— Դա, իհարկե, միայն սկիզբն է: Երգը երկար էր, թեպետ վերջում արդեն բառեր էլ չկար, մենակ փողերն էին հնչում ու թմբուկները որոտում: Ախր շա՜տ լավ էր նրանց մոտ ստացվում: Ճիշտ է, սկզբում մտածեցի, որ նրանք ուղղակի աղմկում են, բայց հիմա գիտեմ. նրանք հենց այնպես չեն աղմկում:
— Մթնում էր, երբ մենք հասանք լեռան գագաթը,— շարունակեց Մերին: — Նախ Նան Կուրունիրը փռված էր ներքևում: Հենց այդ ժամանակ էլ ինձ առաջին անգամ թվաց, թե Անտառը գալիս է մեր հետևից: Դե, մտածում եմ, քնած եմ ու էնտային երազներ եմ տեսնում: Բայց ոչ, Փինը նույնպես նկատել էր: Մենք երկուսս էլ կարգին վախեցանք, բայց ինչում էր բանը՝ իմացանք հետո:
Պարզվեց դրանք հուորններ էին՝ այդպես են էնտերը կոչում նրանց «կարճ լեզվով»: Ծառմորուսից նրանց մասին ոչինչ չես կորզի, բայց ես կարծում եմ, որ նրանք կարծես թե նույն էնտերն են, միայն թե փայտացած, ծառի նմանված, համենայն դեպս, տեսքից չես տարբերի: Նրանց կարելի է հանդիպել որտեղ ասես, նույնիսկ անտառեզրին: Իրենց համար լուռ կանգնած դիտում են, ծառերին հետևում, իսկ անտառի խորքերում՝ ամենամութ թավուտներում, դրանցից, երևի, հազարներով կլինեն: