Վերջին թարմացում 17 Օգոստոսի 2015, 18:05

«Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր» Չեմպիոնը

Չեմպիոնը

հեղինակ՝ Էռնեստ Հեմինգուեյ
թարգմանիչ՝ Նինա Ա․ Ջաղինյան (բնագրից)
աղբյուր՝ «Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր»

Նիքը ոտքի ելաւ։ Լաւ է, անվնաս էր մնացել։ Նա հայեացք ձգեց ռելսերին, ոլորանին չքացող վերջին վագոնի վառ լոյսերին։ Ռելսերի երկու կողմերում էլ ջուր էր ու թաց, աւելի հեռւում ճահիճ կար։

Նա շօշափեց ծունկը։ Տաբատը պատռուած էր, մաշկը՝ պլոկուած։ Ձեռքերին քերծուածքներ կային, եղունգների տակ՝ աւազ ու մոխիր։ Նա մօտեցաւ ամբարի ծայրին, թեքաւուն լանջով իջաւ ջրի մօտ ու սկսեց լուանալ ձեռքերը։ Սառը ջրով խնամքով լուաց՝ եղունգների տակից հանելով կեղտը։ Այնուհետեւ պպզեց ու լուաց ծունկը։

Ա՜յ քեզ արգելակիչ սրիկա՛յ։ Կը գայ մի օր, որ ինքը հախիցդ կը գա՛յ։ Մտքիցը քեզ չի հանի։ Համա՜ թէ ընկերացար, բա՛ն չունի ասելու։

«Հլա մի էստե՛ղ արի, ա՜յ տղայ,— ասաց։— Տե՛ս թէ քեզ ինչ եմ ցոյց տալիս»։

Ինքը ծուղակն ընկաւ։ Ա՛յ քեզ յիմար։ Դէ չէ՜, իրեն էդ ձեւով էլ չե՛ն խաղացնի։

«Էստե՛ղ արի, ա՛յ տղայ, տե՛ս թէ քեզ ինչ եմ ցոյց տալիս»։ Յետոյ էլ՝ շրը՜մփ, ու նա ծնկներով ընկաւ հենց ռելսերի վրայ։

Նիքը շփեց աչքը։ Մի մեծ ելունդ էր առաջացել աչքի տակ։ Կապտուկը որ՝ հաստատ է։ Աչքն արդեն ցաւում էր։ Ա՛յ, գրողի՛ տարած արգելակիչ։

Նա շօշափեց աչքի տակի ելունդը։ Դէ լաւ է, գոնէ միայն կապտուկ եղաւ։ Էժան պրծաւ։ Լաւ կը լինէր՝ տեսներ ոնց է նախշուել։ Ջրի մէջ որ չի երեւայ։ Արդեն մութ էր, ինքն էլ՝ տնից հեռու։ Նա տաբատին քսելով մաքրեց ձեռքերն ու ոտքի ելաւ, յետոյ մագլցելով ամբարտակը՝ դուրս եկաւ ռելսերի վրայ։

Տղան գնում էր ռելսուղով։ Այն պատուած էր խիտ կոպճաւազով, եւ քայլերը դիւրին էր․ քայլելիս ոտքի տակ զգում էր, որ աւազն ու խիճը լաւ պնդուած են։ Հարթ ճամփան՝ ասես մայրուղի, ձգւում֊անցնում էր ճահճի միջով։ Նիքը գնում էր ու գնում։ Նա գոնէ պիտի մի տեղ հասներ, չէ՞։

Նիքը ցատկեց ապրանքատար մի վագոն, երբ գնացքը դանդաղեցրեց ընթացքը, Ուոլթըն կիսակայարանից ոչ հեռու։ Կալկասկան անցան, երբ արդեն մութն ընկել էր։ Այժմ երեւի արդեն մինչեւ Մանսելոն քիչ է մնացել։ Ընդամէնը՝ մի երեք֊չորս մղոն ճահճով գնալու ճամփայ։ Նիքը քայլում էր խճապատ ճամփով՝ փորձելով ոտքը դնել կոպճաւազին, ճահիճը չքանում էր վեր սողացող մէգի թանձրուկի մէջ։

Աչքը նւում էր, հետն էլ քաղցած էր։ Նա շարունակ քայլում էր՝ ետեւում թողնելով մղոն մղոնի ետեւից։ Ռելսուղու երկու կողմում էլ անընդմէջ ճահիճն էր ձգւում։

Ահա կամուրջը երեւաց։ Նիքն անցաւ այն, քայլերը թնդում֊ծեփւում էին երկաթին։ Ցածում՝ ռելսերի արանքից, սեւին էր տալիս ջուրը։ Նիքը քացով խփեց մի մեծ մեխի, որը շրմփաց ջրի մէջ։ Կամրջից վեր բլուրների շղթան էր ձգւում։ Ռելսուղիների երկու կողմում դրանք վեր էին խոյանում մի սեւ վիթխարի զանգուածով։ Ճամփից վեր Նիքը կրակ տեսաւ։

Նա զգոյշ քայլերով մօտեցաւ կրակին։ Այն ճամփից փոքր֊ինչ հեռու էր՝ երկաթգծի պատուարի տակ։ Տղան տեսնում էր միայն կրակի ցոլքերը։ Ռելսուղին ձգւում էր բլուրների միջով, իսկ այն տեղում, ուր խարոյկն էր վառւում, բացատն ասես ետ էր քաշւում ու կորչում անտառի մէջ։ Նիքը զգոյշ իջաւ ամբարտակից ու մտաւ անտառ, որ ծառերի միջով մօտենայ կրակին։ Հաճարի անտառ էր դա, եւ նա ոտքերի տակ զգում էր հաճարի ու կաղնու կճեպների հպումը։ Անտառի բացատից կրակն աւելի պայծառ էր թւում։ Կրակի մօտ մի մարդ էր նստած։ Նիքը կանգ առաւ ծառի ետեւում ու սկսեց նայել։ Մարդը կարծես թէ մենակ էր։ Նստած էր նա գլուխը ափերի մէջ առած, հայեացքը հառած կրակին։ Նիքն առաջացաւ դէպի լոյսը։

Մարդը նստած նայում էր կրակին։ Երբ Նիքն այլեւս բոլորովին մօտ էր նրան, վերջինս նոյնիսկ չշարժուեց։

— Հելլո՜,— ասաց Նիքը։

Մարդը վեր նայեց։

— Էս ո՞րտեղից ես էդ կապտուկն աշխատել,— հարցրեց նա։

— Արգելակող մեքենավարի շնորհքն է, էլի։

— Ապրանքատարից հանե՞ց։

— Հա՛։

— Տե՛ս, է՜, էդ փչացածին,— ասաց մարդը։— Էստեղեքով անցաւ մի կէս ժամ առաջ։ Վագոնների կտուրներով գնում֊գալիս էր, թեւերը թափ տալիս ու երգում։

— Ա՛յ քեզ սրիկայ։

— Նա երեւի ուրախ է, որ խփեց քեզ,— լուրջ տոնով ասաց մարդը։

— Ես դեռ դրա հախից կը գա՛մ։

— Քարո՛վ խփի, երբ էստեղից անցնի,— խորհուրդ տուեց մարդը։

— Դրա դատաստանը ես կը տեսնե՛մ։

— Ոնց որ թէ քոասածի տղայ ես, հը՞։

— Չէ՛,— պատասխանեց Նիքը։

— Քո տարիքի բոլոր տղերքն էլ իրասածի են։

— Ստիպուած ես էդպիսին լինել,— ասաց Նիքը։

— Ես էլ է՛դ եմ ասում, էլի։

Մարդը նայեց Նիքին ու ժպտաց։ Խարոյկի լոյսի տակ Նիքը տեսաւ, որ նրա դէմքը այլանդակուած է։ Քիթը ջնջխուած էր, աչքերը՝ ճեղի նման, շրթունքը՝ տձեւ։ Նիքն այս ամէնը միանգամից չըմբռնեց․ նա միայն տեսաւ, որ մարդու դէմքը տարօրինակ ձեւ ունի ու այլանդակուած է։ Դա ասես ներկոտուած դիմակ լինէր։ Կրակի լոյսի տակ այն անկենդան էր թւում։

— Հը՛, ո՞նց է, իմ էս թաւէն դո՞ւրդ է գալիս,— հարցրեց մարդը։

Նիքը շփոթուեց։

— Հա՛,— ասաց նա։

— Հլա նայի՛,— մարդը հանեց գլխարկը։

Նա միայն մի ականջ ունէր։ Այն ուռած էր ու կիպ կպած գլխին։ Իսկ միւս ականջի տեղը ասես կտրած կոճղ լինէր։

— Հը՞, էսպիսի բան կեանքումդ տեսած կա՞ս։

— Չէ՛,— ասաց Նիքը։ Այդ ամէնից սիրտը մի տեսակ խառնեց։

— Ես կարող էի շատ բանի դիմանալ,— ասաց մարդը։— Չե՞ս կարծում, որ կարող էի, հը՞, պստիկ։

— Չէ՛, հա՜։

— Էլ ո՛վ ասես ինձ չի խփել,— ասաց կարճլիկը։— Իսկ իմ հե՛չ պէտքն էլ չի։

Նա նայեց Նիքին։— Նստի՛ր,— ասաց։— Բան կուտե՞ս։

— Մի՛ անհանգստացէք,— ասաց Նիքը։— Քաղաք եմ գնում, կուտեմ։

— Հլա լսի՛,— ասաց մարդը։— Ինձ էդ ասա, լա՞ւ։

— Եղա՛ւ։

— Լսի՛,— ասաց մարդուկը։— Ինձ մօտ ամէն ինչ չէ, որ կարգին է, գիտե՞ս։

— Էդ ի՞նչ է եղել որ։

— Խե՛նթ եմ, ա՛յ թէ ինչ։

Նա կեպին գլխին դրեց։ Նիքի ծիծաղը եկաւ։

— Շատ էլ լա՛ւ էք,— ասաց նա։

— Չէ՛, էդպէս չի։ Ես խենթ եմ։ Հլա լսի՛, կեանքիդ մէջ խենթ տեսած կա՞ս։

— Չէ՛,— ասաց Նիքը։— Էդ ինչի՞ց է էդպէս լինում որ։

— Ես ի՞նչ գիտեմ,— ասաց Էդը։— Ստացւում է, ու չես էլ նկատում՝ ոնց։ Դու հո ինձ ճանաչում ես, չէ՞։

— Չէ՛։

— Ես էդ Ֆրե՛նսիսն եմ։

— Իսկականի՞ց։

— Չե՞ս հաւատում։

— Հաւատում եմ, ինչի չէ։

Նիքը զգաց, որ դա իրօք այդպէս է։

— Գիտե՞ս, թէ դրանց ո՜նց եմ խփում։

— Չէ՛,— ասաց Նիքը։

— Սրտից խեղճ եմ։ Սրտիս զարկերը րոպէում քառասուն հատ են։ Հլա տե՛ս։

Նիքը տատանուեց։

— Դէ, արի՛, արի՛,— մարդը բռնեց նրա ձեռքից։— Բռնի՛ դաստակս։ Մատներդ դիր ա՛յ էստեղ։

Մարդուկի դաստակը հաստ էր, իսկ մաշկի տակ տնկուած էին մկանները։ Նիքը մատների տակ զգում էր նրա սրտի դանդաղ խփոցը։

— Ժամացոյց կա՞յ մօտդ։

— Չէ՛։

— Ես էլ չունեմ,— ասաց Էդը։— Ուրեմն բան դուրս չի գայ, եթէ ժամացոյց չկայ։

Նիքը բաց թողեց դաստակը։

— Լսի՛,— ասաց էդ Ֆրենսիսը։— Հլա էլի՛ շօշափի։ Դու տե՛ս, ես էլ կհաշուեմ մինչեւ վաթսունը։

Մատների տակ զգալով սրտի թոյլ, կտրուկ զարկերը՝ Նիքը սկսեց հաշուել։ Լսում էր, թէ ինչպէս էր մարդուկը դանդաղ ու բարձր հաշւում՝ մէկ, երկու, երեք, չորս, հինգ…

— Վաթսո՛ւն,— աւարտեց Էդը։— Մի րոպէ եղաւ։ Քեզ մօտ ինչքա՞ն է։

— Քառասուն,— ասաց Նիքը։

— Ճի՛շտ է,— ուրախացաւ Էդը։— Երբե՛ք չի արագանում։

Թմբի վրայից մի մարդ էր իջնում, որ ջրափոսի վրայով անցնելով մօտեցաւ կրակին։

— Հըլլո՜, Բա՛գս,— ասաց Էդը։

— Հըլլո՜,— պատասխանեց Բագսը։ Խօսելու ձեւից զգացուեց, որ նեգր է եկողը։ Նիքն արդեն քայլելու ձեւից գլխի ընկաւ, որ նեգր է։ Նա մէջքով կանգնեց՝ կռացած կրակի վրայ։ Յետոյ ուղղեց մէջքը։

— Սա իմ ընկեր Բագսն է,— ասաց Էդը։— Նա՛ էլ է խենթ։

— Շա՜տ հաճելի է,— ասաց Բագսը։— Ասում էք՝ որտեղացի՞ էք։

— Չիկագոյից,— ասաց Նիքը։

— Հոյակա՛պ քաղաք է,— ասաց նեգրը։— Չլսեցի՝ անունդ ո՞նց է։

— Է՛դըմս։ Նի՛ք Էդըմս։

— Ասում է, թէ ինքը երբեք խենթ չի եղել, Բա՛գս,— ասաց Էդը։

— Ամէն ինչ դեռ առջեւում է,— ասաց նեգրը։

Կրակի մօտ նա մի փաթեթ էր բացում։

— Ե՞րբ ենք մի բան ուտելու, Բա՛գս,— հարցրեց բռնցքամարտիկը։

— Հենց հիմի։

— Սովա՞ծ ես, Նիք։

— Շա՛ն պէս։

— Լսո՞ւմ ես, Բա՛գս։

— Ես մի՛շտ էլ ամէն ինչ լսում եմ։

— Ես քեզ է՛դ մասին չեմ հարցնում։

— Հա՛։ Լսեցի, թէ էս ջենտլմենն ինչ ասաց։

Նա ապուխտի կտորները հերթով շարում էր թաւայի մէջ։ Երբ թաւան շիկացաւ, ու ճարպն սկսեց ցայտել, Բագսն իր երկար նեգրական ոտքերով կռացաւ կրակի վրայ, շրջեց ապուխտի շերտերն ու ձու կոտրեց֊գցեց տաք ճարպի վրայ՝ այս ու այն կողմ ցրելով։

— Հաց չէ՞ք կտրի, միստր Է՛դըմս, ա՛յ, էն տոպրակի մէջ է։— Բագսը շրջեց գլուխը։

— Իհա՛րկէ։

Նիքը մօտեցաւ տոպրակին ու միջից մի բոքոն հանեց։ Նա վեց շերտ կտրեց։ Էդն առաջ թեքուեց ու սկսեց նայել տղային։

— Հլա մի էդ դանակը դե՛սը տուր, Նի՛ք,— ասաց նա։

— Չէ՛, չտա՛ք,— ասաց նեգրը։— Դանակը պի՛նդ պահէք, միստր Էդըմս։

Բռնցքամարտիկը ետ նստեց։

— Էդ հացը ինձ չէի՞ք տա, միստր Էդըմս,— հարցրեց Բագսը։ Նիքը հացը տուեց նրան։

— Սիրո՞ւմ էք հացը ճարպի մէջ թաթախել,— հարցրեց նեգրը։

— Էն էլ ո՜նց։

— Դրանով աւելի լաւ է յետոյ զբաղուէք։ Յետոյ, երս սրա վերջին հասնենք։ Համեցէ՛ք։

— Նեգրը վերցրեց ճարպի մի կտոր, դրեց հացի վրայ ու պատեց ձուով։

— Հիմի մի կտոր էլ հաց դրէք վրեն ու փոխանցէք, խնդրե՛մ, սենդուիչը միստր Ֆրենսիսին։

— Էդը վերցրեց սենդուիչն ու սկսեց ուտել։

— Նայե՛ք, տեսեք, ձուն չծորա յանկարծ, վրից չթափուի,— զգուշացրեց նեգրը։— Սա ձե՛զ, միստր Էդըմս։ Մնացածն՝ ինձ։

Նիքը կծեց սենդուիչը։ Նեգրը նստած էր իր դէմ՝ Էդը կողքին։ Լաւ տապակած ճարպն ու ձուն հրաշալի համ ունէին։

— Միստր Էդըմսը լա՜ւ էլ սոված է,— ասաց նեգրը։ Փոքրամարմինը, որի անունը Նիքին ծանօթ էր որպէս բռնցքամարտի նախկին չեմպիոն, լուռ նստած էր։ Նա ոչ մի բառ չէր արտաբերել դանակի մասին խօսելուց ի վեր։

— Թոյլ կտա՞ք ձեր հացը թաթախել ճարպի մէջ,— ասաց Բագսը։

— Շատ շնորհակալ եմ։

Փոքրամարմին ճերմակամորթը նայեց Նիքին։

— Իսկ ձե՞զ, միստր Է՛դըլֆ Ֆրենսիս,— առաջարկեց Բագսը։ Էդը չպատասխանեց։ Նա անքթիթ նայում էր Նիքին։

— Միստր Ֆրենսի՞ս,— լսուեց նեգրի մեղմ ձայնը։

Էդը պատասխան չտուեց։ Նա շարունակ Նիքին էր նայում։— Ձե՛զ եմ հարցնում, մի՛ստր Ֆրենսիս,— մեղմօրէն կրկնեց նեգրը։

Էդը շարունակում էր Նիքին նայել։ Գլխարկը իջել էր աչքերին։ Նիքը նեարդայնանում էր։

— Էդ ո՞ր գրողի տարածը քեզ էստեղ բերեց, հը՞,— Էդի չոր ու կտրուկ հարցը դուրս պրծաւ գլխարկի տակից։— Քեզանից ի՞նչ ես ներկայացնում։ Դո՛ւ, ա՜յ լակոտ։ Տե՛ս, է՜, գալիս, նստում է անկոչ հիւրի պէս, բայց որ դանակ ես խնդրում, արդեն ձեւեր է թափում…

Նա աչքը Նիքից չէր կտրում, դէմքը ճերմակ էր քաթանի պէս, իսկ աչքերը գրեթէ չէին երեւում գլխարկի տակից։

— Խելապակասի՛ մէկը։ Քեզ ո՞վ խնդրեց, որ էստեղ գաս։

— Ո՛չ ոք։

— Ճիշտ որ՝ ո՛չ ոք, գրո՛ղը տանի։ Ու ո՛չ ոք էլ չի խնդրել, որ մնաս։ Գալիս ես էստեղ, կեղտոտ բաներ ասում երեսիս մասին, սիգարներս ես ծխում, գինիս խմում, դեռ մի բան էլ դուրս ես տալիս, լակոտի՛ մէկը։ Քեզ թւում է, էդ է, փրկուեցի՞ր։

Նիքը ոչինչ չասաց։ Էդը ոտքի կանգնեց։

— Տե՛ս, թէ քեզ ինչ կասեմ, Չիկագոյի վախկո՛տ սրիկայ։ Գլո՛ւխդ կը պոկեմ։ Հասկացա՞ր։

Նիքը ետ֊ետ գնաց։ Մարդուկը դանդաղ առաջանում էր ծանր քայլերով՝ առաջ գցելով նախ ձախ, ապա աջ ոտքը։

— Դէ՛, խփի՛,— ասաց նա՝ շարժելով գլուխը։— Մենակ թէ փորձի՛։

— Ես չե՛մ ուզում ձեզ խփել։

— Դու դա չե՛ս մարսի։ Դու մի լաւ ջա՛րդ կուտես, հասկացա՞ր։ Դէ՛, առաջ դո՛ւ խփի։

— Վե՛րջ տուէք, հա՞,— ասաց Նիքը։

— Հա՜, էդպէ՞ս, ա՜խ, դո՛ւ, սրիկայ։

Մարդուկը նայում էր Նիքի ոտքերին։ Երբ նա հայացքն իջեցրեց, նեգրը, որ կրկի մօտից վեր կացել, հետեւում էր նրան, նշան բռնեց ու թափով խփեց ծոծրակին։ Նա ընկաւ, եւ Բագսը գետնին շպրտեց կոթը շորով փաթաթած կռփազէնքը։ Մարդուկը պառկած էր՝ դէմքը խոտերի մէջ թաղած։ Նեգրը բարձրացրեց նրան ու տարաւ խարոյկի մօտ։ Նրա գլուխը կախ էր ընկել, դէմքը ահաւոր էր, աչքերը՝ բաց։ Բագսը նրան խնամքով պառկեցրեց գետնին։

— Էդ դոյլով ջուրը չէ՞ք բերի, մի՛ստր Էդըմս,— ասաց նա։— Վախենամ թէ նրան չափից դուրս ուժեղ խփեցի։

Նեգրը ջուր ցողեց ընկածի դէմքին ու թեթեւակի ձգեց ականջները։ Աչերը փակուեցին։

Նեգրը վեր կացաւ։

— Ամէն ինչ կարգի՛ն է,— ասաց նա։— Անհանգստանալու բան չկա՛յ։ Կներէ՛ք, միստր Էդըմս։

— Ոչի՛նչ, ոչի՛նչ։— Նիքը նայում էր պառկած մարդուկին։ Նա նկատեց խոտերի մէջ ընկած կռփազէնքն ու բարձրացրեց այն։ Այն դիւրաթեք կոթ ունէր ու հարմար էր ձեռքի մէջ։ Մաշուած սեւ կաշուից էր՝ ծայրը լաթի կտորով փաթաթուած։

— Կոթը կէտի ոսկորից է,— ժպտած նեգրը։— Էս տեսակ էլ չեն սարքում։ Չգիտէի՝ դուք սա գործածել գիտէ՞ք, թէ չէ, յետոյ էլ չէի ուզում, որ նրան խփէք կամ թէ դէմքն աւելի այլանդակէք։

Նեգրը կրկին ժպտաց։

— Բայց դուք նրան ինքնե՛րդ խփեցիք։

— Ես գիտե՛մ ոնց խփել։ Նա յետոյ նոյնիսկ բա՛ն էլ չի յիշի։ Ստիպուած եմ դա անել, որ իրեն էդպիսի ժամանակ հանգստացնեմ։

Նիքի հայեացքը շարունակ հառուած էր խարոյկի լոյսի տակ պառկած փակ աչքերով մարդուկին։ Բագսը կրակին փայտ գցեց։

— Նրա համար մի՛ վախեցէք, միստր Էդըմս։ Առաջին անգամը չի, որ էս վիճակում եմ տեսնում նրան։

— Էդ ինչի՞ց է գժուել,— հարցրեց Նիքը։

— Է՜, էնքա՜ն բան կայ,— պատասխանեց նեգրը կրակի մօտից։— Մի բաժակ սուրճ կուզէ՞ք, մի՛ստր Էդըմս։

Նա բաժակը մեկնեց Նիքին, ուղղեց վերարկուն, որ դրել էր անզգայ մարդուկի գլխատակին։

— Նախ եւ առաջ նրան շատ ծեծ են տուել,— նեգրը փոքր ումպերով խմում էր իր սուրճը։— Բայց դրանից նա միայն աւելի յիմարացաւ։ Յետոյ էլ նրա գործերը քոյրն էր կառավարում, իսկ թերթերում հազար ու մի բան էին գրում էդ տեսակ քոյր ու եղբայրների մասին, ու թէ ոնց էր աղջիկը սիրում եղբօրը, ու սա էլ նրան, վերջում նրանք ամուսնացան Նիւ Եօրքում, ու հենց դրանից էլ շա՜տ անախորժ բաներ ծնուեցին։

— Հա՛, էդ յիշում եմ։

— Տեսե՛ք։ Իհա՛րկէ նրանք էնպիսի քոյր ու եղբայր էին, ոնց որ, ա՛յ, ասենք՝ ես ու դուք, բայց, միեւնոյն է, դա շատերի դուրը չեկաւ, իսկ սրանք էլ վիճել սկսեցին, մի օր էլ աղջիկը ուղղակի հեռացաւ ու էլ ետ չեկաւ։

Նա խմեց սուրճն ու սրբեց շրթունքները ձեռքի վարդագոյն ափով։

— Էդ ժամանակ էլ նա խելքը թռցրեց։ Էլի՞ սուրֆ կուզէք, մի՛ստր Էդըմս։

— Շնորհակա՛լ եմ։

— Նրա կնոջը մի քանի անգամ տեսել եմ,— խօսքը շարունակեց նեգրը։— Համա՛ թէ սիրուն կնիկ էր, հա՜։ Իրար նման էին ջրի երկու կաթիլի պէս։ Սրա դէմքը իսկի էլ վատը չէր լինի, եթէ էդպէս չայլանդակէին։

Նա կանգ առաւ։ Պատմութիւնն ասես դրանով էլ աւարտուեց։

— Նրա հետ որտե՞ղ էք ծանօթացել,— հարցրեց Նիքը։

— Բանտում,— ասաց նեգրը։— Նա սկսեց աջ ու ձախ յարձակուել մարդկանց վրայ, երբ որ կինը իրենից հեռացաւ, ու նրան նստեցրին։ Իսկ ինձ՝ մարդ սպանելու համար։

Նա ժպտաց ու շարունակեց։

— Ինձ նա մի անգմաից դուր եկաւ, ու երբ դուրս եկայ բանտից, սկսեցի նրան ման գալ։ Նրան դուր է գալիս ինձ գիժ համարելը, դէ ես էլ դէմ չեմ։ Դուրըս գալիս է նրա հետ ման գալ տեղից տեղ, իսկ դրա համար էլ ստիպուած չեմ գողութիւն անել։ Ինձ դուր է գալիս ջենտլմենավարի ապրելը։

— Իրար հետ ինչո՞վ էք զբաղւում,— հարցրեց Նիքը։

— Է՜, առանձնապէս ոչ մի բանով։ Ուղղակի տեղից տեղ ենք գնում, էդքա՛ն բան։ Նա փող ունի։

— Երեւի շատ փող է աշխատել, հա՞։

— Էն էլ ո՜նց։ Չնայած լրիւ էլ ծախսել է։ Կամ կարող է մօտից թռցրել են։ Կինը նրան փող է ուղարկում։

Նա ուղղեց կրակը։

— Նա կատաղած սիրուն կնիկ է,— ասաց նա։— Մարդուն էնքա՛ն է նման, ոնց որ ասենք՝ ջրի երկու կաթիլ։

Նեգրը նայեց փոքրամարմին այդ մարդուն, որ ծանր էր շնչում։ Շէկ մազերը թափուել ընկել էին ճակատին։ Այլանդակուած դէմքն անխռով էր մանկան պէս։

— Հիմի արդեն ամե՛ն րոպէ կարող եմ նրան ուշքի բերել, մի՛ստր Էդըմս։ Եթէ դէմ չէք, աւելի լաւ է՝ գնա՛ք։ Չեմ ուզում անքաղաքավարի երեւալ, բայց նա ձեզ էստեղ տեսնելով կարող է էլի՛ իրեն կորցնել։ Հեչ չե՛մ ուզում նրան խփել, բայց դա նրան հանգստացնելու միակ ձեւն է, երբ իրար է գալիս։ Ստիպուած նրան մարդկանցից հեռու եմ պահում։ Դէմ չէք, չէ՞, որ հեռանաք, մի՛ստր Էդըմս։ Չէ՛, ո՛չ մի շնորհակալութիւն, մի՛ստր Էդըմս։ Ես պիտի ձեզ զգուշացնէի, բայց ինձ թուաց, թէ դուք նրան շատ դուր եկաք, ու կարծում էի՝ ամէն ինչ լաւ կանցնի։ Մինչեւ քաղաք էս ճամփով մի երկու մղոն կը գնաք։ Մանսելոն է անունը։ Մնա՛ք բարով։ Կուզենայի ձեզ հրաւիրել գիշերը մեզ հետ մնալու, բայց դէ էդ հարցիր դուրս է։ Միգուցէ հաց ու ճարպ վերցնէ՞ք հետներդ։ Չէ՞։ Գոնէ սենդուիչ վերցնէիք,— եւ այս ամէնը նա ասում էր ցածր, միալար, սեւամորթին բնորոշ քաղաքավարի ձայնով։

— Եղա՛ւ։ Դէ, ի՞նչ ասեմ, գնաք բարեա՛ւ, մի՛ստր Էդըմս։ Գնացէ՛ք բարով ու՝ հաջողութի՛ւն։

Նիքը հեռացաւ կրակից, անցաւ ջրափոսն ու քայլերն ուղղեց դէպի ռելսուղի։ Կրակի մօտից հեռանալով՝ նա մի պահ կանգ առաւ ու ականջ դրեց։ Նեգրը խօսում էր ցածր, մեղմ ձայնով։ Նիքը բառերը չէր տարբերում։ Յետոյ ականջին հասաւ մարդուկի ձայնը։ — Գլուխս ահաւոր ցաւում է, Բագս։

— Կանցնի՛, կանցնի՛, մի՛ստր Ֆրենսիս,— հանգստացնում էր նրան նեգրը։— Տաք սուրճ խմէ՛ք՝ կանցնի։

Նիքը մագլցեց֊անցաւ ամբարտակն ու գնաց ռելսերով։ Նա նկատեց, որ ճարպով սենդուիչը դեռ ձեռքին է, ու շտապ այն կոխեց գրպանը։ Եւ քանի դեռ գալարուն ռելսերը չէին չքացել բլուրների ետեւում, նա ետ նայեց ու տեսաւ կրակի լոյսը անտառի բացատին։