Ճանապարհն արգելափակում էր մի հսկայական քար, բայց օրքերն ինչ-որ կերպ շրջանցել էին այն՝ այժմ նրանց ձայները լսվում էին քարի մյուս կողմից: Նրանք մանր վազքով հեռանում էին դեպի լեռան խորքը՝ տանելով իրենց հետ Ֆրոդոյի մարմինը, իսկ Սեմը ոչ մի կերպ չէր կարողանում հետևել նրանց... Սարսափելի էր նույնիսկ մտածել, թե ինչ կանեին նրանք տիրոջ հետ: Հոբիթը կրծքով ընկավ քարի վրա և սկսեց հրել, բայց ոչինչ չսացվեց: Եվ հանկարծ մյուս կողմից, հենց քարի հետևից (համենայն դեպս այդպես թվաց Սեմին) լսվեցին առաջնորդ օրքերի ձայները, և Սեմը սրեց ականջները՝ հույս ունենալով ինչ-որ կարևոր բան լսել: Գուցե Գորբագը ցանկանա վերադառնա՞լ. չէ՞ որ նա Մինաս Մորգուլից է: Այդ ժամանակ, գուցե, ստացվի սողոսկել ներս:
— Չէ, չգիտեմ,— ասաց Գորբագի ձայնը: — Սովորաբար հրամանները թռչունից արագ են տեղ հասնում, բայց ինչպես՝ չգիտեմ, չեմ էլ հետաքրքրվել: Բ՛ռռռ. էդ Նազգուլների տեսքից ծնկներս թուլանում դողում են: Նայում են քեզ՝ թվում է, թե կաշիդ քերթում են: Մեկ-երկու՝ ու կմնաս առանց մաշկի մթության մեջ մյուս կողմումէն աշխարհ կուղարկեն: Բայց Նա նրանց համար ոչինչ չի խնայում, էնպես, որ բողոքես, չբողոքես՝ արդյունքի չես հասնի. դրա համար ավելի լավ է լռես: Չէ, ամրոցում ծառայելը՝ կատակ բան չէ, հավատա ինձ:
— Էստեղ փորձիր ծառայել, Շելոբի հետ գրկախառնված,— քմծիծաղեց Շագրատը:
— Էհ,— հառաչեց Շագրատը,— կհիշեինք հին օրերը:
— Հա, բայց հիմա դրա մասին մտածելն անիմաստ է: Մի բան էն չէ, ես հոտառությամբ զգում եմ: Ասում եմ քեզ. նույնիսկ ամենագլխավորները,— Գորբագը կրկին իջեցրեց ձայնը,— չնայած ինչու մենակ նրանք, նույնիսկ Նա էլ է սխալվում: Ասում ես՝ ինչ -որ մեկը քիչ էր մնում անցնի: Իսկ ես կասեմ, որ ինչ-որ մեկը ոչ թե քիչ էր մնում անցնի, այլ անցել է: Ու հիմա մենք պետք է աչքներս չորս անենք: Խեղճ Ուրուքներին էդքան տանջում են, բայց մի փոքրիկ շնորհակալության էլ չեն արժանանում: Օգտվում են նրանից, որ թշնամիները սիրում են մեզ էնքան, որքան Նրան, ու եթե Նրա վերջը գա, ապա մեր վերջն մերն էլ կգա: Սպասիր, իսկ դու ե՞րբ ես դուրս գալու հրաման ստացել:
— Մի ժամ առաջ: Մենք համարյա էդ ժամանակ էլ հանդիպեցինք: Հրամանն էսպիսին էր. «Նազգուլն անհանգիստ է: Աստիճանների վրա հնարավոր են լրտեսներ: Կրկնապատկել զգոնությունը: Պահակներ կարգել աստիճանների մոտ»: Դե ես էլ հրահանգեցի՝ ու վազեցինք:
— Վատ են գործերը,— ասաց Գորբագը: — Տե՛ս. մեր Լուռ Դիտորդները դեռ երկու օր առաջ էին անհանգիստ, էդ ես հաստատ գիտեմ: Բայց ինձ ու տղաներին միայն հաջորդ օրն ուղարկեցին աստիճանների մոտ, ու Լուգբուրզ էլ լուր չեն ուղարկել: Գլխավոր Նազգուլը զորքով արշավում է արևմուտք, Մեծ ազդանշանի հետ կապված հոգսերն էլ հերիք են: Ասում են, Լուգբուրզից հրամայել են մանրուքներով չանհանգստացնել:
— Դե հա, Աչքն էլ էս կողմերում չի պրպտում,— նկատեց Շագրատը: — Ասում են Արևմուտքում թեժ մարտեր են ընթանում:
— Իսկ դու ի՞նչ էիր կարծում,— խռխռաց Գորբագը: — Իսկ թշնամիներն էդ ընթացքում խառնաշփոթից օգտվելով հասել են աստիճաններին: Իմիջայլոց, իսկ դու ինչո՞վ էիր զբաղված: Հատուկ հրամանի՞ էիր սպասում: Ո՞վ պիտի քո փոխարեն հսկի վերին կիրճն ու անցումը:
— Ձենդ կտրի՛ր, մտածո՜ղ է հայտնվել: Պետք չէ՛ ինձ սովորեցնել: Մենք առանց այդ էլ ամբողջ գիշեր աչք չենք փակել: Արտասովոր բաներ էին կատարվում:
— Արտասովո՞ր:
— Այո՛, արտասովոր: Լույս էր առկայծում, ճիչեր էին լսվում ու էդպիսի բաներ: Բայց Շելոբն էլ քնած չէր: Տղաները տեսել են նրան Տափուկի հետ:
— Տափուկի՞: Էդ ո՞վ է:
— Տեսած կլինես. նիհար, մի քիչ սևուկ, նույնպես սարդի է նման կամ սոված գորտի: Նա առաջին անգամ մեզ մոտ դեռ տարիներ առաջ էր բարեհաճել: Բայց նրան թույլ տվեցին հեռանալ, ճիշտ եմ ասում. Լուգբուրզից մեզ հրաման եկավ չդիպչել նրան: Հետո էլի մեկ կամ երկու անգամ տեսել ենք աստիճանների վրա, բայց ձեռք չենք տվել: Նա ինչ-որ պայմանավորվածություն ունի ձերդ գերազանցություն Շելոբի հետ: Նիհար է երևի ու անհամ, երևում է, դուրը չի եկել՝ ախր նա թքած ունի վերևից եկող հրամանների վրա: Դե իսկ ձեր հովտում հո չե՜ն հսկում. նա էս խառնաշփոթից դեռ մեկ օր առաջ էր էստեղ հայտնվել: