կարծես զգանք մեր մեղքը նրա առաջ և զղջանք սեփական անօգտակարության համար։ Գործի եղած֊չեղածն էլ ի՜նչ էր՝ վառել վառարանը, թրծելու համար մեջը լցված ալաբաստրը, որը հենց մենք էինք կրում դրա համար։ Իսկ հաջորդ օրը, երբ ալաբաստրը լիովին թրծվում էր, սկսվում էր վառարանից հանելու գործը։ Մեզնից յուրաքանչյուրն առնում էր ծանր թակը, առանձին արկղի մեջ լցնում ալաբաստրը և սկսում փշրտել։ Շատ հեշտ ու լավ գործ էր։ Փխրուն ալաբաստրն արագ վերածվում էր ճերմակ, փայլփլուն փոշու՝ այնքան լավ ու հանգիստ էր փշրտվում։ Ծանր փայտամուրճերը ելնում֊իջնում էին, և ծայր էր առնում այնպիսի շխկոց֊թխկոց, որ մեզ էլ էր դուրեկան։ Վերջապես հոգնում էինք, միաժամանակ թեթևանում. դեմքներս կարմրում էր, արյունն ավելի արագ խաղում։ Այստեղ արդեն Ալմազովն էր մեզ նայում ներողամտաբար, ինչպես փոքր երեխաներին կնայեն, ներողամտաբար էլ ծխում իր ծխափողը, այդուհանդերձ, չէր կարող չփնթփնթալ, երբ հարկադրված էր լինում խոսել։ Իմիջիայլոց, նա բոլորի հետ էր նույնը, իսկ ըստ էության, կարծում եմ, բարի մարդ էր։ Մյուս գործը, որին ուղարկվում էի, արհեստանոցում սրաքարը պտտելն էր։ Անիվը մեծ էր ու ծանր։ Քիչ ջանք չէր պահանջվում դրա համար, հատկապես, երբ ճախարակագործ հյուսնը (ինժեներական արհեստավորներից), տաշում էր մի որևէ բան, ասենք, սանդուղքի զարդաճաղ կամ խոշոր սեղանի ոտքեր՝ այս կամ այն աստիճանավորի գրասենյակային կահույքի համար, ինչին համարյա թե գերան էր պետք լինում։ Նման դեպքում մեկի ուժը չէր պատում պտտելու, սովորաբար ուղարկում էին երկու հոգու՝ ինձ և ազնվականներից մեկ ուրիշի՝ Բ․-ին։ Այդպես, այդ գործը մի քանի տարի շարունակ մեզ էր մնում, եթե միայն հարկ էր տաշել ինչ֊որ բան։ Բ.֊ը սակավուժ, թուլակազմ մարդ էր, դեռևս երիտասարդ, կուրծքն էր հիվանդ։ Նա բանտ էր հասել ինձնից առաջ, իմ երկու ընկերների հետ՝ մեկը ծերունի էր, որը բանտային կյանքի ամբողջ ընթացքում, ցերեկ ու գիշեր աղոթում էր Աստծուն (դրա համար նրան շատ էին հարգում կալանավորները) և որը մահացավ իմ այնտեղ գտնվելիս, մյուսը դեռևս շատ ջահել էր, թարմ, կարմրայտ, ուժեղ և համարձակ, որը կալաներթի կես ճանապարհից շալակած բերել էր հոգնած Բ.֊ին, յոթը հարյուր վերստ շարունակ։ Հարկ էր տեսնել նրանց փոխադարձ մտերմություեր։ Բ.֊ը փայլուն կրթություն է ստացել, վեհանձն էր, մեծահոգի բնավորությամբ, որը խեղված ու բորբոքված էր հիվանդությունից։ Անիվը պտտում էինք միասին և դա նույնիսկ զբաղեցնում էր մեզ։ Այդ աշխատանքն ինձ սքանչելի օդափոխություն էր տալիս։ Նաև սիրում էի առանձնապես ձյուն մաքրել։ Սովորաբար դա լինում էր ձնաբքերից հետո, ձմռանը՝ հաճախակի ։ Մի օրուգիշերվա բքից հետո որոշ տներ ծածկվում էին մինչև պատուհանների կեսը, իսկ որոշ, տներ համարյա լրիվ ծածկվում էին։ Այդ ժամանակ, երբ արդեն դադարում էր բուքը և ելնում արևը, մեծ խմբերով, երբեմն էլ ամբողջ բանտը հանում էին՝ բանտային շենքերը մաքրելու ձնից։ Ամենքին թիեր էին տրվում, բոլորին մեկտեղ՝ կետարք, երբեմն այնպիսի, որ հարկ էր լինում զարմանալ, թե ինչպես կարելի է դա կատարել, և բոլորը միասին կպչում էին գործի։ Փուխր, հենց նոր տեղացած և երեսից թեթևակի սառած ձյունը շատ հեշտ էր վերցնում թին, խոշոր կտորներով ու ցրիվ տրվում չորս կողմ, դեռևս օդում վերածվելով պսպղուն փոշու։ Թիերը խրվում էին ճերմակ, արևից շողշողացող զանգվածի մեջ դյուրությամբ։ Կալանավորներն այդ գործը համարյա միշտ անում էին ուրախ֊զվարթ։ Ձմռան թարմ օդը, շարժումը տաքացնում֊բորբոքում էր։ Բոլորը դառնում էին ավելի ուրախ, քրքջոց էր հնչում, սրամտություններ, պատմություններ։ Սկսում էին ձնագնդի խաղալ, հարկավ, ոչ առանց այն բանի, որ մի րոպե անց չգոռգոռային ողջամիտները, ծիծաղ-ուրախության վրա բարկացողներր, և համընդհանուր զվարճությունը սովորաբար ավարտվում էր հայհոյանքով։ Կամաց֊կամաց սկսեցի ընդլայնել ծանոթություններիս շրջանակը։ Ի դեպ, ինքս չէի մտածում ծանոթությունների մասին. դեռևս անհանգիստ էի, մռայլ ու չվստահող։ Ծանոթություններս ծայր առան ինքնըստինքյան։ Առաջիններից այցելել սկսեց կալանավոր Պետրովը։ Ասում եմ ''այցելել'' և հատկապես շեշտում այդ բառը։ Պետրովն ապրում էր հատուկ բաժանմունքում, ինձնից ամենահեռու բանտասենյակում։ Մեր միջև կապ, ըստ երևույթին, չէր կարող լինել և ոչ մի կերպ։ Ընդհանուր ոչինչ հաստատ չկար և չէր կարող լինել։ Այնինչ, առաջին այդ շրջանում Պետրովն ասես իր պարտականությունն էր համարում գրեթե ամեն օր գալ մոտս, բանտասենյակ, կամ կանգնեցնել բանթողի ժամանակ, երբ մեկ֊մեկ գնում էի բանտասենյակների ետևը, հնարավորինս հեռու բոլորի աչքից։ Սկզբում դա տհաճ էր ինձ համար։ Սակայն նա կարողացավ մի տեսակ այնպես անել, որ այդ այցելությունները շուտով նույնիսկ զվարճացնել սկսեցին ինձ, թեև նա առանձնապես ամենևին էլ մարդամոտ ու զրուցասեր մարդ չէր։ Արտաքնապես բարձրահասակ չէր, ուժեղ մարմին ուներ, ճարպիկ էր, շարժուն, բավական դուրեկան դեմքով, գունատ, լայն այտոսկրերով, համարձակ հայացքով, ճերմակ, զատ-զատ և մանրիկ ատամներով, տրորած ծխախոտի մշտական պստիկ պտղունցը ներքևի շրթունքի տակ։ Շրթունքի տակ ծխախոտ դնելը սովորություն էր շատ կալանավորների համար։ Տարիքից ավելի երիտասարդ էր երևում։ Նա քառասուն տարեկան էր, արտաքնապես՝ միայն երեսուն։ Ինձ հետ խոսում էր միշտ չափազանց անբռնազբոսիկ, իրեն պահում ծայրաստիճան հավասարը հավասարի պես, այն է՝ արտակարգ օրինավոր և նրբակիրթ։ Օրինակ, եթե նկատում էր, որ միայնություն եմ փնտրում, ապա խոսելով մեկ-երկու րոպե, իսկույն թողնում էր ինձ, ամեն անգամ շնորհակալություն հայտնում ուշադրության համար, ինչ, անշուշտ, երբեք չէր անում և ոչ մեկի հետ ամբողջ տաժանավայրում։ Հետաքրքրական է, որ մեր միջև նույն հարաբերությունները շարունակվեցին ոչ միայն առաջին օրերին, այլև՝ տարիներ շարունակ և համարյա երբեք չդարձան ավելի մերձ, թեև իրոք, նա նվիրված էր ինձ։ Նույնիսկ հիմա չեմ կարող վճռել․ ի՞նչ էր ուզում նա ինձնից և ինչի՞ համար էր ամեն օր մոտս գալիս։ Թեև հետագայում պատահեց, որ գողություն էլ արեց ինձնից, բայց գողանում էր նա մի տեսակ ''անդիտումնավոր'', իսկ փող համարյա երբեք չխնդրեց ինձնից, ուստի գալիս էր ոչ հանուն փողի կամ որևէ այլ շահագրգռության։ Նմանապես չգիտեմ ինչու, միայն թե ինձ միշտ թվում էր, թե նա կարծես ամենևին չէր ապրում ինձ հետ բանտում, այլ հեռու մի տանը, քաղաքում, և բանտ էր գալիս սոսկ հպանցիկ, նորություններ իմանալու, ինձ տեսակցելու, նայելու, թե ինչպես ենք ապրում բոլորս։ Նա միշտ ինչ-որ տեղ էր շտապում, ճիշտ կարծես ինչ-որ մեկին թողել է մի որևէ տեղ և իրեն սպասում են այնտեղ, ճիշտ կարծես մի բան կիսատ էր թողել այս ու այն տեղ։ Դրա հետ մեկտեղ շատ էլ իրար անցած չէր։ Հայացքը նույնպես մի տեսակ տարօրինակ էր ակնդետ, համարձակության և որոշ ծաղրականության երանգով, սակայն նայում էր կարծես հեռուները, իրերի միջով, կարծես քթի տակ եղած առարկայից դենը, ջանում էր զննել մեկ ուրիշը հեռուներում։ Սա ցրված տեսք էր տալիս նրան։ Երբեմն դիտավորյալ նայում էի․ ո՞ւր է գնալու Պետրովն իմ մոտից։ Որտե՞ղ են այդպես սպասում նրան։ Սակայն նա իմ մոտից գնում էր մեկ ուրիշ բանտասենյակ կամ խոհանոց, նստում խոսողների մոտ, ուշադիր լսում, երբեմն ինքն էր խոսքի մեջ մտնում նույնիսկ շատ տաքացած, հետո էլ մի տեսակ հանկարծակի ընդհատում ու լռում։ Սակայն կխոսեր նա, թե լուռ կնստեր, այնուամենայնիվ, երևում էր, որ հենց այնպես հպանցիկ է ներկա, որ ինչ-որ տեղ գործ ունի և իրեն սպասում են այնտեղ։ Ամենատարօրինակն այն էր, որ երբեք և ոչ մի գործ չուներ, ապրում էր կատարելապես պարապ-սարապ (իհարկե, բացի բանտային աշխատանքներից)։ Ոչ մի արհեստ չուներ, փող էլ համարյա երբեք չէր ունենում։ Սակայն փող չունենալուց շատ չէր դառնանում։ Եվ ինչի՞ մասին էր խոսում ինձ հետ։ Խոսակցությունը նույնքան տարօրինակ էր որքան և ինքը։ Օրինակ, կտեսներ, որ մենակ ման եմ գալիս բանտից այն կողմ, ու հանկարծ կտրուկ կդառնար իմ կողմը։ Քայլում էր միշտ արագ, շրջվում միշտ կտրուկ։ Կգար քայլելով, բայց կթվար, թե վազեվազ է եկել։ ― Բարև ձեզ։ ― Բարև ձեզ։ ― Չխանգարեցի՞։ ― Չէ։ ― Ուզում էի Նապոլեոնի մասին հարցնել։ Չէ՞ որ ազգական է գալիս այն մեկին, որը տասներկու թվականին էր։ (Պետրովը, կանտոնական էր և գրագետ։) ― Ազգականն էր։ ― Ասում են՝ ի՞նչ տեսակ պրեզիդենտ էր։ Նա միշտ հարց էր տալիս արագ, փութով, կարծես պետք էր հնարավորինս շուտ իմանալ այս կամ այն բանը։ Ճիշտ կարծես տեղեկանք էր կազմում մի որևէ շատ կարևոր գործի վերաբերյալ, որը նվազագույն հետաձգում չի ընդունում։ Բացատրեցի, թե ինչ տեսակ պրեզիդենտ է և ավելացրի, որ շուտով կարող է նաև կայսր դառնալ։ ― Այդ ինչպե՞ս։ Հնարավորին չափ դա էլ բացատրեցի։ Պետրովը լսում էր ուշադիր, լիովին հասկանալով և շուտ կռահելով, անգամ ականջը թեքած իմ կողմը։ ― Հըմ։ Ալեքսանդր Պետրովիչ, ուրիշ հարց էլ ունեմ, ճի՞շտ են ասում արդյոք, թե կապիկներ կան, որոնց թաթերը կրունկներին են հասնում և ամենաբարձրահասակ մարդու չափ են։ ― Այո, կան այդպիսիք։ ― Ինչպիսի՞ք։ Գիտցածիս չափ դա էլ բացատրեցի։ ― Իսկ որտե՞ղ են ապրում։ ― Շոգ երկրներում։ Սումատրա կղզու վրա կան։ ― Ամերիկայում է, չէ՞։ Ինչպես ասում են, իբր թե այնտեղ մարդիկ գլխի վրա են քայլում։ ― Ոչ թե գլխի վրա։ Դուք հակոտնյաների մասին եք հարցնում։ Բացատրեցի, թե ինչ ասել է Ամերիկա և, ըստ հնարավորին, ինչ ասել է հակոտնյա։ Նա լսում էր նույն ուշադրությամբ, կարծես թե վազեվազ եկել էր մենակ այդ հակոտնյաների համար։ ― Ա֊ա՜, անցյալ տարի կարդացի կոմսուհի Լավալյաերի մասին, Արեֆևը համհարզի մոտից մի գիրք էր բերել։ Դա ճի՞շտ է, թե հենց այնպես հորինված։ Դյումայի ստեղծագործությունը։ ― Իհարկե, հորինված է։ ― Դե լավ, մնաք բարով։ Շնորհակալ եմ։ Եվ Պետրովն անհետացավ, և ըստ էության, մենք համարյա երբեք ուրիշ կերպ չէինք խոսում, քան այդպես։ Սկսեցի հարցուփորձ անել նրա մասին։ Մ.-ը, լսելով այդ ծանոթության մասին, նույնիսկ նախազգուշացրեց ինձ։ Ասաց, որ տաժանապարտներից շատերը, հատկապես սկզբում, բանտի առաջին օրերին, իր սարսափն էին հարուցում, բայց նրանցից և ոչ մեկը, ոչ նույնիսկ Գազինը, զարհուրելի այն տպավորությունը չի թողել իր վրա, ինչպես այդ Պետրովը։ ― Տաժանապարտներից ամենաանվախն է, ամենահամարձակը,— ասաց Մ.֊ը։ Ի վիճակի է ամեն ինչի։ Եթե խելքին փչեց, ոչնչի առաջ կանգ չի առնի։ Մտքովն անցավ, ձեզ էլ կմորթի, հենց այնպես, հեշտ ու հանգիստ կմորթի, ոչ ճակատը կկնճռոտի, ոչ էլ կզղջա։ Նույնիսկ կարծում եմ, թե խելքը տեղը չէ։ Այդ կարծիքը անչափ հետաքրքրեց ինձ։ Սակայն Մ.֊ը չկարողացավ բացատրել, թե ինչու է այդպես թվում իրեն։ Եվ տարօրինակ մի բան. հետագայում քանի տարի ի վեր ճանաչում էր Պետրովին, համարյա ամեն օր խոսում հետը։ Այդ ամբողջ ընթացքում նա անկեղծորեն կապված էր ինձ (թեև բացարձակապես չգիտեմ՝ ինչու), և այդ մի քանի տարին, թեև ապրում էր բանտում ողջամտորեն ու զարհուրելի և ոչինչ չարեց, բայց ամեն անգամ, նայելով նրան ու խոսելով հետը, համոզվում էի, որ Մ.֊ն իրավացի է և որ Պետրովը գուցեև ամենավճռական, աներկյուղ և իր վրա որևէ հարկադրանք չընդունող մարդ է։ Թե ինչու այդպես թվաց, դարձյալ չեմ կարող բացատրել։ Ի դեպ, նշեմ, որ Պետրովը հենց նա էր, որն ուզում էր սպանել պլաց֊մայորին, երբ իրեն կանչեցին պատիժը կրելու, և երբ մայորը «հրաշքով պրծավ», ինչպես ասում էին կալանավորները՝ հեռանալով հենց գանահարման պահին։ Մեկ ուրիշ անգամ, դեռևս նախքան տաժանակրությունը, եղել էր այնպես, որ գնդապետը խփել էր նրան՝ վարժանքի վայրում։ Հավանորեն, դրանից առաջ քանիցս ծեծել էին նրան, բայց այդ անգամ չէր ուզել հանդուրժել և սվինահարել էր իր գնդապետին՝ բացեիբաց, օրը ցերեկով, բացված շարքի առաջ։ Ի դեպ, ես չգիտեմ այդ ամբողջ պատմությունը՝ մանրամասնորեն, երբեք չի պատմել։ Հարկավ, այդ ամենր պոռթկում էր ուղղակի, երբ խառնվածքը մեկեն բացահայավում է լրիվ, ամբողջությամբ։ Բայց և այնպես, դրանք շատ հազվադեպ էին։ Իրոք, նա ողջամիտ էր, անգամ հանդարտաբարո։ Նույնիսկ ուժեղ, այրող կրքերը նրա ներսում թաքնված էին, սակայն շիկացած ածուխները մշտապես ծածկված էին մոխրով և հանդարտ պլպլում էին։ Պոռոտախոսության կամ սնափառության նշույլ իսկ երբեք չեմ նկատել նրա, ինչպես ասենք, ուրիշների մեջ։ Վեճուկռվի էր բռնվում հազվադեպ, թեև առանձնապես մտերիմ չէր և ոչ մեկի հետ, բացառությամբ թերևս Սիրոտկինի, այն էլ, վերջինս պետք էր լինում իրեն ։ Ինչևէ, մի անգամ տեսա, ինչպես բարկացավ լրջորեն։ Ինչ-որ բան չէին տվել նրան, որևէ մի իր, ինչ-որ բանից զրկել էին։ Նրա հետ վիճողն աժդահա-կալանավոր էր, բաձրահասակ, չար, կռվարար, ծաղրասեր և ամենևին ոչ վախկոտ Վասիլի Անտոնովը, քաղաքացիական կարգից։ Երկար ժամանակ ադեն գոռգոռում էին, և ես մտածեցի, որ բանը կավարտվի բավականաչափ հարվածներով, որովհետև Պետրովը, թեև շատ հազվադեպ, բայց երբեմն նույնիսկ կռիվներ էր անում ու հայհոյում, ինչպես վերջին տաժանապարտը։ Բայց այս անգամ այդպես չեղավ։ Պետրովը գունատվեց, ռունգերը թրթռացին ու կապտեցին, սկսեց ծանր շնչել։ Տեղից ելավ ու դանդաղ, շատ դանդաղ, իր անլսելի, բոբիկ քայլերով (ամռանը շատ էր սիրում բոբիկ քայլել) մոտեցավ Անտոնովին։ Աղմկալի ու գոռգոռացող բանտասենյակում հանկարծ բոլորը սսկվեցին՝ ճանճի տզզոցը կլսվեր։ Բոլորը սպասում էին, թե ինչ է լինելու։ Անտոնովը վեր թռավ նրան ընդառաջ, դեմքին գույն չկար։ Ես չդիմացա և դուրս եկա բանտասենյակից։ Սպասում էի, որ դեռ չեմ հասցնի իջնել առմուտքից, կլսեմ մորթվող մարդու գոռոցը։ Սակայն բանն ավարտվեց ոչնչով նաև այս անգամ. Անտոնովը, դեռ Պետրովը չհասած իրեն, լուռ ու շտապ նրան շպրտեց վեճի առարկա իրը։ (Եղած-չեղածն ինչ-որ հնոտիք էր, ոտքի փաթաթաններ)։ Հարկավ, մի երկու րոպեից Անտոնովն, այնուամենայնիվ, թեթևակի հայհոյեց նրան՝ խիղճը հանգստացնելու և պատշաճության համար, ցույց տալու համար, որ այնքան էլ չի վախեցել։ Սակայն Պետրովը ոչ մի ուշադրություն չդարձրեց հայհոյանքին, անգամ չպատասխանեց. բանը հայհոյանքը չէր և իր օգտին էր, շատ գոհ էր մնացել ու առել հնոտիքը։ Քառորդ ժամ անց, նա արդեն սովորականի պես թա փառում էր բանտում, կատարելապես անգործ մարդու տեսքով և կարծես փնտրտում, թե մեկնումեկը որևէ հետաքրքիր բանից խոսք չի՞ բացի, որ քիթը խոթի և ականջ դնի։ Կարծես ամեն ինչ հետաքրքրում էր նրան, բայց մի տեսակ այնպես էր ստացվել, որ ամեն բանի հանդեպ մեծ մասամբ անտարբեր էր մնում և հենց այնպես էր շրջում բանտում՝ անգործ, մի տեղից մյուսը գցելով իրեն։ Նրան կարելի էր նույնպես համեմատել աշխատողի, ուժեղ աշխատողի հետ, ում ձեռքի տակ գործը կեռա, սակայն ում առայժմ գործ չեն տալիս և ահա, գործին սպասելով, նստած խաղ է անում փոքր երեխաների հետ։ Չէի հասկանում նաև, թե ինչի համար է ապրում բանտում, ինչո՞ւ չի փախչում։ Նրա մտքով չէր անցնի փախչել, եթե միայն շատ ու շատ չուզենար։ Պետրովի պես մարդկանց պարագային բանականությունն իշխում է սոսկ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք որևէ բան չեն կամեցել։ Այստեղ արդեն աշխարհիս երեսին պատնեշ չի կարող լինել նրանց ցանկությանը։ Իսկ ես համոզված եմ, որ նա փախչել կկարողանար ճարպկորեն, կխաբեր բոլորին, լրիվ շաբաթ կարող էր նստել մի տեղ, առանց հաց, անտառում կամ գետափի եղեգնուտում։ Բայց երևում էր, որ այդ մտքին չի հանգել և չի կամեցել ''լիուլի''։ Մեծ դատողություն, առանձնահատուկ ողջամտություն երբեք չեմ նկատել նրա մեջ։ Այդ մարդիկ այդպես էլ ծնվում են մեկ հատիկ գաղափարով, որն ամբողջ կյանքում անգիտակցաբար մղում է նրանց այստեղ֊այնտեղ, այդպես էլ դեգերում են ամբողջ կյանքում, մինչև որ գործ են գտնում ըստ իրենց ցանկության։ Այստեղ արդեն գլուխ էլ պետք չէ նրանց։ Զարմանում էի երբեմն, թե ինչպես մի մարդ, որը սվինահարել էր իր պետին՝ ծեծի համար, մեզ մոտ այդպես լուռումունջ պառկում էր՝ ճիպոտահարվելու։ Նրան երբեմն ծեծում էին, երբ բռնվում էր խմիչքը ձեռքին։ Ինչպես արհեստ չունեցող բոլոր կալանավորները, նա երբեմն գնում էր խմիչք բերելու։ Սակայն նա ճիպոտի տակ էր պառկում կարծես սեփական համաձայնությամբ, այսինքն կարծես գիտակցում էր, որ տեղն է իրեն, հակառակ դեպքում հանուն և ոչնչի չէր պառկի, թեկուզ սպանեին։ Նույնիսկ զարմանում էի նրա վրա, երբ նա, չնայած ինձ հետ իր ակնհայտ կապվածության, գողանում էր ինձնից։ Նրա հետ այդպես լինում էր մի տեսակ շերտ առ շերտ։ Նա գողացավ իմ Աստվածաշունչը, որ տվել էի նրան՝ սոսկ մի տեղից մյուսը տանելու։ Եղածը մի քանի քայլ էր, բայց նա հասցրել էր ճանապարհին առնող գտնել, վաճառել ու տեղնուտեղը խմելու տալ փողը։ Ճիշտ է, ախր շատ էր ուզում խմել, իսկ որ շատ էր ուզում, ապա ''պիտի'' կատարվեր։ Ահա, այդպիսի մեկն էլ հենց մարդ կսպանի քառորդ ռուբլու համար, որ դրանով մի բաժակ բան խմի, թեև մեկ ուրիշ անգամ բաց կթողնի հարյուր հազար ունեցողին։ Երեկոյան, հենց ինքն էլ ինձ հայտնեց գողության մասին, միայն թե առանց որևիցե շփոթմունքի և զղջման, կատարելապես անտարբեր, որպես ամենասովորական դիպված։ Փորձեցի մի լավ կշտամբել նրան, նաև ափսոսում էի Աստվածաշունչը։ Նա լսում էր՝ չբորբոքվելով, նույնիսկ շատ խոնարհ, համաձայնում, որ Աստվածաշունչը շատ օգտակար գիրք է, անկեղծորեն ափսոսում, որ հիմա մոտս չէ, բայց ամենևին չէր զղջում, որ գողացել է, ինձ էր նայում այնքան ինքնավստահ, որ իսկույն դադարեցի հանդիմանել։ Իսկ իմ կշտամբանքին դիմացավ, հավանորեն դատելով, որ առանց դրա չի կարող լինել, որ չկշտամբեմ իրեն՝ նման արարքի համար, ուրեմն՝ թող, ասենք, հոգին թեթևացնի, ծաղրի, հայհոյի, բայցև որ ըստ էության, դա այնպիսի փուչ բան է, այնքան փուչ, որ մարդ կամաչեր էլ խոսել։ Թվում է, նա ընդհանրապես ինձ համարում էր երեխայի պես մի բան, համարյա թե մանկիկ, որը չի հասկանում պարզագույն բաներն աշխարհում։ Օրինակ, եթե ինքս էի որեէ խոսք բացում, բացառությամբ գրքերի և գիտության, ապա նա պատասխանում էր ինձ, ճիշտ է, բայց կարծես սոսկ քաղաքավարությունից, սահմանափակվելով ամենակարճ պատասխաններով։ Ինքս ինձ հաճախ էի հարց տալիս․ նրա ինչի՞ն են պետք այդ գրքային գիտելիքները, որոնց մասին սովորաբար հարցնում էր։ Մեկ֊մեկ, այդ խոսակցությունների ընթացքում, կողքանց նայում էի նրան՝ չի՞ ծիծաղում, արդյոք, վրաս։ Բայց ոչ, սովորաբար նա լսում էր լուրջ, ուշադիր, թեև ոչ այնքան, ի դեպ, այդ վերջին հանգամանքն էլ ինձ բարկացնում էր։ Հարցերը տալիս էր ստույգ, որոշակի, բայց մի տեսակ չէր զարմանում ինձնից ստացած տեղեկություններով, ընդունում դրանք նույնիսկ ցրված... Թվում էր նաև, որ իմ մասին, առանց երկար գլուխ ցավեցնելու, վճռել էր՝ ինձ հետ չի կարելի խոսել, ինչպես ուրիշ մարդկանց հետ, որ բացի գրքերի մասին խոսելուց, ոչինիչ չեմ հասկանա, նույնիսկ ի վիճակի չեմ հասկանալ, այնպես որ անհանգստացնել էլ պետք չէ։ Վստահ եմ, որ նույնիսկ սիրում էր ինձ, ու դա շատ էր ապշեցնում։ Տհա՞ս էր համարում, արդյոք ոչ կատարյալ մարդ, իմ հանդեպ առանձնահատուկ կարեկցանք էր տածում, ինչպես բնազդաբար զգում է ամեն ուժեղ արարած մյուս թույլի նկատմամբ, ինձ ընդունելով այդպիսին... չգիտեմ։ Ու թեև այդ ամենը չէր խանգարում նրան կողոպտել ինձ, սակայն համոզված եմ, որ գողանալիս խղճում էր ինձ։ «Էխ,— մտածում էր թերևս, ձեռքը խոթելով իմ ունեցվածքի մեջ,— ի՜նչ մարդ է սա, որն իր ունեցածին էլ չի կարող տեր կանգնել»։ Բայց ինչ֊որ բանի համար, կարծեմ, նաև սիրում էր։ Մի անգամ ինքն ինձ ասաց, մի տեսակ ակամա, որ ախր, շատ բարի հոգի ունեցող մարդ եմ և «ախր, էնքան եք պարզ, էնքան պարզ, որ մարդու մեղքը գալիս է»։ «Ալեքսանդր Պետրովիչ, մենակ թե վիրավորանք չկարծեք,— ավելացրեց մեկ րոպե անց,— ախր սրտանց ասի»։ Այդպիսի մարդկանց հետ պատահում է կյանքում, որ նրանք հանկարծակի հատու և մեծապես դրսևորվում և նշվում են մի որևէ կտրական, համընդհանուր գործողության կամ հեղաշրջման պահերին, այդպիսով միանգամից ընկնում իրենց լրիվ գործունեության մեջ։ Նրանք խոսքի մարդիկ չեն ու չեն կարող գործը ղեկավարողներ և գլխավոր ղեկավարներ լինել, սակայն գլխավոր կատարողներն են ու առաջինն են սկսում։ Սկսում են պարզապես, առանց առանձին կոչականների, բայց փոխարենն առաջինն են անցնում գլխավոր արգելքի վրայով, առանց մտածելու, առանց վախի, ուղղակի գնալով բոլոր սրերի վրա, և բոլորը նետվում են նրանց ետևից, գնում մինչև վերջին պատը, ուր սովորաբար էլ դնում են իրենց գլուխները։ Ես չեմ հավատում, թե Պետրովը լավ է վերջացրել, որևէ մի պահի նա միանգամից ամեն ինչ կվերջացնի, և եթե չի անհետացել մինչև հիմա, նշանակում է՝ նրա դեպքը դեռ վրա չի հասել։ Թեև ո՞վ գիտե։ Գուցեև ապրի, մինչև մազերը ճերմակեն և հանգիստ մեռնի ծերությունից, աննպատակ թափառելով դեսուդեն։ Բայց ինձ թվում է, իրավացի էր Մ.֊ը, ասելով, թե ամբողջ տաժանավայրի ամենավճռական մարդն է նա։
=== Վճռական մարդիկ։ Լուչկան ===
=== Իսայ Ֆոմիչը։ Բաղնիք։ Բակլուչինի պատմածը ===