Վերջին թարմացում 21 Օգոստոսի 2015, 22:43

Che Ti Dice La Patria?

Che Ti Dice La Patria[1]

հեղինակ՝ Էռնեստ Հեմինգուեյ
թարգմանիչ՝ Նինա Ա․ Ջաղինյան (բնագրից)
աղբյուր՝ «Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր»

Կիրճի ճամփան կոշտ էր ու հարթ եւ վաղ առաւօտեան դեռեւս փոշով չէր պատուած։ Ներքեւում կաղնու եւ շագանակի ճառերով բլուրներն էին ձգուած, իսկ շատ աւելի ցած ծովն էր տարածուած։ Կիրճի միւս կողմում ձիւնապատ լեռներ էին։

Մենք կիրճից ցած իջանք ծառաշատ գիւղերի միջով։ Ճանապարհի մօտ փայտածխով լեցուն պարկեր էին դարսուած, իսկ ծառերի արանքից տեսանելի էին ածխավաճառների խրճիթները։ Օրը կիրակի էր, ու ճամփան՝ իր վեր ու վարով, բայց եւ անընդհատ կիրճի բարձունքից փախչող, անցնում էր թփուտ֊մացառների ու գիւղերի միջով։

Գիւղերից դուրս խաղողի այգիներ էին։ Դաշտերը դարչնագոյն էին, որթատունկերը՝ անմշակ ու խիտ։ Գիւղերում տները ճերմակ էին, փողոցներում տղամարդիկ՝ կիրակնօրեայ հագուստով, գնդախաղով էին զբաղուած։ Տներից մի քանիսի վրայ տանձի ծառեր էին հակուած՝ ճիւղերը աշտանակի պէս տարածած ճերմակ պատերին։ Տանձենիները սրսկել էին, ու տների պատերը ծածկուած էին մետաղական կապտականաչաւուն բծերով։ Փոքրիկ բացատներ կային գիւղերի շուրջ, ուր որթատունկերն էին, այնուհետեւ՝ անտառները։

Սպեցիայից քսան կիլոմետր վեր գտնուող մի գիւղի կենտրոնում մարդկանց խումբ էր հաւաքուած, եւ մի երիտասարդ, ճամպրուկը քարշ տալով, մօտեցաւ մեր մեքենային ու խնդրեց իրեն տանել Սպեցիա։ «Միայն երկու տեղ կյ, դրանք էլ զբաղուած են»,— ասացի ես։ Մեր ունեցածը մի հին ֆորդ էր։

«Ես դրսի մասում կը տեղաւորուեմ»։

«Էդտեղ հարմա՛ր չի լինի»։

«Ոչի՛նչ։ Ես պիտի ամէ՛ն կերպ Սպեցիա հասնեմ»։

«Տանե՞նք սրան»,— հարցրի Գային։

«Սա կարծես պատրաստ է ոնց ասես գնալու»,— ասաց Գայը։

Երիտասարդը ձեռքի ճամպրուկը պատուհանից մեզ տուեց։ «Սրան լա՛ւ նայէք»,— ասաց նա։ Երկու հոգի նրա ճամպրուկն ամրացրին մեքենայի ետեւի մասում՝ հենց մեր ճամպրուկներից վեր։ Նա սեղմեց բոլոր հաւաքուածների ձեռքերը՝ բացատրելով, թէ ո՛չ ֆաշիստի, ո՛չ էլ իր նման ճամփորդող մէկի համար անյարմարութիւն ասած բանը գոյութիւն չունի, ու ցատկեց մեքենայի ձախ կողմի ոտնակին՝ ներսից կառչելով, աջ ձեռքը՝ բաց պատուհանից դուրս հանած։

«Կարող էք շարժուել»,— ասաց նա։ Հաւաքուածները ձեռքով արեցին։ Նա ազատ մնացած ձեռքը թափահարեց։

«Ի՞նչ ասաց»,— հարցրեց Գայը։

«Որ կարող ենք շարժուել»։

«Լա՛ւ տիպ է, չէ՞»,— ասաց Գայը։

Ճամփան ձգւում էր գետի ուղղութեամբ։ Գետից այն կողմ լեռներն էին։ Խոտը ծածկող եղեամը հալչում էր արեւից։ Պարզ ու ցուրտ օր էր, ու սառն օդը թափանցում էր պատուհանից ներս։

«Ի՞նչ ես կարծում, դրան էդտեղ դո՞ւր է գալիս»։

Գայն անընդհատ առջեւը՝ ճամփին էր նայում։ Նրա տեսադաշտն այդ կողմից փակում էր մեր հիւրը։ Երիտասարդը դուրս էր ցցուել մեքենայի այդ մասից, ասես նաւաքթի պարկերից լինէր։ Նա բարձրացրել էր վերարկուի օձիքն ու ցած քաշել գլխարկը, իսկ քիթն էլ ասես սառած էր ցրտից։

«Երեւի կհոգնի էդ ամէնից,— ասաց Գայը։— Հենց է՛դ կողմից է, որ մեր հալից ընկած անուադողը կը պայթի»։

«Է՜, երբ դողը ծակուի, նա մեզ մենակ կը թողնի,— ասացի։— Հո շորերը չի՞ կեղտոտի»։ «Դէ լա՜ւ, ես նրա դէմ բա՛ն չունեմ,— ասաց Գայը,— բացի է՛ն, որ կեռմաններում դուրս է ցցւում»։

Անտառներն արդեն վերջացել էին, ճամփան թողել էր, որ գետը հունից դուրս պրծնի, մեքենայի ռադիատորը թշշում էր, երիտասարդը բարկացած ու կասկածանքով էր նայում գոլորշուն ու ժանգոտ ջրին, շարժիչը խզզում էր, Գայը ոտքն արագութեան ոտնակին դրած վեր ու վեր, ետ ու առաջ էր անում, կրկին վեր ու, վերջապէս, ետ քաշում։ Ճռռոցը դադարեց, եւ լռութիւնը խզեց մի ուժեղ խլթխլթոց՝ ռադիատորի մէջ։ Մենք կանգնած էինք Սպեցիայի եւ ծովի վերեւում տարածուած վերջին լեռնաշարի կատարին։ Ճամփան իջնում էր կտրուկ, ծուռ ոլորաններով։ Մեր հիւրը ցցւում էր կեռմաններին ու թափով կպչում ծանր բեռնուած մեքենային։

«Հո չես կարող նրան ասել՝ մի արա,— ասաց Գայը։— Դա նրա ինքնապահպանման բնազդն է»։

«Իտալակա՛ն հզօր բնազդը»։

«Իտալական հզօրագո՛յն բնազդը»։

Մենք իջնում էինք կեռմաններով, թանձր փոշու միջով՝ փոշին շաղ տալով ձիթենիների վրայ։

Սպեցիան տարածուած էր ներքեւում՝ ծովի երկայնքով։ Ճամփան այլեւս հարթւում էր քաղաքից դուրս։ Մեր հիւրը գլուխը դրել էր պատուհանին։

«Ուզում եմ իջնե՛լ»։

«Կանգնեցրո՛ւ»,— ասացի Գային։

Մենք դանդաղ կանգ առանք ճամփեզրին։ Երիտասարդն իջաւ, գնաց դէպի մեքենայի ծայրը եւ իջեցրեց ճամպրուկը։

«Դէ ես էստեղ կանգնեցրի, որ դուք անախորժութեան մէջ չընկնէք՝ ուղեւոր տանելու համար,— ասաց նա։— Կապոցս տուէ՛ք»։

Ես կապոցը տուեի նրան։ Նա ձեռքը գրպանը տարաւ։

«Ինչքա՞ն եմ տալու»։

«Ո՛չ մի բան»։

«Ինչի՞»։

«Չգիտե՛մ»,— ասացի ես։

«Էդ դէպքում՝ շնորհակալո՛ւթիւն»,— ասաց երիտասարդը, ոչ թէ՝ «շնորհակալութիւն» կամ՝ «շատ շնորհակալ եմ», կամ՝ «հազար անգամ շնորհակալութիւն», որն առաջ Իտալիայում ասում էին նրան, ով քեզ չուացուցակն էր յայտնում կամ թէ բացատրում՝ ո՛ր ուղղութեամբ գնաս։ Երիտասարդն արտաբերեց «շնորհակալութիւն» բառի ամենակարճ ձեւն ու կասկածանքով նայեց մեր ետեւից, երգ Գայը գործի գցեց շարժիչը։ Ես ձեռքով արի նրան։ Նա չափազանց արժանապատիւ էր նոյն կերպ պատասխանելու համար։ Մենք շարունակեցինք մեր ճամփան դէպի Սպեցիա։

«Էդ ջահելը լա՜ւ ճամփա կանցնի Իտալիայում»,— ասաց ես Գային։

«Դէ՜հ,— ասաց նա,— մեզ հետ էլ քսան կիլոմետր անցաւ»։
  1. Che Ti Dice La Patria (իտալ․) — Հայրենիքից ի՞նչ կայ։