Ասվածն արված էր, շուտով էլֆն ու թզուկը արդեն վերևում էին: Արագորնը մնաց ներքևում: Նա աստիճաններն էր հետազոտում:
— Գրեթե համոզված եմ, որ մեր ընկերները եղել են այստեղ,— վերջապես ասաց նա: — Բայց այստեղ ուրիշ հետքեր էլ կան, շատ տարօրինակ, ինձ անծանոթ հետքեր: Գուցե՞ վերևից ինչ-որ հուշող բան երևա և հասկանանք, թե հոբիթները, որ կողմ են գնացել:
Հասնելով ընկերներին նա ուղղվեց և նայեց շուրջը, բայց կարևոր ոչինչ չտեսավ: Քիվը ձգվում էր հարավից արևելք, բայց հարավում տեսարանը փակում էր ժայռը, իսկ արևելքում ինչքան աչքդ կտրեր միօրինակ ծառերի շարքեր էին իջնում դեպի հարթավայր:
— Գիտեի,— պատասխանեց հրաշագործը: — Ես մտքումս կանչում էի նրան և հորդորում ինչքան հնարավոր է շուտ գալ այստեղ: Չէ՞ որ դեռ երեկ նա Ռոհանի հեռավոր հարավում էր: Իսկ հիմա նորից արծաթե նետի պես կսլանա հետ:
Գենդալֆը ինչ-որ բան շշնջաց Լուսաչի ականջին, և նժույգը սլացավ առաջ՝ միաժամանակ հետևելով, որ իր ընկերները հետ չմնան: Շուտով նա կտրուկ թեքվեց դեպի գետը, գտավ ափ իջնող արահետը, արագորեն հատեց գետը և հարթ, ծառազուրկ հարթավայրով արշավեց հարավ: Քամին ալեկոծում էր մոխրագույն խոտի անծայրածիր ծովը: Ո՛չ ճանապարհ, և ո՛չ էլ արահետներ չկային հարթավայրում, բայց Լուսաչը սլանում էր առանց ընթացքը դանդաղեցնելու:
— Մենք Էդորաս ենք գնում ամենակարճ ճանապարհով,– բացատրեց Գենդալֆը: — Այն գտնվում է Սպիտակ Լեռների ստորոտում: Այնտեղ տանող գլխավոր ճանապարհը, ճիշտ է, չոր է ու մաքուր, բայց այն երկար է: Այսպես ճանապարհ չկա, բայց դուք մի անհագստացեք, Լուսաչը լավ է ճանաչում այս տեղանքը և կտանի մեզ, ուր որ պետք է: