Changes

Բժշկի մեծ հեքիաթը

Ավելացվել է 18 053 բայտ, 08:13, 13 Սեպտեմբերի 2015
::::::::<b>Սուլթան Սուլեյմանի դստեր մասին</b>
::::::::<b>Հավլովիցկի ջրային ոգու դեպքը</b>
::::::::::::<b>Ջրահարսի դեպքը</b>  ― Այո, ինձ հետ էլ մի այդպիսի հետաքրքիր դեպք է պատահել, ― խոսեց հորժիչեկցի բժիշկը։ ― Մի անգամ գիշերը քնել էի ոնց մեռած, մեկ էլ լսում եմ, որ մեկը լուսամուտը ծեծում է ու ձայն տալիս․ «Բժի՛շկ, բժի՛շկ»։ Բաց եմ անում լուսամուտն ու հարցնում․ «Դե, ինչ է պատահել այդտեղ։ Ես մեկնումեկին հարկավո՞ր եմ»։ «Այո, ― մթության միջից պատասխանում է մի քնքուշ ու վեհերոտ ձայն։ ― Քո օգնությունն է անհրաժեշտ, շուտ արի»։ «Այդ ո՞վ է այդտեղ, ― հարցնում եմ։ ― Ով է ինձ կանչում»։ «Ես, գիշերվա ձայնը, ― պատասխանում են խավարի միջից։ ― Լուսնկա գիշերվա ձայնը։ Գնանք»։ «Գալիս եմ, գալիս», ― ասում եմ ես ոնց որ երազի մեջ և արագ հագնվում։ Դուրս եմ գալիս փողոց, իսկ այնտեղ ոչ ոք չկա։ Մի տեսակ ինձ վատ զգացի, բարեկամներ։ «է՛յ, ― շշնջացի ես կիսաձայն, ― ո՞վ կա այստեղ։ Ո՞ր կողմ գնամ ես»։ «Իմ ետևից, իմ ետևից», ― հեծկլտաց նույն քնքուշ ու անտեսանելի ձայնը, և ես գնացի դեպի այն կողմ, ուր նա կանչում էր ինձ՝ ցողապատ մարգերով ու սև անտառներով ― առանց ճանապարհը ջոկելու։ Լուսնյակ գիշեր էր, և ողջ աշխարհը քարացել էր պաղ գեղեցկության մեջ։ Կոլեգաներ, ես մեր շրջանը հինգ մատիս պես գիտեմ, բայց այդ լուսնկա գիշերը նա ինձ թվաց երազի պես կախարդական։ Հո պատահո՞ւմ է երբեմն, որ հենց քթիդ տակ մի ամբողջ աշխարհ ես հայտնաբերում։ Արդեն երկար ժամանակ է, ինչ գնում էի այդ ձայնի ետևից, վերջապես ասացի ինքս ինձ․ «Սպասիր, սա ոնց որ Ռատիբորժի հովիտը լինի․․․»։ «Այստեղ, բժիշկ, այստեղ», ― կանչում էր ինձ ձայնը։ Դա հնչում էր այնպես, ասես գետում ալիքը ճողփաց ու փայլեց, ու մեկ էլ տեսնեմ՝ կանգնած եմ Ուպա գետի ափին, լուսնի լույսով ողողված արծաթաշող մարգագետնում։ Մարգագետնի մեջտեղում ճերմակին է տալիս մի բիծ՝ կամ այն է ինչ֊որ մարմին, կամ այն է՝ պարզապես մշուշ։ Լսում եմ լացի ձայն ասեմ, թե պարզապես ջրի աղմուկ՝ չգիտեմ։ «Այդպես, այդպես, ― ասում եմ ես հանգստացուցիչ տոնով, ― ո՞վ ենք և մեր ի՞նչն է ցավում»։ «Ա՛խ, բժիշկ, ― դողդոջուն ձայնով պատասխանեց լուսավոր բիծը, ― ես պարզապես վիլա եմ, մի փոքրիկ ջրահարս։ Իմ քույրերը պարում էին մարգագետնում, ես էլ նրանց հետ, ու մեկ էլ, չգիտեմ ինչպես, կամ այն է՝ սայթաքեցի, ոտքս դիպցնելով լուսնի ճառագայթին, կամ այն է՝ սահեցի, ոտքս դնելով ցողի կաթիլներից անդրադարձող շողքին, ― չգիտեմ, ինչ պատահեց ինձ, միայն թե ահա պառկել ու չեմ կարողանում վեր կենալ, ոտքս էլ ցավում է ու ցավում․․․»։ «Դե, օրիորդ, ― ասում եմ ես նրան, ― ձեր ոտքը կամ դուրս է ընկել, կամ կոտրվել է։ Մենք այդ կկարգավորենք․․․ Ուրեմն, նշանակում է, դուք մեկն եք այն ջրահարսերից, որոնք պարում են այս մարգագետնո՞ւմ։ Ահա թե ի՜նչ․․․ Եվ եթե ժերնովցի կամ սլատինցի որևէ ջահել է պատահում ձեզ, դուք նրան պարեցնում եք այնքան, մինչև որ մահվան դուռն եք հասցնում, այնպես չէ՞։ Հը՜մ, հը՛մ․․․ Իսկ չգիտե՞ք, այ աղջիկ, որ դա խայտառակություն է․․․ Հապա ոնց։ Այդպիսի չարաճճիությյունները ձեզ լավ բանի չեն հասցնի։ Ահա թե դրանք, այդ պարերը, ինչով են վերջանում»։ «Ա՛խ, բժիշկ, ― հեծկլտաց լուսավոր բիծը, ― թե իմանայիք, ոտքս ինչպե՜ս է ցավում»։ «Հասկանալի է, որ ցավում է, ― ասում եմ։ ― Երևի ջարդված է»։ Եվ ծունկի իջա հավերժահարսի առաջ, որպեսզի ոտքը կապեմ։ Կոլեգաներ, իմ օրում հարյուրավոր ու հարյուրավոր ջարդվածքներ եմ բուժել, բայց ջրահարս բուժել՝ դա մի փորձանք է, ուրիշ ոչինչ։ Ախր նրա մարմինն ու ոսկորները լուսնի լույսից են, ձեռքով բռնել հնարավոր չէ՝ այնքան որ քնքուշ են, քաշից զուրկ, ինչպես զեփյուռը կամ մշուշը։ Դե արի ու փորձիր ձգել, ուղղել ու կապել։ Ասում եմ ձեզ, ուղղակի դժոխային աշխատանք է։ Փորձեցի սարդոստայնով կապել, բայց ջրահարսը տնքաց․ «Վայ, կտրում է, ոնց որ մետաղալար»։ Ուզեցի ջարդված ոտքը ամրացնել խնձորենու ծաղկաթերթով, իսկ նա լաց եղավ։ «Ա՛խ, ա՛խ, քարի պես ճնշում է»։ Դե, նման դեպքում ի՞նչ կարող ես անել։ Եվ ահա ստիպված էի վերջիվերջո մաքրել ճպուռի թևերին եղած մետաքսյա փայլը և դրանից երկու վիրաթիթեղ պատրաստել։ Ապա լուսնի ճառագայթը բաժանեցի ծիածանի յոթ գույների և ամենաբարակ՝ կապույտ շողիկով այդ թիթեղիկները կապեցի ջրահարսի ջարդված ոտին։ Այնպիսի տաժանակիր աշխատանք էր, որ ես մինչև իսկ քրտնեցի, լուսնի լույսն ավելի տաք էր թվում, քան օգոստոսյան արևը։ Իսկ երբ, վերջապես, ամեն ինչ արված էր, ես նստեցի ջրահարսի մոտ ու ասացի․ «Ամեն ինչ կարգին է, օրիորդ, հիմա ձեզ հանգիստ է հարկավոր։ Չհամարձակվեք այս ոտքը շարժել, քանի դեռ չի կպել։ Բայց ահա թե ինչ․ լսեցեք, սիրելիս, ես զարմանում եմ ձեր և ձեր քույրերի վրա։ Ինչո՞ւ եք մինչև հիմա այստեղ մնացել։ Չէ՞ որ, հավանորեն, աշխարհի բոլոր ջրահարսերը վաղուց, շատ վաղուց ավելի լավ տեղ են գտել իրենց համար․․․»։ «Ո՞րտեղ», ― շշնջաց ջրահարսը։ «Որտե՞ղ, ― ասացի ես։ ― Հասկանալի է, կինոյոմ, այնտեղ ուր նկարներ են հանում, գիտե՞ք։ Նրանք խաղում են ու պարում կինոնկարներում, ահագին փողեր են ստանում, հետո ողջ աշխարհը հիանում է նրանցով։ Ախր դա սքանչելի գործ է, օրիորդ։ Վաղուց է, ինչ բոլոր ջրային ոգիները, ― և՛ կանայք, և՛ տղամարդիկ, ― այնտեղ են։ Եթե դուք տեսնեիք այդ ջրահարսերի հագուստներն ու զարդերը ― հրա՜շք ― այլևս երբեք այսպիսի հասարակ շոր չէիք հագնի, ինչպիսին որ հիմա հագել եք։ «Ի՜նչ եք ասում, ― զայրացավ ջրահարսը։ ― Ախր այս շորը գործված է լուսատիտիկների ճառագայթներից»։ «Ճիշտ է, ― ասացի ես, ― բայց վաղուց է, ինչ այսպիսի հագուստ չեն հագնում, տարազները հիմա բոլորովին ուրիշ տեսակ են»։ «Քղանցքատուտո՞վ», ― դողալով հարցրեց ջրահարսը։ «Չեմ երաշխավորում, ― պատասխանեցի ես, ― ես դրա մասնագետ չեմ։ Եվ արդեն իմ մեկնելու ժամն է, հիմա որտեղ որ է կլուսանա, իսկ որքան ինձ հայտնի է, դուք, ջրահարսերդ, հայտնվում եք միայն, քանի դեռ մութն է, այնպես չէ՞․․․ Դե, աստված ձեզ հետ, օրիորդ, իսկ կինոյի մասին մի մոռանաք»։ Ես այլևս այդ ջրահարսին չտեսա։ Հավանորեն, ջարդված ոտքի ոսկրը հաջողությամբ կպավ։ Բայց ինչ եք կարծում, այդ օրվանից ջրահարսերն ու վիլաները դադարեցին Ռատիբորժի հովտում երևալ։ Իսկ ո՞ւր գնացին նրանք։ Պարզ է, որ՝ կինո։ Ի դեպ, ինքներդ ուշադրություն դարձրեք․ կինոյում մեզ թվում է, թե էկրանին օրիորդներ ու տիկիններ են շարժվում, մինչդեռ չէ՞ որ նրանք ոչ մի մարմին չունեն, շոշափել չի կարելի՝ ամեն ինչ միայն ճառագայթներից է։ Այստեղից էլ պարզ երևում է, որ նրանք ոչինչ չեն, բայց եթե ջրահարսեր։ Եվ դրա համար է, որ կինոյում լույսը հանգցնում են, որպեսզի մութ լինի․ չէ՞ որ ջրահարսերն ու մյուս թափանցիկ արարածները սաստիկ վախենում են լույսից և երևում են միայն մթության մեջ։ Այստեղից երևում է նաև, որ ոչ ուրվականները, ոչ էլ մյուս հեքիաթային արարածները մեր օրերում չեն կարող ապրել, եթե իրենց համար մի այլ, ավելի խելացի զբաղմունք չգտնեն։ Դրա համար նրանք որքան ուզես հնարավորություն ունեն։  :::::::::::::::✴ ✴ ✴  Աստվա՜ծ իմ, տղերք, բոլոր այս պատմությունների պատճառով, քիչ մնաց, որ մենք մոռանայինք կախարդ Մագիաշին։ Իսկ նա ինքը չէր կարող ոչ ձայն հանել, ոչ ծպտուն՝ ախր մինչև հիմա էլ սալորը դեռ նրա կոկորդում է։ Նա կարող էր միայն սարսափից քրտնել, աչքերը պտտեցնել ու մտածել․ «Այս բժիշկները, վերջապես, ե՞րբ պիտի օգնեն ինձ»։ ― Այսպես, պան Մագիաշ, ― ասաց վերջապես Կոստելցեի բժիշկը, ― հիմա մենք կանցնենք վիրահատության։ Բայց նախ պետք է ձեռքներս լվանանք, որովհետև վիրաբուժության մեջ գլխավորը մաքրությունն է։ Եվ չորս բժիշկներն էլ սկսեցին ձեռքները լվանալ՝ նախ տաք ջրով, հետո մաքուր սպիրտով, հետո բենզինով, հետո կարբոլկայով, ապա սպիտակ խալաթներ հագան, ― վա՛յ, տե՜ր իմ աստված, տղերք, հիմա կսկսվի վիրահատությունը։ Ով վախենում է նայել, ավելի լավ է թող աչքերը կկոցի։ ― Վինցեկ, ― կարգադրեց Հորժիչեկի բժիշկը, ― բռնիր պացիենտի ձեռքերը, որպեսզի չշարժվի։ ― Դուք պատրա՞ստ եք, պան Մագիաշ, ― հանդիսավոր կերպով հարցրեց Ուպիցեի բժիշկը։ Մագիաշը միայն գլխով արավ։ Նա սարսափից քիչ էր մնում լեղապատառ լիներ։ ― Եվ այսպես սկսում ենք, ― ձայն տվեց Հրոնովի բժիշկը։ Մեկ․․․ երկու․․․ երեք․․․  Նույն րոպեին Կոստելցեի բժիշկը թափ առավ ու այնպիսի մի հարված հասցրեց կախարդ Մագիաշի մեջքին, որ՝  Մի դղրդյուն լսվեց, ասես ամպը որոտաց, և մարդիկ Նահոդայում, Ստարկոչում և նույնիսկ Ամիրժիցայում նայեցին երկնքին՝ արդյոք ամպրոպ չի՞ սկսվում։ Երկիրն այնպես ցնցվեց, որ Ավատանովիցում փլվեց լքված հանքահորի բովանցքը, իսկ Նահոդայում կոստյոլի զանգակատունը օրորվեց։ Ամբողջ շրջանում, ― մինչև Տրուտնով ու Պոլիցե, թերևս նույնիսկ ավելի հեռուն, ― բոլոր աղավնիները ահաբեկված թռան, բոլոր շները վախից ներս ընկան տները, իսկ կատուները վառարանների վրայից ներքև ցատկեցին։ Իսկ սալորը դուրս նետվեց Մագիաշի կոկորդից այնպիսի հսկայական ուժով ու արագությամբ, որ անցավ Պորհուրիցեից այն կողմ, և միայն Պրշոլոուչի մոտերքում ցած ընկավ, ըստ որում դաշտում սպանեց երկու եզների և երեք սաժեն, երկու արմունկաչափ, մեկ և կես ոտնաչափ, յոթ մատնաչափ ու չորս թզաչափ խորությամբ թաղվեց հողի մեջ։ Նոր էր սալորը դուրս պրծել Մագիաշի կոկորդից, որ նրա ետևից դուրս թռան նաև բառերը․ ― ․․․ մելի՜ բացբերան։ Դա հենց այն խոսքի կեսն էր, որը դեմ էր առել, մնացել Մագիաշի կոկորդում, երբ նա պեպենոտ Վինցեկին ուզեց ասել․ «Ա՛խ դու, ողորմերլի բացբերան․․․»։ Ճիշտ է, խոսքերն արդեն այնքան էլ հեռու չթռան, այլ ընկան գետին անմիջապես Իոզեֆովկայից դենը և ջարդեցին ծերացած տանձի մի ծառ։ Հետո Մագիաշն ուղղեց բեղերը և ասաց․ ― Խոնարհաբար շնորհակալ եմ ձեզանից։ ― Չարժե, միահամուռ պատասխանեցին չորս բժիշկները։ ― Վիրահատությունը հաջող անցավ։ ― Միայն թե, ― անմիջապես վրա բերեց Ուպիցեի բժիշկը, ― որպեսզի վերջնականապես ազատվեք այդ հիվանդությունից, ձեզ անհրաժեշտ է ևս մի երկու հարյուր տարի հանգստանալ։ Ես ձեզ ստիպողաբար հանձնարարում եմ կլիման ու միջավայրը փոխել, ինչպես արավ Հավլովիցկի ջրային ոգին։ ― Համաձայն եմ պան կոլեգայիս հետ, ― ասաց Հրոնովի բժիշկը։ ― Լիակատար առողջացման համար ձեզ անհրաժեշտ են արև և օդ, ինչպես Սուլեյմանի դստերը։ Ուստի ես հույժ խորհուրդ կտայի ձեզ ապրել Սահարա անապատում։ ― Ինչ վերաբերում է ինձ, ― ավելացրեց Կոստելցեի բժիշկը, ― ապա ես ևս նույն կարծիքի եմ։ Պան Մագիաշ, Սահարա անապատը օգտակար կլինի ձեզ հենց թեկուզ միայն նրանով, որ այնտեղ չի աճում ոչ մի սալորենի, որը կարողանար լուրջ կերպով սպառնալ ձեր առողջությանը։ ― Միանում եմ իմ մեծարգո կոլեգաներին, ― եզրափակեց Հորժիչեկի բժիշկը։ ― Իսկ քանի որ դուք կախարդ եք, պան Մագիաշ, ապա կարող եք համենայն դեպս այդ անապատն էլ ուսումնասիրել ու մտածել այն մասին, թե ինչպես ոչնչից ջուր ստեղծել, որպեսզի այնտեղ ցորեն աճի և մարդիկ կարողանան ապրել ու աշխատել։ Ահա այդ իրոք որ շատ լավ հեքիաթ կլիներ։ Ի՞նչ էր մնում անել կախարդ Մագիաշին։ Նա քաղաքավարությամբ շնորհակալություն հայտնեց չորս բժիշկներին, կապկպեց իր կախարդական ունեցվածքը և Հեյշովինայից տեղափոխվեց Սահարա անապատ։ Այդ օրվանից մեզանում չկա ոչ մի գրբաց, ոչ մի վհուկ, բայց կախարդ Մագիաշը մինչև հիմա էլ ողջ֊առողջ է ու միտք է անում, թե ինչպե՞ս անապատում դաշտեր ու անտառներ, քաղաքներ ու գյուղեր ստեղծի։ Տղաներ, ամենայն հավանականությամբ դուք կապրեք մինչև այն ժամանակը, երբ այդ բոլորը այնտեղ կլինի։
Ադմին, Վստահելի
1876
edits