=== Ներածություն ===
Սիբիրի հեռաստաններում<ref>Սիբիրի հեռաստաններում․․․ ― Պատիժների մասին 1822 թ․ Օրենսգրքում, վերաբնակեցման աքսորը բաժանվում էր երկու կարգի՝ «հեռավորագույն վայրերում» (Արևելյան Սիբիր) և «ոչ այնքան հեռավոր վայրերում» (Արևմտյան Սիբիր և Անդրկովկաս)։</ref>, տափաստանների, սարերի կամ անանցանելի անտառների մեջ մեկ֊մեկ հանդիպում են փոքր քաղաքներ, հազար, ամենաշատը՝ երկու հազար բնակիչներով, երկու եկեղեցիներով, մեկը՝ քաղաքում, մյուսը՝ գերեզմանոցում, փայտաշեն ու աննշան, ավելի շատ նման մերձմոսկովյան մի գյուղի, քան քաղաքի։ Սովորաբար, դրանք բավականաչափ շատ ունեն իսպրավնիկներ, ատենակալներ և մնացյալ սուբալտերն<ref>․․․ իսպրավնիկներ․․․ սուբալտերն աստիճանավորներ․․․ ― Իսպրավնիկը գավառական ոստիկանապետն է, ցարական բանակում սուբալտերն աստիճանավորներ էին կոչվում կրտսեր սպաները (գերմ․ Subaltern Offiziers), այստեղ՝ մասնր աստիճանավորներ։</ref> աստիճանավորներ։ ԸնգհանրապեսԸնդհանրապես, Սիբիրում, չնայած ցրտին, ծառայելը չափաղանց ջերմ է։ Ապրում են հասարակ, ոչ֊ազատական մարդիկ, կարգերը հին են, ամուր, դարերով սրբագործված։ Աստիճանավորները, որոնք արդարացիորեն խաղում են սիբիրյան ազնվականության դերը, կամ բնիկներ են՝ արմատակալած սիբիրցիներ, կամ եկվորներ են Ռուսաստանից, մեծ մասամբ մայրաքաղաքներից, հրապուրված հաշվից դուրս վճարվող ռոճիկներով, կրկնակի ուղեծախսերով և ապագայի գայթակղիչ հույսերով։ Նրանցից կյանքի հանելուկը վճռել կարողացողները մշտապես մնում են Սիբիրում և հաճույքով արմատներ գցում։ Հետագայում դրանք բերում են առատ և քաղցր պտուղներ։ Սակայն մյուսները՝ թեթևամիտ և կյանքի հանելուկ վճռել չկարողացողները, շուտով ձանձրանում են Սիբիրից ու տրտմագին հարց տալիս իրենք իրենց. ինչի՞ համար են եկել֊հասել այստեղ։ Անհամբերությամբ օր են հաշվում ծառայության օրինական ժամկետից՝ երեք տարի, և լրանալուն պես մտահոգվում իրենց տեղափոխմամբ ու ետ գնում իրենց ճամփով, փնովելով Սիբիրը և ծաղրելով դա։ Անիրավացի են նրանք․ ոչ միայն ծառայողական, այլ նույնիսկ շատ տեսակետներից Սիբիրում կարելի է երանավետ ապրել։ Սքանչելի կլիմա ունի, շատ են նշանակալի հարուստ և աղուհացով վաճառականները, շատ կան արտակարգ ինքնաբավ այլազգիներ։ Օրիորդները փթթում են վարդի պես և բարոյական են վերին աստիճանի։ Որսի թռչունը լի է փողոցներում և ինքն է գալիս որսորդին ավար։ Շամպայն է խմվում անբնական շատ։ Խավիարն է զարմանալի։ Որոշ տեղերում բերքը լինում է մեկին տասնհինգ... Ընդհանրապես, օրհնյալ հող է։ Հարկ է միայն օգտագործել կարողանալ։ Սիբիրում կարողանում են։
Այդպիսի զվարթ և իրենից գոհ, ամենահամակրելի բնակչությամբ գյուղաքաղաքներից մեկում, որի մասին հիշողությունն անջնջելի կմնա իմ սրտում, հանդիպեցի Ալեքսանդր Պետրովիչ Գորյանչիկովին։ Աքսորաբնակ էր, Ռուսաստանում ծնված ազնվական և կալվածատեր, հետո դարձած երկրորդ կարգի աքսորյալ տաժանապարտ՝ իր կնոջը սպանելու համար, և օրենքով սահմանված տասնամյա տաժանակրությունն ավարտելուց հետո, խոնարհ ու անաղմուկ իր կյանքն էր ապրում Կ. գյուղաքաղաքում, որպես աքսորաբնակ։ Իրականում նա կցված էր ենթաքաղաքային մի վոլոստի, բայց ապրում էր քաղաքում, հնարավորություն ունենալով գոնե ինչ-որ բան վաստակել ուսուցչությամբ։ Սիբիրյան քաղաքներում հաճախ են հանդիպում աքսորաբնակներից ուսուցիչներ՝ նրանցից չեն խորշում։ Իսկ նրանք գերազանցապես ուսուցանում են ֆրանսերեն՝ այնքան անհրաժեշտ կյանքի ասպարեզներում, և որի մասին, առանց նրանց, Uիբիրի հեռավոր ծայրերում պատկերացում անգամ չէին ունենա։ Ալեքսանդր Պետրուվիչին առաջին անգամ հանդիպեցի մի հնամենի, վաստակաշատ, հյուրասեր աստիճանավոր Իվան Իվանիչ Գվոզդիկովի տանը, որն ուներ տարբեր տարիքի հինգ դուստր, հիանալի հույսեր ներշնչող։ Ալեքսանդր Պետրովիչը շաբաթը չորս անգամ դասավանդում էր նրանց, ամեն դասի համար երեսուն արծաթ կոպեկով։ Նրա արտաքինն ինձ հետաքրքրեց․ չափից ավելի գունատ և նիհար մարդ էր, դեռևս ոչ տարեց, երեսունհինգ տարեկան, փոքրամարմին և տխեղծ։ Հագնվում էր մշտապես շատ մաքուր, եվրոպական ոճով։ Եթե խոսքի բռնվեիք նրա հետ, ձեղ կնայեր չափազանց ակնդետ և ուշադիր, խստահայաց բարեկրթությամբ կլսեր ձեր յուրաքանչյուր բառը, կարծես մտորելով դրա շուրջ, կարծես ձեր հարցով խնդիր էիք առաջարկել իրեն կամ ուզել ինչ֊որ գաղտնիք կորզել, և ի վերջո, կպատասխաներ հստակ ու հակիրճ, սակայն այն աստիճան ծանրութեթև անելով իր պատասխանի ամեն բառը, որ չգիտես ինչու, անհարմար կզգայիք նաև դուք, վերջապես, ինքներդ ուրախանալով խոսակցության ավարտով։ Հենց այն ժամանակ էլ հարցուփորձ արեցի Իվան Իվանիչին և իմացա, որ Գորյանչիկովն ապրում է անթերի և բարոյական չափանիշներով և որ այլապես ինքը չէր հրավիրի նրան դուստրերին ուսուցանելու համար, և որ նա ահավոր մարդախույս է, թաքնվում է բոլորից, չափազանց է ուսյալ, շատ կարդում է, սակայն խոսում է շատ քիչ, և որ նրա հետ բավականին դժվար է խոսակցություն սկսել։ Ոմանք պնդում էին, որ նա իսկապես ցնորված է, թեև գտնում էին, որ ըստ էության, այնքան էլ մի կարևոր թերություն չէ, որ քաղաքի պատվավոր անդամներից շատերը պատրաստ են ըստ ամենայնի գոհացնել Ալեքսանդր Պետրովիչին, որ նա կարող է նույնիսկ օգտակար լինել խնդրագրեր և այլ թղթեր գրելով։ Ենթադրում էին, որ պիտի կարգին բարեկամություն ունենա Ռուսաստանում, գուցե և ոչ վերջին մարդիկ, սակայն գիտեին, որ աքսորման սկզբից ևեթ նա հաստատակամորեն խզել է բոլոր կապերը նրանց հետ, մի խոսքով, վնասում է ինքն իրեն։ Բացի դրանից, մեզ մոտ բոլորը գիտեին նրա պատմությունը, գիտեին, որ սպանել է կնոջը՝ ամուսնության առաջին տարում, սպանել է խանդից և ինքն է հայտնել արածի մասին (ինչը շատ է թեթևացրել նրա պատիԺը)։ Իսկ նման հանցագործություններին միշտ նայում են որպես դժբախտություն և ափսոսում դրա համար։ Սակայն չնայած այդ ամենին, այդ խենթը համառորեն խուսափում էր բոլորից և մարդամեջ հայտնվում միայն դասավանդելու։