=== III։ Առաջին տպավորություններ ===
Օրինակ, թե մեկը, թե մյուսը մարդ են սպանել։ Ծանրութեթև են արվել երկու գործերի հանգամանքները, և թե մեկ, թե մյուս գործի համար ստացվել է համարյա նույն պատիժը։ Ասենք, մեկը մարդ է սպանել հենց այնպես, մի գլուխ սոխի համար. կանգնել է ճամփին, մորթել անցորդ մուժիկին, նրա մոտ եղած֊չեղածն էլ՝ մի գլուխ սոխ։ «Ոնց կլինի, այ հեր, ինձ ուղարկեցիր որսի, ես էլ մի մուժիկ մորթեցի ու մի հատիկ սոխի գլուխ գտա»։— «Անխելք, մի գլուխ սոխը կլինի մի կոպեկ։ Հարյուր հոգին հարյուր գլուխ, էդ էլ քեզ՝ մի ռուբլի» (բանտային ասք)։ Իսկ մյուսը սպանել է, վավշոտ բռնակալից պաշտպանելով հարսնացուի, քրոջ, աղջկա պատիվը։ Մեկը սպանել է թափառաշրջիկության բերումով, պաշարված մի ամբողջ գունդ հետապնդողներով, պաշտպանելով իր ազատությունը, կյանքը, հաճախ էլ քաղցած մահով մեռնելով։ Իսկ մյուսը մորթել է փոքր երեխաների՝ հենց մորթելու հաճույքից, իր ձեռքերի վրա նրանց տաք արյան զգացողությունից, վայելելով նրանց սարսափը, հենց դանակի տակ նրանց վերջին, աղավնու սարսուռը։ Եվ ի՞նչ։ Թե մեկը, թե մյուսն ընկնում են նույն տաժանավայրը։ Ճիշտ է, տրված պատիժների ժամկետների միջև ելևէջում կա։ Սակայն դրանք համեմատաբար շատ չեն, իսկ հանցագործության նույն տեսակների մեջ ելևէջումներն անհամար են։ Որքան բնույթ, նույնքան ելևէջում։ Բայց ընդունենք, թե անհնար է հաշտեցնել, հարթել այդ տարբերությունը հնարավոր չէ, թե յուրատեսակ անլուծելի խնդիր է դա՝ շրջանի քառանկյունություն՝ այդպես ենթադրենք։ Սակայն եթե նույնիսկ գոյություն չունենար այդ անհավասարությունր, նայեք մեկ ուրիշ տարբերության՝ պատժի բուն հետևանքների տարբերությունը... Ահա մեկը, որը բանտում սմքում է, հալչում մոմի պես, և ահա մեկ ուրիշը, որը մինչև բանտ ընկնելը չգիտեր անգամ, որ աշխարհում այդպիսի ուրախ֊զվարթ կյանք կա, կապը կտրած ընկերների այդչափ հաճելի ակումբ։ Այո, բանտ են դալիս նաև այդպիսիք։ Ահա օրինակ, մարդն ուսյալ է, զարգացած խղճով, գիտակցությամբ, սրտալի։ Սեփական սրտի ցավը սոսկ, ամեն կարգի պատիժներից առաջ, կսպանի նրան իր տառապանքներով։ Ինքն իրեն կդատապարտի իր հանցանքի համար՝ ամենախիստ օրենքից ավելի անխնա, անխղճորեն։ Իսկ ահա, մեկ ուրիշը նրա կողքին, որը նույնիսկ չի էլ մտածի ոչ մի անգամ իր կատարած հանցանքի մասին, ամբողջ տաժանակրության ընթացքում։ Անգամ իրավացի կհամարի իրեն։ Լինում են և այնպիսիք, որոնք դիտավորյալ հանցանք են գործում, որպեսզի միայն ընկնեն տաժանակրության մեջ, դրանով իսկ պրծնելով ազատության մեջ անհամեմատ ավելի տաժանակիր կյանքից։ Այնտեղ նա նսեմացման վերջին աստիճանին էր, կուշտ փորով երբեք չէր ուտում և իր գործատիրոջ համար բանում առավոտից գիշեր։ Իսկ տաժանավայրում գործն ավելի քիչ է, քան տանը, հացը՝ լիուլի, և այնպիսի մի բան, որպիսին չէր էլ տեսել տոն օրերին՝ տավարի միս, ողորմություններ են լինում, փող վաստակելու հնարավորություններ կան։ Հապա շրջապատը։ Ընկած֊ելած մարդիկ, ճարպիկ, ամեն բան գիտցող, և ահա նայում է նա իր րնկերներին հարգալից զարմանքով, դեռևս երբեք չէր տեսել նման ժողովուրդ։ Նրանց համարում է ամենավերին հասարակություն, որպիսին կարող է լինել աշխարհում։ Մի՞թե այդ երկուսի համար պատիժը միանման զգալի է։ Բայց, իմիջիայլոց, ի՞նչ կարիք կա զբաղվել անլուծելի հարցերով։ Թմբկազարկը նշանակում է, որ ժամանակն է բանտասենյակները գնալ։
=== IV։ Առաջին տպավորություններ ===